ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
ԿԱՄ՝
«ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ»
(ՄԱՍ Բ)
Հայաստանի տարբեր շրջաններում Բարեկենդանի օրերին ողջ համայնքի մասնակցությամբ իրականացվող խաղերը, հնչող ծիսական երգերը, պարերը ձմեռային «նիրհից» հետո Վերակենդանացող Բնության, Կյանքի նոր Զարթոնքի, Սիրո փառաբանման, Պտղաբերության խորհուրդն ունեն:
Բարեկենդանի տոնի երկու շաբաթները հարսանիքների՝ Բեղմնավորման, Նոր Պտղաբերության ամենացանկալի և ընդունված ժամանակաշրջանն էին, քանզի Մարդը Բնության ներդաշնակ մի մասնիկն է:
Ուստի՝ ժողովրդական երգերում և օտարազգիների կողմից որպես «Հայոց ազգի օրեր» հիշվող Բարեկենդանի տոնի զվարճահանդեսների անբաժան ուղեկիցներն էին նաև այդ օրերին նշվող առատ հարսանիքները:
Կանանց, տղամարդկանց, երեխաներին ու զառամյալ ծերերին իրենց շրջապտույտի մեջ առնող պարերը՝ զուռնա-դհոլի ու խմբերգերի ուղեկցությամբ, օրեցօր ավելի էին աշխուժանում ու առավել բազմամարդ դառնում՝ շղթայելով թաղերն իրենց «կլոր պարերով»՝ շուրջպարերով, տոնի ավարտը նշանավորելով ծերունիների խմբապարերով:
Վերջին օրը, 80-ն անց ծերունիներն իրենց պատկառելի խմբով, շրջում էին գյուղում՝ յուրաքանչյուր տան առաջ գինի խմելով ու պարերգերով.
«Մտանք ի Բարեկենդան,
Կ՛երթանք ի Զատիկ,
Իճապ մէկզմէկէ ինտո՞ր տի զատինք»…
Բարեկենդանի զվարթ օրերին գյուղերում նաև «հարս ու փեսայի» դերերով շրջող՝ հարսանեկան տեսարանների ցուցադրումներ էին լինում՝ գալիք Վերազարթոնքի «Ավետիսի», Կյանքի, Բնության հարության խորհրդով:
Բարեկենդանի օրերին էին ամենաշատ պարերն ու հարսանիքները նաև Համշենահայերի մոտ, որոնք «Բարգենդօնքին» հիմնականում «գդռիճների» («կտրիճների») պարերն ու «կլոր պարերն» էին պարում:
Բալուի շրջանում կատարվող պարերից մեկում նկարագրվում է հետզհետէ մեծացող-ընդարձակվող խումբը, որի անդամները մեծ ոգևորությամբ հետևում են «Եղսա-խաթունի վարժ շարժումներին ու կրկնում նրա ասածները»՝ գովելով երիտասարդ սիրահարներին՝ նշանվածներին.
«Կրպո՛, ելիր տեները (տանիք),
Տե՛ս Մրոին (Մարիամի) թշերը,
Կարմիր խնձորի պես ը (է),
Մազերը ոսկու պես ը,
Պոյը չինարի պես ը»…
«Մրո՛, Կրպոն չինար ը,
Ան քո ուզած լավ յարն է,
Երնեկ քեզի, որ ունիս
Կրպոին պես նշանած,
Աչքեր ունի եղնիկի,
Սիրտ մը ունի սրբի պես»…
«Յուշամատեան»-ի էջերում հիանալի նկարագրություններ կան՝ Հայաստանի տարբեր շրջաններում Բարեկենդանի տոնական օրերի հուշերով: Ահավասիկ որոշ տողեր՝ Տիգրանակերտի Հայերի կյանքից.
«Կենսասէր տիարպեքիրցիները Բուն Բարեկենդանը շքեղ կը տօնեն։ Տեղացի երաժիշտներէն զատ, քիւրտ տաւուլ-զուռնաճիներ կու գան, երբ կարիք կ՚ունենան մեծ թմբկահարներ ալ կը հրաւիրեն Խարբերդէն եւ Բալուէն։
Բարեկենդանի խնճոյքները կը սկսին նախորդող Հինգշաբթի օրը՝ Վարդանանց յիշատակութեան օրը, ինչի առիթով դպրոցականները արձակուրդի մէջ կ՚ըլլան։
Մինչ անոնք կը խաղան ու կը զուարճանան, կանայք կը պատրաստուին տօնին։
Նախ կը հաւաքեն ու կը մաքրեն սենեակը, որպէսզի հնարաւոր ընդարձակ տեղ ունենան հիւրերուն համար, ապա կը սկսին տօնական ուտեստներու նախապատրաստմանը։
Նախ կը շաղեն չօրէկի խմորը, որպէսզի յետոյ փուռ ղրկեն. կը մաքրեն ու ջուրին մէջ կը դնեն փաչան, քուֆթայի միսը կը ծեծեն, յաջորդող օրերուն ալ կը սկսին պատրաստել տօնին յատուկ միւս ճաշատեսակները. մըֆթուլ, գապուրղայ, պանիրով քընաֆայ, եւ այլն։
Պատահական չէ, որ տիարպեքիրցիները Բուն Բարեկենդանի Կիրակի օրը կը կոչեն Պատռըման Կիրակի՝ պատռելու, ճաթելու աստիճան շատ ուտել-խմելուն ակնարկելով։
Կատակով իրարու կ՚ըսեն, որ այդ ձեւով պիտի դիմանան Մեծ Պահքին։
Շատ յաճախ հարեւաններով կամ խնամիներով կը հաւաքուին նշելու տօնը։
Իւրայատուկ է, որ այդ օրը, ի տարբերութիւն ընդունուած սովորութեան, բոլորը միասին կը նստին սեղան՝ մեծահասակները, տարեցները, ջահելները, պատանիները, երեխաները։ Սեղանի շուրջ միասին կը նստին տղամարդիկ եւ կանայք։
Գինին դոյլերով կը մատակարարեն։ Կատակներ, կենացներ, բարձր քրքիջ եւ ուրախ տրամադրութիւն կը տիրէ բոլոր ընտանիքներուն մէջ։
Ճաշէն յետոյ ընտանեկան խաղեր կը կազմակերպեն, պատմութիւններ կը պատմեն, մինչեւ որ երաժիշտները հասնին. մինչեւ գիշեր կը պարեն, կ՚ուրախանան սրտանց եւ անմնացորդ։ Չէ՞ որ յաջորդ օրն արդէն Պահքն է։
Հետաքրքրական սովորութիւն մը կայ, որ կը կոչեն «մանաֆշալըղ». այդ օրը հիւր կը հրաւիրեն այդ տարուայ նորապսակ փեսաները՝ մանաֆշայով (վարդի տեսակ) թէյ խմելու»…
Շարունակելի…