«ԱՐԵՎՈՐԴԻՆԵ՞Ր, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՅԴ ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐԸ»…

Արև՛ը, Լու՛յսը, Գու՛յնը, Բնությու՛նն ու Կյա՛նքը փառաբանեց իր վրձնով հանճարեղ արվեստագետը՝ Մարտիրոս Սարյանը՝ Անիից գաղթած ու Նոր Նախիջևանում հաստատված Հայ գերդաստաններից մեկի զավակը, իր արվեստով՝ պայծառ ներկապնակով հավերժացնելով Հայրենիքի հանդեպ իր սերը…
«Առանց Հայրենիքի, առանց հարազատ Հողի հետ սերտ կապի՝ մարդ չի՛ կարող գտնել իրեն, իր հոգին…»:
«Մենք նոր սերնդին ենք թողնում սերը Հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը»։

«…Բնությունը ամենից վեր է, բնությունը ամեն ինչ է… Բնությունը աստված է, և մենք բնության մեջ ենք, այսինքն՝ աստուծու մեջ ենք…
Մենք միայն Բնությա՛ն ձայնը պիտի լսենք»…

Շարունակելով Սարյանի խորհրդածությունները, մեջբերենք որոշ հատվածներ՝ Աթենքում ծնված Հայ արձակագիր, թարգմանիչ Կարպիս Սուրենյանի (1925 -2001) «Արևորդիներ» գրքից (Երևան, 1979թ.)՝ նկարչի հետ ունեցած իր «արևաշող» զրույցների գրառումներից՝ Հայոց Նախահայրերի ավանդած Լույսի պաշտամունքին հավատարիմ երկու «Արևորդիների» մտքերից…

…«Բնությունը ճանաչելով՝ մենք մեզ էլ ենք ճանաչում, չէ՞: Եվ Բնությունն էլ մեր միջոցով ինքն իրեն է ճանաչում…
Ես հիշեցի նրա (Մ. Սարյանի, Կ.Ա.) վերջին ավարտված գունանկարը…

…Առաջին իսկ հայացքից դա ինձ հիշեցրեց անհունի այն գունավոր զգացողությունը, որ ունեցել եմ դեռ մանկության օրերին և հետագայում, երբ արևածագից առաջ նայել եմ լեռների ու ծովի վրա բացվող արշալույսին, Հունաստանում՝ Ատտիկեի լեռների ու Սալամինայի ծոցի վրա, Կիպրոսում՝ Կիրինյան ու Կիլիկյան լեռների և Միջերկրականի վրա, Հայաստանում՝ Արեգունյաց ու Գեղամա սարերի և Սևանա լճի վրա: Միշտ էլ այդ պահերին, ինքնաբուխորեն, սկսել եմ երգել Արևագալի երգերը՝ մեր դասական երաժշտության ամենագեղեցիկ, ամենապայծառ երգերը ինձ համար, լուսապաշտ օրհներգություններ, որոնց շնորհիվ կարծես անմիջականորեն հաղորդակցում եմ իմ հնագույն Նախնիների հետ՝ արևապաշտ ու սոսանվեր հեթանոսների: Մանավանդ «Լույս»-ը.
«Լո՜յս,
Արարիչ լուսոյ,
Առաջին լոյս՝
Բնակեալդ ի լոյս անմատոյց,
Հայր երկնավոր,
Ի դասուց լուսեղինացն օրհնեալ,
Ի ծագել լուսոյ առաւօտուս
Ծագեա՛ ի հոգիս մեր
Զլոյս քո իմանալի:

Եվ այժմ, երբ լսում էի ծերունի Վարպետի (Մ. Սարյանի, Կ.Ա.) բնութենապաշտ մենախոսությունը և նրա այդ վերջին զարմանալի նկարը հիշում, մտքումս նորից սկսեց հնչել այդ երգը՝ զգայական լույսի իր հրճվանքով, իմանալի լույսի իր խորհրդով»:

«Սարյան և Իսահակյան…
Մենք անբաժանելի էինք պատկերացնում նրանց՝ այդ երկու մեծ բարեկամներին, երկու իմաստուն նահապետներին: Նույն ճամփաներով, բայց հակադարձ ուղղություններով ընթացած, և այն անդնդային օրերին իրենց աշխարհաճանաչման ծայրակետին հասած, նրանք ի վերջո միացել էին բուն կենտրոնում՝ հավերժական ուխտակիցներ դառնալով Հայրենիքի զոհասեղանի առջև, խոր ինքնաճանաչման և հավատքի, նվիրման և տոկունության կենդանի դաս տալով բոլոր նրանց, ովքեր աչք ունեն տեսնելու, ականջ ունեն լսելու, միտք ունեն մտածելու…

  • Արևագալի երգերը չերգե՞նք, Վարպե՛տ,- ասացի:
    Աչքերը բացեց իսկույն և աշխուժացավ.
  • Հա՜, որ առավոտյան էինք երգում, չէ՞. արևը դիմավորելու… Ես շատ էի սիրում այդ երգերը…
    Տեսնես ո՞վ է ստեղծել. դրանց մեջ շա՜տ հին Լույս կա, իսկակա՛ն Արևի պաշտամունք…
  • Ասում ենք՝ Ներսես Շնորհալու արևագալի երգերը, բայց իսկապես հեթանոսական շատ հին Լույս կա դրանց մեջ՝ և՛ խոսքերի, և՛ մեղեդու: Շնորհալին, կաթողիկոս լինելով հանդերձ, որպես բանաստեղծ ու երաժիշտ ուսումնասիրել է Արևորդիների ծիսական երգերը՝ երբ եկեղեցու գիրկն է ընդունել նրանց:
  • Արևորդինե՞ր, ովքե՞ր են այդ Արևորդիները:
  • Հայ հեթանոսներ կամ գուցե կիսահեթանոսներ, որոնք իրենց Արևապաշտ ուսմունքը պահպանել էին մինչև տասներկուերորդ դարը: Նաև ծառապաշտ էին նրանք. բարդին նրանց սրբազան ծառն էր: Սրբազան էին համարում նաև շուշանը և բոլոր այն ծաղիկները, որոնք միշտ դեպի Արևն են դառնում:

Լույս և Արիություն էին պաշտում նրանք:

  • Եվ Արևորդի՞ էին կոչվում: Սքանչելի՜ է,- ոգևորվեց Վարպետը:
  • Ե՛ս էլ կուզենայի Արևորդի կոչվել: Այսինքն՝ հենց Արևորդի՛ եմ, չէ՞,- ժպտաց նա և աչքերն այլևս փոքրացած չէին թվում, դեմքն էլ գունատ չէր այլևս:
  • Ես միշտ էլ պաշտել եմ Արև՛ը, ծառե՛րը, լեռնե՛րը, բնությու՛նը… Եվ՝ արիությու՛նը…
    Նա ձեռքերով լայն-լայն շարժումներ արեց, ասես դիմացը հզոր լեռներ ու դաշտեր էին տարածվում, վերևը՝ կապույտ երկինք ու արև:
  • Դե երգե՛նք Արևորդիների երգերը:
  • Արևագալի՛ երգեր, Վարպե՛տ:
  • Միևնույնն է: Արևորդինե՛րը միայն կարող էին իսկապես Արևագալի երգեր ստեղծել:
    Ասում ես՝ Շնորհալին ուսումնասիրել է նրանց երգերը: Դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է՝ նա ի՛նքն էլ իր էությամբ Արևորդի էր:
    Ամեն մի իսկական Հայ ստեղծագործող՝ լինի բանաստեղծ, նկարիչ, ճարտարապետ, երաժիշտ, փիլիսոփա, պատմիչ, հերոս, Արևորդի՛ է իր էությամբ… Դե սկսի՛ր:

Ես սկսեցի «Լույս»-ը: Վարպետը մի քանի վայրկյան աչքերը կկոցեց ժպտուն, ինչպես երբ մի լավ բան ենք հիշում, հետո հանկարծ ինքն էլ սկսեց երգել զարմանալիորեն ջերմ, պայծառացած ձայնով, ի խորոց սրտի, վարդագունած դեմքը դեպի վեր: Եվ ձեռքերն էլ աշխուժորեն վեր նետեց, երբ ավելի ուժգին ու հանդիսավոր ձայնով անցանք այն տողին, ուր կարծես երգի մեջ էլ Արևն է ծագում իսկապես.
Ի ծագել լուսոյ առաւօտուս
Ծագեա՛ ի հոգիս մեր
Զլոյս քո իմանալի»…

Տասնյակ տարիներ հայրենիքից հեռու գտնվող տաղանդավոր Հայորդին՝ Ավետիք Իսահակյանը 1924 թվականին Վենետիկում միջազգային նկարչական ցուցահանդեսում «կարոտով, ինքնամոռաց ու երջանիկ» բացահայտում է Սարյանի վրձնած կտավները՝ մեր «Նախնիների անգին ժառանգությունից սնված»:
1955 թվականին գրած իր հուշերից մի հատված՝ ահավասիկ (մեջբերումը՝ «Սարյանն ամբողջ աշխարհինն է», Ա. Իսահակյան, Երկեր, հ. 5, էջ 126-127, Երևան, 1977).

«…Ահա՛ հայրենիքի կապույտ երկինքը, լուսառատ մթնոլորտը, ահա՛ վեհապանծ Մասիսը իր կորյունի հետ՝ առյուծի պես նստած, գլուխը երկնքում, սպիտակ բաշերով:

Ահա՛ Հայաստանի դաշտերը, ցորենի ոսկեցոլ արտերը, որ ծփում են, փայլուն գետերը, որ կարկաչում են, ճամփաների եզրերին կանգնած բարձրուղեշ բարդիները, ահա՛ խաղողի ողկույզները, մրգերը, վարդերը, երփներանգ ծաղիկներ, չքնաղ ծաղիկներ, որոնց բույրն առնում ես, իրապե՛ս առնում ես. իսկ ժայռի կատարից նայող եղնի՜կը, նազելի եղնիկը՝ գոհար աչքերով, ապա նախաժամանակներից եկած խորհրդավոր գոմեշը, որի հնամենի ձայնը կարոտով ուզում ես լսել, և այս բոլորը մեծատաղանդ նկարչի կախարդ վրձնով շունչ առած, կյանք ու ոգի առած:

Մ. Սարյանի արվեստը լավատես է, կենսուրախ՝ գարնանային թարմությամբ թաթախուն։ Կյանքի սեր է զարթնեցնում մեր մեջ նա, ապրեցնող է, բերկրանք հորդող։

Արևաբու՛խ է նրա արվեստը, նրա վրձինը հյուսված է Արևի ճառագայթներից, ավելին՝ Արևը ի՛նքն է իր բոլոր արտահայտություններով նրա նկարների մեջ, Արև՛ը, որ գույն է ու երանգ, որ ջերմություն է ու լույս, որոնցով կառուցված են նրա գործերը…

Մ. Սարյանի գործերը մեր նկարչական արվեստի հաղթանակն են, մեր կուլտուրայի անթառամ զարդերը: Բայց, որ գլխավորն է, Սարյանը ազգային կոլորիտի նկարիչ է:
Նրա արվեստի արմատները սուզվում են մեր հին արվեստի մեջ»: