ՍՐՏԵՐԻՆ՝ ԿՐԱԿ, ԲԱԶՈՒԿՆԵՐԻՆ՝ ԹԱՓ, ԿԱՄՔԵՐԻՆ՝ ՄՂՈՒՄ ՏՎՈՂ ԽՈՍՔԸ…
Ճարտասան խոսքը՝ գրվածքը, ոգևորում է մարդկանց՝ լուսավորելով նրանց միտքն ու ոգին: Շարունակելով հնագույն դարերից եկող ճարտասանական արվեստը՝ ճարտասանի իր հզոր ձիրքով մեր Մեծերից շատերն են իրենց պերճախոս, ազդեցիկ ու համոզիչ կոչերով վճռորոշ պահերին համախմբել ազգակիցներին՝ հերոսական պայքարի մղելով:
Հռետորական իր ազդու խոսքն այսօր էլ սերունդներին է հղում Գարեգին Նժդեհը:
«Երբ ես կը խօսեմ Հայաստանի մասին, խօսքեր չէ, որ կը փնտռեմ մտքերս արտայայտելու համար, այլ՝ Հայրենիքիս հոգեւոր դէմքը, որ՝ նրանո՛վ գինովցած ու սիրահար, կարողանամ սէրս, կարօտս, պաշտամունքս փոխանցել լսարանիս»։
Շեշտելով ճիշտ ընտրված խոսքի կարևորությունը, նա շարունակում է.
«Գուցէ եւ միակ տեղն է կռուադաշտը, ուր ամէն բանից աւելի եւ ամէն բանից սուր զգացւում է կարիքը բարոյապէս ազդելու եւ իշխելու մտքերի, սրտերի եւ կամքերի վրայ։
Կարողանալ բռնակալօրէն իշխել հոգիների վրայ,- ահա՛ ղեկավարի ամենամեծ եւ ամենաանհրաժեշտ կարողութիւնը, առանց որին զօրանոցն ու մարտադաշտը զինուորներին չի կարող յաղթութեան մղել։
Այն, ինչ որ յաճախ դժուարանում է կատարել արդիական հեռաձիգ թնդանօթը, հեշտութեամբ կատարում է ղեկավարի զօրաւոր խօսքը։
Խօսքը՝ երբեմն հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, խօսքը միշտ՝ պատկերաւոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տուող խօ՛սքն է իշխելու եւ վարելու միակ միջոցը։
Եւ որքան զօրաւոր՝ այնքան մե՛ծ է նրա հմայքը, այնքան ընդարձա՛կ է նրա տիրապետութիւնը։
Խօսքը՝ դա ինքը ղեկավա՛րն է։
Յաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պէտք է զօրաւո՛ր խօսքը։
Առանց զօրաւոր խօսքի բութ են սրերը, թոյլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը։
Առանց զօրաւոր խօսքի չկա՛յ իշխանութիւն հոգիների վրայ, իսկ առանց այդ իշանութեան՝ չկա՛յ յաղթութիւն։
Մարդկային լեզուն չունի՛ մի հատիկ բառ, որն այս կամ այն կերպ չազդեր կռւում գտնուող զինուորի հոգեբանութեան վրայ։
Պէտք է գիտենալ՝ ի՞նչ եւ ինչպէ՞ս խօսել զինուորին։ Իսկ դրա համար պէտք է ծանօթ լինել, եթէ այսպէս կարելի է ասել, «հոգեկան քիմիայի» օրէնքներին։ Պէտք է բաղադրել կարողանալ որոշ զգացումներ զինուորի մէջ՝ մեր ցանկացած հոգեկան յուզումն առաջացնելու համար։
Տպաւորութիւն է գործում շատ անգամ ո՛չ թէ այն, թէ ինչ որ ասում ենք, այլ այն, թէ ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպէ՞ս ենք ասում»։
Քաջ գիտակցելով, որ «ծիծաղը, երգը, խաղը հոգեւոր կազդուրիչներ են զինուորների համար» և որ «բանակները յաղթում են եւ պարտւում միշտ էլ կռիւներից դուրս, բախումներից առաջ՝ նախ հոգեբանօրէն», Նժդեհը հորդորում է.
