«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ձ)

19-րդ դարի վերջերից օսմանյան կայսրության տարածքում Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանական քաղաքականությունը շարունակվեց երիտթուրքերի ու նրանց հաջորդած քեմալականների կողմից (հետագայում՝ նույնպես):
Ու մինչ օրս միջազգային իրավունքի տեսակետից ըստ արժանվույն չեն գնահատվել ու պատժվել ցեղասպաններն իրենց հետնորդներով (անցյալի ու մեր ժամանակների իրենց իրավահաջորդներով)…

Շարունակելով 1921 թվականի հուլիսի 23-ից Մարզվանում սկսված կոտորածների մասին ականատեսի՝ Նշան Զորայանի հուշերը՝ մի հատված ևս՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

«ՇԱԲԱԹ…
Շաբաթ առաւօտ բանտին մէջ թիվով հինգ հոգի Հայ հավաքուած էինք, որ մնացորդն էինք ութ հարիւրի հասնող այր ու կին բնակչութեան:
Բոլորը սպաննած էին զանազան տեսակ խժդժութիւններով, շատերն ալ ոչխարի նման մորթած էին տան մը գետնափոր հարկին մէջ, ոմանք՝ հրդեհներու կրակին մէջ նետած ու ողջ-ողջ այրած էին:
Մի քանի հատ փախչիլ փորձողները միայն գնդակով սպանուած էին, ինչու որ կը նախընտրէին փամփուշտ մը չը ծախսել:
Չվանով խեղդամահ եղող կիներու թիվն ալ քիչ չէր, որոնք խաբուած էին, թէ դրամ տալով պիտի ազատուէին: Ատոնց մէկ հոգի մենք ականատես եղանք:
Ողջ մնացող մէկ հոգի մը միայն շաբաթ կէսօրէ վերջ գտանք, որ թեև իր ընկերներուն հետ մորթուած, բայց մեռած չէր:

Մարզվանում «մորթված, բայց չմեռած Հայը»

Այս մարդուն պատմութիւնն ալ առանձին պիտի հիշեմ իր կարգին:
Ուրեմն, այս անօրինակ ջարդէն, որ մեկ շաբաթ տևեց, միայն վեց հոգի ազատուած էինք՝ ամեն մեկս՝ հրաշքով…

Մեր գտնված բանտը կը գտնվեր կառավարութեան շենքին ետևը, որ բաժնված էր ընդարձակ պարտեզով մը: Մենք կարող էինք բանտի բակէն տեսնել՝ ինչ որ տեղի կ’ունենար պարտեզին մէջ, նոյնիսկ կարելի էր կառավարական շենքը մտնող-ելլողներն ալ մասամբ տեսնել:
Շաբաթ առաւօտը կառավարութեան շենքին մէջ եռուզեռ մը կար, ու սպասավորները հապճեպով պարտեզին մէջ պատրաստութիւններ կը տեսնէին: Աթոռներ ու նստարաններ շարեցան ու առջևներն ալ՝ սեղաններ, որոնց վրայ գավաթներ և զովացուցիչ ըմպելիքներ ու շիշեր ալ դրուեցան:
Մենք անանկ հասկցանք, որ, անպատճառ, Մարզուան հանդիպող հյուրերու ընդունելութեան համար պատրաստութիւն մը կը տեսնեն:
Քիչ վերջ տեղեկացանք, որ Անգարա հրամայած է եղեր Ամասիայի մխթասարըֆին, որ քննութիւն բանայ Մարզուանի մէջ գործուած ոճիրներուն ու խաղաղութիւնը վերահաստատել այս քաղաքին մէջ:
Մխթասարըֆին այդ հրամանին համաձայն՝ Ամասիայէն կը ղըրկէ բարձրաստիճան մի քանի անձնաւորութիւններ, որոնք կը բաղկանային քաղաքային, կրօնական ու զինվորական անձերէ:
Ասոնց պաշտոնն է եղեր քննել դեպքերը ու պատասխանատուները, և կարգը վերահաստատելով՝ վերջ դնել սանձարձակ խժդժութեանց:
Հյուրերը եկան և աթոռները գրավեցին:
Տեղւոյն կառավարութեան պաշտօնեաները, ժանդարմա կոմանդանին և կոմիսէր Հաճի էֆենտին սեղաններուն միւս կողմի նստարաններուն վրայ նստեցան: Հիսունի չափ ոստիկան զինվորներ՝ պաշտօնապէս զինված, պարտէզին մէկ կողմը շարված երկու կարգի վրայ՝ կը սպասէին:

