«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ճ)

«Ապագան մի դուռ է, Անցյալը նրա բանալին է»,- գրել է Վիկտոր Հյուգոն:
Եվ մերօրյա փոթորկալից իրադարձությունների հորձանուտում հիշում ենք ու կրկնում, որ, իրոք,
«Ապագան մի դուռ է, որի բանալին Անցյալն է»…

1921 թվականի Մարզվանի կոտորածների ականատես Նշան Զորայանի հուշերից ևս մի հատված՝ ստորև:
Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…

«…Վայրկեանները կարծես ժամերու չափ կ’երկարէին, մինչև որ վերջապէս փօլիսը՝ ընկերացած քրօջս և զարմիկիս հետ, որ այս հուշերը գրողն է, եկան ու զիս գտան կիսամեռ վիճակիս մէջ»:

Ահա՛, թէ ինչպէս ազատուած էր այս մարդը, որ ողջ մնացողներէն վեցերորդը եղավ: Անշուշտ, այս հաշիվէն դուրս են այն կարգ մը էրիկմարդիկը, որոնք նախապէս կա՛մ Ամերիկեան գօլէճի մէջ աշխատաւոր էին, և կա՛մ մի քանիներ ալ՝ ժամ առաջ հոն ամբաստանելով ողջ մնացած էին:
Երբ փոլիսը լուրը բերավ, թէ վիրավոր մեկը ունիք հիվանդանոցը՝ հասկնալով, որ մօրեղբայրս է, անմիջապէս, քույրը՝ Մայրենին ալ հետս, զայն տեսնելու փութացինք:
Տեսնելով զինքը երկարած — պառկած քուրջի մը կտորին վրայ՝ արյունով ներկված, շատ հուզվեցի:
Ինքն ալ շատ հուզվեցավ, երբ մեզ տեսավ ու աչքերէն արցունքներ թափեցան դեմքին վրայ:
Մենք ստիպվեցանք մեզ զսպել և քաջալերել զինքը…
Ըսինք, որ ամեն ինչ վերջացած է, ինք ողջ է և մենք պիտի աշխատինք ամեն միջոցներով, որ վերքերը բուժվին, և ամեն ինչ մոռացութեան տրվի:
Ինք չէր հուսար, որ կրնար բժշկվիլ: Ըսավ՝ «Գիտե՛մ, պիտի մեռնիմ, միայն թե, եթէ կրնաք, զիս մեր տու՛նը տարեք, գոնէ տունիս մէջը մեռած ըլլամ»…

Դարձեալ քաջալերեցինք զինքը, և ըսի, որ՝ քանի որ մինչև հիմա ողջ մնացեր է, բնավ պիտի չվախենա, մեր ձեռքերնուս եկած խնամքները պիտի կատարենք, և՝ «Ես վստահ եմ՝ տակաւին շա՜տ պիտի ապրիս»:

Անմիջապէս թևերը մտանք ու ոտքի հանեցինք զինքը: Վրայիս բաճկոնը հանեցի ու իրեն հագցուցի, ուզեցի շալակս առնել և այդպես տուն տանիլ: Բայց, ցավեր զգալով, չուզեց, որ այդպես տանիմ ու ըսավ, որ վար իջեցունեմ:
Միայն թևերէն բռնեցինք և կամաց — կամաց քայլելով գացինք:
Բարեբախտաբար, գտնված վայրը մեր տունեն հեռու չէր և մի քանի վայրկեանի ճամբան կէս ժամ դրինք մինչև տուն հասնելնիս:
Տուն բերելով՝ մենք ալ ստիպվեցանք պառկեցնել չոր տախտակի բազմոցին վրայ:

Ն. Զօրայեանի մորեղբայրը՝ Հակոբ Քէլլեճեանը՝ վիրավոր տարիները հեռվում թողած

Մեր բակին մէջ շատ մը թռչունի փետուրներ թափված էին. հավաքեցինք զանոնք, բայց ինչի՞ մէջ լեցնէինք:
Կողոպտիչները ամեն ինչ տարած էին…
Աստին-անտին ինկանք ու պատռած, անգործածելի պարկ մը գտանք և, քիչ կարկատելով, լեցուցինք փետուրներն անոր մէջ և իբրև անկողին՝ տակը փռեցինք:
Պէտք էր վերքերը լուալ ու մաքրել…
Բայց ինչո՞վ…
Ո՛չ ջուր տաքցընելու աման կար, և ո՛չ ալ՝ վառելանիւթ:
Նախ դեղարան վազեցի ու վիրակապի ճերմակ փաթթոցք ու դեղեր առի և տուն վերադարձայ: Մինչ այդ՝ վառելու կտոր մը փայտ ճարած էինք: Կը մնար ջուր տաքցընելու աման մը գտնինք:

