«ՑԵՂԸ՝ ԲՆԱԿԱՆ ԱՆՇԷՋ ԴԱՐԲՆՈՑ»…

«Նշանակալի անկյունադարձի առջև գտնվող» աշխարհում, երբ կյանքը նոր օրենքներ է թելադրում Մարդկությանը, «Ազգային դեմքն ու Ոգին» պահելով «ինքնափրկության» ուղիներ են նշել Հայ բազմաթիվ մտավորականներ՝ Ազգի, Հայրենիքի ապագայի մտահոգությամբ՝ համոզված, որ սեփական ազգային պատմությամբ ու Նախնիների փառքով ձուլված «Հոգևոր զենքով» կկերտվի բաղձալի ապագան՝ ի հեճուկս այլոց թելադրած կամքի:

1924 թվականի մայիսին իր՝ «Անցյալից» գրքի «Ներածության» մեջ Լեոն գրում է.

«Ես 17 տարեկան աշակերտ էի Շուշիի քաղաքային դպրոցում, երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը (1877)։ Այս մի ահագին հիշողության դրդիչ էր, որի ուժը ես էլ զգացի ինձ վրա։ Մինչև այդ մենք ուրիշ բան էինք, հիմա պետք էր լինում ուրիշ բան դառնալ։

Ի՞նչ էինք։

Իմ ծննդավայրը՝ Շուշի քաղաքը, մեկն էր մեր չափազանց խեղճ ու խուլ գավառական անկյուններից։ Հեծնած իր բարձրաբերձ ժայռերի կատարներին, հեռու նետված կենտրոններից ու մեծ ճանապարհներից, դրսի աշխարհի հետ հաղորդակցություն պահպանելով շաբաթը երկու անգամ ստացվող փոստի միջոցով՝ նա առանձնացած, լճացած էր ինքն իր մեջ, ապրում էր իր ներքին, մանր ու ողորմուկ շահերով։
Հայերն ու թուրքերն ապրում էին իրարից առանձնացած, իրար խորթ ու անհաղորդակից։ Խանական ժամանակների սարսափները դեռ ապրում էին Հայերի մեջ։ Ընդհանուր քաղաքային հասարակական կյանք չկար և չէր կարող լինել, քանի որ հասարակություն կազմող երկու ազգությունները լցված էին իրար դեմ փոխադարձ ատելությամբ։

Մնում էր «ազգային» կյանքը։ Այս նշանակում էր եկեղեցի, որ լցնում էր Հայ հասարակության ամբողջ կյանքը, մինչև, այսպես ասած, պռունկները, ներկայանում էր իբրև միակ ուժը և շարժիչը, միակ առարկան, որ լցնում էր համայնքի բոլոր մտավոր ու հոգեկան պահանջները։ Հիշում եմ՝ ամեն շաբաթ երեկոյան կրկնվում էր սովորական դարձած, բայց և միշտ խոշոր ու հիասքանչ նշանակություն ունեցող դեպքը՝ առաջնորդի եկեղեցի գնալը: Բարձրահասակ, ծերունազարդ Սարգիս եպիսկոպոսի ոսկեգույն ձին հայտնի էր ամբողջ քաղաքին և ամբողջ թեմրն: Այդ ամեհի երիվարի վրայից նա ընդունում էր աջից ու ձախից խոնարհվող բաց գլուխների ողջույնները: Նրա առջևից, նույնպես գեղեցիկ ձիու վրա, գնում էր գավազանակիր տեր-Ավշար քահանան, իսկ հետևում էր՝ երրորդ ոսկեգույն ձիու վրա, առաջնորդական ձիապանը՝ Իշխան անունով:

Փողոցները, որոնք այդ գնացքի ճանապարհն էին դառնում, դղրդում էին։ Բազմությունը դուրս էր թափվում նայելու, արմանալու և իր տպավորություններն այդ օրվա ու հետեւյալ օրերի խոսակցության նյութ դարձնելու համար։

Գլխովին եկեղեցական մի կյանք էր տիրում աղայի և արհեստավորի տանը։
Մի իսկապես տիրացու ժողովուրդ էր ամեն օր արևի տակ ելնում «աստվածապահ» Շուշի քաղաքում։ Կային այդ ժողովրդի հակադրություններ և հակաճառություններ, անգամ՝ կուսակցություններ, բայց այդ բոլորը՝ տերտերի, ժամի, շապիկի, խաչ-խաչվառի, քարոզի, տիրացուի ձայնեղության կամ բաղաձայնության շուրջ: Գավառական ճահճի բորբոսնած մակերևույթին կյանքի վլվլուկ, եռուզեռ, համայնական խմբումներ, հավաքական հոգեբանություն, զանգվածային պաշտամունք երևան էին հանում միմիայն եկեղեցական թափորները, տոները, ուխտագնացությունները:

Եթե այդժամ մի Ղազանչեցոց եկեղեցի՝ շնորհիվ այն հանգամանքի, որ նրա ծխականներից շատերը հարուստ վաճառականներ էին Մոսկվայում, դուրս էր բերում հարուստ ու մեծագին զգեստներ, խաչեր, սաղավարտներ, սկիհներ, ոսկե աղավնիներ, այս արդեն միանգամայն բավական էր, որ ամեն մեկի ազգասիրությունը բավարարված լիներ, որ ամեն մեկն ինքն իրեն զգար երջանիկ Հայ — քրիստոնյա: Երեխաներն անգամ իրենց տներում շատ հաճախ զվարճանում էին տերտերների ու տիրացուների պես զգեստավորվելով, եկեղեցական հանդեսներ ձևացնելով և, մանավանդ, տերտեր-տիրացուների երգերին անճոռնիորեն նմանակելով։

Ես էլ, ինչ ասել կուզի, այդ համատարած իրականության մի հարազատ մասնիկն էի։

Եվ ահա գալիս են անսովոր դեպքեր։ Տեղական գունդը զինվորական նվագածությամբ հեռանում է քաղաքից։ Ամենքն ասում են, և իրենք` զինվորներն էլ գիտեն, որ պատերազմ է պատրաստվում օսմանցու դեմ։ Պատերազմ գնացողների տեղ Ռուսաստանից գալիս են պահեստի զինվորներ, որոնց մարզում են ամեն օր։ Նահանգապետից ոստիկանությունը հրաման է ստանում կամավոր զորք կամ միլիցիա կազմել տեղացիներից։ Մեր թաղեցի մի երիտասարդ արդեն գրվել է, նոր զգեստ է ստացել, ձի է գնել։ Մի խոսքով, այն պահն է, երբ, ինչպես սովորություն է ասելը, օդի մեջ վառոդի հոտ է զգացվում։

Վառոդը մեզնից շատ հեռու տեղերում պիտի պայթեր։ Բայց այսպես էլ նա բավականաչափ ուժեղ էր, որպեսզի ինձ պես դպրոցականին էլ դուրս շպրտեր հայրենի տիրացուական ճահճից»…

Լեոյի գրածներից տարիներ անց՝ Բուլղարիայում՝ Վառնայում հանգրվանած Հայորդիներից մեկը՝ դոկտոր Պ. Հաճօլեանը բժշկի՛ տեսանկյունից է անդրադառնում Հայ ազգի վիճակին, ազգապահպանման խնդրին:
Դոկտ. Պ. Հաճօլեանի՝ «Առողջ ցեղի կերտում» հոդվածից մի հատված՝ ահավասիկ (մեջբերումը՝ «Տարօնի Արծիւ», 1938 թվական, ապրիլ, Ա տարի, թիւ 1):

«Իւրաքանչիւր ազգ, որ կը վճռէ ապրիլ, կը պատրաստուի ենթարկուիլ կեանքի անողոք հրամայականին՝ ի՛ր իսկ մէջ կենդանացնելով ցեղը, որ կենսաբանական ըմբռնում է և, հետեւաբար, ինչպէս ամեն կենսաբանական կառուցվածք՝ ուժածին գործօններու Նախաղբիւր:

Բոլոր այն ազգերը, որոնք, ըմբռնելով օրուայ հրամայականը, սկսած են ցեղօրէն տառապիլ, ցեղօրէն վճռել ու ցեղօրէն գործել, առօրեայի վրայով կը դիմեն դէպի իրենց ապագան, կը կերտեն իրենց վաղուայ ճակատագիրը, կը հարթեն յաւիտենականութեան ճամբան:

Արդի ընկերային կենսաբանութիւնը ցոյց տուաւ, որ ազգերու յատկանիշները անփոփոխելի չեն: Անոնք ստեղծուած են անցեալի պատմական ելեւէջներու ընթացքին ու պայմաններու ներգործութեամբ կրնան փոխուիլ:

Ազգերու ճակատագիրը, սակայն, կը մշակէ Ցե՛ղը, որ բնական Անշէջ Դարբնոց մըն է, ուր կը վերանորոգուին, կազնուանան կենսաբանական ոյժե՛րը, բնազդնե՛րը և բոլո՛ր այն կարողութիւնները, որոնք, թաղուած գորշ իրականութեան մոխիրին տակ, դադրած էին պատմութեան մարզին մէջ արտայայտութիւն ստանալու ընդունակութիւն ունենալէ:

Ի՛նչ խօսք, որ մեր ժողովուրդի մէջ քնած ոյժեր կան, որոնք պէտք է վերակերտուին ցեղային կրակարանին մէջ:
Եվ, ի՛նչ խօսք, որ կենսաբանական սթափումո՛վ, բարոյական ոյժերու վերազարթնումո՛վ միայն մենք կրնանք ազատիլ այն նուաստացուցիչ ճակատագրէն, որ մեր մեղսակցութեամբ աշխարհը պարտադրած է մեզ:

Հոգեփոխուելու, վերանորոգուելու պահա՛նջ կայ, եթէ կուզենք ցեղօրէն արժեցնել մեզ, եթէ կուզենք պատմութիւն ստեղծող ո՛յժ դառնալ կրկին:

Ցեղային գիտակցութիւն, ցեղային պատիւ, ցեղային կորով, ցեղային վճռականութիւն ու անպարտելիութիւն — ահա՛ այն զմայլելի գործօնները, որոնք կրնան վերանորոգել ու հոգեփոխել մեզ:
Սակայն այդ բոլորը կը բղխին հոգեպէս ու ֆիզիքապէս առո՛ղջ կենսաբանական կառուցուածքէ:
Հետեւաբար, մեր ամբողջ ծրագիրը պէտք է կենտրոնացնենք առո՛ղջ ցեղ կերտելու լուրջ ու հետեւողական աշխատանքին շուրջ:

Այդ գործին մեծապէս պիտի նպաստէ Տարօնական շարժումը, որ ցեղի յաւիտենականութենէն բղխած գաղափար մըն է, խորքով և արտայայտութեամբ համահայկական բարձր մտահոգութիւն մը:

Տարօնականութինը նախ և առաջ Հայրենիքը վերանուաճելու՛, Հայրենատէ՛ր դառնալու անդրդուելի կա՛մք է, իսկ այդպիսի կամք կրնան ունենալ միմիայն ցեղօրէն առո՛ղջ ժողովուրդները:

Կերտելով առողջ ցեղ, մենք բնականօրէն պիտի նպաստենք Տարօնական Ոգիին: Իսկ համակուելով այս Ոգիով, մենք պիտի ստեղծենք կենսաբանական բարոյականով օժտուած ժողովուրդ:
Այս տեսակէտով՝ Տարօնականութինը ո՛չ միայն իդեալ մըն է, այլեւ՝ ցեղակերտումի գործնական ծրագիր մը:
Մեզ կը մնայ լուրջ գործի լծուիլ՝ նպաստելու համար այս մեծ, այս ճակատագրական Զարթօնքին»…