«ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՄԵՋ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԴՈՒՄԸ «ԱՐԵՎՆ» Է»…

1939 թվականին «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի 1000 -ամյա հոբելյանի առթիվ գրած՝ «Փորձ մեր էպոսի դիցաբանության մասին» ուսումնասիրության մեջ Ավետիք Իսահակյանը՝ իր իսկ բառերով՝ «թեթև համեմատություն է արել մեր վեպի և ուրիշ վեպերի դիցաբանականի միջև», պարզաբանելով էպոսի տարբեր շերտերը՝ պատմական — դիցաբանական ակունքները, դյուցազունների նախատիպերի հարցը…

«Թշնամիների և մեր հերոսների նժույգների կայծող սմբակների դոփյունի տակ է ստեղծվել մեր վեպը»,- գրել է ԻսաՀակյանը՝ հատկապես շեշտելով էպոսի կերպարներում դրսևորված՝ Հայ ժողովրդի Ոգու արիությունը։
«Բազմաթիվ անգամներ նա՝ Հայ ժողովուրդը ճզմվել է, ավերվել, կոտորակվել, բայց չի՛ ոչնչացել, և մանավանդ չի՛ ոչնչացել նրա Հոգին: Նրան երբե՛ք չի լքել ազատության վառ հույսը»…

Ընդգծելով էպոսի դերը ժողովրդի հոգեկան բարձր կարողությունների պահպանման, հարատևման հարցում, նա կարևորում է Ոգու ազատությունը՝ «եթե ստրկացած ժողովրդի հոգին չստրկանա, «չշղթայվի», նա կպահպանի իր հավատը, հույսը, չի կորցնի իր դեմքը, չի այլասերվի ու փոշիանա»։

«Ավետիք Իսահակյանը հայկական ժողովրդական էպոսի մասին» հոդվածում Հ. Աբեղյանը գրել է.

«Նրան հետաքրքրել են էպոսը ստեղծող Սասունցիների սովորություններն ու բնավորության գծերը. «Սասունցիները քաջ են, տղամարդ, ազնիվ, խոսքատեր, ավանդապահ, ազգասեր…
Այսպիսի ժողովուրդն է, որ կարողացել է «Սասմա ծռեր» երկաթյա էպոսը ստեղծել»:

Մեկ այլ տեղ՝ ծոցատետրերից մեկում կարդում ենք հետևյալ գրառումը.
«Սասունցիների մեջ ամենամեծ երդումը «Արևն» է: Երբ երդումը ուտողը զանազան երդումներ է անում՝ սրբի, աստծո՝ չեն հավատում. երբ ասում է՝ «Էն արևը, կամ՝ էն արևը վկա», այն ժամանակ այլևս չհավատալ չի՛ կարելի, դրանից դուրս, բարձր էլ երդում չկա՛»:

Այդ տեղեկությունները Իսահակյանը լրացրել է 1943 թվականի ամռանը՝ մոտ երեք ամիս ապրելով 1915 թվականին Արևմտյան Հայաստանից բռնագաղթած Սասունցիների միջավայրում՝ Թալինի շրջանի Իրինդ գյուղում (Ալագյազ):
«Այս տարվա հուլիս ամսվա սկզբին Սասունցի կոլտնտեսականները հրավիրեցին ինձ իրենց հյուրը լինել: Սիրով ընդունեցի հրավերը և ամբողջ ամիս ու կես հյուր եղա նրանց:
Շրջեցի մոտ 9-10 գյուղ, եղա նրանց ամառանոցներում՝ Արագածի բարձրադիր արոտներում, ուր նրանք արածացնում էին իրենց ոչխարների հոտերը և կովերի նախիրները և պանիր ու յուղ էին շինում: Ընդհուպ ծանոթացա այս հինավուրց ժողովրդի թանկագին մնացորդների հետ, կենդանի աղբյուրից հավաքեցի էտնոգրաֆիկ և ֆոլկլորային շատ նյութեր»:

Իսահակյանը հատուկ ուշադրություն է դարձրել այն բանին, որ Սասունցիները իրենց համարում են Սասունցի Դավթի սերունդ, որի գոյությունը նրանք կասկածի չեն ենթարկում: Հավաստում են, որ Դավթի ջաղացի ջաղացպաններն ապրել են մինչև մեր օրերը, որ նրանցից մեկի՝ Թմոյի գերեզմանը՝ Հալեպում, ինչպես նաև Մհերի պարսատիկի քարը, Դավթի ձիու մսուրը տեսնողներ են եղել:

«Սասունում կա մի բլուր, բարձր, վրան կիսախարխուլ պարիսպներ, ցից-ցից, սրածայր քարեր, ժողովրդի կողմից կոչվում է «Դավիթ — Մհերի բերդ»,- նշել է իր մոտ բանաստեղծը: «Դավթի բերդ: Ծովասարի և Անդոկի միջև: Քրդերն էլ ասում են Դավթի ղալա»:

Հետաքրքրական է նաև, որ, Իսահակյանը, մի քանի անգամ լինելով Կաղզվանում, տեսել է Հին Կապուտա կամ Կապուտ բերդը և կատարել գրառումներ. «Փաղր — գյոլ — Խանդութ Խաթունը լցրել է թալանից ազատելու համար իր պղնձկալը: Խանդութա քաղաքի մոտ, Կապուտա բերդից հեռու, նրանց մեջտեղն է լիճը. փոքր լիճ:
Կապուտա բերդի շրջակա լեռները, քարերը կապուտ են. այդ ձորից, ուր կա բերդը, որ Կապուտա ձոր է ասվում, գնում է Կապուտա գետը՝ ջուրը կապույտ, թափվում է Արաքսի մեջ: Խանդութա քաղաքը գտնվում է Ս. Վարդիկ ձորի և Կապույտ գետերի միջի տարածության վրա»:
Այստեղ էլ՝ Կաղզվանում բանաստեղծը 1901-1902 թվականներին հանդիպել է մի ծերունի Սասունցու, որը նրան պատմել է մեր էպոսի մի ուշագրավ տարբերակ: Այս մասին Իսահակյանը հաղորդել է Մ. Աբեղյանին, որն իր «Հայ ժողովրդական վեպը» ուսումնասիրության մեջ հիշատակել է այդ փաստը. «Մինչև այժմ Սասունի պատմվածք չունինք: Պ. Ավ. Իսահակյանը 1901 թվականին հայտնեց, որ Կաղզվանում ապրում է մի ծերունի Սասունցի, որ իրեն համարում է Մհերի սերունդ, Մհերենց տնից և գիտե վեպը»:

Էպոսի հոբելյանական տարում (1939) Իսահակյանը գրում է իր հայտնի «Մեր պատմիչները և մեր գուսանները» (Նվեր մեր ժողովրդական վեպի՝ «Սասունցի Դավիթ»-ի հազարամյակին) բանաստեղծությունը, ուր արտահայտված է մեր պատմական անցյալի երկու տարբեր ընկալումները՝ «Հայաստանի դշխեմ բախտը ողբացող» պատմիչների և «հայրենիքի համար Թուր — Կայծակին բարձրացրած դյուցազունների» գովքը անող, «վառ ապագայի հանդեպ հավատով լցված խանդավառ գուսանների կողմից»:

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Լուսանկարներում՝ տեսարաններ Սասունից