«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ղ)

…«Դե՜, բերա՛ն բեր, որ չթքի,

Եվ քարե սիրտ, որ չճաքի»:

Պարույր Սևակի «Անլռելի զանգակատան» «Ղողանջներից» դրվագներ են մտաբերվում՝ ցեղասպանությունից հրաշքով մազապուրծ ականատեսների վկայություններն ընթերցելիս…

…«Կյանքում կան բաներ, որոնք չե՛ն քերվում,

Ինչպես չի՛ քերվում արյունը՝ սրտից

Կամ գույնը՝ վարդից:

Կյանքում կան բաներ, որոնք չե՛ն ներվում

Ինչպես դրացուն,

Այնպես էլ համա՛յն մի ժողովրդի:

Չի ներվում և այն,

Ինչը կոչվում է՝ Առավելություն»…

1921 թվականի ամռանը Մարզվանում Հայերի հանդեպ իրականացված կոտորածների ականատես Նշան Զորայանի հուշերից ևս մի հատված՝ ստորև…

Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…

«Սանիկս՝ Երուանդը, իրավ ալ, սպանված էր իր անխորհուրդ արարքին հետևանքով, իսկ մօրեղբա՞յրս, իրականին՝ մօ՛րս մօրեղբայրը…
Ան ողջ մնացած էր հրաշքով և այսօր ալ տակաւին ողջ է ու կբնակի Փարիզի Իսի լե Մուլինօյի արվարձանին մէջ և փոքրիկ անձնական տուն մ’ալ ունի…
Առաջին կինը և զավակները՝ Ընդհանուր պատերազմին տեղահան ելած և բոլորն ալ կոտորված՝ Ֆրանսա գալով մօրեղբայրս կրկին ամուսնացած՝ երկու աղջիկ ու մեկ ալ զավակ ունի:

Նշան Զօրաեանի մոր մորեղբայրը՝ Հակոբ Քելլեճեանն իր ընտանիքով

Վերհիշեմ, թե մօրեղբայրս ուրիշ երեք ընկերներու հետ բռնված և սպաննելու տարած էին հինգշաբթիէն ուրբաթ լուսնալու գիշերը՝ այն պահուն, որ ես թաքստոցէս իջնալով՝ գօմիսէրին տունը գացած էի:
Երկուշաբթի, երբ մենք ճարահատ փախուստի դիմել ստիպուեցանք, մօրեղբայրս նախընտրեց մեզի դրացի Կարապետ աղային տունը երթալ ու անոնց հետ պահվիլ: Իրավ թե՝ տեղեակ էր, որ Կարապետ աղան զօրաւոր թուրք պաշտպաններ ունի, քանի որ 1915 -ի տեղահանութեանը իր այդ պաշտպան թուրքերուն միջոցով էր, որ զերծ մնացած էր ամբողջ ընտանիքով…

…Յակոբ Քելլեճեան՝ յուսալով, որ անոնց միջոցով կրնայ թերևս ազատվիլ, գացած էր Կարապետ աղայի տունը:
Բայց այս անգամ իր պաշտպան ու բարեկամ ճանչցած վստահելի թուրքե՛րն էին, որ փորձած էին առաջին հարվածը իրենք տալու. դեպքին սկզբնավորութեան օրն իսկ եկած ու ահագին դրամ պահանջած էին որպէս փրկագին: Ճարահատ մարդը կուտայ դրամները և կ’աղաչէ, որ գոնե պաշտպանեն զիրենք:
Բայց, ի վերջոյ, այդ իբրև թէ բարեկամ կարծած թուրքերու մատնանշումով, այս ընտանիքն ալ՝ միւս բոլոր Հայ ընտանիքներուն նման, յարձակումներու ենթարկուած ըլլալով, Կարապետ աղան, իր երկու զավակները և մօրեղբայրս՝ Յակոբ Քելլէճեան, կը ստիպուին իրենց ձեղնայարկը պահուիլ, որտեղ շատ տառապանքներ քաշած էին մինչև հինգշաբթի իրիկնադեմ, որոնք զանց կ’առնեմ այստեղ կրկնել:

Հինգշաբթի կէսօրէ վերջ, այս չորս հոգին՝ հետապնդուելով միևնույն բարեկամ ճանչված թուրքերէն, իրենց թաքստոցէն երևան կը հանվին, անոնց ձեռքերը ետևնին կապելով դուրս կը հանեն ու դիմացի կողմը՝ մեր տունը կից պարապ տան մէջ կը բանտարկէն:
Հոն ոտքերնին ալ չուանով պինդ մը կապկպելէ վերջ՝ դուռն ալ ամուր մը կը գոցեն, կ’երթան՝ գիշերը տանելու և քաղաքէն դուրս սպանելու դիտաւորութեամբ:
Թերևս լսած ըլլալով ազատումի հրամանի մը ժամանումը, իրկունը ուշ ատեն կուգան ու ոտքերնուն կապերը քոկելով՝ առջևնին կը խառնեն և գիշերուան մութին քաղաքէն դուրս կը տանին, ուրտեղ կը հոսեր պզտիկ գետակ մը:
Հոնտեղ հասնելէ յետոյ կը վերցնեն ու, իրենց ահագին սուրերը մերկացնելով՝ առաջին անգամ Կարապետ աղային 35 տարեկան տղուն առաջ կը քաշեն ու վրայի հագուստները հանել կուտան ու, գետին տապալելով, կսկսին դանակի հարուածներով ջախջախել գլուխը:
Հայրը և եղբայր՝ այս տեսարանէն սահմռկած, կը սկսին վայնասուններ հանել:
Սակայն թուրքերը նույն պահուն առաջ կը քաշեն մյուս եղբորը, որ հազիվ քսան և հինգ տարեկան մը կ’ըլլար: Անիկա ալ՝ միւսին նման, կը մերկացնեն ու հօրը աչքին առջեւ անոր ալ գլուխը կտոր — կտոր կ’ընեն:
Կարգը կուգայ տարիքաւոր ու ծէր հօրներնուն, որ արդեն նվաղած և գետին ինկած էր:
Մօրեղբայրս կը պատմեր, որ այս անգամ՝ հագուստները մերկացնելով, շատ լուտանքներ թափեցին հեգ մարդուն հասցեին՝ «Անհավա՛տ շուն, — կ’ըսէին, — կը կարծէիր, թէ թուրք անունին տակ ծածկվելով պիտի կրնայիր օձիքդ ազատե՞լ մեր ձեռքէն: Մենք քեզ և քեզի նմանները շուտունց ճանչցած ենք, ձեր պատեանին տակ ծածկված օձեր էք և ձեր գլուխները պետք է այսպես ջախջախել, ինչու որ՝ երբ առիթը ունենաք՝ սովոր եք թունավոր ակռաներով խայթել մեզ, ինչպէս որ տեսանք Անգլիացիներուն հօս գտնուած ժամանակը: Հիմա ձեր այդ Անգլիայի բարեկամները թող գան ու ձեզ ազատեն մեր վրիժառու ձեռքէն»…
Ի՜նչ քստմնելի հայհոյութիւններ կ’ ելլէին իրենց գարշահոտ բերաններէն… Հայհոյութիւններ, որոնք թրքական լեզուին միայն յատուկ ջարդ մըն է, ո՛չ կրօնքի կը խնայէն և ո՛չ ալ ընտանեկան պատիվ: Իրենց սրտերու ամբողջ մաղձը կը թափէին մեր վրայ:
Խեղճ մարդը այս ամենու պատասխան բաներ մը կը մտմտէր, բայց՝ բոլորովին անհասկանալի:
Լեզուն բռնուած էր ու անհնար էր որոշ բան հասկցնէր:
Դահիճները՝ «Հերի՛ք մռլտաս, անհավա՛տ շուն» ըսին ու կուրծքին բռունցքի հարուածներով զայն ալ գետին տապալեցին՝ երկու տղոցը անշնչացած դիակներուն քով, սկսան հարուածներ տեղալով անոր ալ գլուխը ջարդ ու փշուր ընել…
«Այլևս,- կ’ըսէ,- կարգը եկած էր ինծի: Տեսնելով՝ ո՛չ աղերսանք օգուտ մը պիտի ունենայ և ո՛չ ալ՝ ազատուելու ճար մը մնացած, երբ ինծի մօտեցան, որևէ փորձ մը չ’ըրի այս անգութ շուներէն գութ հայցելու, և ինքնիրենս պառկեցայ գետին ու գլուխս երկարեցի, որ վայրկեան մը առաջ լրացնեն իրենց դիվային նախճիրը:

Իմ միակ վերջին խօսքս իրենց եղավ՝
«Մէկ հօգիի մը համար ձեզի որևէ աղաչանք մը չունիմ»…
Ասկէ անդին այլևս ոչինչ կը հիշեմ…

Թուրքերը սկսեր են իրենց դանակի հարուածները… Բայց, փոխանակ իմ ալ գլուխս ջախջախելու՝ նման միւսներուն, իրենց հարուածները չորս անգամ իջեցուցեր են վզիս երկու կողմերուն: Հարվածներուն հետևանքով առաջ եկած արիւնահոսութենէն ու թեթեւ մութէն էր և որ ալ հարուածները ծոծոսկրիս հասած էին՝ այլեւս մեռած կարծելով՝ մի քանի սուրի ծայրի հարուածներ տուէր էին մարմնիս զանազան կողմերը, շորերս ժողվելով, ինծի ձգած, գացած էին…

Երկար ժամեր անզգայ, երեք դիակներու մէջտեղ արյունլվայ ինկած մնացեր եմ:
Դեռ առաւօտը լուսացած չէր, երբ առաջին անգամ զգացի, որ դեռ մեռած չեմ:

Սոսկալի դող մը պատեց զիս. ունեցած արիւնահոսութենէն սոսկալի կը մըրսէի և ակռաներս, իրոք, կը կափկափէին…
Գլուխս վերցուցի, ձեռքերով շոշափեցի վէրքերս և հասկցայ, որ ահագին բացուածքներ կան վիզիս երկու կողմերը: Դեռ մարմնիս վրայ միւս վերքերը չէի զգար:
Ձեռքերս երկու կողմերս երկարելով հասկցայ, որ միւս ընկերներուս դիակները տակաւին տաք են:
Ուստի ջանացի օգտվիլ դիակներու տաքութիւնէն ու մոտեցուցի դիակները իմ ինկած տեղս՝ այսպէս քիչ մը օգտվելու անոնց տաքութենէն:

Շուները մեզմէ քիչ մը հեռու դիրք բռնած կը կաղկանձէին, բայց մեզի չէին մօտենար: Կ’երեւի զգացեր էին մեզմէ մեկուն ողջ ըլլալը, այլապէս, իհարկէ, պիտի փորձէին մեր դիակները փորոտել…
Այսպէս մնացի ես դիակներուն մէջ՝ մինչեւ արշալոյսը ծայր տուաւ…

Խելքս քիչ մը վրան գալէն ի վեր, ամբողջ երկու ժամու չափ մնացի այդ դիրքին մէջ:
Մեռնողներն այլևս պաղած էին, ու ես ալ կը դողայի ցուրտէն…
Լույսը բացուած էր և բոլորտիքս սկսայ տխրութեամբ տեսնել, սակայն, դեմքս և աչքերս արիւնի պաղած լերթերէն բոլորովին ծածկված՝ կ’արգիլէին թէ՛ հստակ տեսողութեանս և թէ՛ ազատ շնչառութեանս:

Վրաս մնացած շապիկին վարի մասովը աշխատեցայ քիչ մը մաքրել դեմքս, սակայն, փոխանակ քիչ մը կարենալ մաքրելու, ավելի գէշ նեղութիւն զգացի. չէի նկատեր, որ շապիկիս կամ շապընկերիս վրայ ճերմակ ու մաքուր տեղ մը չէր մնացեր:
Տանջանքից աչքերս գոցված էին ու չէի կրնար բանալ:
Հանկարծ մտաբերեցի, որ մեզ բերած վայրը պզտիկ հոսող ջուրի առվակի մը մօտն էր, և իմ կեցած տեղէս քիչ մը վարը կը գտնվեր:
Կարծէս լույս մը ծագեց վրաս… Արդեն սաստիկ ծարավ մը ալ կ’զգայի:
Երբ հոսող ջուրը միտքս եկավ՝ կարծէս վրաս արտակարգ ույժ մը զգացի, ու ինքզինքս քաշկռտուելով՝ դեպի ցած սողացի, մինչև որ ջուրին հասայ:

Մէկ ձեռքով գլուխս բռնած՝ սկսայ միւս ձեռքովս աչքերս ու դեմքս լուալ:
Աչքերս բացուեցան, բերանս ալ աղվոր մը լվալէս վերջ մեկ ձեռքիս ափովը խմեցի այդ պաղուկ ջուրը և պապակս հագեցուցի:
Հոգս չէր, թէ այդ վազող ջուրը քաղաքին աղտոտութիւնները քշող ջուրն եղած ըլլար…
Զգացի, որ վրաս բավականին մը ույժ եկավ և ուզեցի ոտքի կանգնել՝ չորս կողմս դիտելու համար:
Բայց, հազիվ ոտքի ելած, տեսայ, որ գլուխս սոսկալի կը դառնար՝ ջրաղացին քարին նման: Ստիպված նորէն նստեցայ:
Մեռելները հազիվ հինգ մեթր հեռավորութեան վրայ կը գտնվէին:
Քիչ յետոյ նկատեցի, որ սպանված տղոցը մեկուն մեջքի գոտին դիակի քովն է, և չէին տարած:

Հակոբ Քելլեճեանը՝ նկարագրվող դեպքերից տարիներ անց՝ Ֆրանսիայում

Դարձեալ գետինները ճանկըռթելով վեր ելայ ու յաջողեցայ վերջապէս գոտին ազատել մեռելին մեջքէն: Այս գոտին ինծի շատ պետքական եղավ, ինչու որ՝ զայն ազատ մը փաթթելիս վիզս, որ տակաւին կ’արիւնէր, այսպէսով կարծես թէ գլուխս ալ քիչ մը հաստատակամ եղավ իրանիս վրան և գլխի պտույտս ալ զգալի չափով մը հանդարտեցավ:
Արևը ծագած էր:
Մի քանի թուրքեր մէջտեղ ելան, որոնք այգիները կ’երթային՝ աշխատելու համար՝ իրենց գործիքներով: Զիս նստած տեսան՝ երեք մեռելներուն քով և անմիջապէս ինծի մօտենալ սկսան: Մեջերնուն մեկը՝ տեսնելով, որ ես ողջ եմ մնացէր, կուզէր զիս սպաննել տեղն ու տեղը, ըսելով թէ՝ «Անհավատ շունը դեռ ողջ է մնացէր»: Սակայն մեջերնուն մեկը, որ ավելի տարիքոտ կ’ երևար, արգիլեց իր ընկերները՝ ըսելով. «Ձգեցե՛ք այլևս այդ խեղճը: «Աստծոյ ողջ ձգել կամեցածը» կրկին սպաննելը շատ մեծ մեղք է», որուն վրայ միւսներն այլեւս չի համարձակվեցան իրենց չար դիտաւորութիւնը գործադրել:
Աղաչեցի այդ մարդուն, որ ինծի մօտակայ ծառէն գավազան մը կտրեն՝ ձեռքիս նեցուկ բռնելու համար: Խնդրանքս կատարեցին ու ծառէն գաւազան մը կտրելով՝ իմ մօտս նետեցին՝ առանց քօվս մօտենալու, և իրենք հեռացան գացին իրենց գործին:
Այլևս հոն մնալ չէր ըլլար. ոտքի ելայ՝ մեկ ձեռքս գաւազանը բռնած ու միւս ձեռքովս ալ՝ գլուխս ու քաղաքին ճամբան բռնեցի՝ առանց գիտնալու, թէ ջարդը վերջանալու հրամանը յայտարարուած է:

Միայն շապիկ մը և անդրավարտիք մը ունէի, որոնք բոլորովին արնակարմիր էին:
Ճամփին վրայ դարձեալ քանի մը անգամ թուրքերու հանդիպեցայ:
Եղավ, որ ուզեցին զիս մեռցնել, բայց այս անգամ ալ քիչ մը խորամանկութեան դիմեցի՝ ըսելով.
«Բարեկամնե՛ր, ես անհաւատ մը չեմ, ես ալ ձեզի պէս թուրք մըն եմ. զիս Հայ կարծելով բռնեցին և այս վիճակին ենթարկեցին: Գթացե՛ք ինծի և օգնեցե՛ք ինծի կառավարութիւն տանելու, ես ալ ձեզ նման թլփատուած մըն եմ, եթէ չեք հավատայ խոսքերուս», (Առաջին մեծ պատերազմին բռնի թրքացուցած և թլփատած էին զինքը):
Այս խոսքերուս հավատացին ու ձեռք չի զարկին, ըսելով՝ «Ինչ որ ալ եղած ըլլայ՝ արդեն կիսամեռ է, ձգենք զինքը՝ թող իր գլխուն ճարը նայի»:

Այս կերպով մինչև քաղաք հասայ, ուր ոստիկան մը զիս տեսնելով՝ մօտեցավ ու թևէս բռնելով ըսավ, թէ՝ «Ո՞ր աշխարհքէն կուգաս»: Ըսի՝ «Արդեն կը տեսնես, պատասխանելու պէտք չի կայ»:
Ոստիկանը խնդաց ու ըսավ. «Այս կը հասկնամ, զէվվա՛լը (անբախտ) մարդ, եկուր հետս՝ քեզ նախ մօտիկ դեղատուն մը տանիմ, որպեսզի վերքերուդ նայի»:

Այսպէս ոստիկանը մեկ թևս մտած, միւս ձեռքով ալ գաւազանին օգնութեամբ կամաց-կամաց հասանք դեղարան:
Ճամբան հետաքրքիր թուրքեր իմ անձիս կը դիտէին՝ զարմանալով, թէ ինչպէ՛ս ողջ մնացած էի:

Դեղագործը, երբ զիս այդ վիճակին մէջ տեսավ, ինքնիրենը կարող չի զգալով նման վերքերու անձամբ դիպչելու, ըսավ, որ քիչ մը նստիմ դռան քով՝ «մինչև որ բժիշկը կանչել տամ և միասին քննենք վերքերդ ու համապատասխան դեղեր տանք»:
Աթոռ մը դուրս բերավ և դռան քով նստեցուց:
Մինչև ես երեսս դէպի արևը նստած, քիչ մը արևուն տաքուկ ճառագայթներէն կ’օգտվէի, մեյ մ’ալ կուրծքիս խոշորկէկ քարի հարուած մը ստացայ, որը նստած տեղէս զիս սաստիկ ցնցեց ու պոռալ սկսայ:
Թաղին թուրք լակոտները՝ հավաքված էին շուրջս ու քարերով կ’ուզէին զիս սպաննել՝ միշտ միևնույն հանգերը կրկնելով, թէ՝ «Գեավուրը («անհավատը») ողջ է մնացեր տակաւին, պէտք է մեռցուցենք»:

Երբ ես ուժգին պոռացի՝ դեղագործը անմիջապէս դուրս եկավ և հարցուց, թէ ի՞նչ եղավ:
Ըսի իրեն, թէ՝ «Չե՞ս տեսներ, սա լակոտները կուզեն զիս քարերով սպանել»:
Դեղագործը խստիվ հանդիմանեց թուրք լաճերը ու հրամայեց, որ հեռանան ու զիս ալ՝ տեղէս հանելով, ներս տարավ, որպէսզի զերծ մնամ անպատեհութիւնէն:

Վերջապէս եկավ բժիշկը, որ մեզի ծանօթ տօքթօր Ռեմետ էֆենտին էր ու, ինծի տեսնելով ճանչցավ:
«Ա՜հ,- ըսավ,- արքայութիւնէն ետ վերադարձողը դու՞ն ես, Մեծ աղա, ի՞նչ կայ — չի կայ միւս աշխարհը»…
Կարեկցական ժպիտով մը դեղագործին դառնալով՝ ըսավ, որ քոկէ վիզս փաթթված գօտին:
Վերքերս լուռ մը քննեց ու, լվալ տալէ վերջը, զարմանքով յայտնեց դեղագործըին, թէ՝ թեև ծանր են վերքերը, բայց վտանգավոր տեղերու հանդիպած չեն հարվածները: Լավ փանսման (վիրակապ, Կ. Ա.) մը լցավ ու կապեց վերքերս և ըսավ, որ եթէ լավ դարմանում մը ըլլայ՝ կրնայ բժշկվիլ: Յանձնարարեց, որ հիվանդանոց փոխադրեն զիս ու գնաց:
Ես նորեն նստայ աթոռի մը վրայ ու կը յուսայի, որ զիս հիվանդանոց պիտի փոխադրեն:
Բայց մի՞թէ գոյութիւն ուներ նմանօրինակ հաստատութիւն մը Մարզուանի նման յետամնաց գիւղաքաղաքին մէջ:
Կուսակալանիստ քաղաքներու մէջ անգամ նմանօրինակ թուրք բարեգործական հաստատութիւն մը չէր գտնվէր և, եթէ կային ալ, անոնք Հայերէ բռնագրաված հաստատութիւններ էին Ընդհանուր պատերազմի ժամանակ:

Մարզուանի մէջ Ամերիկեան գօլէճին հիվանդանոցն ալ ամերիկացիներուն, իրենց սաներուն ու պաշտօնեայ հիվանդներու համար էր միայն:

Մարզվանի Ամերիկյան կոլեջը

Դեղագործը լուր ղրկած էր ոստիկանութեան, որ գան զիս հիվանդանոց փոխադրեն:

Բավական սպասելէն յետոյ փօլիս մը եկավ ու ըսավ ինծի, որ ընկերանամ իրեն՝ հիվանդանոց երթալու: Թեւս մտավ ու զիս տարավ Հայու պարապ տուն մը, որ իբրև թէ հիվանդանոցի պիտի ծառայէ:
Տախտակէ բազմոցի մը վրայ քուրջ մը փռեց ու զիս վրան պառկեցուց: Ըսավ, որ վերջը ինծի նայող պիտի գար ու, դուռը վրայէս գոցելով, ինք ելավ գնաց: Դռան վրայ կավիճով գրված էր՝ «Հիլալը Ահմետ խասթահանէսի» — «Թուրք Կարմիր մահիկի հիվանդանոց»:
Ահա՛, այս էր թրքական տիպար հիվանդանոցը, ուր զիս տարած էին:

Նույն օրը, ըլլայ կառավարութեան, ըլլայ առողջապահական հիմնարկութենէ մեկը չէկավ, բացի թուրք դրացի կնօջմէ մը, որ տեսեր էր զիս այդ տունը բերելնին: Ըլլայ հետաքրքրութենէն թէ խղճահարութենէն՝ այդ բարի կինը եկավ մօտս ու վիճակս հարցունելով՝ խղճահարեցավ ինծի:
Աղաչեցի այդ կնօջ, որ ինծի աման մը ջուր բերէ, ինչու որ շատ կը տանջվէի ծարավէս:
Կինը՝ մեկնելէն քիչ յետոյ ամանով մը ջուր, աման մը թարմ մածուն և գդալ մը բերավ ու ըսավ. «Ա՛ռ, այդ մածունը կե՛ր ու ծարավդ կտրէ՛, ես երեկոյին աման մը ևս կը բերեմ»:

Ինծի կարծես աշխարհի ամբողջ հարստութիւնը արժեց այդ աման մը մածունը և անհագօրեն կերայ մինչև հատնիլը, վրայեն ալ ջուր խմեցի և նոր աշխարհ եկածի պէս, սկսավ քիչ-քիչ ուժ գալ վրաս:
Երեկոյեան, իրավ ալ, նույն դրացի կինը աման մը մածուն ևս բերավ, որուն կեսը երեկոյին կերայ ու մնացեալը պահեցի շաբաթ առավօտեան:

Շաբաթ կէսօրը անցած էր, երբ զիս հոս բերող փօլիսը կրկին երևացավ և ինծի ասեց, թէ Հայերու կին մարդիկը և մի քանի ալ էրիկ մարդիկ՝ Հայոց եկեղեցի բերված են, ուրկիս ալ՝ իրենց տուները վերադարձած: Ինծի հարցուց, թէ մեկը չունէ՞ի ջարդէն առաջ, ըսի, որ Քելլիճեան Մայրենի անունով քույր մը և ազգականներ ունէի, բայց ինչ ըլլալնին չե՛մ գիտէր:
Աղաչեցի, որ երթայ և փնտռէ ու, եթէ անոնցմէ ողջ մնացող կայ՝ լուր մը տայ իմ մասին, ու քովս բերէ:
Բնակած տուներնուս հասցեն ալ տվի, որ մեր տունը երթայ և եղելութիւնը իրենց տեղեկացնէ:
Փօլիսը մեկնեցավ ու ես անհամբեր լուրի մը կը սպասէի…
Վայրկեանները կարծես ժամերու չափ կ’երկարէին, մինչև որ վերջապէս փօլիսը՝ ընկերացած քրօջս և զարմիկիս հետ, որ այս հուշերը գրողն է, եկան ու զիս գտան կիսամեռ վիճակիս մէջ»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Facebook Comments