«ՎԱՀԱԳՆԸ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ԱՆԱՀԻՏԸ՝ ԱՐՀԵՍՏ, ԻՍԿ ԱՍՏՂԻԿԸ՝ ՍԵՐ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ»…
Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի, ինչպես և Հայկական Լեռնաշխարհի մյուս շրջանների այգեգործ, երկրագործ, շերամապահ, արհեստագործ ու անասնապահ Հայերն անհիշելի ժամանակներից եկող ավանդույթները, երգ ու երաժշտությունն են պահպանել դարեդար…
Սերնդեսերունդ փոխանցված ավանդույթների համաձայն՝ փանդիռների նվագակցությամբ երգված, թատերականացված հանդիսությունների, Հայոց հնագույն վիպերգերի ու առասպելների, նշանավոր «մարդկանց ու դիպվածոց» փառաբանման կարճ գովք- երգերի որոշ փշրանքներ մեզ է հասցրել Մ. Խորենացին:
Գողթն գավառի (Նախիջևանի տարածքում) գուսան-վիպասանների հիշատակման առիթով «Վահագնի ծնունդ»-ից մեջբերելով, նա գրում է.
«Մենք մեր ականջով լսեցինք՝ ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»… «Այս բանը ճշմարտապես պատմում են և Թվելյաց երգերը, որ, ինչպես լսում եմ, ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի մարդիկ»…
Հեռավոր ժամանակներից որոշ պատկերների նկարագրությունը կա Րաֆֆու երկերում: Ահավասիկ մի հատված՝ «Սամվել» վեպից՝ Նոր բերքի տարեմուտի տոնական տեսարաններով…
…«Այդ անտառների մթության մեջ, այդ սքանչելի բարձրավանդակների վրա, կանգնած էին Հայոց Հաշտից տաճարները: Այնտեղ Հայաստանը հաշտության զոհեր էր մատուցանում յուր աստվածներին: Կարծես, Սամվելը հենց այդ րոպեում տեսնում էր «Վիշապաքաղ» Վահագնի
տաճարը — քաջության աստծո տաճարը, որ լցված էր Հայոց թագավորների գանձերով: Նրա մոտ բարձրանում էր «Վահագնի սենյակը», որի մեջ կանգնած էր Հայոց անպարտելի դյուցազնի գեղեցկուհին՝ «Ոսկեձույլ» Աստղիկը: Տեսնում էր և «Ոսկեմայր-Ոսկեծին» Անահտի տաճարը, որի մայրական խնամակալության ներքո Հայաստանը մի ժամանակ վայելում էր փառք և կենդանություն:
Այդ երեք մեծագանձ տաճարների խումբը ներկայացնում էր Հայոց «Հաշտից տեղերը»:
Այնտեղ, Հայոց տարեմուտին, Նավասարդ ամսի սկզբում, կատարվում էր ընդհանրական աշխարհախումբ տոնակատարությունը: Հայտնվում էր Հայոց արքան, հայտնվում էր Հայոց մեծ քրմապետը, հայտնվում էին և Հայոց նախարարները:
Արքան յուր ձեռքով բաց էր անում զոհաբերության մեծ հանդեսը, հարյուր սպիտակ ցուլ՝ ոսկեզօծ եղջյուրներով, զոհ մատուցանելով յուր աստվածներին: Նրա օրինակին հետևում էին բոլոր մեծամեծները: Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք:
Հայաստանը այդ տոնախմբության ժամանակ պետք է ցույց տար յուր աստվածներին յուր անցյալ տարվա հառաջադիմության պտուղները:
Վահագնը քաջություն էր պահանջում, Անահիտը՝ արհեստ, իսկ Աստղիկը՝ սեր և բանաստեղծություն:
Կատարվում էին հանճարի և քաջության մրցություններ: Բանաստեղծը յուր հորինած երգն էր երգում, երաժիշտը ածում էր յուր բամբիռի վրա, ըմբիշը յուր բազուկների ուժն էր ցույց տալիս, իսկ վարպետը՝ յուր գեղարվեստի արդյունքը: Լինում էին զինախաղեր, լինում էին մենամարտություններ, քաջը՝ քաջի հետ և մարդը՝ կատաղի ցուլի կամ գազանի հետ: Լինում էին արշավանքներ ձիաներով, կառքերով կամ ոտով՝ արագավազ եղջերուների հետ:
Հաղթողը ստանում էր այն վարդյա պսակներից մեկը, որոնցով զարդարված էր լինում Աստղկա վարդերով վառված տաճարը: Այդ պատճառով այդ տոնախմբությունը կոչվում էր Վարդավառի տոնախմբություն:
Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք:
Հին տարին անցնում էր:
Պետք էր քավել հին մեղքերը և նորոգված մաքրությամբ մտնել նոր կյանքի մեջ: Կատարվում էր ընդհանրական մկրտությունը (օծումը, Կ.Ա.):
Մեծ քրմապետը առնում էր Արածանիի ալիքներից սուրբ ջուրը և ոսկյա ցնցուղով սրսկում էր բազմության վրա:
Նրա օրինակին հետևում էին բոլոր ուխտավորները, ամենքը միմյանց վրա ջուր էին սրսկում: Այդ միջոցին օդը լցվում էր միլիոնավոր սպիտակ աղավնիների բազմությամբ:
Յուրաքանչյուր ուխտավոր մի-մի աղավնի էր թռցնում: Եվ սիրո աստվածուհու (Աստղկա) նվիրական թռչունները, մաքուր, անբիծ, որպես սիրո անարատ ոգիներ, սավառնում էին, սլանում էին, ճախր էին առնում նրա սպիտակ մարմարիոնյա տաճարի շուրջը:
Զո՛հ, ջո՛ւր և աղավնի՛. որքա՜ն մեծ խորհուրդ կա ձեր մեջ:
— Հաշտության, քավության և սիրո սուրբ խորհուրդը:
Ամեն տարեմուտի սկզբում, Նավասարդ ամսում, Վարդավառի տոնախմբության ժամանակ, Հայաստանը այդ հաշտությունը կատարում էր յուր «Հաշտից տեղերում», Քարքեի բարձրությունների վրա, յուր աշխարհախումբ զոհաբերության արյունով:
Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր այդ քավությունը, մկրտվելով Արածանիի սուրբ ջրով:
Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր և սիրո այդ սուրբ խորհուրդը, Աստղկա տաճարին աղավնիներ ձոնելով:
Բայց այդ ավանդությունը շատ հին էր, և ավելի հին, քան թե ժամանակների սկիզբը»…
…«Կառքի մերձենալը ահեղ սոսկումով ազդեց լեռների վրա և դիցանվեր անտառի խաղաղությունը վրդովվեցավ: Հայոց տոհմային աստվածները զազրացան և կատաղած քուրմերը խումբերով դուրս վազեցին տաճարներից: Մի քանի ժամվա մեջ Արձան քրմապետի, նրա որդի Դեմետրեի և Մեսակես քրմապետի դրոշի տակ հավաքվեցան 6946 հոգի, որոնք բոլորը քուրմեր և մեհյանների պաշտոնյաներ էին: Սկսվեցավ արյունահեղ կռիվը — քրիստոնեության և հեթանոսության կռիվը:
Սրբազան անտառի խորքերից, որպես մի հսկայական մրջնանոցի միջից, դուրս խուժեց թաքնված
զորությունը և բռնեց լեռների բոլոր անցքերը ու բոլոր բարձր դիրքերը: Արձան քրմապետը զինված էր, զինված էր և նրա որդին: Հայր և որդի դա՜ռն և նախատական խոսքերով մենամարտության էին հրավիրում Հայոց իշխաններին, որ կռվում էին հայրենի աստվածների դեմ: Շուտով քուրմերն այնպիսի նեղ դրության մեջ դրեցին Հայոց իշխաններին, որ Մոգաց իշխանը ստիպված եղավ Լուսավորչին փախցնել Մամիկոնյանների Ողական ամրոցը, որ թշնամու ձեռքը չընկնի: Փախչելու միջոցին Լուսավորիչը յուր Կեսարիայից բերած սրբությունները թաքցրեց անտառի մեջ, մի անհայտ տեղում:
Կռիվը տևեց մի քանի օր և մի քանի շաբաթ, մինչև Հայոց իշխանները նոր զորություն ստացան:
Հաղթությունը մնաց քրիստոնեության կողմը: Արձան քրմապետը, նրա որդի Դեմետրեն և Մեսակես քրմապետը ընկան պատերազմի դաշտում, սուրը ձեռքում, հերոսի՛ պես: Ընկան քուրմերից և 1038 քաջեր:
Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան… Հայոց արհեստի և ճարտարության գեղեցիկ գործը ոչնչացավ…
Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը Հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ:
Ոսկին, արծաթը, մարմարիոնը հեշտ էր կործանել, բայց այն զգացմու՛նքը, որ միացած էր ժողովրդի սրտի և հոգու հետ, այն հավա՛տը, որ նա ուներ դեպի յուր հայրենական աստվածները — դրանք դեռ մնում էին և մնացին շա՜տ դարեր այդ կործանումից հետո:
Սուրը և հուրը չկարողացան ոչնչացնել նրանց: Կրոնը փոխվեցավ, բայց ժողովրդի վաղեմի սովորությունները մնացին:
Դրանք այն տաճարներն էին, որտեղ Նավասարդի սկզբում կատարվում էր Վարդավառի աշխարհախումբ տոնախմբությունը: Այդ տոնախմբությունը հեթանոսական դարերում կատարվում էր տարվա մեջ յոթն անգամ, և ամեն անգամին թե՛ թագավորը, և թե՛ մեծ քրմապետը ներկա էին գտնվում:
Լուսավորիչը նույն տաճարների տեղում հիմնեց առաջին սրբության սեղանը և Հայաստանի առաջին Մայր եկեղեցին, որ, պահպանելով յուր հին անունը, կոչվում էր Աշտիշատի վանք:
Վարդավառի տոնախմբությունը փոխեց Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնախմբությունով: Բայց «Վարդավառի» նախնական սովորությունները մնացին:
Դարձյալ տարին յոթն անգամ հայտնվում էր այնտեղ Հայոց քրիստոնյա թագավորը յուր նախարարների և Հայոց մեծ քահանայապետի հետ և բաց էին անում Աշտիշատի վանքի աշխարհախումբ տոնախմբության հանդեսը: Դարձյալ զոհեր էին մատուցանում, աղավնիներ էին թռցնում և ջուր էին սրսկում միմյանց վրա: Դարձյալ կատարվում էին նույն խաղերը, նույն մրցությունները և նույն պարգևաբաշխությունները, որ լինում էին հեթանոսական դարերում: Դարձյալ նույն վարդերը, որ մի ժամանակ զարդարում էին Աստղկա տաճարը, հետո նույնպես զարդարում էին Աշտիշատի վանքի սուրբ սեղանը: Եվ այդ տոնը դարձյալ կատարվում էր Նավասարդ ամսի սկզբում և կոչվում էր Վարդավառի տոնախմբություն»…
«Նոր եմ հասկանում, ի՛մ միամորիկ,
Թե Բնությունը ինչո՞ւ աշխարհում
Քեզ է պարգևել Վահագնի՛ն Հուրհեր,
Որ ճառագայթեց Արևորդիներ»…
(Մետաքսե «Զրույց աշխարհի հետ»)
Հավելենք միայն, որ Հայոց Դիցերին Հայկազուն Արևորդիների նվիրաբերությունները հատիկների, ոստերի տեսքով էին (ջրով օծվում էին, ոչ թե մկրտվում):
Կենդանիներն, այսօրվա խոսքերով, տոնախմբությունների ընթացքում ժողովրդին «պետական միջոցներով հյուրասիրվող խորովածի» համար էին…😊