«…ՄԻԱՅՆ ՀՈ՛ՂԸ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԸ ՊԻՏԻ ՀԱՍՆԻ»…

«Ութ տարեկան էի, ու տատս ինձ պատմում էր իր տառապանքները, քանզի մայրս ու քեռիս այլևս չէին ուզում խոսել այդքան ցավալի անցյալից:
Նրանք շրջել էին այդ էջը: Ուստի՝ նա ի՛նձ էր վստահում իր վշտերը, իսկ ես «խմում էի» նրա խոսքերը»,- հիշում է Աննի Ռոմանը (Anny Romand), Հայոց ցեղասպանությունը վերապրած իր տատի՝ Սրբուհի Հովակյանի մասին պատմելիս:
Այդ պատմություններն, անշուշտ, ծանր էին ութամյա աղջկա համար, սակայն, հետագայում նա երախտագիտությամբ կասի.
«Ես շատ շնորհակալ եմ նրանից: Նրա շնորհիվ ես գիտեմ, թե որտեղի՛ց եմ գալիս:
Դա մի պատմություն է, որն իմ մա՛սն է: Տատիկս ինձ շատ ուժ տվեց, աչքերս բացեց կյանքի հանդեպ»…

Սրբուհի Հովակյանն իր թոռնուհու՝ Աննիի հետ

2019 թ. Երևանում հայերեն և ֆրանսերեն լույս է տեսնում Սրբուհի Հովակյանի թոռնուհու՝ Աննի Ռոմանի պատրաստած՝ «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը՝ ցեղասպանության օրերին գրված օրագրի էջերից հատվածներով (գրքի ֆրանսերեն տարբերակից՝ Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ):
Պատմական փոքրիկ անդրադարձից հետո որոշ հատվածներ ևս՝ Ֆրանսիայի Ազգային գրադարանի հրատարակած՝ «Միայն հո՛ղը կգա մեզ օգնության» գրքից (սկիզբը՝ նախորդ հրապարակման մեջ):

1919-1921 թվականներին Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանում, ինչպես և տարբեր նահանգներում ու գավառներում 60-ից ավելի դատաքննություններ են եղել՝ Հայերի հանդեպ իրականացված կոտորածների կազմակերպիչների ու կատարողների պատասխանատվությունը քննելով:

1915-ի սկզբին Տրապիզոնի նահանգի վալի Ջեմալ Ազմիի հրամանով, դավաճանության կեղծ մեղադրանքով զինաթափվել ու գնդակահարվել են թուրքական բանակի հազարավոր Հայ զինվորներ։ Նույն թվականի հունիսից մինչև հոկտեմբեր Տրապիզոնի նահանգի տասնյակ հազարավոր Հայերի թուրքական իշխանությունները տեղահանել են ու կոտորել հիմնականում Ջանիկի լեռներում, Գյումուշխանեի ճանապարհին և այլուր։ Շատերին նավահանգստային քաղաքներից նավերով հանել են բաց ծով և ողջ-ողջ ջրահեղձ արել։ Զանգվածային մահմեդականացման դեպքեր են եղել Տրապիզոնում, Օրդուում, Սամսոնում և Կերասունում։

Մինչև աքսորավայր՝ Մոսուլ, հասցվել են սակավաթիվ մարդիկ։ Ըստ գերմանացի հասարակական գործիչ, արևելագետ, Յոհաննես Լեփսիուսի, 1915-ին Տրապիզոնի նահանգից տեղահանվել ու կոտորվել է 32.700 Հայ։

Որոշ հատվածներ՝ Լուսինե Յ. Աբրահամյանի՝ «Նախապատրաստելով Հայոց ցեղասպանությունը Տրապիզոնում. վաղ փուլ և ակտիվացում» («Ցեղասպանագիտական հանդես», 10, հ. 2 (2022), 26-48) հոդվածից:

«Տրապիզոնը՝ Հայոց ցեղասպանության թիրախում.

1914 թ. օգոստոսին՝ Առաջին աշխարհամարտի սկսվելուց մի քանի օր անց, Տրապիզոնում հրի է մատնվում հայկական արական վարժարանը, որի հարևանությամբ գտնվում էր ռուսական հյուպատոսարանը: Հրդեհի օջախները վարժարանի տարբեր հատվածներում էին. այրվել էին մատենադարանը, հնագույն քարտեզները և հավաքածուները:
1914 թ. օգոստոսի 2-ին` Գերմանիայի հետ քաղաքական և ռազմական գաղտնի համաձայնագրի ստորագրումից հետո, իթթիհաթական վարչակարգը հայտարարում է համընդհանուր զորահավաք, որին ենթարկվում է նաև Տրապիզոնի Հայ տղամարդկանց մեծամասնությունը: Նրանց զինաթափված տանում են քաղաքից դուրս՝ դեպի Երզնկա, Բաբերդ և Գյումուշխանե՝ ճանապարհների շինարարության վրա աշխատեցնելու, որտեղ կա՛մ դատապարտվում են դանդաղ մահվան՝ քաղցից ու հիվանդություններից, կա՛մ՝ գնդակահարության:
Տրապիզոնում կառավարության կողմից հրահրվող գործողություններն ու հայահալած միջոցառումները շարունակվում են 1914 թ. աշնան և 1915 թ. գարնան ամիսներին»…

…«1915 թ. հունիսի սկզբներին Տրապիզոն է գալիս երիտթուրքերի՝ Կ.Պոլսի կենտրոնական կոմիտեի անդամ, Հատուկ կազմակերպության՝ «Teşkilat-ı mahsusa»-ի նախագահ, բժիշկ Բեհաեդդին Շաքիրը: Ժամանելուց անմիջապես հետո Բեհաեդդին Շաքիրը Տրապիզոնի կուսակալի հետ ժողով է հրավիրում Տրապիզոնի նահանգի կառավարիչներին՝ գաղտնի հրահանգներ տալով նահանգի Հայերի ջարդի մասին: Այդ մասին վկայում է նաև ցեղասպանությունը վերապրած տրապիզոնցի Սիրանուշ Մանուկյանը՝ Տրապիզոնի ոճրագործների դատավարության չորրորդ նիստի ժամանակ. դոկտոր Բեհաեդդին Շաքիրը Տրապիզոն է ժամանում՝ իր հետ բերելով կնքված ծրարներ՝ Հայերի կոտորածներն ու աքսորը կազմակերպելու ցուցումներով: Այդ մասին նույն դատական նիստի ժամանակ վկայում է նաև թուրք բժիշկ Ավնին, որը հաստատում է, որ տեղահանության հրամանից մի քանի օր առաջ Տրապիզոն էր եկել Բեհաեդդին Շաքիրը՝ տեղահանությունը կազմակերպելու հրահանգներով: Բեհաեդդին Շաքիրի գալուց անմիջապես հետո ժողով է գումարվում Ջեմալ Ազմիի, կայմակամների և մյուդիրների մասնակցությամբ: Ազմին պնդում էր, որ Հայերին պետք է կոտորել ոչ թե քաղաքում, այլ աքսորել՝ սովամահության մատնելով:

Սիրանուշի վկայությունից պարզ է դառնում, որ հանդիպման ընթացքում Հայերի կոտորածներն իրագործելու հարցում որոշակի անհամաձայնություններ են եղել: Հանդիպմանը ներկա իթթիհաթական Մուսթաֆան և Տրապիզոնի հարկային տեսուչ Մեհմեդ Ալին պնդում էին, որ կոտորածները հարկավոր է իրագործել տեղում և անհապաղ»…

«…Որոշում է կայացվում «հեռացնել Հայերին», «մեկ Հայ անգամ չթողնել», որ «նրանց գերեզմանները քաղաքում չլինեն»: Բեհաեդդին Շաքիրի հեռանալուց հետո Ջեմալ Ազմին Տրապիզոնում երիտթուրքական կուսակցական գործիչների ժողով է հրավիրում, որին հաջորդում է հանդիպումը մութասարըֆների և կայմակամների հետ՝ քննարկելու նահանգի Հայերի կոտորածն ու աքսորը կազմակերպելու գործընթացը:

«Մահվան քարավանների» ճամփաները

Տասը օր տևած ժողովից հետո սարսափի մատնված Հայ բնակչությանը թմբիրի մեջ պահելու և հանրային տրամադրությունները մեղմելու նպատակով վալի Ջեմալ Ազմիի նախաձեռնությամբ կազմվում է հոգևորականների և ազգային երևելիների հանձնախումբ, որը պետք է շրջեր քաղաքներով ու գյուղերով՝ ժողովրդին խաղաղեցնելու ու վստահեցնելու, որ կառավարությունը մտահոգված է իր հպատակների հանգստությամբ:

Հանձնախմբի անդամներն էին՝ առաջնորդ Թուրյան վարդապետը, Տեր Շեղա քահանան, հոգևորականներ Գյումուշխանեից, Սահակ էֆենդի Էթմեքճյանը, Կարապետ Մնացականյանը:
Հարկ է նշել, որ այդ հանձնախմբի քարոզչությունն իր քայքայիչ ազդեցությունն ունեցավ Հայ ժողովրդի այն հատվածի վրա, որը մտադիր էր ինքնապաշտպանության դիմել»:

…«1915 թ. հունիսի 24-ին Տրապիզոնի համայնքից 42 Հայի, հիմնականում կուսակցական գործիչների և ռուսահպատակ Հայերի, կանչում են նահանգապետարան և տեղեկացնում, որ պետք է ուղարկվեն Սամսուն հարցաքննության՝ համաձայն նահանգապետի կարգադրության:
Այդ պատրվակով կառավարությունը Հայ երևելիներին հեռացնում է քաղաքից ոչ հեռու Պլաթանա կոչվող վայրը, երկու «մավունաներով»՝ մակույկներով Սամսուն տեղափոխելու նպատակով:
Նրանց հետևից ծով են դուրս գալիս ժանդարմներով ու «Թեշքիլաթ-ը մահսուսա»-ի՝ Հատուկ կազմակերպության մարդասպանների և չեթեների խմբերով մակույկներ: Գործողությունը ղեկավարում էին Թեքքելի Նեշատը (Թեքքե գյուղից), որը Տրապիզոնում իր հայատյացությամբ «մեծ համբավ» էր ձեռք բերել դեռևս 1910 թ., և ղայեղճի (մակույկավար) Քիսան: Երկուսն էլ մարդասպաններ էին, որոնք ազատ էին արձակվել բանտից Ջեմալ Ազմիի հրամանով: Կառավարությունը մակույկավարներին 50 ոսկի է տալիս այդ գործողության համար»:

Տեսարան Տրապիզոնից

«Ցեղասպանությունը վերապրած տրապիզոնցի Գոհար Սարյանը, որի ամուսինը ձերբակալված 42 Հայերի մեջ էր, պատմում է, որ նավահանգստում ձերբակալվածներին թույլատրում են մոտենալ իրենց մտերիմներին՝ ճանապարհի համար գումար և սնունդ վերցնելու, սակայն նավահանգստից հեռանալուց հետո Հայերին կապկպում են, կողոպտում զարդերն ու գումարը, ապա դանակահարելով սպանում, իսկ դիակները նետում ծովը:
Ձերբակալվածների շարքում էր Տրապիզոնում Շանտան սրճարանի պետ ռուսահպատակ Վարդան Արթինյանը: Նրան հաջողվում է վիրավոր ճողոպրել ու լողալով հասնել Տրապիզոն, որտեղ ափ է դուրս գալիս թուրք ձկնորսների թաղամասում, իսկ վերջիններս, մտածելով, թե Վարդանը ենթարկվել է ավազակային հարձակման, օգնություն են ցույց տալիս և ուղարկում քաղաք»:

Իտալական «Մեսսաջերո» թերթի 1915 թվականի օգոստոսի 27-ի և 28-ի համարներում տպագրված՝
1915-ին Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջիակոմո Գորրինիի հարցազրույցից մի հատված՝ Օսմանյան կայսրության ներքին իրավիճակի վերաբերյալ՝ «Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոնի» հրապարակումից (2021 թ., դեկտեմբերի 26):

«Տարբեր վիլայեթներում Հայերը խոշտանգվում են տարբեր ձևերով:
Ամենուր նրանք հետապնդվում ու կասկածվում են: Նրանք ենթարկվում են իսկական սպանդի, որն ավելի դաժան է, քան կոտորածը:
Այսպես ասած Հայկական վիլայեթներից (7 վիլայեթ) հինգը՝ ամենակարևորներն ու մարդաշատը, դժբախտաբար, հենց ի՛մ հյուպատոսական իրավասության տակ էին գտնվում՝ Տրապիզոնը, Էրզրումը, Վանը, Բիթլիսը և Սվազը:
Իմ տարածքներում, սկսած հունիսի 24-ից, բոլոր Հայերին սկսեցին տեղահանել` բռնի դուրս էին մղում իրենց բնակավայրերից և ուղեկցում դեպի հեռավոր կողմերը: Նրանցից միայն քչերն էին հասնում Միջագետք, իսկ մեծ մասը սպանվում էր չլսված դաժանությամբ»…

