«ԱՄԷՆ ՀԱՅՈՒ ԼԱՆՋՔԻՆ ՏԱԿ
ԻՐ ՄԷԿ ՀԻՆ ՊԱՊՆ ԱՐԹՆՑՈ՜ՒՐ»…
Հայ ազգի տաղանդավոր որդիներից մեկը՝ Դանիել Վարուժանն՝ անդրադառնալով «Ցեղական ոգիին», գրում էր.
«Ե՞րբ պիտի գաս,- ե՞րբ մեր գետնին ոյծքերէն,
Իբր յարութիւնն Հողին խմած շողերուն,
Պիտի պոռթկան շունչիդ բոցերն երկնապող…
…Ամէն Հայու լանջքին տակ
Իր մէկ հին պապն արթնցո՜ւր»…
Վեհության, Ուժի ու Քաջության շնորհիվ դյուցազնացած Նախահայրերի պաշտամունքն էր հնում: Հայ ազգի ավանդական Նախահայրը համարվող Դյուցազն՝ «Դիք»-ից (դիցերից) սերված Հայկը հավասարզոր էր և «Հսկա» բնորոշմանը:
«…Փիլոնի գրքի թարգմանիչը հսկաների վիթխարի մեծությունը բացատրում է «Հայկաչափ» ասելով։ Ագաթանգեղոսի թարգմանիչը Տրդատի՝ Մասիս լեռից մեծամեծ քարեր շալակել֊բերելու մասին ասում է՝ «Հայկաբար»։ Արծրունին (Թովմա պատմիչը) իր ցեղի գովելի իշխանին կոչում է «Հայկասիրտ» (Ղ. Ալիշան):
Մովսես Խորենացու վկայությամբ, Վաղարշակ թագավորը կարգելով Հայոց նախարարությունները՝ «այս բոլորից հետո Արմավիրում մեհյան շինելով՝ արձաններ է կանգնեցնում Արեգակին, Լուսնին և իր Նախնիներին» (Պատմություն Հայոց, 1968, էջ 140)։
Գարեգին Նժդեհը «Մեր Նախահայրերը» խորագրի ներքո գրում է.
«ժամանակին Աստուած էր Նախահա՛յրը — Աստուածը իր ցեղի, տոհմի, եւ իր պաշտամունքը՝ կրօ՛ն:
Թէեւ մի օր մարդը դադարեց Աստուած կոչել իր Նախահօրը, վերջինը, սակայն, շարունակեց պահել իր սրբազան հանգամանքը:
Զատեցէ՛ք Նախահայրերի աճիւնը Հայրենի Հողից եւ դուք կ՚ունենաք երկիր մշակելի, բնակելի, բայց ո՛չ՝ Հայրենիք:
Հայրենիքը ստեղծւում է Հո՛ղը, նիւթը յաղթահարելո՛վ, Երկիրն արժէքաւորելո՛վ, իմաստաւորելո՛վ, նրան խորհուրդ եւ սրբազնութիւն հաղորդելո՛վ միայն:
Իսկ սրբազանն աշխարհում նոյնպէ՛ս Նախահայրերից է:
Նրանցի՛ց է գերագոյն քաջութիւնը՝ հերոսութիւնը, որի դափնիները չե՛ն թառամում երբեք:
Զօրավիգ ունենալով նրանց Ոգին՝ յոգնութիւն չգիտեն ռազմիկը՝ կռւում, կուլտուրայի մշակը՝ խաղաղութեան մէջ:
Նրա՛նք են ստեղծիչը մեր պատմութեան, նրանցից՝ մեր գիրն ու գիրքը, նրա՛նք են մտաւոր Լոյսը մեր կեանքի, նրա՛նցն է գերագոյն իշխանութիւնը՝ յաւե՛րժ, առանց որին ե՛ւ թագ, ե՛ւ հանրապետութեան
նախագահ, ե՛ւ դիկտատոր — աշխարհիկ ամէ՛ն մի իշխանութիւն մնում է անվաւեր եւ անզօր:
Ճշմարտութեան պէս ծերութեան անհաղորդ՝ նրանք խորհրդանշում են ո՛չ միայն իրենց ժողովրդի անցեալը, այլեւ՝ ապագան, վերայայտնուելով աշխարհ եկող ամէ՛ն Հայ էակի մէջ:
Անմահ՝ նրանք հանդիսանում են աղբիւրը մեր Ազգային Ոգու անմահութեան:
Նրա՛նք են սկզբնաւորողը Հայկականութեան:
Արդ, թէ ինչո՛ւ պաշտամունքի պակասը դէպի Նախահայրերը, ասել է՝ սիրոյ եւ յարգանքի
պակաս դէպի Հայկականութիւնը» (Նժդեհ, Հատընտիր, էջ 348-349):
«Պատմությունը լավագույն միջոց է ժողովրդի ինքնագիտակցությունը արթնացնելու համար, այն դաստիարակում է սերունդներին Հայրերի սխրանքով, ներշնչում անհրաժեշտ Ոգի:
Հենց այդ դիտումով էլ շարադրվեցին մեր պատմիչների երկերը»,- գրում է Հայ հին մատենագրության անխոնջ ուսումնասիրող, բազմավաստակ գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր Արտաշես Մարտիրոսյանն իր՝ «Գրերի գյուտի հարցի շարժառիթների շուրջ» ուսումնասիրության մեջ…
«Ազգային Ոգի — ահա՛ գերագույն Հերոսը, միա՛կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող Հերոսը: էապէս միայն դա՛ է գործում պատմության մեջ և պատմության համար:
Անհատ հերոսներն ոչ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնավորողներն այդ Ոգու» (Գարեգին Նժդեհ):
Նախնիների՝ իր «տոհմածառի արմատների» Ոգով զորացած բանաստեղծը՝ Համո Սահյանն, ի պատասխան իրեն ուղղված հարցի, գրում էր.
«Քո լեռներում ի՞նչ ես գտել,
Որ դու նրանց գիրկը մտել,
Ամեն թուփ ու ճմբով տարված,
Խենթի նման սիրահարված,
Խոնարհվում ես ամեն քարին
Ու երգում ես ամբողջ տարին։
- Ակունքնե՛րս եմ գտել պարզկա,
Արմատնե՛րը տոհմածառիս,
Ամե՛ն ինչից, որ այստեղ կա,
Ապուպապի հոտ է գալիս:
… - Իմ լեռներում գտել եմ ես
Ակունքնե՛րը համբուրելի,
Ամենաջինջ աղբյուրների,
Որ կարող են ճչա՛լ, փրփրե՛լ,
Լվանա՛լ ու պարզաջրե՛լ
Ապականված մի ողջ աշխարհ»…