Սովորական ձևակերպութիւններն ընելէ վերջ՝ հյուրերուն սուրճ հրամցուցեցան, ուրկէ վերջ միայն հարց ու փորձերը տեղի ունեցան, որոնք մէկ ու կէս ժամ տևեցին:
Մենք կը տեսնէինք, որ քարտուղարներ կ’արձանագրէին բոլոր եղած հարց ու պատասխանները:

Այլևս որոշ էր մեզ համար, որ եկողները քննիչ հանձնախումբ մըն էին:
Ինչե՞ր հարցուցեցան ու ի՞նչ պատասխաններ ստացան՝ այդ մենք չէինք գիտեր և հետագային ալ չի կրցինք գիտնալ, բացի այն իրականութենէն, որ խաղաղութիւնը վերահաստատվեցավ, Հայերու գրավված տուները վերստին պարպվելով տէրերուն հանձնվեցան ու այս գործված անգութ ոճիրներուն իբրև պատիժ՝ միայն տեղւոյն գայմագամը պաշտօնանկ եղավ:
Միւս գլխաւոր պատասխանատուները երբե՛ք ալ չի պատժուեցան, ինչպէս Հայկական մեծ սպանդի ոճրագործները…

Երբ իրենց ժողովը վերջացավ, գօմիսէրը՝ մի տասնեակ զինված ոստիկաններ հետը առած, բանտը եկան և մեզ՝ հինգ Հայերս կանչելով, պարտէզ առաջնորդեցին:
Ամասիայէն եկած բարձր պաշտօնատարներ ոտքի մեզի կը սպասէին:


Երբ դուրս ելանք՝ մեզի զեկուցում մը չ’ըրին, այլ մեզ երկու կողմերնիս զինուած տասնեակ ոստիկան զինվորներ շրջապատեցին, գօմիսէրն ալ միասին ու մեզի հրամայեցին, որ քալենք…
Չէինք գիտէր, թէ մեզ ու՞ր պիտի տանին. մեր ետեւէն ալ բարձր պաշտօնատարները կը հետեւէին:
Մեր խորհուրդները հազար ու մէկ եզրակացութիւններու կը մղէին մեզ՝ դեպի ազատութիւ՞ն, թէ՞ դեպի մահ կ’երթայինք…

Այսպէս անտեղեակ մեզի վիճակուած բախտին՝ կը քայլէինք քաղաքին մէջին երկարող և դեպի զօրանոց տանող ճամբայէն, որուն վրայ խճողուած էր թուրք հետաքրքիր ժողովուրդը, որոնց ուշադրութեան առարկան մենք էինք՝ թէ քանի՞ հոգի ենք ողջ մնացածներս և ովքե՞ր ենք…
Մեկը չէր մօտենար մեզ և որևէ խոսք մը կամ արտահայտութիւն մը չէր ընէր մեր ճամբու ընթացքին:
Իսկ մենք՝ գլուխներս կախած ու մեղապարտ ոճրագործներու նման, պաշարված երկու կողմէն զինուած ոստիկաններով, կը քայլէինք մինչև որ քաղաքէն դուրս ելլելով վերջապէս հասանք զորանոցներուն առջև:
Զորանոցներն ալ շրջապատված էին կանգնած պահակ զինվորներով:

Հ. Մանիսաճեանի տպագրած՝ 1906 թվականի մի բացիկ՝ Մարզվանի զորանոցի բացման օրվան նվիրված

Հոն մեզ հինգս կեցուցին:
Ամասիայէն եկած քաղաքային պաշտօնեաներէն մեկը՝ առաջ գալով, մոտեցավ մեզի և հրամայեց ոստիկաններուն, որ բացվին ու հեռանան մեր մօտէն:

Երբ բաւական մը հեռու գացին ու կեցան զինվորները՝ խոսքը մեզի ուղղելով ըսավ.
«Զավակնե՛ր, ինչպէս բոլոր պատերազմի պարագայներուն կը պատահի, այս անգամ ալ անարդարօրէն և առանց կենտրոնի կառավարութեան գիտութեան՝ կամաւորներէ կազմված չէթաներու խումբեր կամայականօրեն ոճիրներ գործած են ձեզ՝ Հայերուդ հանդէպ: Իհարկէ, պատասխանատուները խստիվ պիտի հետապնդվին:
Մեր բարեխնամ կառավարութիւնը Հայերու համար եղած այս զուլումին համար շատ ցավ զգացած է, սակայն երբէք չէր նկատած, որ այս տեսակ անպատեհութիւն մը կրնար տեղի ունենալ, որով ձեռք առնված ըլլար պէտք եղած նախազգուշութիւնները՝ արգելելու այդ կամավոր և օրէնքներ չի գիտցող արարքները:
Բնական է, այդ մասին կառավարութիւնը քննութիւն մը բացած է և, վստահաբար, պիտի պատժվին արված անկարգութիւնը տեղի ւվող հանձնապարտները:
Ասկէ վերջ՝ ձեզ՝ Հայերուդ համար այլևս որևէ վտանգ գոյութիւն չունի: Ձեր և ձեր ընտանիքներու ապահովութիւնը երաշխավորված է և դուք խաղաղ սրտով պէտք է վերադառնաք ձեր տուները՝ ձեր սովորական խաղաղ կեանքը շարունակելու: Թուրքերու կողմանէ գրաված Հայ տուները անհապաղ պարպվելու և իրենց տէրերուն հանձնելու հրամանը տրվեցավ:
Մենք ձեզ հոս բերինք, որպէսզի հոս հավաքած Հայ կիներն ու մանուկները ձեր հոգածութեան հանձնենք, և դուք պէտք է ասոնք առաջնորդեք ուղղակի ձեր եկեղեցին, որտեղ արդեն հավաքված է թալանված գույքերէն մաս մը:
Այդ գույքերն իրենց տէրերուն պէտք է հանձնվին արդարութեամբ՝ ձեր միջոցով, ու դուք զանոնք պիտի առաջնորդիք իրենց տուները: Ի հարկին՝ ամբողջ ոստիկանութիւնը ձեզ պիտի տրամադրվի՝ եթէ արգելքի մը առջեւ գտնվիք:
Ուրեմն, աղօթեցե՛ք Աստծոյ մեր արդարադատ կառավարութեան համար և այս վայրկեանէն սկսեալ՝ ազա՛տ եք»:

Քար ինկավ մեր սիրտներուս վրայէ, շնորհակալութիւն յայտնեցինք, մեր օրհնութիւնը մաղթեցինք Քեմալի «բարեշնորհ կառավարութեանը»:
Այս ձևակերպութիւնները լրանալէ վերջ՝ քննիչները հեռացան, գացին և միայն ոստիկանութիւնը մնաց մեր մօտ:

Հայ կիները գտնված զորանոցին կողմի պահակներն ալ իրենց պետին կողմանէ հրաման ստացան հավաքվելու և զորանոցին դուռը բացվեցավ…

Տեսնել պէտք էր կիներու և մանուկներու դուրս խուժումը…
Հազարավորներու հասնող այս բազմութիւնը, որոնց յուրաքանչյուրը զոհի տված էին իրենց սիրելիներէն, սրտահատորներէն, ամուսին, զավակ կամ մօտիկ ազգական՝ աղեխարշ վայնասունով կը վազէին դեպի մեզ, թէ՝ արդեօք մեր մէջ պիտի գտնէի՞ն իրենց սիրելիներէն մին…

Եթէ ոստիկանութիւնը ներկայ չի գտնուէր ու արգելք չի հանդիսանար մեզ մօտենալու՝ թերևս այդ տարաբախտ կիները մեզ կոխօտէին՝ հակառակ իրենց կամքին:
Ոստիկանապետը հրաման արձակեց կիներուն, որ կենան հաստատուն իրենց տեղերը և հորդորեց, որ խառնիճաղանճութեանց տեղի չի տան:
«Այլապէս ստիպուած պիտի ըլլամ,- ըսավ,- ոստիկաններու՛ միջոցով հանդարտեցնել ձեզ»:

Շարք մը ոստիկան մեր և կիներուն մէջտեղը տեղավորեցան ու այսպէս արգելք եղան, որ առայժմ մեզի չի մոտենան՝ մինչև որ քիչ մը հանդարտին:
Հետո մեր հինգերնուս անուններ զատ-զատ կարդալով՝ հրամայեց, որ մեր ընտանիքները զատվին մէկ կողմ՝ իրենց պարագաներով:

Չորս ընտանիքներ զատվեցան մեջներուն և եկան միացան մեզի:
Մեր և մեր սիրեցեալներուն գիրկընդխառնումը շատ հուզիչ եղավ, անշուշտ:
Մեր արցունքները հեղեղի պես հոսեցան…
Մեր ձայներուն խառնվեցան այրիացած կիներու, որբացած մանուկներու աղեկտուր լաց ու կոծը…

