«ՄԵՐ ԲԱԶՈՒԿԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՎԱՀԱԳՆԸ, ԻՍԿ ԽՂՃՄՏԱՆՔԸ՝ ՈՒԽՏԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԴԻՑ ՄԻՀՐԸ»… (ՆԺԴԵՀ)

«Ամեն անգամ, երբ Մասիսներին եմ նայում, ներքին հայացքիս առջև բարձրանում են վեհափառ ճակատները մեր Նախահայրերի» (Նժդեհ, Հատընտիր, էջ 349):
Ազգային Ոգին՝ Նժդեհի խոսքերով՝ «Ցեղի հավիտենական Բոցը» սերնդեսերունդ փոխանցելու կարևորությունն ու անհրաժեշտությունը Հայոց մեջ առաջնային է եղել հնագույն շրջանից ի վեր (ի հեճուկս քրիստոնեությունից հետո ազգային մշակույթի արգելքի)…
Ու դժնդակ ժամանակներում համախմբվում ու պայքարում էր Հայ Ազգը՝ Նախնիների Ոգով տոգորված:
«Նա համոզում էր: Համոզում էր որպես փիլիսոփան՝ փիլիսոփային: Խորենացին համոզվում էր, ուրախանում:
…«Կգա՛ ոգին վերստին,- խրոխտ խոսեց Ղևոնդ Երեցը,- կհառնի՛ մեր ազգը:
«Կգա՞ ոգին,- կրկնեց Խորենացին կենդանացած,- օ՛ն, ուրեմն կապրի՛ ժողովուրդն Հայոց:
Ես ևս մերթ ու երբեմն գաղտնի հուսում եմ:
Այն ոգին, որ ունեցել է երբեմն մեր ազգը` նա պետք է, որ լինի անմա՛հ» (Դ. Դեմիրճյան, «Վարդանանք»):
«Օրը կգա և նորի՛ց կելնի, կհառնի՛ մշուշից Նաիրյան ոգին»… (Չարենց):
Ազգային՝ «ցեղային» արժեքների, առաքինությունների ու սրբությունների խոր ճանաչումն ու վերապրումն ընդունելով որպես «չարիքի»՝ «վատասերումի» դեմ պայքարի միջոց, Նժդեհն իր համոզումները հիմնավորում է ու անվանում «Ցեղակրոնություն»:
Հայապահպանման խնդրում, օտարամոլության դեմ պայքարում իր «զենքը» նաև «Տարոնականությունն» է՝ «Տարոնական շարժումը»:
Տարոնը քրիստոնեության տարածումից առաջ, հնագույն շրջանից ի վեր Հայոց գլխավոր պաշտամունքային — հոգևոր կենտրոնն էր, որն իր այդ դերը պահպանեց քրիստոնեության շրջանում նույնպես (մեհյանները եկեղեցիներով փոխարինելով)…
Տարոնի գավառում (Մշո Երկրում) էին Հայոց սիրված պաշտամունքավայրերը (այն հիշատակվում է նաև քրիստոնեության տարածման ժամանակ Քրմերի ցուցաբերած հերոսական դիմադրության դրվագով): Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններից, ինչպես և՝ հեռու ու մոտ տարածքներում սփռված Հայությունը դեպի Տարոն իր ուխտագնացությունը շարունակեց ընդհուպ մինչև 1915-ի Հայոց ցեղասպանությունը:

«Տարոնականությունը» համարելով «զենք», Նժդեհը ներկայացնում է ի՛ր դավանանքը (Երկեր, հատոր 1, էջ 409-410).
