«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Մ)

Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառում՝ Մարզվանի գավառակի կենտրոնում՝ Մարզվանում՝ 1921 թվականի հուլիսի 23-ից սկսված կոտորածներին հաջորդող օրերից՝ ականատես Նշան Զօրայեանի «Հուշերի» շարունակությունը՝ ստորև…

Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…

…«Ես դուրս ելայ բժիշկը գտնելու: Կէս ժամ փնտրտուքէ մը յետոյ, վերջապէս, գտայ զայն և միասին տուն վերադարձայ:
Բժիշկը իր ձեռքով լվաց վերքերը ու բերած դեղերով աղվոր փանսըման (վիրակապ, Կ. Ա.) մը ըրավ ու կապեց:
Երբ իրեն խորհուրդ հարցուցի, թէ ինչպէ՞ս կը գտնէ վիրավորին վիճակը, ինծի պատասխանեց.
«Թեև վերքերը ծանր են, բայց, իմ համոզումովս, շատ ալ վտանգավոր և անբուժելի չեն, քանի որ կոկորդն ու ծոծրակը վնասված չեն՝ եթէ լավ խնամվի, բժշկվի ու մեկ-երկու ամիսէն վերքերը գոցվին»:

Ես ըսի՝ «Տօքթեօր, այս գիտցած պայմաններուդ համաձայն՝ ինչպէ՞ս կրնանք պէտք եղած խնամքը տանիլ: Ամեն ինչէ կողոպտված ենք և նույնիսկ անկողին մը անգամ չի կայ՝ զայն պառկեցնելու, որպէսզի գեթ կրնայ հանգիստ մը պառկիլ: Արդեօք քաղաքին մէջ չունի՞ք նման հիվանդները խնամելու համար հիվանդանոց մը և կամ հանգստեան տուն մը»:
Գիտէի արդեն, որ չի կար այդ տեսակ առողջապահական հաստատութիւն մը:

Բժիշկը ձեռքը շարժելով ըսավ.
«Տղա՛ս, ջուրը ջաղացը տարեր է, և դուն ջախջա՞խը կը փնտռես: («Ջախջախը» փայտ մըն է, որուն վրայ քանի մը հինցած փայտեր խոշոր գամով մը կը հաստատեն՝ վրան առանց բոլորովին ամրացնելու: Այդ փայտը՝ ջաղացքին դարձող քարին վրայ մեկ ծայրը դպած ըլլալուն, երբ քարը կը դառնայ, փայտին ալ ցնցումէն վրայի փայտերը «չըխկ-չըխկ» ձայն մը կը հանեն, որուն համար «չախչախ» անունը տրված է):
Թուրքիոյ մէջ, բացի Պօլիսէն ու գլխավոր մեկ քանի քաղաքներէն, շատ հազվագիւտ է թրքական այդ տեսակ բարեսիրական առողջապահական հաստատութիւններ փնտրել: Ցավալի է, որ ստիպուած եմ խոստովանիլ, թէ թուրք ազգը շատ հետամնաց է այդ տեսակետէն և ինչ որ Հայերէ՛ն հափշտակած են՝ անո՛նք միայն կան: Եվ անոնք ալ, օր մը չէ, օր մը գոցվելու դատապարտված են, քանի որ անոնց վրայ գուրգուրացող մարդ չունինք: Մեր թուրք ազգը միայն հափշտակել գիտէ և ատոր համար ալ յառաջադիմութիւն երբե՛ք չի կարելի սպասել այս ազգէն:
Գիւղաքաղաքն ալ՝ շատ մը տեղերու կարգին, զուրկ է հիւանդանոցէ: Միայն Ամերիկեան գօլէճի հիվանդանոցը կայ, բայց հոն ալ քաղաքին մէջի հիվանդները չեն ընդունիլ, միայն իրենց աշակերտ և պաշտօնեայ հիվանդներու դարմանումին յատկացուցած են: Իմ ձեռքէս եկածին չափ ես կ’աշխատիմ , որ առողջանայ այդ հիվանդը ու ամեն օր կամ ամեն հարկը պահանջած ատեն կուգամ խնամելու զայն: Ուրիշ բան մը կարող չեմ ընելու»:

Մարզվանի Ամերիկյան կոլեջը

Ի՞նչ կրնայինք պատասխանել բժշկին՝ ատկէ ու ավելին պահանջելով:
Ստիպուած շնորհակալություն մ’ալ յատնեցինք իրեն, որ մեկնելու վրայ էր:

Մեյ մ’ալ բժիշկը ինծի դարձավ ու ըսավ.
«Տղա՛ս, եթէ կ’ուզէս՝ փո՛րձ մը ըրէ և դիմու՛մ մը կատարէ Ամերիկացիներուն՝ այս վիրավորը իրենց դարմանատունը փոխադրելու, ու ձեր ներկայ կացութիւնը բացատրէ՛ անոնց: Ես կը յուսամ, որ կը հասկընան, թէ ինչ տեսակ ստիպման բերմամբ կը կատարեք այդ դիմումը:
Իմ կողմանէ ալ ձեզի վկայագիր մը կուտամ հաստատող, թէ այդ վիրավորը անհրաժեշտ պէտք ունի իրենց խնամքին:
Կը յուսամ, որ ան օգտակար ըլլայ և դիմումիդ ալ յաջողի»:

Այս խորհուրդը տալէ վերջ՝ թուղթ հանեց գրպանէն՝ գրեց վկայագիրը:
Այս թուղթը մեծ երաշխիք մը եղավ մեզ, երբ մեր կողմէ գրված խնդրագրով միասին դիմում կատարեցինք:
Ես ուզեցի վճարել իր այցելութեան գինն ու աշխատանքի վարձքը: Մերժեց ինձ և չ’ընդունեց այս մեծահոգի բժիշկը ու ինծի ըսավ. «Ո՛չ թէ միայն այսօր, այլ քանի անգամ ալ որ հարկ ըլլայ՝ ձրի պիտի կատարեմ իմ պարտականութիւնս այս հիվանդին՝ մինչեւ որ լավանայ»:

Ասիկա այն բժիշկն էր, որ ամբողջ Հայ կիներու կեանքը փրկած էր հրդեհի տրված ճիրաններէն, որ նախապէս յիշուած էր յուշերուս ընթացքին:

Բժշկին մեկնելէն վերջ՝ ես, Տիկին Մայրենին ու վիրավորին քույրը հետս առած՝ խնդրագրով մը և վկայագրովը ներկայացանք Գօլէճի տնօրենին, որ, թարգմանի մը միջոցով ամեն ինչ տեղեկանալէ յետոյ, ընդունիլը յարմար դատեց և մեզի ըսավ, որ՝ «Ասիկա բացառիկ պարագայ մը ըլլալուն համար է միայն, որ կ’ընդունինք այս տեսակ հիվանդ՝ դուրսէն»:

Մարզվանի Ամերիկյան կոլեջի հիվանդանոցից մի պատկեր

Եվ հրաման ըրավ՝ ինքնաշարժ մը տրամադրեն՝ վիրավորը գօլէճ փոխադրելու համար, և, միևնույն ատեն, քույրն ալ ներս առնեն գօլէճը՝ որպէսզի եղբորը մոտ ըլլայ:
Մենք տնօրենին մեր յարգանքները և խորին շնորհակալիքը յայտնելէ յետոյ՝ գործակատարին հետ դուրս ելանք:
Միասին նստեցանք ինքնաշարժ և, տուն վերադառնալով, վիրավորը դրինք կառքին մէջ և քույրն ալ միասին՝ ղրկեցինք Ամերիկյան գօլէճ:

Հոն, երկու ամիս դարմանելէ յետոյ, վերքերը լավացան և աշխատելու կարող դարձավ: Ինքը՝ արհեստով ատաղձագործ ըլլալով, հոն վար դրին՝ գօլէճի հաշվույն աշխատելու՝ տղայոց արհեստանոցին մէջ, ուր «վարպետ — գլուխ» անվանվեցավ և լավ ալ վճարում կ’ընէին:

Մինչև յունական պատերազմին վերջավորութեան մնաց հոն, ուրկէ վերջ անցավ Պօլիս և գրեթե տարի մը վերջ ալ՝ Ֆրանսա գալով, հաստատվեցավ հոն և տուն-տեղ կազմեց նորեն՝ Փարիզի Իսի -լէ-Մուլինո արուարձանին մէջ:
Կին մը և երեք զավակներ ունի ու ինք ալ եօթանասուն և հինգ տարեկան է ու ողջ — առողջ է ներկայիս:

1921-ի Մարզվանի կոտորածից փրկված Հակոբ Քէլլեճյանը՝ տարիներ անց, Ֆրանսիայում՝ իր հիմնած նոր ընտանիքով

Այս է, ահա՛, այս մարդուն պատահած իրական մեծ աղետը, որ մեռելներուն մէջէն ողջ ելավ, և ինքն ալ ստույգ մահէ մը ազատուեցավ Մարզուանի այդ ահռելի ջարդէն…

Նախնիների հիշատակը՝ ժառանգների սրտում (լուսանկարը՝ Հակոբ Քէլլեճյանի ընտանիքից)

Սպանդէն յետոյ՝ մինչև թուրք-հունական պատերազմի վերջավորութիւնը

Ամբողջ շաբաթ մը տևող Մարզուանի արհավիրքը վերջացած էր: Շաբաթ օրը Հայերը տուն վերադառնալէ յետոյ, զորանոց հավաքուած մնացեալ հույն բնակչութիւնը նույն օրն իսկ տեղահան ըրին ու Կիսմիալ Մատէնի ըսած գիւղը աքսորիցին, որ հազիվ երեք-չորս ժամ հեռավորութիւն մը ունի Մարզուանէ:
Ես այդ օրը վիրավոր մօրեղբորս գործերովը զբաղվեցայ և մինչև գօլէճ փոխադրելնիս՝ գրեթէ օրը իրիկուն եղավ:
Մեր չորս տունէն սանս՝ Երուանդը սպանուած էր, մօրեղբայրս կիսամեռ վիճակով գօլէճի հիվանդանոցը փոխադրված էր՝ քրոջը հետ միասին:
Տանտիրուհիիս աղջիկը՝ Նուարդը, որ ինքզինքը երեք հարկանի շենքին տանիքէն վար նետելով ոտքը վնասուած էր, անիկա ալ՝ Գօլէճի նախկին սանուհիներէն ըլլալու շնորհիվ, ներս ընդունված էր հիվանդանոց՝ դարմանվելու համար:

Ուրեմն, մեր տունը հավաքուած էինք՝ ես ու տիկինս՝ մէկ զավկով, քենիս՝ Սիրանուշը, Երուանտին կինը՝ նոյնպէս մեկ պզտիկով և տանտիրուհի Հեքիմեան տիկին Պայծառը:
Երեկոյան պզտիկ ընթրիք մը ըրինք՝ մօտակայ նպարավաճառէ մը, ու, քիչ մը մեր գլուխէն անցածներուն վրայ խոսակցելէ յետոյ, ստիպուած եղանք չոր տախտակներուն վրայ երկրնալ ու քնանալ՝ չի դիմանալով մեկ շաբթվան քնհատութեան ու յօգնութեան:
Բարեբախտաբար, օրերուն տաք եղանակը ըլլալով, մի քանի գիշեր որքան որ բաց պառկեցանք՝ ցուրտը մեզի վնաս մը չի պատճառեց, մինչև որ գէշ-աղեկ բաներ մը ճարեցինք իբրև անկողին:

Հետևյալ օրը՝ կիրակի առաւօտ քիչ ուշ ատեն տունէն դուրս ելայ՝ երթալ ակնարկ մը նետելու շուկան և պզտիկ գնումներ մը կատարելու:

Միևնույն ատեն՝ մտադրութիւնս էր իմանալ՝ իմ երկու խանութներուս վիճակի մասին յստակ գաղափար մը կազմելու: Արդեն վերի-վերոյ գիտէինք, թէ խանութիս մէկը այրած է, ու միւսն ալ, եթէ այրած չ’ըլլար, իսկն անշուշտ կողոպտուած է: Սակայն հետաքրքրութիւնս մղեց զիս երթալ և աչքով տեսնելու՝ ինչ որ կատարուած էր…

Երբ շուկայ իջայ՝ տեսայ, բնականաբար, որ թուրքերը առհասարակ ինծի կը նային ու տեսնողը անգամ մը ևս ետին կը դառնար՝ կրկին նայելու, թէ չե՞ն խաբուած իրենց աչքերը, որոնք Հայ մը կը տեսնէին շուկային մէջ, որ առանց քաշվելու ու վախնալու կը դեգերէր անոնց աչքերուն առաջ: Շատերը՝ նույնիսկ լսեցի իրարու ըսելնուն, թէ՝ «Այս անհավատը ինչպէ՞ս կրցէր է ազատվիլ և ողջ մնալ»…