Միտս եկավ մեր դրացի թուրքը:
Անմիջապէս վազեցի անոր մօտ, պատմեցի եղելութիւնը, խնդրեցի ջուր տաքցնելու աման մը փոխ տալ՝ վիրաւորին վերքերը լվալու համար:
Մարդը ուզած ամանս ինծի բերելու ոտքի ելավ, բայց, նախքան այդ, ըսավ՝ «Զաւա՛կս, շատ ուրախ եմ, փա՛ռք Աստուծոյ, որ դուք ողջ-առողջ ազատուեցաք և ինծի ալ ազատեցիք մղձաուանջէ մը, որ երկու օրէ ի վէր սիրտս կը կրծէր: Այլևս խիղճս հանգստացած է, ուստի, այն ծրարը, որ ինծի վստահեցաք ու ձեռքովնիտ դրիք սա դիմացի դարակին մէջ՝ վերցուցե՛ք, որ ես հանգստանամ:
Անկէ վէրջ՝ ուզած ամանդ կը ստանաս»:
Ըսի թէ՝ «Պե՛յ պապա, ես ատոր համար չէ, որ եկայ ձեր քով: Հիմա ատենը չէ տակաւին ատոր մասին խորհելու և, նույնիսկ, շատ կը փափագիմ, որ ձեր մօտը մնայ այդ ավանդը ժամանակ մը, մինչև որ քիչ մը խելքերնիս գլուխնիս ժողվենք: Ձեր մօտ հազար անգամ ապահով է, քան մեր մօտ, որ ներկայիս պահելու տեղ մը անգամ չունինք»:
«Ո՛չ,- ըսավ կտրուկ շեշտով մը,- այդ բանին համար առնես ու գրպանդ դնես, աճապարէ՛ ու երբե՛ք առարկութիւն մի՛ ըներ: Ես վայրկեան ավելի չեմ կրնար քովս վար դնել ձեր ավանդը և կ’ուզեմ, որ հանգստութիւնս վերագտնեմ»:
Տեսայ, որ այլևս անհնար էր խոսք մը հասկցնել»…

«…Հակառակ իմ կամքիս՝ վերցուցի ծրարը:
Երբ դարակէն հանեցի ու գրպանս տեղավորեցի՝ «Էլ — համտ-ալա՜հ»՝ «Փա՛ռք քեզ, Աստուա՜ծ» մը մրմնջեց ու ձեռքերը բացած դեպի երկինք նայեցաւ ու արաբերեն կարճ աղօթք մըն ալ ընելէ յետոյ, պօռաց կնօջը, որ ներս գայ:
Քիչ յետոյ կինը ներս եկավ՝ գլուխը ծածկուած, որուն կ’ընկերանար իրենց ութ տարեկան աղջիկ թոռնիկը:
Ջարդի օրերուն կինն ու թոռնիկը տանը չէին, ինչու որ՝ երկուշաբթի օրն իսկ, երբ սպանութիւններ տեղի կ’ունենար, թոռնիկը տեսեր էր մեկի սպանութիւնը պատուհանէն ու սաստիկ վախցեր, ատոր պատճառով մարդը խոհեմութիւն էր համարեր հեռացնել կինն ու թոռնիկը այս Հայկական թաղէն ու ղրկել զուտ թրքական թաղ մը՝ իրեն հայրենակիցներէն մէկուն տունը, որպէսզի չի տեսնեն նմանօրինակ սահմռկեցուցիչ դէպքեր…

Երբ կինը այդպէս ծածկված ներս եկավ, մարդը հրամայեց կնօջը, որ նախ գլուխը բանայ, ինչ որ ըսավ, որ՝ «Այս անձը այլևս իմ հոգեզավակս է և անկէ քաշվելու պետքը չի կայ»:
Յետոյ կնօջը ըսավ, որ երթայ ու ջուր տաքցնելու պղինձ մը, ուրիշ աման մը՝ «լէկեն», ջուր լցնելու այլ աման մը, կտօր մը գործածուած օճառ և հիվանդին վրան ծածկելու բուրդե ծածկոց մը պատրաստէ և ինծի յանձնէ:
Կինը դուրս եկավ՝ յանձնարարութիւնները պատրաստելու:
Շատ զգացուած էի այս տարօրինակ բարի մարդուն զգացմունքներէն՝ մեզի հանդեպ, որ բացարձակապէս անծանօթ մըն էր իրեն:
Ինչպէ՞ս բացատրէի այս մարդուն իմ փոխադարձ շնորհակալիքս, որուն նմանը հազվագիւտ էր իր ցեղին մէջ:
Երբ կինը դուրս ելաւ սենեակէն՝ գրպանէս հանեցի ծրարը, որուն մէջի պարունակութիւնը թեև իմս ալ չէր ու կը պատկաներ մեր տան տիրուհիներուն, քոկեցի ու մէջի թղթադրամներէն մաս մը՝ ինչ որ ձեռքս եկավ, առանց համրելու առի ու աղջիկ թոռնիկին երկարեցի:
«Ա՛ռ, ձագու՛կս,- ըսի,- մեծ հայրիկդ թող անուշեղեն և խաղալիք բերէ քեզի»:

Թոռնիկը, երբ տեսավ պանքնօթներու տրցակը, մեծ հօրը դարձավ և անոր երեսին կը նայեր՝ մեծ հօրէն այդ դրամները ստանալու հրամանին սպասելու ձևով մը: Իսկ մեծ հայրը՝ երբ տեսավ ձեռքիս մէջ բռնածս, սկսավ զիս ամչցնել, ըսավ՝ «Փա՜ռք Տիրօջ, իմ թոռնիկս պակաս բան մը չունի, ու ես կարող եմ անոր բոլոր ցանկութեանց գոհացում տալու: Եթէ իմ ձեռքէս բարիք մը գայ ընել որևէ մէկուն՝ զայն կ’ընեմ՝ առանց դույզն ակնկալութեան: Վարձատրուած բարիք մը բարեգործութեան կը դադրի՛, ուստի՝ պարապ տեղը մի՛ յոգնիք, թոռնիկս չի կրնար ընդունիլ նման նվեր մը, տեղադրէ՛ զայն ծրարիդ մէջ: Ես գիտեմ, թէ մանաւանդ հիմա, դուք որքան պետքը ունիք այդ դրամներուն, քանի որ բոլորովին կողոպտված եք:
Ձեր առաջարկը մի՛ կրկնեք, ինչու որ՝ ստիպված պիտի ըլլամ մերժելու»:

Զարմացած երեսը կը նայէի և կը հիանայի այդ մարդուն ուղղամտութեան վրայ, որ, իրավ ալ՝ ոչ մէկ նիւթական ակնկալութիւն կը սպասէր ինձմէ»…

Ի վերջո համոզելով, որ նրա արած «մարդասիրական բարիքի» դիմաց իր երախտագիտության այդ նվերը չպետք է մերժի, քանզի իրեն «հոգեզավակն» է համարում, թոռնիկն արտոնվում է «նվերը ստանալու», ինչը որ վերջինս մեծ ցնծությամբ է ընդունում…

…«Հրաժեշտ առի իրենցմէն ու ինծի յանձնուած պիտույքներով տուն վերադարձայ:
Անմիջապէս կրակ վառեցինք ու ջուր տաքցուցինք՝ նախ մարմինը լվալ-մաքրելու և վրայի արիւնոտ շորերը փոխելու դիտաւորութեամբ, որպէսզի բժիշկը կանչէի՝ վիզին ու դէմքին վրայի վերքերը ինքը զննէ ու կապէ:

Մարմնույն վրայի վէրքերէն ո՛չ ինքը դեռ լուր ուներ և ո՛չ՝ մենք: Ու երբ լվացինք արիւններէն՝ նկատեցինք, որ խեղճ մարդուն մարմնույն զանազան կողմերը սուրի ծայրով բացված քանի մը վերքեր ալ կան:
Վրայի շապիկը վերքերուն բացվածքին փակած և բերանին գոցուցուած էր:
Երբ մենք շապիկը թրջեցինք, որպէսզի փակած տեղերը թող տայ՝ տակէն արյուն դուրս գալ սկսեց:
Մարմնույն այդ մասի վերքերէն մեկը քիչ մը վտանգավոր կ’երևար ինծի, քանի որ ամեն անգամ շունչ ըրած ատեն օդ կ’առներ-կուտար:
Քույրը և միւսները գլուխնին և շուրթերին շարժումով ինծի հասկցնել կ’ուզէին, թէ ծանր է հիվանդը, իրենք հույս չունին, որ լուսացնայ, մանավանդ՝ ներկայ պայմաններու տակ, որ հիվանդանոց չի կար, որ փոխադրէինք: Իսկ մեր տուներուն մեջ հովը մէկ կողմէն կը փչեր ու միւս կողմէն կ’ ելլեր:

Շիտակը ըսելով՝ ես ալ հարիւրին՝ իննսուն, յուսահատ էի իր վիճակէն»…

…«Ես դուրս ելայ բժիշկը գտնելու: Կէս ժամ փնտրտուքէ մը յետոյ, վերջապէս, գտայ զայն և միասին տուն վերադարձայ»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Ն. Զօրայեանի վիրավոր մորեղբոր ընտանեկան լուսանկարներից՝ դեպքերից տարիներ անց՝ Ֆրանսիայում