«Զինվոր մարդ եմ. իմ անցյալի ու վաղվա անելիքի չափ պարզ, հստակ և որոշ է իմ այսօրվա դավանանքը — մի դավանա՛նք, որի խարիսխը ձգված կմնա մեր ցեղի ոգու մեջ. դավանա՛նք, որն իր մեջ կրում է իր հոգևոր, պատմական և իմաստասիրական արդարացումը»…
…«Պատմական Հայաստանի մեջ Տարոնը անկասկած իր տեղն ունի ուրիշ շրջանների կարգին»,- ասում է «Նոր օրը»՝ թույլ տալով սխալներից ու մեղանչումներից աններելին:
«Ուրիշ շրջանների կարգին դասել Տարոնը՝ ասել է՝ ծանոթ չլինել Հայոց պատմության:
Իր միևնույն խմբագրականի մեջ ավելացնում է նա.
«Տարակույսից վեր է, որ Պատմական Հայաստանի որոշ վայրերն իրենց փառքով ու ոգով մեզ կպարտադրեն բացառի՛կ հարգանք և պաշտամունք»:
Ճիշտն ա՛յդ է, և դա ժխտումն է իր առաջին ասածների:
Այո՛, հենց Հայաստանի այդ «որոշ վայրեր»-ից մեկի՝ Տարոնի հավիտենապես «բացառիկ հարգանք ու պաշտամունք» պարտադրող «փառքն ու ոգին» է մեր քարոզած Տարոնականությունը»:
Նախապես՝ «Ցեղի Ոգու քիմիարանու՛մ» է կռվում-կոփվում (ձևավորվում) յուրաքանչյուր Հաղթանակ:
1932 թվականին Սոֆիայի «Խռովք»-ում (թիվ 1) տպված՝ Նժդեհի «Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ» հոդվածից մի հատված՝ ահավասիկ (մեջբերումը՝ Նժդեհ, Երկեր, հ.1, էջ 344 — 353):
«Անասելիորեն ճակատագրական և անկշռելի է ցեղային ազդակի նշանակությունը մի ժողովրդի վերածնունդի, ազգամբողջացման և պետականացման գործում»:
…«Ցեղը դիմագծորեն ազգայինն է, ա՛յն տիպարականը, որով ժողովուրդները տարբերվում են իրարից»:
«Ժողովուրդը գործում է, ցե՛ղն է, սակայն, իրականացնողը:
Բավական չէ՛ գործելը, իրականացնե՛լ է պետք, հասկանա՛նք այդ:
Հասկանա՛նք նաև, որ բոլոր տեսակի հաղթանակները տարվում են նախ ցեղի Ոգու՛ քիմիարանում:
Ժողովուրդը կարող է և հարմարվել իր նվաստ վիճակին, ցեղի համար, սակայն, անդարձ չե՛ն աշխարհի վճիռները:
Նրա համար անսրբագրելի չէ՛ Լոզանը, հավատացե՛ք»…
…«Ցե՛ղն է ժողովրդի հոգևոր ոսկեփոխը»:
…«Արթնացա՞վ ցեղը՝ մենք վերստի՛ն կբռնենք Հավիտենականության ձեռքը և կռվի՛ կկանչենք անարդար ժամանակը:
Եվ կհաղթանակե՛նք, քանզի ցեղի աստվածները՝ Հայկն ու Վահագնը, պիտի բարձրացնե՛ն շանթընկեց մեր բազուկը և վանե՛ն նրա հարվածները:
Ցե՛ղն է մեր ապավենը»:
«Անցյալի հյութերով՝ անցյալի հիշատակներո՛վ» է սնվում Ազգի Ոգին:
«Ոգի՝ ասել է առավելապես՝ անցյալ… դա գրեթե ամբողջապես անցյալ սերունդների ապրումների, ոգորումների, ողբերգության, հաղթանակների, դիզած բարոյական հարստության, ուժի, պաշտամունքի ու զոհողության արդյունքն է:
Ոգի՛ն է կռում ազգերի ճակատագիրը: Փոխվեց մեկը՝ փոխվում է և մյուսը»:
…«Ուր մարած է Ոգին, այնտեղ մեռյալ է կյանք»:
«Արժեքներ, սրբություններ, մարդկայնություն, գաղափարներ, իդեալներ, հոգեկան ուժ, լեզու, արվեստներ, իմաստություն, իմաստասիրություն, առաջնորդություն, հերոսական, փառք — Ոգի՛ն է այդ բոլորի ստեղծիչը:
Այլ բան չէ մարդկային բովանդակ պատմությունը, եթե ոչ՝ Ոգու զարգացման առաջընթաց և արդյունք՝ միաժամանակ:
Էականը մի ժողովրդի համար իր վարած այս կամ այն քաղաքականությունը չէ, այլ՝ այն Ոգի՛ն, որով ղեկավարվում է նա՝ ժողովուրդը:
Քաղաքականությունը գրեթե միշտ էլ լինում է այնքան արդյունավետ, որքան զորեղ և ակտիվ է այն վարողի Ոգին» (Նժդեհ, Երկեր, հ. 1, էջ 410)…
Տարոնականության մասին աննկուն Զորավարի՝ Գարեգին Նժդեհի մտքերից ևս մի քանիսը՝ ստորև (Նժդեհ, Երկեր, հ. 1, էջ 412-414).
«Սխա՛լ է, ավելին՝ ոճի՛ր է կարծել, թե բոլոր ճշմարտությունները մարդու պես մահկանացու են, թե նրանք էլ մեզ պես ծնվում են, ապրում, սպառվում, մեռնում:
Ո՛չ, ո՛չ, ճշմարտություններ կան, որոնք անմեռ են, հավիտենական, ինչպես ինքը՝ ժամանակը:
Այդ կարգի ճշմարտություններից են նրանք, որոնք վերաբերում են հայրենիքին, մահվան, հաղթանակին, առաջնորդին, պարտականության և այլն»…
…«Եթե բացենք դարերի գերեզմանը և խոսեցնենք Հայոց պատմության մեջ հավերժացած այդ անմահներին, նրանք պիտի ասեն.
«Մեր օրով ղեկավարի և զինվորի համար ոչինչ չարժեր կյանքը՝ երբ Հայրենիքը վտանգի մեջ էր»:
«Մեր օրով կանգուն մնաց Հայաստանը, որովհետև մենք իմացա՛նք երես-երեսի գալ, դեմ-հանդիման կանգնել գերագույն պարտականության, ինչպես հավատավորը՝ իր Աստծու առջև»:
«Մեր օրով Հայը մնաց անպարտելի, որովհետև մենք իմացա՛նք զգալ սրբազանի ներկայությունը կյանքի և պատմության մեջ. իմացա՛նք մեր առօրյային խառնել Հավիտենականի հոգսերը»:
«Մենք իմացա՛նք չափվել մեզնից գերազանց ուժերի հետ, որովհետև սովոր էինք չտագնապե՛լ վտանգի մեծությունից, որովհետև մեր օրով կյանքի կոչվեց «Անմահից գունդը»:
Մենք մնացինք հաղթակա՛ն, որովհետև մեր օրով հաղթական մահն էր մարդկային արժեքի և արժանիքների միակ չափանիշը, որովհետև իրապես գիտակցու՛մ էինք զոհի և զոհաբերության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը Հայրենի Հողի համար»:
«Մենք եղանք զորավո՛ր, որովհետև մենք մոտի՛կ էինք կանգնած մեր ցեղի ճակատագրին, շա՜տ մոտիկ, այն շոշափելու աստիճան, և հենց ա՛յդ էր պատճառը, որ մեր օրով Հայը եղավ ռազմունա՛կ ու տիրասե՛ր»:
…«Մեր օրով, որպես Հայ և Մարտիկ, մենք երբե՛ք չտկարացանք, որովհետև մեր բազուկը վարում էր Վահա՛գնը, իսկ մեր խղճմտանքը՝ ուխտապահության մեր հեթանոս աստված Մի՛հրը»…
