«ՀՆԱՄՅԱ, ՀԻՆ ՄԻ ԵՐԱԶ,
ԵՐԿԻՐ ՄԻ՝ ԴԱՐԵՐԻ ՈՒՐՈՒ»…

Մեր օրերում, երբ Հայ ազգն իր պատմության փոթորկալից դրվագներից մեկն է հաղթահարում, Չարենցի ոգեղեն շունչն է զգացվում…

«Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի դարերի ուրու»…

Ու մեզ տեղափոխում իր ծննդավայրը…

Կարս, Կարուց քաղաք՝ Հայոց Այրարատ Աշխարհի Վանանդ գավառում, Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում՝ 1850 մետր բարձրության վրա…
Հայոց հնագույն այս բերդաքաղաքը, որը Հայ պատմիչները հիշատակում են «Բերդ Կարուց» անվամբ, 928 թվականին Հայաստանի մայրաքաղաքն էր՝ մինչ 961-ին մայրաքաղաքի Անի տեղափոխվելը:
Իր անառիկ բերդով, պաշտպանական կառույցներով՝ 26 ամրակուռ աշտարակներով կրկնակի պարիսպներով, խանդակներով, գաղտնուղիներով, քարե կամուրջներով այս ամրոցը հազարամյակների ընթացքում պարբերաբար եղել է օտար ասպատակողների, թուրք-սելջուկների, մոնղոլների, Լենկթեմուրի հրոսակակախմբերի արշավանքների, ավերումների թատերաբեմ…

Կարսը 1828 թվականին՝ ռուսական պաշարման ժամանակ
Նկարիչ՝ Յան Սուխոդոլսկի (1797 — 1875)

Հայ մշակույթի ու գիտության բազմաթիվ նվիրյալներ (Ե. Չարենց, նկարիչներ Հ. Զարդարյան, Խ. Եսայան, քիմիկոս Հ. Չալթիկյան, գրողներ՝ Ատրպետ (Սարգիս Մուբայաջյան), Աղավնի (Գրիգորյան), ճարտարապետ Փ. Մանուկյան, ռեժիսորներ Ա. Ալայան, Ժ. Ավետիսյան…) ծնած այս քաղաքից վերջին Հայերը հեռացան 1918-1920 թվականներին:

Կարսից հեռացող Հայերը (1920թ.)

…«Տարիներ են անցել Կարսի անկման օրից, տարիներ, և … այդ բերդի շուրջը տեղի ունեցած ողբերգության մասին հրապարակում կա ամեն ինչ, միայն ոչ ճշմարտություն։
Մի նշանախե՛ց անգամ։
Շատ բան գրվեց, ավելի շատ՝ խոսվեց, և դեռ գրում են, խոսում Կարսի անկման պատճառների մասին, բայց ո՛չ ճշմարտությունը երևան հանելու մտահոգությամբ։
Կարծիք հայտնեց մտավորականը, սրճեփը, դիվանագիտական մարզանքներով զբաղվողը, նպարավաճառը, սափրիչը, չմնաց արհեստ և արվեստ, որի ներկայացուցիչը լեզու չթրջեր Կարսի պատերի տակ Հայ զենքի կրած անհաջողության պատճառների մասին, բայց ոչ ոք ձեռնահասություն և արիություն չունեցա՛վ մազաչափ անգամ մոտենալու ճշմարտության, ոչ ոք չուզե՛ց և չկարողացա՛վ տեսնել ճշմարտությունը։

  • Հայաստանի կառավարության անհեռատեսությանն ենք պարտք Կարսի անկման համար։
  • Պատերազմը դիվանագիտորեն կազմակերպված չէր,- ասացին և ասում են ոմանք, — Զինվորական նախարարի ապիկարության երեսից ընկավ Կարսը, որովհետև զորք չկար, որովհետև եղածը զորք չէր։
  • Կարսը թշնամուն հանձնեց բարձր հրամանատարության անճարակությունը` զորք կար, բայց կռվեցնող չկար։
    Սրանցով չի սպառվում մեղադրականը։ Շատ են նրա կետերը և բազմապիսի»,- գրում է Նժդեհը («Որդիների պայքարը հայրերի դեմ»):

«Երկիր Նայիրի» կոթողային ստեղծագործությունն սկսելով իր ծննդավայրի ու նրա բնակիչների նկարագրությամբ, Եղիշե Չարենցը հիշում է Վ. Տերյանին՝

«Այստեղ նայիրյանն է նազում»…

«Նայիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նայիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին․- փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են — գավառական հետամնաց քաղաք։
Ե՞րբ է շինված նայիրյան այդ հին քաղաքը — աստված ինքը գիտե․ բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նայիրցիներ․ — գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նայիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ»…

