«ՏԱՐԱ՜ՆՔ, ՏԱՐԱ՜ՆՔ»…
«ՏԱՐԵ՜Ք, ՏԱՐԵ՜Ք»…

Արճակ

Մարդու կյանքի շրջափուլերից կարևորագույն իրադարձություն է ամուսնությունն իր ավանդական՝ հարսանեկան ծիսակատարություններով, որոնցում ամփոփված են ազգային մտածողությունը, հավատալիքներն ու կենսախինդ ոգին…
Տոհմի նոր աճի ու բարգավաճման խորհուրդն ունի այս ծեսը:
Հնագույն՝ հմայական-պաշտամունքային ակունքներից եկող հարսանեկան ծիսերգերում ծեսի որևէ դրվագը կամ մասնակիցների որոշակի հոգեվիճակն է արտահայտվում:

Խնդությամբ լի պահերով հարուստ արարողակարգերից է այլ գյուղից հարս տանելիս՝ հարսանքավորների մեկնումը:

Հարսանեկան ծեսի հետքերով՝ ուղևորվենք Վանի գավառ՝ Արճակ ու Խառակոնիս…

«Արճակն ու Խառակոնիսը միշտ միասին էին հիշատակվում, միասին էին մեծարվում և միասին ծաղրվում:
Վանեցիք ծաղրական մի երկտող էին հանգավորել մեր երկու գյուղերի մասին,
«Մեջ Արճակ, մեջ Խառակոնիս-
Գաթան թխեցին առանց խորիս»,- գրել է ծնունդով Խառակոնիսցի Նաիրի Զարյանը:

Հիշյալ գյուղերում նշվող՝ ուրախ սրամտություններով համեմված հարսանիքներից որոշ դրվագների նկարագրությունը՝ Վանի բարբառով հնչող կատակներով, գտնում ենք «Հայ ազգագրություն և բանահյուսություն» բազմահատոր աշխատության 8-րդ հատորում, որտեղից էլ մեջբերում ենք:

«Աղջիկն ուրիշ գյուղի տղայի հետ ամուսնացնելը

Սովորաբար, եթե մեկն իր աղջիկը տվել էր ուրիշ գյուղի տղայի, ապա հարսանիքից շատ առաջ տուն էր հրավիրում ծանոթ-բարեկամների ավագներին: Կանչվածները, գնային, թե չգնային, իրենց համարում էին հրավիրյալ և հարս տանելու օրը պետք է մասնակցեին այդ հարսանիքին: Գյուղից գյուղ հարս տանելու եկողների թիվը 25-40 հոգի էր լինում, բոլորն էլ՝ երիտասարդ տղամարդիկ և միայն մեկ, երկու կին: Որքան մեծ էր եկողների թիվը, այնքանով էլ կարծիք էր ստեղծվում փեսայի ընտանիքի մասին:

Հարսանիք Մուսա Լեռի մէջ։ Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից

Նախքան հարսհյուրը կհասներ գյուղին, հայտնվում էին «աղվեսները», որոնք հարսի դռան առաջ հյուրասիրվում էին խմիչքով, իսկ երբ լսվում էր մոտեցող նաղարա-զուռնայի ձայնը, ապա հարսի դռանը հավաքված նախապես հրավիրված ընտանիքների երիտասարդները իրենց գյուղի նաղարա-զուռնայով շտապում էին ընդառաջ:

Եկողներն անպայման ձեռնափայտեր էին ունենում: Ընդառաջ գնացողներից ամեն մեկը մի հյուրի ձեռնափայտը վերցնում էր, իսկ եթե եկողների թիվը գերազանցում էր ընդառաջ գնացողների թվին, ապա վերցնում էին մեկից ավելի ձեռնափայտ և որոշ ժամանակ գյոնդապար կամ մենապար էին պարում, որից հետո յուրաքանչյուր դիմավորող իր վերցրած ձեռնափայտի տիրոջն առաջնորդում էր իրենց տուն: Նախօրոք պատրաստված սեղանի կողքին նստած տան ավագը մեծ հարգանքով ընդունում էր հյուրին:
Հյուրասիրությունը երբեմն տևում էր մինչև մայրամուտ: Աղջկա հոր տան կողմից ուղարկված նաղարա-զուռնայի ուղեկցությամբ, յուրաքանչյուր հյուր իրեն հյուրընկալողների հետ գնում էր աղջկա հոր տուն: Սկսվում էր հյուրասիրությունը, ապա քահանան օրհնում էր:
Եթե գնալիք գյուղն այնպիսի հեռավորության վրա էր գտնվում, որ կարելի էր մինչև երեկո տեղ հասնել, ապա սեղանից շուտ վեր կենալով, հարսհյուրերը, վերցրած հարսին ու երկու հարսնեղբորը, ինչպես նաև հարսի օժիտը, ուղևորվում էին իրենց գյուղը: Իսկ եթե ոչ, ապա յուրաքանչյուրն իր հյուրի հետ վերադառնում էր իր տուն: Առավոտյան շարունակվում էր հյուրասիրությունը, նորից էր գալիս նաղարա-զուռնան: Հարսի հերանց դռանը մի քանի երիտասարդ ազգականներ, գինով լի պոզիկներն (թեյնիկ հիշեցնող ջրամաններ) ու գավաթները ձեռքներին, գինի էին մատուցում բոլորին:

Հազար ու մի հաճոյախոսություններով, բարեմաղթություններով ու շնորհակալանքներով հարսին տանում էին, իսկ հենց որ հասնեին գյուղի եզրին, երկուստեք միմյանց ուրախ ծաղրի էին ենթարկում:
Նայած ո՛ր կողմից էր նախահարձակը, ասենք՝ տղայի, բարձր երգում էին.
Խեր խապիցինք կըթխեմ կյինով, տարա՜նք,
տարա՜նք, տարա՜նք, տարա՜նք,
Մեր խապիցինք մատըմ խինով, տարա՜նք,
տարա՜նք, տարա՜նք, տարա՜նք,
Կյեղ խաբիցինք պուտուկ մը ժաժկով,
տարա՜նք, տարա՜նք, տարա՜նք:
Արճակցիք խոսքի տակ մնացող չէին, ետևներից գոռում էին.

  • Ծո՛, ռաբաննե՛ր (ողորմելիներ), ծեր տարած ըսկի մեյ քյասա ժաժիկ չարժե, տարեք ձեր կյեղ, աշխար պիտի ուր մեռլի վրեն լա, տուք ծեր տարած խարսի վրեն պիտի լաք, տարե՜ք, տարե՛ք, որ պյարի պան ըլներ, մեր կյեղ ազաբ լաճ չկյե՞ր…
    Կամ՝ նախահարձակ էին լինում աղջկա գյուղացիները՝ բարձրաձայն գոռում էին.
  • Ծո՛ այսինչ (տալիս էին գյուղի անունը) գյուղացիք, ասպած ծեր մեկն խազար անի, մի քիչ թափ (արագ) քյելեք, էտը աջլաջեբ աղչիկ մեր սնորից (սահմանից) զատացուցեք, նոր կուզեք խաղցեք, կուզեք՝ կլյոխներդ դըմփեք:
    Սնորն ընցաք, էլ չեք կանա ետ տա:
    Կամ հարսնեղբայրների ետևից էին կանչում.
  • Տղեյնե՛ր, ասծու սիրուն, կըխասնեք իտոնց կյեղ, չթողնեք էտը թաբառուքյի իրես պանան-տիսնան, չում չտանեն ժամ, չփսակեն, մեյ թողնե խարսին մոտենան:
    Այս բոլորն, իհարկե, սրախոսություններ էին, որովհետև աղջիկն իրականում վատը չէր: Սակայն կար մի ճշմարտություն, որ Արճակցիք իրենց ամենալավ աղջիկներին գյուղից դուրս չէին հանում: Որպես մոտիկ հարևաններ, նաև համարյա նույն մակարդակի վրա գտնվող մարդիկ միշտ էլ Խառակոնիսցի աղջիկներ հարս էին բերվել Արճակ և Արճակցի աղջիկներ տարվել Խառակոնիս:

Հնօրյա և մշտանորոգ այդ ազգականները միմյանց հանդեպ ունեին հարազատը հարազատին վայել անբասիր սրտակցություն: Արճակցի աղջկանից ծնված յուրաքանչյուր Խառակոնիսցի, որքան էլ որ իր մայրը Արճակի անվանի տան աղջիկը լիներ ու իրենց գյուղի ամենալավ կինը, նորից պետք է պնդեր, որ Արճակցիները անխտիր իրենց գյուղից տանում են գեղեցկուհիներ, իսկ խեղճ-միամիտ Խառակոնիսցիների գլխին են կապում իրենց տգեղ ու դախացած աղջիկներին:
Արճակցին իր արյունակից ազգականից հարազատ գյուղին ուղղված պարսավանքի դեմ արտահայտվելու փոխարեն, հաղթական ժպիտով համաձայնվում էր ու ասում, թե հո անխելք չէի՞ն, որ իրենց լավ աղջիկները նրանց տային:
Տիրող սովորույթ էր, որ ուրիշ գյուղից աղջիկ տանելու եկած հարսանքավորները՝ հարգալիր հյուրասիրություն վայելելուց հետո, երբ պետք է գյուղից դուրս գնային, մի քանի խոսքով աղջկա գյուղի «խաբվածությունն» էին ծաղրում: Ըստ ավանդական սովորույթի, աղջկա տերերը պետք է «կուլ տային» նման ծաղրանքները, թեև պատահում էր, որ աղջկա տերերը ծաղրանքին ծաղրով էին պատասխանում:

1910 թվականին Արճակցի մի աղջիկ էին տանում Խառակոնիս:
Աղջիկը խիստ կարճլիկ էր, իսկ փեսան՝ շատ բարձրահասակ: Երբ հարսհյուրն արդեն գյուղի ծայրն էր հասել, պար բռնած հարսնևորներն սկսեցին բոլոր գյուղերում տարածված ավանդական կատակերգը.
Տարա՜նք, տարա՜նք, խոր խապիցինք կըթխեմ կյինով, տարա՜նք,
Մոր խապիցինք մատըմ խինով, տարա՜նք,
Կյեղ խապիցինք պուտուկ մը ժաժկով, տարա՜նք…
Արճակցիներից մեկը բարձրաձայն կանչեց՝ «Ծո՜, Խառակոնիսցի՛ք, էտը տյուք մե խապե՞քյ: Ծո՜, մեր ախչիկ պուտուկըմ չէ, ըսկի մեյ կուռիկ ժաժիկ էլ չարժի:
Իսկ Խառակոնիսցի մորից ծնված Ավեդի Ներսեսը սկսեց բարձրաձայն նախատինք կարդալ օրինականությունը խախտող Արճակցուն.
-Ծո՛, շա՛ն լակոտ, Խառակոնսցոց ընչի՞ ես անպատվում, հը՞, որ նրանք չլնեն, մենք մեր քյոռ-թոփալ աղջիկներ ու՞ր սաղացուցենք:
Ապա դիմեց հարս տանողներին.
-Տարե՜ք, ախպե՛ր, տարե՛ք մեր մարալ, բաժով-բոյով Մարան, շնախավոր ըլնի ծե, Մելքյոնի պես թարանջա որ ունեքյ, էլմ էլ իկեք, Արճակ շեն տեղ ի, մեյն էլ կուտանքյ:

Այդ նույն թվականին Արճակցիք են Խառակոնիսից հարս բերում: Հարսանեկան բոլոր հյուրասիրություններն անցնում են պատշաճ կարգով: Հարսնհյուրը գյուղից դուրս է գալիս առանց ծաղրելու ու ծաղրվելու:
Արճակ գյուղի ճանապարհին են գտնվում Խառակոնիսին պատկանող ջրաղացներից երկուսը: Ջրաղացպաններից մեկը, որ անցյալ հարսանիքի հարսհյուրերից մեկն էր եղել և դեռ չէր մոռացել իրենց ծաղրվելը, որոշում է վրեժխնդիր լինել, ուստի կանչում է.
-Առճակցի՜ք, շուտ մեր սնորից տյուս տարեք էտը այլակերպ ախչկան, տարեքյ, խասեք ձեր սնոր, էնտեղ նստեքյ ծեր կլյոխ դըմփեքյ:
Ծաղրված արճակցիք հանգիստ պատասխանում են.
-Է՜յ, Խառակոնիսցի՜ք, տյուքյ ծեր ախչկանից եք խաբար, տուքյ ըսկի մեր լաճուց խաբար չեք, այլակերպ չէ, մեյ խին ցախավել էլ որ խարս տանենք մեր լաճու խամար, էլըմ մե խամար փառքյ ի»:

Խառակոնիսյան հովերով