«Արդ, թէ ինչու՛ եմ ասում՝ եղի՛ր Կենդանի Արեւ, քանզի յաղթական հանդիսանալու համար, զօրամասերդ պէտք ունին Լոյսի՛, Ջերմութեա՛ն եւ Ուրա՛խ տրամադրութեան։
Չկայ աւելի գօտեպնդիչ, արիական եւ գեղեցիկ շարժուձեւ, քան ծիծաղը ցրտի, սովի, յոգնածութեան ժամանակ, ծիծաղը թշնամու քթի տակ վտանգի դէպքում, մահուան երեսին։
Ես զինուորներ ունէի, որոնց մշտուրախ դէմքի պայծառութիւնը չէր կարող ծածկել եւ ոչ մի սեւ ամպ»։
«Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը»:
«Ոչի՛նչ արժեն նիւթեղէն ամրութիւնները մի երկրի համար, եթէ նրա որդիների սրտերը բարոյական բերդեր չեն։
Էականը ժողովուրդների քանակը չէ, այլ նրանց որակը, նրանց Ոգին»։
«Նայի՛ր դրօշակին…
«Հասկանո՞ւմ ես կատարածդ»,- կը հարցնէր նաւապետը մէկին, որը նոր էր ընդունուած, որպէս նաւազ, եւ կայմի վրայ բարձրանալու փորձեր կը կատարէր։
Երիտասարդը արդէն կը մօտենար կայմի ամենաբարձր կէտին, երբ նայեց ներքեւ լեռնացող ալիքներին եւ գլխի պտոյտ զգաց։
«Նայի՛ր դրօշակին, նաւազ»,- ձայն տուեց նաւապետը՝ տեսնելով իր զինուորը վտանգի մէջ։
Տղան հնազանդուեց իր ղեկավարի ձայնին եւ յաջողութեամբ հասաւ կայմի ծայրը։
Նոյնը յաճախ զինուորի հետ տեղի է ունենում կռուադաշտում, ուր ամէն ինչ խօսում է, վկայում ստոյգ վտանգի, ցաւի ու մահուան մասին։
Ճակատագրական վայրկեանին զինուորը պէտք է լսէ իր պետի սրտապնդիչ ձայնը.
- «Զինուո՛ր, նայի՛ր վերեւ, դրօշակի՛դ»։
Դա ասել է՝ յիշի՛ր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զէնք են վերցրած։
Դա ասել է՝ արիացի՛ր, քանզի քեզ հետ է Ցեղդ, որն ապրել է ուզում։
Դա ասել է՝ նայէ՛, վերեւն աչք կայ, որ տեսնու՛մ է քեզ, արթուն աչքը Նախահայրիդ, որ կը հետեւի քո բոլո՛ր շարժուձեւերին։
Նայիր Դրօշակի՛ն։ Դա ասել է՝ մի՛ մոռանար, որ սկսուած ճակատամարտի ելքից է կախուած Հայրենիքիդ ճակատագիրը»։
«Բարոյապէս սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտութեան զգացումը՝ ծնունդ ազգային ինքնաճանաչութեան, որն իր սնունդն առնում է մեր պաշտամունքից դէպի այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական Հայրենի պատմութեան մէջ»։
«Սիրո՛վ եւ երկիւղա՛ծ մօտեցիր Ազգային պատմութեան, եւ մի՛ մոռանար, որ Ցեղի Հոգին ճանաչելու համար բաւակա՛ն չէ միայն ուսումնասիրել նրա պատմութիւնը, պէտք է եւ վերապրե՛լ այն։
Վերապրի՛ր, պատմութեան միջոցով վերապրի՛ր Ցեղիդ կեանքը»։
«Հա՜յկը, անմեռ փա՛ռքը իր ցեղի, այսպէս կը խօսէր իր մարտիկներին.
«Յարմար վայրկեանին կը լարի փորձ որսորդն իր աղեղը եւ մի՛շտ անվրէպ ու մահառիթ է իր հարուածը»։
-Մի սեղմ խօսք, որի մէջ խտացուած է ռազմարուեստի ողջ գաղտնիքը։
Յարմար վայրկեանին՝ մահառիթ հարուած,- ահա՛ թէ ինչ է պահանջում իմաստուն ռազմագիտութիւնը։
Այսպէս, բնազդական ռազմագէտ ու մարտավար է Հայ Նահապետը, որի աննուաճ արիասրտութիւնը այսպէս կը պատասխանէր Նեբրովթի բանբերներին.
«Որսորդի հեռաձիգ նետը պէտք ունի ազատ եւ ընդարձակ տեղերի»։
Ասել է՝ գիտէ՛ Հայ ահաւոր աղեղնաւորը, թէ ժողովուրդներին անկաշկանդ կերպով զարգանալու համար հարկաւոր է երկու բան՝ յարաբերօրէն ընդարձակ երկրամաս եւ քաղաքական անկախութիւն»։
Մեջբերումները՝ Գարեգին Նժդեհի՝ «Հիշի՛ր պատերազմը» հոդվածաշարից, որն առաջին անգամ հրատարակվել է Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում՝ 1930 թվականին: