«ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐԱՑՆԵ՛Լ ԳԻՏԻ»…
Հազարամյակների խորքից սերնդեսերունդ փոխանցվող հոգևոր ու նյութական մշակույթի արժեհամակարգն է ձևավորում, կերտում Ազգային աշխարհայացքը:
Նախնիների աշխարհընկալմամբ, նրանց պատմությամբ՝ հայրենաճանաչությամբ է թրծվում, հարատևում Ազգային Ոգին, հոգևոր պատմական հիշողությունը…
Դարեդար սնուցում ու ոգեշնչում է Ցեղի Ոգին, ու այդ ակունքն է անսպառ վերակերտում, լուսավորում ու զորացնում Հայի հոգին, միտքն ու մարմինը:
«…Իբրեւ հասկացողութիւն՝ Հայրենիքն ընդգրկում է ո՛չ միայն անցեալն ու ներկան, այլեւ՝ գալիքը»,- գրում է Նժդեհը:
«Դա ժողովրդի պատմական առաքելութիւնն է՝ ըստ իր վախճանական նպատակի՝ զարգացող մի յաւերժութիւն է Հայրենիքը:
Դա եկող ու անցնող սերունդների անմահութիւնն է, որն, իբրեւ գաղափար եւ գործ, ժողովուրդը դրոշմում է նիւթի վրայ, խօսքի մէջ, եւ այն ապրեցնում իբրեւ անմեռ յուշ, իբրեւ պատմութիւն»:
…«Մարդկային գործերի մէջ Հայրենիքի պաշտպանութիւնն է ամենասրբազանը:
Հայրենիքի չափ նուիրական է եւ պատերազմը հայրենական:
Հաւաքական աւազակութիւն եւ սպանութիւն է այլ կարգի ամէն պատերազմ:
Եւ ճշմարիտ հերոսները նրա՛նք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած Հայրենիքը պաշտպանելո՛ւ ժամանակ»:
…«Մի ժողովուրդ, որ եղել է եւ կարող է լինել ուժեղ, բայց իր մտաւորականութեան մի մասի հոգեւոր ծուլութեան բերումով շարունակում է մնալ տկար:
Եւ աշխարհը ասում է նրան — արիացի՛ր կամ՝ մեռի՛ր:
Ոչ մի չար աստւածութիւն յաւիտենական թուլութեան չի դատապարտել քեզ, Հա՛յ պարտւողական:
Դու տկար ես, որովհետեւ քեզ պակասում է գիտակցութիւնը ուժեղ լինելու կարելիութեան»:
…«Ո՛յժը չի պակասում քեզ, այլ՝ ուժեղ լինելու կա՛մքը:
Պակասում է Հայրենապաշտութիւնը, որ հզօրացնե՛լ գիտի:
Քեզ պակասում է բարձր նպատա՛կը եւ ոչ զայն իրագործելու միջոցները:
Գարշի՛ր, գարշի՛ր թուլութիւնից — եւ պիտ ուզենաս լինել, եւ պիտ լինե՛ս ուժեղ»:
…«Ի՞նչ, երիտասա՛րդ Հայութիւն, պիտ դառնա՞ս մեր դիւցազնախառն սերունդը, պիտ կարողանա՞ս կատարել ժամանակի պահանջը ու փրկել՝ ապագան վտանգւած մեր ժողովուրդը:
Ցանկութեան դեպքում՝ ԱՅՈ՛» (մեջբերումները՝ Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006 թ.):
Ազգային արմատների՛ն, ազգային արժեհամակարգի՛ն վերադարձի անհրաժեշտությունն է բարձրաձայնվում հատկապես մեր օրերում:
Քուրմ Հարութ Առաքելյանի մեկնաբանությամբ ու Քուրմ Միհր Հայկազունու հիշեցմամբ՝ Ազգային ինքնագիտակցության կարևորության շուրջ՝ ահավասիկ…
«Ինչո՞ւ պիտի կրկին վերափոխվենք և դառնանք Հայկազուն, որ արժանանանք Հայ կոչվելու պատվին…
Թիթեռը փոփոխության և զարթոնքի խորհրդանիշն է, մի արարած, որն ի սկզբանէ որդ է և կարող է սողալ, բայց մի զարմանալի կերպարանափոխությամբ՝ անցնելով կոկոնի փուլը՝ այն փուլը, որտեղ ո՛չ որդ է և ո՛չ էլ՝ թիթեռ, սահմանափակ տարածության մեջ սողացողից վերափոխվում է մի էակի, որը թռչում է անսահմանության մեջ:
Իրականում, թիթեռը փոխակերպման խորհրդանիշն է, ա՛յն ինչից նա կարծում է, որ ինքն է (որդը) դեպի ա՛յն, ինչ իրականում կա (թիթեռը):
Հայկազունին կարելի է համեմատել նաև թիթեռի հետ. նա, ով ի սկզբանէ անտեղյակ էր իր իսկական էությանն ու արմատին, իրեն համոզել էին ճճվի նման սողալ միաչափ ու սահմանափակ տարածության մեջ: Բայց իր գոյության ու արմատների ճշմարտության հետ ծանոթանալով, երբ նա թողնում է իրեն պարտադրված սին համոզմունքներն ու հավատամքը, նա գնում է իր ներաշխարհ, ապրում է մի տեսակ կոկոնի փուլ, և երբ հիշում է, թե ո՛վ է ինքը, երբ գտնում է, թե ինքը Հայկ Նահապետի զարմն է, որի Նախնիներին ու իրեն պարտադրել են այլ հավատամք և համոզմունք, որը իր ազգային արմատների ու արժեքների հակասումն է, ազատվում է իր հին կոկոնից և թռչում է իր հոգու հնարավորությունների անսահման հորիզոններում:
Բազմաթիվ փորձեր ունեմ, երբ իրեն Հայ համարող, բայց այլոց հավատամքներին գերի անհատին ծանոթացնում ես Հայկական հավատամքը, բացատրում ես, թե ովքե՛ր են մեր Հայկական Դիցերը և ի՛նչ դեր ու նշանակություն ունեն Հայ անհատի կյանքում, պատմում ես Հայկ Նահապետի մասին ու ասում, թե ինչպե՛ս այլոք իր Նախնիներին ու այսօր էլ՝ իրեն կտրել են իր ազգի Նահապետից ու նրա հավատամքից ու պարտադրել են այլ ազգի հավատամքը՝ որպես իր սրբություն, ցույց տալով թե երբ Հային պարտադրեցին այլ ազգի հավատամքը, ինչպես իր Ազգը սկսեց գնալ դեպի անդունդը և թե ինչո՛ւ է կարևոր, որ յուրաքանչյուր ազգ պիտի ապրի ի՛ր Նախնիների հավատամքով, որովհետև դրանք ծնվել են ի՛ր ազգի աշխարհայացքից ու համարվում են տվյալ ազգի «շարժիչի վառելանյութը», սկսում է գիտակցել, որ դարեր շարունակ իր ազգը շարունակում է գահավիժել, որովհետև ա՛յլ «վառելանյութ» են պարտադրել իր ազգի «շարժիչին», որն ի զորու չէ՛ Ազգին վերելքներ պարգևել:
Այս գիտակցությանը հասած Հայը ցավալի կոկոնի փուլ է սկսում ապրել ու ընթացքում սողացող որդից վերածվում է թռչող թիթեռի:
Այդտեղ ծնվում է Հայկազունը, որն արդեն սողացող չէ՛ տեսակ — տեսակ կրոնների ու հավատալիքների դաշտում, այլ՝ թռչում է ինքնավստահ ու հպարտ իր Ազգային հավատամքի երկնքում:
Հետևաբար, Հայկազունին կարելի է Հայ անվանել, որովհետև նա՛ է, որ հավատարիմ է մնում Հայ ազգի արմատ հանդիսացող Հայկ Նահապետին, ապրում է Հայքին արժանի լինելու տեսլականով, ոչ թե այլոց պարտադրած «վերին երուսաղեմին» հասնելու համար:
Թող բոլոր ազգերը ապրեն իրենց Ազգային հավատամքով և Հայն էլ ապրի իր Հայկազուն Նախնիների Սրբազան հավատամքով և այդպես կրկին վերանվանվի ՀԱՅ»:
Ի լրումն Քուրմ Հարութ Առաքելյանի հիշյալ մեկնաբանության, կրկին վերհիշենք Ազգանվեր Հայորդու՝ Նժդեհի խոսքերը, երբ ժողովրդին համեմատում է դիցաբանական Անթեի հետ, որն իր ուժն ամեն անգամ կրկին զորացնում էր իր Հայրենի Հողին հպվելիս ու պարտվեց միայն այն ժամանակ, երբ կտրվեց Հողից…
«Ընդունենք եւ այն, որ պատմութեան նշանակութիւնը ոչ միայն ճանաչողական է, այլեւ՝ դաստիարակչական, վերանորոգչական»:
…«Ժողովուրդ — դա Անտէյն է առասպելական: Պարտւում է նա՝ հէնց որ կտրուեց Հողից: Իսկ այդ վերջինը՝ Հայրենի Հողը, խորհրդանշում է կուլտուր-ազգային այն բոլո՛ր արժէքներն ու սրբութիւնները, որ ստեղծել է ինքը՝ ժողովուրդը» (մեջբերումը՝ Նժդեհ, Հատընտիր, էջ 345)…
«Հայրենիք ստեղծել՝ նշանակում է բեկոր առ բեկոր յայտնաբերել, իմաստաւորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպէ՛ս հարազատել իր երկիրը, որ նրանում ոչի՛նչ չմնայ անյայտ, անխօս, մեռեալ: Նշանակում է վայր առ վայր նուաճե՛լ երկիրը՝ շունչ եւ իմաստ տալով նրանց:
Ի մի բան՝ Հայրենիք ստեղծել՝ նշանակում է հարազատե՛լ իր երկիրը եւ հարազատանա՛լ նրան: Այսպիսով ահա՛, նոյնանում են ժողովրդի Ոգին ու Հայրենիքը:
Սրանց դարաւոր փոխներգործութեան արգասիք է Հայրենիքը» (Նժդեհ, Հատընտիր, էջ 347, Երևան, 2006 թ.):
…«Ամէն անգամ, երբ Մասիսներին եմ նայում, ներքին հայեացքիս առջեւ բարձրանում են վեհափառ ճակատները մեր Նախահայրերի:
Եւ, կրկնում եմ հանգոյն գոթական ռազմիկի. «Ես կ՚ուզէի նրա՛նց հետ լինել» — իմ փառապսա՛կ Նախահայրերի հետ» (Նժդեհ, նշվ. աշխ., էջ 349)…