Ոչ մէկ մարդ արարածի սիրտ կարելի էր դիմանալ այդ պատկերին…
Այս ժխորը մոտ քառորդ ժամ մը տևեց…

Գօմիսէրը դարձեալ յորդորեց, որ հանդարտին և, խոսքը կիներուն ուղղելով, յորդորեց բոլորովին չը յուսահատուին, քանի որ տակաւին ուրիշ շատ այրեր ալ կրնան պահուած ըլլալ և երևան ելլել, թեև ինքն ալ չէր հաստատ իր ըսածներուն:
«Ու հիմա,- ըսավ,- դուք ասոնց առաջնորդութեամբ պիտի երթաք ձեր եկեղեցին, որտեղ գույքեր հավաքուած կան, որոնց մէջէն ձեզի պատկանածները պիտի զատվին ու ձեզի պիտի վերադարձվին: Անկէ յետոյ իւրաքանչիւր ընտանիք իրենց տուները պիտի վերադառնան, իսկ անոնց տուները, որոնք գրավված են կամ հրդեհէն իրենց տուները այրուած թուրքերու կողմէ՝ առ այժմ եկեղեցին պետք է մնան, մինչև որ մենք շուտով պարպել տալով, զանոնք ալ վերադարձնենք իրենց տուները:
Ուրեմն, կը յորդորեմ ձեզի, որ հանդարտութիւնը չի վրդովէք և մեզի ալ աւելորդ յոգնութիւններ չի պատճառէք. վերադարձնիդ արտօնուած է, հիմա կրնաք խաղաղութեամբ հետևիլ մեզ և ձեր մարդոց ընկերակցութեամբ դեպի ձեր եկեղեցին ու անկէ ալ՝ ձեր տուները»:

Այս յայտարարութեան վրայ ժողովուրդը շարժվեցավ և ճամբայ ելանք դեպի քաղաք, ուր ժողովուրդը առաջնորդվեցավ Հայոց եկեղեցին»:

Վերջին տարիներին մշակույթի տան վերածված Հայկական եկեղեցին՝ Մարզվանում

Իրերի բաշխման համար առաջարկվում է իրենցից մի քանիսի ընտրությամբ «հանձնաժողով» կազմել: «Տեղացի» չլինելով ու, հատկապես, ճանապարհին որոշ կանանցից լսելով, որ՝ «Սա մէկ քանի հատին արիւնը կարմիր է, որ ողջ մնացէր են: Անշուշտ, պէտք է խոշոր դրամի ուժով պաշտպան մը գտած ըլլան զիրենք պահող, այլապէս ինչպէ՞ս կարող եղած կ’ըլլան ինքզինքնին զատել», վիրավորված՝ Նշան Զորայանը մերժում է իրեն ուղղված առաջարկն ու իրենց տանը բնակվող չորս ընտանիքների կանանց հետ տուն առաջնորդվում:

«… Երբ տուն հասանք՝ զարմանքով տեսայ, որ տուները ամբողջութեամբ պարպված և դուռները բոլորն ալ կռնակի վրայ բաց էին…
Արդէն մեր գալէն առաջ այդ թուրքն արդէն տունը պարպած և հեռացած էր:
Մի քանի օր վերջ էր, որ գօմիսէրը ինձ ըսավ, թէ ուրբաթ կէսօրէն վերջ, երբ եկած էր զիս պահված տեղէս տանելու, այդ ժամուն իսկ հրամայած է, որ տունը անմիջապէս պարպվի:
Ինչ որ է…
Մտանք մեր բոլորովին պարապ ու թալանված տան մէջ, ուր առկայ փորելիք շիւղ մը անգամ ձգած չէին:
Ու՞ր էին, սակայն, մեր տան մէջի այր մարդիկը…
Սանիկս՝ Երուանդին կինը և մօրեղբօրս քույրը՝ Մայրենին, կուլային…
Սանիկս՝ Երուանդը, իրավ ալ, սպանված էր իր անխորհուրդ արարքին հետևանքով, իսկ մօրեղբա՞յրս, իրականին՝ մօ՛րս մօրեղբայրը…
Ան ողջ մնացած էր հրաշքով և այսօր ալ տակաւին ողջ է ու կբնակի Փարիզի Իսի լե Մուլինօյի արվարձանին մէջ և փոքրիկ անձնական տուն մ’ալ ունի»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…