Սակայն և այնպէս, ոչ մեկը ձեռնարկ մը ըրավ ինծի չարիք ընելու:
Իրենց խոժոռ հայացքներէն թեև կը նեղվէի, բայց կը սրտապնդէի ինքզինքս, որպէսզի վարժվեմ վերջապէս, քանի որ ստիպված էի կեանքի պայքարին և ապրուստի հոգսին համար դարձեալ իջնալ ասպարեզ ու գործ ունենալ իրենց հետ:

Առաջին անգամ գացի այրած խանութիս կողմը, որ մեր տունէն հեռու չէր:
Ոչ միայն խանութը մոխիրի էր վերածված, այլև շրջակայ շատ խանութներ և տուներ ևս վառած էին բաւականին խոշոր տարածութեան մը վրայ:

Գլխիկոր յառաջացայ շուկային մէջէն՝ մինչև որ հասայ միւս նոր բացած վաճառատուների մոտ: Ասիկա այրած չէր թեև, սակայն շեն վաճառատունիս ներկայ վիճակը շատ վատ ազդեց սրտիս վրայ:

Թուրք խուժանը հարձակվել էր հարուստ որսին վրայ, ամեն ինչ կողոպտել ու միայն աղբակույտ մը կը մնար վաճառատան մէջ:
Հուզված սրտով ներս մտայ և կ’ափսոսայի այդքան աշխատանքներով ձեռք բերած վաստակներս…
Կը խորհէի, որ այլևս նորեն ոտքի կանգնիլ և նման դիրքերու հասնիլ՝ բոլորովին անհնար է ինձ, այն ալ՝ Թուրքիոյ մէջ, քանի որ ո՛չ կեանքդ քուկդ է, ո՛չ պատիվդ, և ո՛չ ալ վաստակդ քեզի չի պատկանիր:

Այլևս ի՞նչ սրտով քաջալերված գործի կրնայի լծվիլ…
Տրտմութեամբ համակված կը մտածէի և երբեմն ոտքով անգիտակցաբար աղբակույտերը կը խառնէի, չեմ գիտէր՝ ինչու՞: Արդեօք գա՞նձ մը պիտի գտնէի…
Ինչու՞ չէ…
Իրավ որ ալ՝ մեկուն աղբերէն մէջէն ճերմակ մոմ մը մէջտեղ ելավ, որը, կ’երևի, չէին տեսեր: Ծռեցայ ու վերցուցի գետնէն և գրպանէս լուցկի մը հանելով՝ մոմը վառեցի ու վաճառատան շեմքին վրայ փակցուցի:
Այս ձևը սնանկութեան նշան է մեր երկրի սովորութեանց համաձայն:

Անցնող-դարձող թուրքերը՝ տեսնելով, վահ-վահ կը խնդային վրաս ու կը ծաղրէին զիս, թէ՝ «Դուն մէջը ի՞նչ ունէիր: Թուրքերէն շահածդ միայն թուրքին տվիր»…

Կէս ժամու չափ մնացի հոն: Քովի դրացիները կուգային ու զիս իբրև թէ կը մխիթարէին ու կը քաջալերէին, որ նորէն սկսիմ:
Անոնցմէ ոմանք ալ կ’այպանէին կատարված վայրագութիւններն ու թալանը, որ կը վերագրէին անպատասխանատու չէթաներուն: Կ’ուզէին կարծեցնել այս կերպով, թէ իրենք սուրբեր են և բոլորովին անմեղներ:
Մինչդեռ իրականին մէջ՝ այդ եղեռնը միայն թուրք ժողովուրդի՛ն և իրենց էշրաֆներու՛ն կողմէ կանխատեսումով կազմակերպուած ու ծրագրուած էր:

Ջարդէն վերջ խղճամիտ ու աստվածավախ թուրք անձնավորութիւններ հաստատեցին բուն եղելութիւնը, թէ Մարզուանի թուրք էշրաֆն ու ժողովուրդը վրեժ մըն էր, որ լուծեցին Հայերէն, որոնք երկու տարի առաջ՝ Անգլիացիները երբ Մարզուան էին, կարգ մը մատնանշումներ ըրեր էին 1915-ի արհավիրքի կազմակերպիչ կարգ մը մարդոց նկատմամբ»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…