«ՑԵ՛ՂՆ Է ՄԵՐ ԱՊԱՎԵՆՆ ՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԶԻՆԱՐԱՆԸ»…
Յուրաքանչյուր ազգի արժեհամակարգը, հոգեկերտվածքը ձևավորվում է դարեդար՝ սերնդեսերունդ փոխանցվող պատմությամբ ու մշակույթով:
Նախնիների, անցյալ սերունդների ապրումները, մտածողությունը, իմաստասիրական հայացքները, գրականությունն ու բանահյուսությունը կռում են ազգային աշխարհընկալումն ու հոգեբանությունը, ազգակիցների փոխհարաբերությունները…
Ազգային ինքնագիտակցության պահպանման կարևոր միջոցներից են ազգային խորհրդանիշները, տոներն ու ծիսակատարությունները…
Հայկյան Սրբազան տոմարում, ինչպես ներկայացնում է Քուրմ Հարութ Առաքելյանը, Քաղոց ամսվա Վահագն օրը (նոյեմբերի 12-ին) Վահագնի տոնն է (Վիշապաքաղի օրը)՝ Վահագն Դիցի հովանավորությամբ, նույն ամսվա Վարագ օրը (նոյեմբերի 14-ին) Անմեռաց տոնն է՝ Տոհմի և Օջախի տոնը՝ Նանե Դիցուհու հովանավորությամբ, Արաց ամսվա Արամ օրը (նոյեմբերի 18-ին) Արքաների օրն է՝ Արամազդ, Միհր Դիցերի հովանավորությամբ, որոնք հաջորդում են Նահապետաց՝ Իմաստուն Նախնյաց տոնին՝ Տրէ ամսվա Մազդեզ օրը (սեպտեմբերի 22-ին) և Մոգաց հիշատակման տոնին՝ Տրէ ամսվա Մարգար օրը (սեպտեմբերի 20-ին), երկուսն էլ՝ Տիր Դիցի հովանավորությամբ:
Սերունդների միջև հոգևոր կապի կարևորությանն է անդրադարձել Գարեգին Նժդեհը, շեշտելով, որ «Անցյալի հյութերով՝ անցյալի հիշատակներո՛վ» է սնվում Ազգի Ոգին:
Մեծ Հայորդու, հրաշալի Զորավարի մտքերից որոշ քաղվածքներ ներկայացնում ենք ստորև (մեջբերումները՝ «Նժդեհ, Երկեր, հ. 1», Երևան, 2002):
«Ցեղակրոնի համար չկա՛ ավելի մեծ վատություն, քան հոգևոր խզումը սերունդների միջև: Նորահաս սերունդը կտրվե՞ց անցնող կամ անցած-գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող ցեղի արժեքներից ու սրբություններից, կրոնից ու բարոյականից: Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող և անուղի:
Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջև, որի շնորհիվ վերջինները փոխացում են ցեղի հավիտենական բոցը՝ ինչպես մոմը բոց է առնում մոմից: Անդարմանելի չարիք է հոգեխզումը ժողովուրդների կյանքում՝ հին ու նոր սերունդների միջև, որովհետև մե՛կ է, միևնո՛ւյն է, օգանապես իրար կապված աղանդության, բարոյականի և արժեքների խախտման հոգեբանական հիմքը» (էջ 224):
«Հազար խորհուրդ ունի Հայ հոգին, որ իր խանդավառ մարգարեին է սպասում, որը պիտի հայտնվի մի օր, և այն բացահայտ է մեզ:
Հայությունը ցեղաճանաչությա՛մբ միայն կարելիություն պիտի ստանա իր էության չգիտակցված ուժերը լծելու իր ցեղին վիճակված անհավասար գոյամարտի գործին:
Այո՛, դեռ ցեղաճանա՛չ չենք, դեռ կանչու՛մ ենք մեզ, ձա՛յն ենք տալիս, փնտրու՛մ, բայց դեռ չե՛նք գտել մեզ, դեռ չե՛նք ճանաչել մեզ՝ որպես ցեղ:
Փնտրում ենք Հավիտենական Հայը, փնտրում ենք նրան իր հեթանոս դարերում, իր քրիստոնեության մեջ, իր պատմության լույսի տակ, իր գրականության մեջ, իր իմաստասիրության և ծարավ ճակատամարտերի, իր ինքնիշխանության և ստրկության, իր կոտորածների, արտագաղթերի ու հայրենաշինության մեջ… փնտրում ենք նրան իր բնաշխարհում ու օտար հորիզոնների տակ, փնտրու՛մ ենք, բայց դեռ չե՛նք գտել:
Գիտե՛նք, սակայն, որ միայն ինքնաճանաչությա՛մբ կարելի է տիրապետել այն տարերքին, որ հավիտենական է Հայ էության մեջ՝ մեր ցեղայնությա՛ն:
Ցեղորեն անինքնաճանաչ՝ դեռ կույր Հայ հոգու խորքերում և այդ իսկ պատճառով՝ անզոր մերօրյա ճակատագրական խնդիրների առջև, որպես ժողովուրդ մենք շարունակում ենք մնալ նվաստ ու նահատակ, երբ աշխարհը պահանջում է լինել ինքնահա՛րգ և հարգանք պարտադրելու չափ՝ զորավո՛ր» (էջ 226):
«Ցե՛ղն է ժողովրդի հոգևոր զինարանը»…
«Ցե՛ղն է, որ ժողովրդի սուրը սրել կտա իր նահատակների գերեզմանաքարերի վրա՝ այն ավելի՛ ևս հատող, զարհուրելի ու հաղթական դարձնելու համար»:
«Ցե՛ղն է մեր ապավենը»:
«Որքան տիրական է ցեղի ազդեցությունը ժողովրդի կյանքում, այնքան հեշտ է ինքնապահպանվում վերջինս:
Ժողովուրդը անճգնություն է, ցեղը՝ մտրակող կամք:
Ժողովուրդը դպիրներ է ծնում, ցեղը՝ մարգարեներ:
Ժողովուրդը նահանջելու տրամադիր զինվորն է, ցեղը՝ մի՛շտ էլ Վահագն:
Ցեղն արիություն է և՝ արիապաշտություն. հասկանալի է, թե ինչո՛ւ հեթանոս Հայության իմաստությունը Վահագնին էր նվիրել բոլոր ամիսների 27-րդ օրը:
Խաղաղության ժամանակ գուցե և կարելի է ապրել առանց ցեղի, վտանգի ժամանակ՝ երբե՛ք:
Ցեղը՝ դա ճակատամարտերում ճերմակած հազարավերք զորավա՛րն է, որ մի՛շտ էլ կերիտասարդանա՛ վտանգների ժամանակ:
Ժողովրդի ուղեցու՛յցն է ցեղը. նա իր մեծ մեռելների գերեզմաններո՛վ է նշանադրում ժողովրդի փրկության ճամբան:
Ցեղը՝ դա աստվածանման Հա՛յկն է, որն իր եռացող զայրույթը եռաթևյան աղեղի մեջ դրած՝ թշնամու՛ն կուղղի» (էջ 350-351)…