«ՏՐՆԴԵԶ՝ ՄԽԻ ԴԻՆ ՏԵՍ,
ՄԵ ՓՈՒԹ ՑԱՆԵՍ՝ ՀԱԶԱՐ ՔԱՂԵՍ»…
Երկիրն ու Մարդկանց ջերմացնող Կենսատու «Հուրն Արարչական»՝ Կրակը խորհրդանշող տոն է Տրընդեզը, որն, ինչպես հաղորդում է Քուրմ Հարութ Առաքելյանը, համաձայն Հայկյան Սրբազան տոմարի, նշվում է Հրոտից ամսվա Հրանտ օրը (փետրվարի 15-ին)՝ յուրօրինակ ծեսերով Ձմռանից Գարուն անցումն օժանդակելու խորհրդով:
Տրընդեզը, նույն ժամանակահատվածում նշվող Բարեկենդանի տոնի նման և նույն տրամաբանությամբ, իր ծիսական իմաստով կապված է Բնության գալիք Զարթոնքով պայմանավորված՝ բարեհաջող ու առատ նոր տնտեսական տարվա փառաբանմանը և ուղեկցվում է Բերքատվության ու Պտղաբերության ապահովման նպատակով իրականացվող ծեսերով:
Մարդը Տիեզերքի, Բնության անքակտելի մի մասնիկն է, ուստի, Բնության մոտեցող Փթթումի հետ, նոր ամուսնությունները, նոր սերնդաճն էր խրախուսվում ու տոնվում միաժամանակ:
«Տոնի կրակը Քրմերի միջոցով բերվում է մեհյաններում վառվող Ատրուշանի անմար կրակից, որտեղ Քրմերը վառում ու ծեսերի շնորհիվ մոգական զորություն են հաղորդում կրակին:
Տոնի ավարտին մասնակիցներն այդ նույն կրակից տանում են իրենց տները՝ օջախը, թոնիրը (այսօր՝ մոմերը) վառելու համար»,- Քուրմ Հարութ Առաքելյանի մեկնաբանությամբ:
Խարբերդում ու նրա շրջանում Հայերի կողմից նշվող Տրնդեզի տոնի մի փոքրիկ նկարագրություն «Յուշամատեան»-ից՝ ահավասիկ.
«Տեղի կ՝ունենայ Փետրուարին։ Իրիկուան, Խարբերդ քաղաքի, Հիւսէնիկի, Մեզիրէի Հայոց տուներուն տանիքներուն վրայ կը կատարուի կրակավառութիւն։ Ճիւղերու հսկայ դէզեր երկու-երեք ժամ կը վառուին ու տղաք եւ աղջիկներ կրակին շուրջ բոլորակ կազմած կը պարեն ու կ՝երգեն, ոմանք ալ կրակին վրայէն կը ցատկեն։
Դաշտի գիւղերուն մէջ նոյնպէս Մելետը կը տօնուի մեծ շուքով։
Նախ կը կատարուի երեկոյեան եկեղեցական պատարագը։ Ապա, գիւղացիները մոմեր վառած կ՝ուղղուին իրենց թաղամասերը՝ խարոյկը բոցավառելու համար։
Տարբեր-տարբեր թաղերու մէջ կը ճշդուին վայրեր, ուր կը վառեն այդ իրիկուայ խարոյկը։
Կարգ մը գիւղերու մէջ խարոյկ կը վառեն միայն եկեղեցւոյ գաւիթին մէջ։ Այս է պարագան Բարջանճին (Բերջենճ/Աքչաքիրազ), ուր ժամուն շրջափակին մէջ հաւաքուած ճիւղերու հսկայ դէզը բռնկեցնողը այն անձն է, որ այդ օրը եկեղեցւոյ հաշուոյն կատարած է ամէնէն մեծ նուիրատուութիւնը։ Հանդիսաւոր այս բոցավառութենէն ետք, ժողովուրդը վառ մոմերով կը վերադառնայ իր տուները, ուր տօնախմբութիւնը կը շարունակուի՝ այս անգամ տանիքներուն վրայ։
Այսպէս, ամէն ընտանիք փոքր խարոյկներ կը վառէ ու տանիքներուն վրայ կը շարունակուի երգն ու պարը։ Իբրեւ վառելիք յաճախ կը գործածուի ցրդին (ցրդենի)։
Մելետի (Տրնդեզի, Կ. Ա.) օրը երիտասարդներ մեծ խանդավառութեամբ կը մասնակցին վառելիք հաւաքելու գործին։
Վառուած խարոյկին մոխիրը նոյնպէս կախարդիչ դեր մը կրնայ ունենալ։ Գիւղացիները զայն կը ցանեն իրենց տանիքին վրայ, որպէսզի ամառները իրենց տուներէն հեռու մնան կարիճներն ու օձերը։ Մոխիրը կը տարածեն նաեւ ախոռին, հաւնոցին ու գոմին մէջ, ինչպէս նաեւ արտերուն ու այգիներուն մէջ, համոզուած ըլլալով որ Մելետը (Տրնդեզը, Կ. Ա.) արգասաբերութիւն ու ճոխութիւն կրնայ բերել։
Դատեմ գիւղի մէջ Ղարիպ Շահպազեան կը նշէ, թէ Մելետի (Տրնդեզի, Կ.Ա.) աւանդութեան յատուկ բծախնդրութեամբ պէտք է հետեւին նոյն տարին ամուսնացած տղամարդիկը։
Անոնք պէտք է առատ վառելիք բերեն ու դնեն եկեղեցւոյ փակին մէջ։
Այս պարտականութիւնը խախտողներուն Շվոտը (չար ոգին) կրնայ պատուհասել՝ անոնցմէ խլելով իրենց երիտասարդ հարսերը»։
Արտերին՝ արգասավորություն, նորապսակներին՝ օրհնություն պարգևող Հրով՝ նրա խորհրդանիշ խարույկով ջերմացած, մարդիկ իրենց իղձերն ու մաղթանքներն են բարձրաձայնում ցայսօր.
«Հավերնիս ածան ըլլան, կովերնիս կթան ըլլան, հարսներնիս ծնան ըլլան»…
Տրընդեզին նորահարսներին, երիտասարդ սիրահարներին գովերգող Հայորդիների երգերը հնչել են ու կշարունակեն հնչել ամենուր.
«Աղջի՛, անունդ Վարդանուշ,
Դուն՝ գեղեցիկ, պագդ՝ անուշ,
Պագ մը տաս նէ, ի՞նչ կըլլայ, Ո՛չ կը մաշի, ո՛չ հիննայ:
Ա՛յ Գուրգե՛ն, Գուրգե՛ն, դու շատ խոսեցար,
Ինչ որ պետքըն էր, դու զայն չասացիր,
Յար սիրելը խօլա է,
Տարդ քաշելը պելա է:
Ա՛յ դու աղջիկ, Վարդանուշ,
Ես քո տարդը կը քաշեմ,
Քար ու քռան կը տաշեմ, Ես քեզ ուրա՛խ կը պահեմ»:
«Սերը սիրողին վայել է,
Աս գինին՝ անուշ խմողին»…