«Օ՜, ԲՆՈՒԹՅՈՒ՛Ն, Օ՜, ՄԱ՛ՅՐ»…

«Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր,
Մշտահոլով, մշտագո և մշտատև,
Դո՜ւ, որ փոխվում ես հար,
Բայց մնու՛մ ես և կա՛ս բազմաձև»…

Բնությանը ձոնված՝ Չարենցյան տաղի մի քանի տողերում ամփոփված մի ողջ աշխարհայացք ու խորհուրդ կա…

Բնությունը՝ այդ «ամենամեծ Հանճարը»՝ Իսահակյանի բնորոշմամբ, Արարման, աշխարհաստեղծման արտահայտությունն է, որն, ինչպես նրա «հանճարեղ մյուս գործերն» ու նրա մի մասնիկը՝ Իսահակյանի խոսքերով՝ «Բնության իմաստը» հանդիսացող Մարդը, իր մեջ է կրում այդ հրաշալի Ամբողջությունը, նաև՝ Կյանքի հավերժական պտույտն ու Վերածնունդը…

Մայր Բնությունը, Մայր Հողը, Մայր Գետը, Մայր Հայրենիքը վաղնջական ժամանակներից ի վեր անձնավորել, փառաբանել են Հայերն իրենց երգերում, պատմություններում…
Բնությունն ու Մարդն անքակտելիորեն կապված են՝ նույն Ամբողջությունն են, Մարտիրոս Սարյանի խոսքերով՝
«Բնութեան ամենահրաշալի ստեղծագործությունը Մարդն է։ Մարդն ինքը՝ Բնությունն է։
Միայն Մարդու միջոցով է Բնությունը ճանաչում իրեն։ Դա Մարդու մեծագույն երջանկությունն է։ Հսկայական, անվերջ Բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մէջ կրում է այդ անսահման Մեծությունը:
Բնությունը ստեղծում է Մարդուն, որպեսզի Մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։
Մարդը Բնություն է, Բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի»։

Նույն ոգով՝ Կոմիտասը 1911 թվականին «Մանկիկ Վահագնին»՝ բոլոր Հայ մանուկներին խրատում ու պատվիրում էր.

«Սիրու՛ն մանկիկ, կայտա՛ռ մանկիկ, օր մը դու՛ն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս:
Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:
Միտքդ մարզէ՛ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ մտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սրտէն՝ բարի՜, բարի՜ զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու սրտի տապաններն են:
Հետեւէ Բնութեա՛ն դպրոցին. միտքդ բա՛ց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բա՛ց եւ թող արձագանքէ՛ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն ալ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ Երկինքը՝ հոն պաշարելու ազնի՜ւ, ազնի՜ւ զգացումներ:

Կարդա՛ Բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…
Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեա՛նք կայ, որ չէ՛ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել — պարփակել: Նա նման է Արշալոյսին, միշտ՝ թարմ, միշտ՝ նոր, միշտ՝ կենդանի, միշտ՝ կենսատու, միշտ՝ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման՝ միշտ մանուկ ու պարզուկ:
Սիրու՛ն մանկիկ, պայծա՛ռ մանկիկ, սիրէ՛ Բնութիւնը»…

Վաղնջական ժամանակներից ի վեր գրեթե բոլոր ժողովուրդների մոտ Բնությունը՝ Մայր Բնությունը Կենսատու ուժի, Արգասաբերության, «Սնուցող մոր», «Հովանավորի» խորհուրդն ունի: Այդ խորհուրդը «մարմնավորող»՝ «Հայոց Աշխարհի փառք»՝ «Կեցուցիչ ու Սնուցիչ Մայր»՝ Ոսկեհատ Անահիտ Դիցամորն ընծայվող՝ Հայրենիքի բեղուն անդաստանների, ցորեանի ոսկեծուփ արտերի հասկերից հյուսված նախընծան է երգել Դ. Վարուժանը. «Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան»…
Հայրենի հերկերի, Հայ մշակի աշխատանքի, հունձքի գովքն է նա փառաբանել իր «Հացին երգ»-ում՝ Հողի պարգևը՝ Հացը ներկայացնելով որպես խաղաղ արշալույսների, արդար վաստակի խորհրդանիշ, երգելով օրվա ու գալիքի սերմնացանի նվիրական աշխատանքը…

Հողի պարգևած բարիքը՝ հատիկը՝ հացահատիկն ու նրանից պատրաստվող Հացն հանապազօրյա, Բնության ընծան՝ Մարդկությանը, Հայոց մեջ օրհնվում ու փառաբանվում է զանազան ծեսերով՝ ցանքից մինչև բերքահավաք կամ առօրյա կիրառման ժամանակ…

Հայկյան Սրբազան տոմարով (ինչպես հաղորդում է Քուրմ Հարութ Առաքելյանը)՝ Սահմի ամսվա Անահիտ օրը (սեպտեմբերի 5-ին)՝ Հացօրհնեքի տոնն է՝ Անահիտ Դիցամոր հովանավորությամբ:

Հացօրհնեքի բարեմաղթանքներով ու Բնությանը ձոնված՝ Չարենցյան խորախորհուրդ տաղով…

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈԻԹՅԱՆԸ

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր,

Մշտահոլով, մշտագո և մշտատև,
Դո՛ւ, որ փոխվում ես հար,
Բայց մնու՛մ ես և կա՛ս բազմաձև,