Ու Չարենցյան ոգով հառնում է բերդի նկարագրությունը…

«Սկսենք Բերդից։

…Քաղաքի արևմտյան ծայրում, վերը, ժայռակուռ, դեղին բյուրի վրա — խիստ, խոժոռ, որպես արևելյան քարե մի բռնակալ — բազմել է Բերդը:
Ժայռե իր գահի, աթոռի վրայից նայում է քաղաքին։ Քարե մի վիթխարի արկղ լինի կարծես՝ ծանր՝ ընկել է վերից ու կախված մնացել է բյուրի վրա. նստել է ծանր ու հաստատ։ Ընկել է նախ մի հսկայական քարե արկղ կարծես — և հետո, մեկը մյուսի ետևից տեղացել են վար ուրիշ մեծ ու փոքր, ծանր ու թեթև, զանազանաձև սնդուկներ՝ մեկը մեկի վրա, կողք-կողքի. հրաշք է, չես հասկանում, զարմանում ես միայն։

Ասում են, որ այդ բերդը շինելիս նայիրցի վարպետները ձվի սպիտակուց են գործածել շաղախի փոխարեն — ահա՛, թե ինչու՛ է այդ բերդը անխորտակելի։
Անառիկ է այդ բերդը — ամենքն այդ գիտեն, և դավաճանությունն է, նենգ, ստոր, նայիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին: Հիմարները միայն կարող են չզարմանալ այդ բերդի վրա — և այդպիսի հիմարներից է, թող թույլ տրվի ասեմ, պ. Մարուքեն։ Եվ թող ասի խնդրեմ պ. Դրաստամատյանը, այդ մեծամիտ «եվրոպացին», ինչո՞վ, ինչո՞վ պիտի պաշտպանվեր հնամյա այդ քաղաքն առաջին իսկ թշնամուց, եթե բերդը չլիներ։
Այնտեղի՛ց, այո՛, բերդի անխորտակելի պատերի՛ վրայից պիտի ռումբեր տեղան, եթե պատերազմ լինի։ Այնտեղի՛ց, բերդի ժայռակերտ պատնեշների՛ վրայից իջնի պիտի մի օր, որպես երկաթե մի բռունցք, պիրկ, անպարտ կորովը նայիրյան ցեղի։ Որպես երկաթե մի բռունցք — իջնի՛ պիտի մի օր թշնամու գլխին։ Ահա՛ թե ի՛նչ է այդ բերդը — իհարկե, հասկացողի՛ համար:

Եվ ահա՛ թե ինչու վարը՝ քաղաքում հանգիստ են տները՝ նիրհել են անհոգ ու անտարբեր: Իսկ խանութների առաջ նստել է նայիրցի խանութպանը և ծույլ, անփույթ հորանջելով՝ սպասում է գնորդի։ Եվ ի՜նչ նշանակություն ունի այն հիմար, միանգամայն պատահական և ժամանակավոր հանգամանքը, որ հիմա, 1913 թվին, բերդի ամենաբարձր աշտարակի վրա ծածանվում է ո՛չ նայիրյան, արծվազարդ մի դրոշ։
Բերդը շինել են նայիրցիները, բայց դժբախտաբար, այդ նույն բերդն է հիմա եկվորներին պաշտպանում թե՛ մեզնից՝ բերդի և քաղաքի իսկական տերերից, և թե՛ ամեն մի թշնամուց։
Օրը կգա — և նրանք կգնա՛ն։
Եվ նորից, բերդի անառիկ ամրություններից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք — կելնե՛, կհառնե՛ ահասաստ, նայիրյան ոգին. կորովը, ուժը հազարամյա — Նայիրյան աշխարհի…
Ու կվառվի՛ նորից անմար խնդությամբ, կժպտա՛ խնդագին երկիրը հազարամյա — երկիրը Նայիրի…

Այսպես էին մտածում այդ բերդի մասին նայիրյան այդ քաղաքում ապրող իսկական նայիրցիները — և այս փաստի հանդեպ ի՜նչ կարող էր անել մի, թեկուզ և եվրոպացի, պ. Դրաստամատյան…
Բերդից, քարե այդ վիթխարի սնդուկի երկու կողքերից սկսվելով՝ ծուռումուռ, հսկա սապատավոր ուղտերի նման, դեպի վար, դեպի քաղաքն են իջնում քաղաքի երբեմնի պարիսպների հիմիկվա մնացորդները։ Առաջ, շատ հնում, քարե ուղտերի անընդհատ ձգվող մի քարավան է եղել, ամրակուռ մի պարիսպ, որ բերդից իջնելով՝ անցնելիս է եղել գետը և ամբողջ քաղաքն իր մեջ առնելով՝ տարիներ շարունակ պաշտպանել է բնակիչներին չարից ու ոսոխից։ Բայց հիմա քարե այն հսկա ուղտերի սապատներն են միայն ծուռ, կոշ-կոճ բլուրների նման տեղ-տեղ մնացել։…

(Հատվածները՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նայիրի» երկից)…