«ՊԱՏԳԱՄ ԱՐԵՎՈՐԴԵԱՑ»
ԿԱՄ՝
«ԴՅՈՒՑԱԶՆԱՇՈՒՆՉ ՑԵՂԱԿԱՆՉԵՐ»…
«Սեփական պատմութի՛ւնն է մեր իմաստուն խորհրդականը, մեր Ոգու դայեակը»,- հիշեցնում էր Նժդեհը, համոզված, որ դժվարին ժամանակներում ազգի պատմության՝ «ցեղակրոնության խոսքը» կհնչի որպես «կազդուրիչ կանչ»՝ հուսաբեկների համար դառնալով սպեղանի:
Քանզի Հայրենիքը՝ «Հայրենի Հողը լինելուց զատ … Միությու՛նն է նաև նրանց, որոնք ապրել են, որոնք կապրեն և որոնք պիտ ապրեն»…
Եվ, վկայակոչելով մեր Պատմությունը, նշում, որ «ժողովուրդը Հաղթել է, երբ կռվում
արթու՛ն է եղել Ցեղի Ոգին»…
Ափսոսելով, որ «Իզուր անցան Ալիշանի ու Րաֆֆիի, Ահարոնեանի ու Վարուժանի
եւ այլոց դիւցազնաշունչ ցեղականչերը», հայրենասիրությամբ ու հայրենապաշտությամբ Հայորդիների հոգիներում «ջահ բարձրացնելով»՝ «Հոգևոր զրահով» «անխորտակելի ժայռի» վերածելո՛վ է նա տեսնում իր ազգի՝ «գոյության կռվում չկորչելու» ուղին…
Իսկ այդ հզոր «Հոգևոր կրաշաղախը» մեր Պատմությունն ու Մշակույթն են, հազարամյակներով իմաստնացած մեր ավանդույթներն ու ազգային արժեքները…
Նախնիների հետ կապը՝ «հաղորդակցությունը» պահպանելու ձև ու միջոց են անհիշելի ժամանակներից եկող ազգային տոներն ու ծեսերը, որոնք, ի հեճուկս 1700 տարի առաջ պարտադրված նոր կրոնի, որոշ ձևափոխումներով պահպանվեցին ու հասան մեր օրերը:
13-րդ դարի սկզբին՝ Հայկազուն Արևորդիներին ուղղված մի ուղերձում, Հայկազուն Քրմերից մեկն իր պատգամն էր հղում Հայորդիներին, հիշեցնելով մեր Նախահայրերի ավանդույթներին հավատարիմ մնալու կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Ահավասիկ, հիշյալ պատգամը՝ տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների ներկայացմամբ՝ Քուրմ Հարութ Առաքելյանի փոխանցմամբ:
«Եկեղեցու կողմից ահավոր հարկեր էին սահմանվել գյուղացիների վրա, ու շատ ծանր իրավիճակում էր հայտնվել ժողովուրդը:
Գյուղացիների մեծամասնությունը՝ գոյատևելու նպատակով, փորձում էր դառնալ վանական և, բնակվելով վանքերում, օգտվել գյուղացիներից գանձված «բարիքներից»:
Սուտը, խաբեբայությունն ու երեսպաշտությունը դարձել էր համատարած արժեք, գյուղերը դատարկվում էին տղամարդկանցից, որովհետև վանքերում ընդունվում էին արական սեռի ներկայացուցիչները, հետևաբար, բազմաթիվ արտաքին վտանգներին դիմադրել չկարողանալով, երկիրը հնազանդվում էր ցանկացած արտաքին բռնակալի քմահաճույքներին:
Ու այդ կարգը պահպանում և բիրտ ուժով պաշտպանում էր եկեղեցին՝ դառնալով արտաքին բռնակալների հարկահավաք ինստիտուտը:
Քուրմ Հմայակ Հավատարը նամակ է հղում «Սիսական նահանգի» և «Եղեգնեաց Ձորի» Հայկազուն Արեւորդիներին.
«Պատգամ Արեւորդեաց»
«Այս բանն եմ ասում եւ վկայում մեր Սրբազան Նախնիներով.
դուք այլեւս չընթանա՛ք այնպէս, ինչպէս որ քրիստոնեաներն են ընթանում իրենց մտքի ունայնութեամբ. նրանց մտքերը մթագնուած են, եւ իրենք օտարացած են Հայկական Դիցերին ու իրենց Նախնիներին՝ իրենց մէջ եղած տգիտութեան պատճառով, որն իրենց սրտի կուրութեան հետեւանքն է։
Նրանք իրենց կապը կտրեցին Հայկական արմատների հետ եւ ագահութեամբ անձնատուր եղան հանցանքի եւ ամէն տեսակ նենգ գործերի։
Բայց դուք այսպէս չսովորեցիք մեր Նահապետ Հայկից ու Սրբազան Արքա Քրմապետերից:
Հեռո՛ւ վանեցէք ձեզնից այլադաւներին ու ազգադաւներին, մի՛ ապրեք նրանց կենցաղով, այն, որ ապականուած է խաբեբայութեամբ:
Նորոգուեցէ՛ք ձեր մտքով, խոսքով ու գործով ու ամուր կրեցէ՛ք Հայկի դաւանանքը, որ ստեղծուած է ըստ Սուրբ Դիցաց՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ։
Ուստի, դէ՛ն գցեցէք ստախօսութիւնն ու այլադաւութիւնը. իւրաքանչիւրը թող իր բարեկամին ասի ճշմարտութիւնը Հայկ Հաւատար Նահապետի մասին, որովհետեւ մի ընտանիքի անդամներ ենք, մի Նահապետի զարմեր, որով էլ կոչւում ենք Հայկազուններ։
Համախմբուեցէ՛ք ձեզ առաջնորդող Քրմերի և Մոգպետերի շուրջ, մինչեւ այն երանելի օրը, որ կրկին մեր գլխին ունենանք Հայ Քրմապետ Արքայի պսակը»: 🔥
One thought on “«ՊԱՏԳԱՄ ԱՐԵՎՈՐԴԵԱՑ» ԿԱՄ՝ «ԴՅՈՒՑԱԶՆԱՇՈՒՆՉ ՑԵՂԱԿԱՆՉԵՐ»…”
Comments are closed.