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Ահա՛ աստղերը քո և երկինքներդ ահա՛,
Ահա՛ ընթացքը քո մշտահոլով,
Եվ արեգակդ ահա՛, և հորիզոնդ ահա՛,
Ե՛վ օվկիաններդ լուրթ, և՛ լեռներդ լազուր, և՛ գետերդ բոլոր:

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Եվ ուժերդ ահա՛ կենսապարար՝
Ինքնաբուխ, մշտնջենական և հարափոփոխ,
Եվ ոգին իմ ահա՛, որ տիրաբար
Դեպի քե՜զ է ձգտում՝ ողողված լույսերիդ տարափով:

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Խուժի՛ր, տեղա՛ իմ մեջ, սուզվի՛ր իմ մեջ բոլոր
Քո աստղերով, ծովերով և երկինքներով,
Քո ընթացքով անկանգ ու մշտահոլով,
Քո ուժերով՝ թե կյա՛նք, թե խնդությու՛ն բերող:

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Բայց չե՛ս սիրում դու մեզ, չե՛ս մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՜վ ենք ձգտում հասնել
Քո ընթացքի՜ն, քո վազքի՜ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհուրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղծ:

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Դու դաժան ես ու բարի, դու հեզ ես և անողոք,
Դու սիրում ես շարժումը, զորությունը, ուժը,
Ունայնությամբ ես լցնում ու հողով
Դու հայեցող սրտերը, որ խեղճ են և քնքուշ են:

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Եվ առաջին անգամ դու չե՞ս տվել արդյոք
Քո արևից, քո սրտից մի բեկոր:
Այն զարմանալի ճարտար և հանճարեղ մարդուն,
Որը ո՛չ թե սրտի մորմոքով,
Այլ ձեռքերով կոպիտ վերցըրել է քարը
Եվ զարկել է մի ուրիշ քարի —
Եվ Արևի դստերը իր խրճիթն է տարել,
Որ գիշերի գրկում ոսկեվորիկ պարի…

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Եվ չե՞ս տվել արդյոք դու ծովերիդ անեզրությունը
Եվ բարիքները նրանց խորքերի,
Այն ըմբոստին, այն խիզախ ճանապարհորդին,
Որ ծառերի դալար ճյուղքերից
Հյուսել է մի առավոտ ուռկանն իր առաջին
Եվ նետելով խորքը ծովերի՝
Բռնել է ծովային մի ոսկեծամ աղջիկ
Եվ իր խուզը տարել, իբրև գերի…

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Եվ այսպես — սիրել ես դու խիզախների՜ն միայն,
Եվ մայրական անեզր համբերությամբ՝
Քո գաղտնիքները, գանձերը, քո ուժերը նրան
Հանձնել ես ստեղծարար մի գերության…

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Բայց Մարդը, տիրանալով քիչ-քիչ անեզրական գանձիդ
Այն շինել է շղթա ու կապանք,
Կեղեքելու համար ուրիշների անծիր,
Տվնջական, հանապազօրյա աշխատանքը.
Եվ նրանք, որ եղել են դաժան ու ամեհի,
Որ ճորտերից շորթել են քո բարիքներն անհուն,
Շղթայել են Ոգին բնապաշտ և մատնել են մահի
Պղծելով և նզովելով քո անունը…

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Եվ հանճարին Մարդու, նրա ստեղծարար
Եվ անսահման կարող ձեռքերին,
Բաղձանքներին նրա և ըղձերին վարար,
Եվ նրա հանդուգն կրքերին՝
Կապանքներ են դրել նրանք բազմապիսի,
Օրենքներ՝ ահով սահմանած,
Պատնեշներ են կանգնել Արևներիդ լույսին,
Որպեսզի սիրտը քո մեզ չբանաս…

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Բայց այժմ վիթխարի և զորավոր ուժեր
Պատերազմի ելած այդ բերդերի դեմ՝
Դարձնում են նրանց պատնեշները փոշի՝
Հանուն հացի, լույսի, աշխատանքի վսեմ,
Եվ պատերազմը այդ դժնի ու անողոք,
Այդ մարտնչումն՝ ընդդեմ շահագործող մարդու՝
Չէ՞ արդյոք արշավանք դեպի լուսաողող
Քո գիրկը զվարթուն…

Օ՛, Բնությո՜ ւն, օ՛, Մա՜յր:

Պայքարների դժնի ճանապարհով
Բազմություններ ահա բազմահազար,
Որ դարերով գրկիդ ու գգվանքիդ կարոտ
Հնձել են, բայց չեն ճաշակել բերքերդ սրբազան,
Դեպի քե՛զ են գալիս, դեպի անեզրական
Երկինքնե՜րդ բազմաշխարհ ու բազմաստեղ,
Իբրև տե՛ր են գալիս, իբրև տիրակա՛լ,
Գալիս են, որ աստղերիդ և ընթացքի՛դ անգամ
Իրենց ստեղծարար հանճարը պատվաստեն…

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Ընդունի՜ր ուրեմն նվաճողներիդ երթը,
Իբրև արգանդդ հին բեղմնավորող բարիք,
Ընդունի՜ր որդիներիդ հաղթանակի երգը,
Որ հնչում է ընդերքից աշխարհի.
Ընդունի՜ր նաև այս երգը գորովական,
Որ քո չնչին հյուլեն մի գիշեր աստղալից
Մատուցեց քեզ սիրով ու որդիաբար՝
Ողջունելով խորհուրդդ աստղային…

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

Եղիշե Չարենց, 1933 թ. փետրվարի 27