«ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ»…

«Տանում ենք հնուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծնել մեր խորունկ հոգին
Հայո՛ց լեռներում,
Բա՛րձր լեռներում»… (Հ. Թումանյան)

Նախահայրերի փոխանցած՝ «դարերով երկնածը»՝ «պատմական հիշողությունը»՝ պատմությունը, ավանդույթները, մշակույթն ու արժեհամակարգն է ձևավորում Ազգային ինքնագիտակցությունը, ազգային աշխարհընկալումն ու հոգեկերտվածքը, որոնցով և տարբերվում են ազգերը:
«Նախնյաց հիշատակներն են ազգը հաստատ պահում», քաջալերում ու զորացնում հայրենանվեր զավակներին:
Քաղաքական որոշ պայմաններում Ազգային ինքնագնահատանքի նվազումն, ընդհակառակը, ոմանց հեռացնում է ազգային արմատներից՝ հոգեբանորեն օտարելով նաև ազգային արժեքներից…

Հայրենիքի, Նախնիների հանդեպ ունեցած նվիրական սերն ու վերաբերմունքը Հայոց հոգեկերտվածքի առանցքն է, ու դա արտացոլված է ողջ մշակույթում՝ կենցաղում, փոխհարաբերություններում, վաղնջական ժամանակներից եկող առասպելներում ու երգերում, տոներում ու ծեսերում…
Քուրմ Հարութ Առաքելյանի ներկայացրած՝ Հայկյան Միաբանության տոնացույցն ասվածի հավաստումն է՝ Նավասարդ ամսվա Արամ օրը՝ Արեգնափայլին (հունիսի 21-ին)՝ Հայրերի տոնն է՝ Արամազդ Դիցի հովանավորությամբ, Տրէ ամսվա Մարգար օրը (սեպտեմբերի 20-ին)՝ Մոգաց հիշատակման օրն է՝ Տիրի հովանավորությամբ, Տրէ ամսվա Մազդեզ օրը (սեպտեմբերի 22-ին)՝ Իմաստուն Նահապետաց տոնն է՝ Տիրի հովանավորությամբ, Քաղոց ամսվա Վարագ օրը (նոյեմբերի 14-ին)՝ Անմեռաց կամ Օջախի և Ընտանիքի տոնը՝ Նանե Դիցուհու հովանավորությամբ, Արաց ամսվա Արամ օրը (նոյեմբերի 18-ին)՝ Արքաների օրը՝ Արամազդի, Միհրի հովանավորությամբ…

Անդրադառնալով ազգային արժեքների պահպանման ու Նախնիների հիշատակի կարևորությանը, Գարեգին Սրվանձտյանցը գրել է.
«Նախնյաց հիշատակներ այնչափ մեծ արդյունք ունին, որ ազգություն այնու հաստա՛տ կը մնա, որ ազգաց մեռելություն այնու կը կենդանանա՛, Նահատակաց հոգին այնու կը զորանա՛ն, և Հայրենյաց վերանորոգություն այն տեղե՛ն կը հառաջանա: Ասոր համար շատ բարբարոս, խորամանկ բռնավորներ, երբոր ազգ մի բնաջինջ առնել կամ ազգություն ուրանալ տալ ուզեին, նախ այն ազգի մեջ եղյալ գիրքերը կայրեին, կարդացողներ կսպանեին, նախնյաց շիրիմներ կը քանդեին, և այն ազգի Դյուցազանց, Նահապետաց, Թագավորաց և Քաջաց պատվական ոսկորները փշրեին կամ կը վառեին…, որով և ազգի մեջեն իսպառ կանհետանար այն հայրենասիրական կամ ազգասիրական սրբազան զգացմունքն ու հոգին, և ապա կսկսեին խեղճ ժողովուրդը գերել, տանել կամ դարձուցանել իրենց ազգութենեն»…

«Ազգային զգացումը՝ երբեմն՝ վառ բոցի պես, երբեմն՝ մարած մոխրի պես:
Ահ, ո՞ր ազգի հայրենիքը այսչափ անմահ և պանծալի հիշատակները դեռ կենդանի ունի: Մշո դաշտի մեկ կողմը Սասնա քաջաբեր լեռներն են. մեկ կողմը Բզնունյաց ծովը ծիծաղախիտ կը ծածանի, և Ծովասար ճակատը Մշո վերևն է»…

