«ՄԵՆՔ ՓԱՌՔԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԹԱՂՎԱԾ ՀՈՂԻ ՏԱԿ,
ՄԵՆՔ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ՊԱՀՎԱԾ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ»…

Մեծամոր

«Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,
Մենք հույսեր ունենք պահված մեր սրտում», — գրել է Հ. Թումանյանը՝ 1904 թվականին՝ իր կյանքով ու գործունեությամբ միշտ կարևորելով, արժեվորելով սեփական ազգային պատմության ու մշակույթի իմացությունը:

«Ամեն մի ազգի ինքնաճանաչության համար ազգագրությունը բռնում է առաջնակարգ կարևոր տեղ: Մինչև կյանքի ու ժամանակների խորքը թափանցելով՝ ինչքան որ կարող է թափանցել մարդկային Միտքն ու գիտության Լույսը, նա ապացույցներ ու եզրակացություններ է դուրս բերում մարդաբանությունից, լեզվաբանությունից, հնագիտությունից, աշխարհագրական պայմաններից, և, այդպիսով, ցեղերի ու ժողովուրդների անցած կյանքի պատկերը հանում մեջտեղ իրենց ամեն առանձնահատկություններով, այլև խնամքով հավաքում է իր օրերի ազգագրական նյութերը, որ կարող էին ծածկվել, կորչել հեղհեղուկ ժամանակի ալիքների տակ, ու այդ բոլորն ամբարում է, պահում թանգարանների ու ազգագրական գրվածքների մեջ:
Մեր ազգը, որ աշխարհքի ու Արևելքի ամենահին ազգերից մինն է և ազգագրության տեսակետից հանդիսանում է վերին աստիճանի հետաքրքրական մի աղբյուր ուսումնասիրության, և մեր աշխարհքը, որ մի լիքը թանգարան է ամեն տեսակի կենցաղագիտական, պատմական, կրոնական, բանահյուսական և այլ մեծարժեք նյութերի, տակավին մնում են խավարի մեջ, իրենց փառքերը՝ ավերակների ու հողի տակ, իրենց պարծանքները՝ մոռացության ու անհայտության մեջ:
Իրար ետևից, անընդհատ կորչում կամ փչանում են այդ ամենը նոր կյանքի հոսանքների տակ ու նորանոր աղետների մեջ» (Հ. Թումանյան «Ազգագրական գործը մեզանում»):

Հիրավի, Հողն իր ընդերքում գանձեր ունի պահած:
Հողի բազմահազարամյա շերտերում նաև անցյալի հետքերն են, դարերի «մշակութային շերտերը», որոնք իրենց առեղծվածային էջերը մասամբ բացահայտում են հնագիտական նյութերով…
Հայկական Լեռնաշխարհի ամեն «անկյունում» Հայոց Նախնիների բնակության դրոշմն է պահպանվել՝ նրանց կերտած մշակույթի, երբեմնի հզոր բերդերի ու ամրոցների, զարգացած քաղաքների հիշատակներով…
Մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից է Հայոց Աշխարհը: Եվ հնագիտական պեղումներն ապացուցում են տարբեր ժամանակաշրջանների պատմաբանների, ուսումնասիրողների հավաստումները:

Ներկայիս Հայաստանի տարածքում միայն Լճաշենի, Մեծամորի, Շենգավիթի, Կարմիր Բլուրի, Էրեբունու, Արմավիրի, Գառնիի, Ագարակի, Դվինի և անթիվ այլ հնավայրերի հարուստ գտածոները վկայում են հազարամյակների ընթացքում կերտված բարձրարժեք մշակույթի մասին:

Դեռևս 1960-ականներին մի խումբ երիտասարդ հնագետների ու երկրաբանների՝ Ս. Այվազյանի, Ա. Հարությունյանի, Զ. Հովհաննիսյանի և Կ. Մկրտչյանի հետազոտությունների արդյունքում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի շրջակայքում՝ Մեծամոր գետի ափին հայտնաբերվեց աշխարհում թերևս առաջին՝ լավ պահպանված պղնձաձուլարանը, որի կարևորությունն իր ուսումնասիրություններում շեշտում էր երկրաբան Սուրեն Այվազյանը:
Ն.թ.ա. 3-րդ հազարամյակից աշխույժ բնակեցված այս տեղանքից պեղված բացառիկ իրերի՝ գործիքների, զարդեղենի, դամբարաններում և այլուր պահված կարասների՝ մոտ 27 հազար նմուշներով վաստակաշատ երկրաբան Կորյուն Մկրտչյանի ջանքերով 1970-1976 թվականներին հիմնվեց մի գողտրիկ թանգարան՝ եզակի նշանակության Մեծամորի պատմա-հնագիտական արգելոց-թանգարանը, ուր ցուցադրվում էր մոտ 1.000 գտածո (վերջինիս 80-ամյակի առիթով 2008-ին թանգարանի պատին է փակցվել նրա հուշաքարը):

Երևանից մոտ 37 կիլոմետր հեռավորությամբ, Արմավիր քաղաքից 8 կիլոմետր դեպի հյուսիս-արևելքում գտնվող մետաղաձուլման ու մետաղամշակման այս հնագույն կենտրոնում պահպանվել է ձուլարանի ողջ համակարգը՝ հալոցը, ժայռափոր հնոցները, ինչպես նաև՝ հողի շերտերում հայտնաբերված հանքանյութերը (անագ, պղինձ, ցինկ, ֆոսֆոր, սնդիկ), մետաղների ձուլման նպատակով պատրաստված աղյուսները…
Հետագայում շարունակված պեղումների շուրջ 28.000-ից ավելի գտածոները, որոնք թվագրվում են ն.թ.ա. 6-5 -րդ հազարամյակներից մինչև 17-18-րդ դարերը, Մեծամորի հնավայրի ու արգելոց-թանգարանի բացառիկ դերն են փաստում՝ ոսկուց, անագից, արծաթից ու սաթից պատրաստված հիանալի իրերով ու զարդերով…

Հանքաքարից մետաղի կորզումն ու մետաղամշակությունը, մետաղների փոխակերպումը՝ խառնուրդներով նոր որակների ստացումը հնագույն շրջանից եկող ավանդույթներով հարուստ գիտություն է, որը նպաստում է հասարակության զարգացմանը:
Հայկական Լեռնաշխարհն ու, մասնավորապես, Մեծամորի հնավայրը մետալուրգիայի հնագույն օջախներից են:
Ն. Ա. Ֆիգուրկովսկին իր՝ «Հին Հայաստանը՝ մետալուրգիական տեխնիկայի բնօրրան» ուսումնասիրության մեջ գրում է.
«…Մետաղի արդյունահանման ու մշակման տեխնիկայի վերաբերյալ հնագիտական տվյալների պարզ համադրումը ցույց է տալիս, որ Եգիպտոսից բացի մետալուրգիական տեխնիկայի ծննդավայր կարելի է համարել նաև մի քանի այլ երկրներ:
Այսպես, Պրոֆուլա Չանդրա Ռայի աշխատության մեջ նշվում է, որ այն դեպքում, երբ Եգիպտոսում ու Միջագետքում վաղուց ի վեր հայտնի էին ոսկին, արծաթը, պղինձը և կապարը, անագային բրոնզը Միջագետքում ավելի շուտ է հայտնի եղել, քան Եգիպտոսում. Կիշում և Ուրում գտնված իրերը թվագրվում են մ.թ.ա 4.000 թվականով: Փոքր-ինչ ավելի ուշ այդ նույն վայրերում ստացել են անտիմոնային բրոնզ, երբ դեռ Եգիպտոսում այն չկար: Տարակարծություն կա երկաթի ու պողպատի մետալուրգիական տեխնիկայի և՛ ի հայտ գալու ժամանակի, և՛ տեղի վերաբերյալ:

Համապատասխան գրականության մանրամասն տեսությունը մեզ շատ հեռուն կտանի:
Ուստի ես կսահմանափակվեմ միայն մի քանի տվյալներով, որոնք մետալուրգիական տեխնիկայի առաջնությունը տալիս են Անդրկովկասի շրջաններին:
Մարտին Լևեյը Հին Միջագետքի քիմիական տեխնոլոգիային նվիրված իր գրքում, որ լույս է տեսել համեմատաբար վերջերս, մասնավորապես նշում է, որ մ.թ.ա 3-րդ հազարամյակում պղինձը Միջագետք է ներմուծվել Անատոլիայից, ավելի կոնկրետ՝ Տիղնուրնից և Դուրկամիտից:
Այստեղ զտել-ձուլել են պղինձ և պատրաստել բրոնզ: Այդ քաղաքները գտնվում էին Բողազքյոյից և Քյուլթեփեից արևելք, Վան և Ուրմիա լճերից հյուսիս ընկած շրջանում, այլ խոսքով՝ Հին Հայաստանի տարածքում:
Երկաթի մետալուրգիայի սկզբնավորման մասին ուշագրավ տեղեկություններ կան Բերնարդ Նեյմանի գրքում, որը հրատարակել է Ֆրայբերգի (Սաքսոնիա) Լեռնային ակադեմիան՝ հեղինակի մահից անմիջապես հետո: Բերված տվյալները ցույց են տալիս, որ երկաթե առարկաները (եթե չհաշվենք մետեորիտային երկաթից պատրաստված շատ հին իրերը և այնպիսի կասկածելի գտածոներ, ինչպես, ասենք, Քեոփսի բուրգի որմածքում հայտնաբերված դուրը), առաջին անգամ երևացել են «սեպագիր մշակույթի» ժողովուրդների մոտ, այսինքն՝ Միջագետքում և Ուրարտուում՝ գրեթե նույն շրջաններում, ուր երևան են եկել անագի, կապարի, ծարիրի և մկնդեղի բրոնզը (Ի. Լ. Սելիմխանով):
Այսպիսի տեղեկությունները, բնականաբար, նյութական մշակույթի պատմաբանների ուշադրությունը բևեռում են մետալուրգիական տեխնիկայի հայրենիքի հարցի վրա:

Հնագիտական նոր տվյալների ի հայտ գալուն և մետալուրգիական տեխնիկայի թանգարանային նմուշների ուսումնասիրմանն ու համադրմանը զուգընթաց՝ ավելի ու ավելի ակներև է դառնում, որ Հին Հայաստանի և Փոքր Ասիայի՝ նրան հարող շրջանները հնում եղել են մետալուրգիական տեխնիկայի՝ պղնձի, բրոնզի, երկաթի, ինչպես նաև պողպատի ձուլման կարևոր օջախներ:
Այս եզրահանգմանն է գալիս, մասնավորապես, «Մետաղների պատմությունը» գրքի ճանաչված հեղինակ Լ. Էտչիսոնը, որն իր աշխատության մեջ քանիցս նշում է մետալուրգիական որոշ եղանակների առանձնահատուկ հնությունը:
Ասենք, երկաթի ու պողպատի հարցում մյուս հեղինակները նույնպես, այդ թվում Լիպմանը, Բեյմանը և այլք, որոնցից մեջբերումներ արեցինք, նշում են հարավային Հայաստանի տարածքը զբաղեցրած խալիբների, քաղդեացիների և մյուս ցեղերի ակնառու դերը երկաթի հանքաքարի վերականգնման տեխնոլոգիայի զարգացման գործում…

… Ինձ թվում է, որ Հին Հայաստանի տարածքում մետալուրգիական տեխնիկայի պատմության ուսումնասիրությունը ոչ միայն կպարզաբանի ու կընդլայնի Հին Հայաստանի հարուստ նյութական մշակույթի վերաբերյալ եղած տեղեկությունները, այլև զգալի ներդրում կլինի հնադարում արտադրության կարևորագույն ճյուղերից մեկի առաջացման հարցի ուսումնասիրության մեջ, այն ճյուղի, որն ուղղակի և խորը ազդեցություն է ունեցել քիմիայի սկզբնավորման վրա»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Որոշ գտածոներ՝ Մեծամորից