«ՈՐՊԵՍ ԼՈՒՅՍԻ ԶԱՎԱԿՆԵՐ»…

Հայ ժողովրդի պատմության ահռելի հետևանքներով լի էջերից է 17-րդ դարի սկզբին շահ Աբասի իրականացրած մեծ բռնագաղթը, որը փոթորկի նման ամայացրեց Հայաստանի մի զգալի հատվածը:

Անդրադառնալով ժամանակի իրադարձությունների հորձանուտում հայտնված Հայաստանի վիճակին՝ Հայ պատմագիր Առաքել Դավրիժեցին (մոտ 1590-ականներ, Թավրիզ, Իրան — 1670, Վաղարշապատ) վկայում է, որ Հայաստանի տարբեր գավառներից (իր խոսքերով՝ «ոչ թե մեկ կամ երկու գավառից, այլ՝ բազում»)՝ «ավարով ու գերությամբ բերեցին Երևան, որտեղից էլ քշեցին» Պարսկաստանի խորքերը՝ շուրջ 300.000 բնակիչ:
«Վասն զի ի քշելն զերկիրս ոչ թէ զմի կամ զերկու գաւառս վարեաց ի Պարսկաստան, այլ՝ զբազումս: Եւ սկսեալ և սահմանացն Նախչուանու և անցեալ ընդ Եղեգաձոր, առ եզերբ Գեղամայ և Լոռւոյ և զՀամզաչիման գաւառն, զԱպարան, զՇարապխանէն, զՇիրակուան, զԶարիշատ և մասն ինչ ի գեղօրէիցն Կարսայ և զՁորն Կաղզվանու բնաւին և բովանդակ զերկիրն Ալաշկերտու և զգեղօրայսն Մակուայ և զերկիրն Աղբակու և զՍալմաստու և զԽոյայ և զՈրմի և որ ինչ պանդուխտք և ղարիպականք մնացեալք էին ի քաղաքն և ի գեղօրայսն Թավրիզու, զդաշտն Արարատու բովանդակ և զԵրևան քաղաք, զերկիրն Ղրխբուլաղայ, զԾաղկունուց ձոր, զԳառնու ձորն, զՈւրծայ ձորն, և յառաջ քան զայն զգաւառն Կարնոյ և զԲասենու և զԽնուսայ և Մանազկերտու և զԱրծկեոյ և զԱրճշոյ և զԲերկրու և զՎանայ աւարով և գերութեամբ բերեալ էին յԵրևան, և ընդ սոսա քշեցին և տարան»:

Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց»-ի՝ 1669 թ. հրատարակության շապիկը

Նկարագրելով Հայ ազգին պարտադրված «նեղությունները»՝ Դավրիժեցին իր «Պատմության» մեջ («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») հաղորդում է, որ Սպահանում հաստատված Հայերը՝ բացի Ջուղայեցիներից ու Երևանցիներից, չքավոր դարձան, քանզի ամեն ինչն այնտեղ թանկ էր և գոյատևելու համար ստիպված էին վաճառել իրենց ունեցածը՝ սնվելու նպատակով:
«Եւ ազգն Հայոց՝ որք եկին ի Սպահան, զատ ի Ջուղայեցւոց եւ յԵրեւանցւոց ամենեքեան
չքաւորեցան, վասն զի որպէս յայտ է ամենեցուն, զի ի Սպահան քաղաքն ամենայն ինչ՝ թէ ուտելի եւ թէ զգենլի եւ թէ այլ ինչ, ամենայն ծանրավաճառ եւ թանկագին է, եւ յայսմ պատճառէ այս եկեալ
ժողովուրդքս չքաւորեցան՝ զի զոր ինչ ունէին վաճառեցին եւ կերան»:

17-րդ դարում, ի հեճուկս անցած արհավիրքների, մեծ կամքի ու աշխատասիրության շնորհիվ զանազան ճանապարհներով՝ Ռուսաստանից մինչև Հնդկաստան ու բազմաթիվ այլ երկրներում (Բիրմա, Սիամ, Նեպալ, Տիբեթ, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մալայան կղզիներ…), շեշտակի աճեց Հայ վաճառականների դերն ու կշիռը: Եվ, որպես հետևանք, առևտրի տարանցիկ ուղիների կարևոր հանգրվաններում Հայկական գաղթօջախներ հիմնվեցին՝ սփռված ամենուր, ազգային կյանքի պահպանմանն ու բարգավաճմանը նպաստող գործունեությամբ…

Խոջա Ավետիք Վելիջանյանի մանեկենը Նոր Ջուղայի թանգարանից (ստեղծվել է 1970-ականներին, պահպանվում է Հայաստանի Պատմության թանգարանում, նվիրատու՝ Ավո Հովհաննիսյան)

Գերմանացի իմաստասեր Իմանուել Կանտը՝ իր՝ «Մարդաբանության գործ­նա­կան տե­սան­կյու­նից» աշխատության մեջ (1798 թ.), մի շարք ժո­ղո­վուրդ­նե­րի ազգային նկարագիրը տալով, Հայերին բնութագրում է այսպես.
«…Հայերի մոտ տիրապետում է մի յուրահատուկ վաճառականական ոգի: Նրանք զբաղվում են ապրանքափոխանակությամբ՝ հետիոտն ճանապարհորդելով Չինաստանի սահմաններից մինչև Գվինեական ափի Կորսո հրվանդանը: Դա վկայում է այդ խելամիտ ու աշխատասեր ժողովրդի առանձնահատուկ ծագման մասին, որը հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք կտրում-անցնում է գրեթե ողջ Հին աշխարհը և սիրալիր ընդունելության արժանանում այն բոլոր ժողովուրդների կողմից, որոնց այցելում է»:

«Մեծահռչակ Հնդկաց երկրի» «հույժ պատվելի, թագավորների համար ցանկալի» Հայ վաճառականներից մեկի՝ Խոջա Հովսեփի տապանաքարին 1704 թվականին գրված՝ իր հիշատակը հավերժացնող տողերն ամփոփում են անդուլ աշխատանքով, առանց հանգստի «գանձի վրա գանձ բարդելով» ու իր դիզած հարստությունից չօգտվելով այս աշխարհից հեռացած վաճառականի ճակատագիրը:

«Տապան խոջայ Յուսէփի
Որդի աւագ շինէնց Մարգարի,
Վաճառական յոյժ գովելի,
Մեծահռչակ Հնդկաց երկրի,
Պատուով պայծառ յամէն տեղի,
Ի մեջ ծովու և ցամաքի,
Նաւավար էր ուրոյն նաւի,
Համագործ էր նաւապետի,
Թագաւորաց էր ցանկալի
Մեծամեծաց յոյժ պատուելի,
Անձանձիր և աշխատալի,
Երախտաւոր բազում մարդի.
Սա աշխատեաց յիսուն գանձի,
Բարդեաց գանձս ի վերայ գանձի,
Զամենն եթող ի յաշխարհի,
Ինքն հանգեաւ ի յայս տեղի,
Սա ոչ հանգեաւ և ոչ օր մի
Եւ ոչ խնդաց իւրոյ գանձի,
Գնաց առ յոյսն քրիստոնէի,
Առ հանգիստն մեր Քրիստոսի»:

Դարեր անց՝ Նոր Ջուղայում՝ 1904 թվականի մայիսին «Նոր Ջուղայի լրաբեր» ամսաթերթն ահազանգում էր դարերի հալածանքներից «ընդարմացած»՝ զգայունությունն ու զգոնությունը կորցրած Հայ ազգի անընդունելի հոգեվիճակը, դժգոհելով, որ՝ «շատերը դեռ կրկին ծալած ձեռքերով, ստրկացած ոգւով, անպատուած ազգային կեանքով՝ մանանայ են խնդրում երկնքից»:

Այսօր էլ արդիական հնչող՝ «Չսփոփուե՛նք անցեալով» վերնագրված այդ հոդվածը՝ ստորև…

«Նոր էին գաղթել Ջուղայեցիները Հայաստանից. ողբում էին իրենց կորցրած Հայրենիքը:
Քշուել էին հեռու, բայց ապրում էին թշուառացած Հայրենիքում, որտեղ չկար մխիթարական մի երևոյթ, չկար լուսոյ և ազատութեան մի նշոյլ, միայն արցունք և արիւն էր հոսում: Հայ ժողովուրդը՝ ստրկացած իր Հայրենիքում, կրում էր օտարի լուծը՝ «Աստուածային պատիժ» համարելով…
Բայց կրկին քաղցր էր Ջուղայեցու համար իր դժբախտացած Հայրենիքը, որտեղ ամենայն քայլափոխում պատմական նուիրական յիշատակներ, սրտին մօտ սրբութիւններ, ողբացող աւերակներ էին ցրուած, որոնք, կարծես, Հայ ժողովրդի սրտի հետ խոսում էին, լալիս և երբեմն՝ ոյժ տալիս…
Այո՛, անգիտակցական, բայց մի բնական սէր էր:

Հալածանքի ալիքները ձգեցին Ջուցայեցուն Հնդկաստան և աւելի հեռու. Հայրենիքի սէրը չմարեց:
Հայաստանի անկախութեան գաղափարն այնտեղ աւելի՛ զբաղեցրեց Ջուղայեցուն և արդէն՝ գիտակցաբա՛ր…

Միայն, դժբախտաբար, կարճ էր տևողութիւնը. հազվագիւտ դաշն կապուեց — հարստութիւնը միացաւ Հայաստանի ազատութեան զորեղ տենչի հետ:
Բայց Հայրենիքում ժողովուրդն անպատրաստ, թաղուած տգիտութեան մէջ, ձեռքերը ծալած՝ կարծես երկնքից մանանայ էր խնդրում:

Անցան տարիներ, սերունդներ միմեանց յաջորդեցին…
Ջուղայեցիներից, Հնդկահայերից շատերը վարակուեցին օտարասիրութեամբ, մոռացան իրենց պատուաւոր ազգային դերը, թաղուեցին անտարբերութեան մէջ, դարձրին Հայրենիքից իրենց երեսները:
Իսկ Մայր Հայրենիքը, Հայ ազգի ստուար մասը՝ կրկին չարչարւում կեանքի, գոյքի և պատուի կատարեալ անապահովութեան մէջ, քաշ տալով իր ոչ պատուաբեր գոյութիւնը, օգնութիւն խնդրում, պահանջում իւր տարագրեալ որդիներից…

Նորից հոսում են արցունքի և արեան գետեր, ոռոգւում է Մայր Հայրենիքը հազարաւոր անմեղ զոհերի արդար արիւնով, ոռոգւում է և ազատագրական գաղափարը:
Վրէժխնդրութեան և ողբի աղաղակները միախառնուած են:

Եւ ահա՛, անթափանց խաւարը փարատւում է, արշալոյսի ամօթխած շողերը լուսոյ ժպիտով ողջունում են Հայրենիքի խիզախ լեռները…
Բայց, դժբախտաբար, շատերս դեռ կրկին ծալած ձեռքերով, ստրկացած ոգւով, անպատուած ազգային կեանքով՝ մանանայ ենք խնդրում երկնքից:

Մինչեւ ե՞րբ պիտի սպանենք վեհ գաղափարը մեր անտարբերութեամբ…
Սթափուե՛նք, դիմաւորե՛նք, մո՛տ է գարունը»…

Նույն թվականի փետրվարին հիշյալ ամսաթերթը՝ մեր Նախնիների Ոգով՝ հիշեցնում էր ու հորդորում Պարսկաստանում վերաբնակեցված Հայորդիների սերունդներին՝ «Մենք պետք է առաջ գնանք որպէս Լույսի՛ զաւակներ»…

«…Լո՛յսն է, որին ամեն ազգեր ու լեզուներ դիմել են, երբ որ ցանկացել են ունենալ մի որևէ փառաւոր և գերազանց բանի խորհրդանշան: Եւ, արդարեւ, եթէ որոնելու լինենք ամբողջ անկենդան բնութեան մէջ մաքուր և անբիծ խորհրդանշան՝ ի՞նչ կարող ենք գտնել մի այսպիսի խորհրդանշան՝ բացի Լոյսից, որը Տիեզերքի անհունութեան միջով սլանալիս աւելի արագ է, քան՝ մարդուս միտքը, և անընդունակ վնասի ու արատաւորութեան, ուր որ թափանցում է՝ սփռում է գեղեցկութիւն և ուրախութիւն: Որպեսզի մի որևէ կերպով կարողանանք ժամանակին այս պայծառ երանութեան լիութիւնը վայելել, պէտք է կրթե՛նք և յարմարեցնե՛նք մեզ դրա համար:

Մենք պետք է առաջ գնանք որպէս Լույսի՛ զաւակներ:

Մեր մտքերն ու զգացմունքները պէտք է կապակցուէն Լոյսի՛ հետ և նորա յատկութիւններն ունենան իրենց մէջ, և մեր գործերը պիտի համապատասխանեն նրան, նրա բոլոր զօրութիւններին և էութիւններին»…

…«Լոյսի որդիք ժրաջան, կարգապահ և անխոնջ են իրենց պարտականութեան կատարման մէջ:
Այս դէպքում ևս նոքա դաս են առնում Արեգակից, որն ընթանում է այն շաւղով, որ Աստուած նշանակել է նրա համար և թափում է ցերեկւայ Լույսն իւր ներքեւ գտնուող ամեն բանի վրայ՝ իւր մշտնջենաւոր անսպառ աղբիւրներից և առիթ է տալիս եղանակների փոփոխութեան, որով ամառն ու ձմեռը կատարում են իրենց տարևոր — շրջանները:
Դանդաղկոտ չէ՛ եղել իւր գործի մէջ և բնաւ չէ՛ մեղմանում, թուլանում կամ կանգ առնում և ոչ էլ կառնի՝ մինչեւ որ նրան ստեղծող ձեռքը չկասեցնի նրա ընթացքը:
Լոյսի զաւակները նմանապէս մաքուր են, որովհետև Լոյսն ամենամաքու՛րն է տեսանելի բաներից. այնքա՜ն մաքուր, որ ո՛չ մի բան չէ կարող արատաւորել նրան և որևիցէ աղտոտուած բան, որ Լոյսին է ենթարկւում, Լոյսը մաքրու՛մ է…

Հայկական հարսանիք (Պարսկաստանում)

…Զուարթութիւնն ևս մի յատկանիշն է նրանց, որոնք իսկապէ՛ս Լոյսի զաւակներ են:
Մի՞թէ Լոյսը միանգամայն ամէնազուարթ բանը չէ ամբողջ կենդանի և անկենդան բնութեան մէջ, մի՞թէ թախծագին հոգսեր փարատողը և անհանգիստ տառապանքների հանգստացնողը նա չէ «որպէս փեսայ, չէ՞որ Արեգակը դուրս է գալիս իւր առագաստից և ցնծում որպէս մի հսկայ իւր ճանապարհն ընթանալիս»:

Չէ՞որ ամբողջ Բնութիւնը պայծառանում է՝ հէնց որ նայում է նրա վրայ և ողջունում է նրան ժպիտով:
Չէ՞որ բոլոր թռչունները դիմաւորում են նրան իրենց ամենաուրախ ճռուողիւններով:
Չէ՞որ նոյնիսկ տխուր և արցունքոտ ամպերը շքեղազարդում են իրենց՝ ծիածանի հրավառ գոյների մէջ՝ երբ Արևը զիջում է փայլել նրանց վերայ:
Եվ մի՞թէ Մարդս այս բոլորը տեսնելիս չպէտք է ուրախանայ յափշտակութեամբ Արդարութեան Արեգակի ներքոյ:
Մի՞թէ նա չպէտք է ողջունի նրա ծագումը փառաբանական երգերով և գովաբանական սաղմոսներով, մի՞թէ նա չպէտք է զուարթանայ իւր ամենախորին տրտմութեան մէջ, երբ այդ Արեգակի ճառագայթներն ընկնում են իւր վրայ»…
(Մեջբերումը՝ «Նոր Ջուղայի լրաբեր», փետրվար, 1904 թ.)

«Նոր Ջուղայի Հայերի երաժշտական գանձարան»՝ թանգարան Նոր Ջուղայում՝ բացված 2021 թվականի մարտի 22-ին
Տեսարաններ Նոր Ջուղայի՝ Հայ երաժշտության թանգարանից
Facebook Comments