Ազգային մտածողության կերտողներին՝ պատմությունն ու մշակույթը դարեդար փոխանցողներին է անդրադարձել Ավետիք Իսահակյանը՝ 1939 թվականին, մի քանի տողում ամփոփելով նրանց դերն ու կարևորությունը…

ՄԵՐ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ԳՈՒՍԱՆՆԵՐԸ

Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վըրա դժգույն-
Եղեռնները, նախճիրները հորդաների արյունըռուշտ,
Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարության մի խուլ աստծու դատաստանի:

Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած`
Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի և հաց,
Վիպերգեցին հաղթանակը Դյուցազնների մեր մեծազոր
Եվ ծաղրեցի՛ն պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:
Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովուրդի,
Վառ հավատով փառքերը մեր ավանդեցի՛ն որդոց որդի.
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազա՛տ Ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացա՛ծ Թուր-Կայծակին:

Հայ գուսանների վիպերգերը հազարամյակներ շարունակ փառաբանել են մեր Դյուցազն Նախնիներին, սերնդեսերունդ ոգեշնչել ու խանդավառել են Հայկազուններին, առասպելներով ու վիպասանքով «անընկճելի, ազատ Ոգով» կրթել մանուկներին ու պատանիներին:

Վաղնջական ժամանակներից Դյուցազնական խորհուրդ ունեցող Հայոց Լեռները, որոնք զարդարվում էին Հայոց Դիցերի, Դիցուհիների վեհաշուք տաճարներով ու նրանց անուններով էին նաև կոչվում (Արամազդ, Վահագնի Սենյակ, Անահտա Աթոռ (կամ՝ Գահ), Աստղկաբերդ), իրենց շուրջ հյուսված ավանդապատումներով «անձնավորվում» ու պատմություն էին կերտում:
Այդ առասպելներից շատերը՝ սերնդեսերունդ փոխանցվելով, պատմվում են մինչ օրս, հիշեցնելով հնագույն իմաստությունները՝ գոտեպնդվելով, զորանալով նաև եղբորը, ազգակցին քաջալերելու կարևորությունը…

Պարույր Սևակի հիշեցմամբ՝

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ

Ասում են, թե մի ժամանակ,
Ինչքա՜ն առաջ՝ ի՞նչ իմանաք,
Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները:
Զարթնել են շուտ,
Ելել ոտի,
Նա՛խ կապել են իրենց գոտին,
Լվացել են պաղ ամպերում
Իրենց երեսն ու ձեռները,
Հետո՛ միայն «Բարի լույս» են իրար ասել
Եվ իրարից «Բարի լույս» են սիրով լսել:

     Եվ մի՛շտ այսպես
     Ու ճիշտ այսպե՛ս.

Շուտ են զարթնել, ելել ոտի,
Նա՛խ կապել են իրենց գոտին,
Հետո՛ միայն «Բարև» ասել,
«Բարև» լսել:

Անց է կենում շա՛տ ժամանակ,
Ինչքա՜ն արդյոք՝ ի՞նչ իմանաք,
Եղբայրները ծերանում են
Ու մի օր էլ շատ են քնում,
Շատ են քնում — ուշ վեր կենում
Եվ ի՜նչ… հանկարծ մոռանում են
Նախ և առաջ կապել գոտին.
Առանց գոտու ելնում ոտի,
«Բարի լույս» են իրար ասում,
Բայց… իրար ձայն է՜լ չեն լսում:
Եղբայրները քարանում են,
Դառնում լեռներ հազար ու բյուր,
Նրանց աչքի արցունքները՝
Հազար աղբյուր,
Նրանց մեջքի գոտիները՝
Դաշտ ծաղկաբույր…

…Ով ուզում է չքարանա,
Պիտի որ նա չմոռանա՝
Զարթնե՛լ շատ շուտ,
Ելնել ոտի՛,
Մեջքին կապել ամուր գոտի՛
Այսինքն՝ միշտ գոտեպնդվել
Ու եղբո՛րը գոտեպնդել…

Վարդավառի տոնը՝ Խուստուփի լանջերին
Facebook Comments