…«Մեր հյուպատոսական միջնորդությունը փորձեց փրկել գոնե երեխաներին ու կանանց, սակայն ստացված բազմաթիվ խոստումները չէին հարգում «Միություն և առաջադիմություն» կուսակցության տեղական մարմինները, քանի որ հրամանները գալիս էին Կ. Պոլսից:
Իրականացվում է անմեղ բնակչության իրական կոտորած և մորթ:
Սա չլսված բան է, մի սև էջ, բացահայտ հալածանք մարդկային սրբազան օրենքների, քրիստոնեության ու ազգային պատկանելության հանդեպ: Նույնիսկ Հայ կաթոլիկները, որ նախկինում միշտ հարգված էին ու զերծ էին մնում հալածանքներից ու կոտորածներից, այս անգամ, դարձյալ կենտրոնի հրամաններով, հալածվում են ամենադաժան ձևերով:

Տրապիզոնում բնակվող լուսավորչական, կաթոլիկ և բողոքական շուրջ 14.000 Հայերից, որոնք երբևէ չեն հրահրել անօրինություններ, երբեք չեն նախազգուշացվել ոստիկանության կողմից, իմ մեկնելու ժամանակ մնացել էին 100-ը: Հունիսի 24-ից այդ խայտառակ հրամանագրի հրապարակման օրից մինչ հուլիսի 23-ը Տրապիզոնից իմ հեռանալու օրը, ես չէի քնում, չէի ուտում, գտնվում էի կաթվածահար վիճակում: Մի իսկական տանջանք էր ներկա գտնվել անզեն ու անմեղ արարածների բնաջնջմանը:

Հայերի խմբերն անցնում էին հյուպատոսության պատուհանների տակով` աղերսելով օգնություն, բայց ո՛չ ես, ո՛չ մյուսները ոչինչ չէինք կարող անել նրանց համար:
Քաղաքը պաշարված էր մինչև ատամները զինված 15.000 զինվորներով, ոստիկանության հազարավոր աշխատակիցներով, կամավորների ավազակախմբերով, «Միություն և առաջադիմություն» կուսակցության հատուկ ջոկատներով:
Արցունքներ, կսկիծներ, անեծքներ, բազմաթիվ սպանություններ, խելագարվածներ, վախից մեռնողներ, հրդեհներ, կրակոցներ, անգութ հալածանքներ, յուրաքանչյուր օր փողոցներում հարյուրավոր դիակներ, բռնի մահմեդականացված կանայք, քրիստոնեական ընտանիքներից ու դպրոցներից գողացված ու մուսուլմանական ընտանիքներին հանձնված երեխաներ, շատերն էլ միայն մի շապիկով նստեցվում էին նավակների մեջ ու խեղդամահ արվում Սև ծովում կամ Դերե Մենդերե գետում: Ահա՛, սրա՛նք են Տրապիզոնից իմ վերջին, անջնջելի հիշողությունները, որ տանջում ու խռովում են հոգիս:

Թույլ տվեք այսքանով եզրափակել իմ այս զրույցը և հայտարարել, որ Թուրքիայի այս սև էջը ենթակա է վճռական դատապարտման:
Եթե իմանային այն ամենը, ինչ ե՛ս գիտեմ, այն ամենը, ինչ տեսե՛լ եմ իմ աչքերով ու լսե՛լ իմ ականջներով, քրիստոնեական այն բոլոր պետությունները, որոնք մինչ այժմ չեզոք դիրքում են, պետք է ելնեն Թուրքիայի դեմ, դատապարտեն նրա անքաղաքակիրթ իշխանությանը, նրա վայրագ «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը և պատասխանատու համարեն նրա դաշնակիցներին, որոնք հանդուրժում ու իրենց օգնությամբ թաքցնում են այն ահավոր ոճրագործությունը, որը համարժեքը չունի ո՛չ հին, ո՛չ էլ նոր պատմության մեջ»…

Տրապիզոնից ձգվող մահվան քարավաններից բազմիցս փախած ու տարիներ շարունակ տարբեր վայրերում գաղտնի գոյատևած Հայուհու՝ 22 -ամյա Սրբուհի Հովակյանի օրագրից որոշ քաղվածքներ՝ ստորև:

«…25 օրէն Երզնկայ հասանք. ամէն օր մէյ մէկ դեպք պատահելով, ամէն օր գիւղացիները կը սպաննէին: 6 ժամ կը քալէինք անօթի, ծարաւ՝ առանց նպատակի:
Ճամբայ մը քալէ եւ քալէ, մինչեւ որ կեանքիդ վերջ տաս, չարչարանք մը, որ աննկարագրելի է…
5 օր վերջը Ժիրայրէս բաժնուեցայ…
Ո՜հ, երբ յիշեմ այդ վայրկեանը, կարծես սիրտս կուրծքիս մէջը չի նստիր կոր…
Ո՜հ, ի՜նչ յուսահատական վայրկեան, թշուառութեան վերջին կէտը հասնելու, որ մարդ մը զաւակը յանձնէ… Այն ալ՝ որու՞ն…Արիւնլուայ ոճրագործներուն, որ մայրերդ, քոյրերդ եւ եղբայրներդ եւ ամուսինները սպաննեցին սոսկալի չարչարանքներով…
Ո՜հ յոյս, թերեւս կարծեցի զաւակս ազատած ըլլամ այս արիւնով գետ դարձած ճամբէն, որ երկրորդ օրն ալ մեզի տրուած վճիրն ալ այդ է:
Դեռ յուսամ Աստուծոյ, մի՞թէ հրաշք չէր կրնար գործել:
Աստուա՛ծ ալ մեզ անիծեր է կ’երեւի:

Մարդկութիւնն ամէն միջոցով ձեռք կ’առնէ, որ մեռելներու՛ն կեանք տայ, իսկ անդին հազարաւոր էակներ, անմեղներ՝ հրէշներու ոտին տակ կ’ընկնին կոր:
Մեռելները կենդանացնելու տեղը թող ողջերու՛ն կեանքը ապահովեն: Բայց ուր ամէն մարդ ի՛ր կեանքը կը մտածէ եւ վաղը երբոր ամեն բան դադրի՝ մարդիկը սենեակներուն մէջ նստած կամ թիկնաթոռներուն վրայ բազմած պիտի կարդան թուղթերուն տպուած մեր տանջանքները:
Բայց արդեօք կրնա՞յ այդ հին գիրքը նկարագրել եւ արտայայտել էականապէս մեր տանջանքները:

Սրբուհու որդու՝ Ժիրայրի ուսանողական քարտը (1927-1928 ուս. տարվա)

Ո՛չ, երբէ՛ք… Եւ salon-ներուն խօսակցութեան մէջ նիւթ պիտի դառնանք քանի մը ամսուայ համար՝ մինչեւ որ ուրիշ նորութիւն մը յառաջ գայ եւ խեղճ Հայերուն աղաչանքները եւ ձայները պիտի անյետնան ծխախոտի ծուխի մը պէս եւ միայն մոխիրները պիտի մնան, որ կարծեմ միայն հո՛ղը օգնութեան մը պիտի հասնի»…

…«Երզնկայ հասանք բոլորովին անդամալոյծ:
Ինծի զինուորական մը Երզնկեանին մօտ գիւղ մը պահեց, որ վերադարձին պիտի առնէր: Կեցած տունս թիֆիւսի բոյնը (էր). երեք հոգի պառկած էին թիֆիւսէն, բայց ատոր միգրոպները վրաս չ’ազդեցին: Երեք օր պառկեցայ, յետոյ եկան զիս երեք զինուոր առին եւ Երզնկա տարին կառավարութիւն: Վրաս դրամ կայ կը կարծէր:
Կէս օրէն հասանք:
Սոսկալի փորարութիւն…Կառավարութիւն տարին, քննեցին, բանտը դրին:
Հետեւեալ օրը ուրիշ Հայերու հետ ճամփեցին զիս: Ամբողջ երիտասարդ աղջիկներ, կին՝ երկու ամիս ամուսնացուցեր էին եւ յետոյ նորէն կը ղրկէին դէպի ներսերը: Անոնց հետ միացանք. հետերնին տուին ձայն-աղաղակներ, gendarme -այի հագուստին տակ թաքնուած՝ ճամփան կողոպտեցին:

Եփրատ գետը միշտ քովերնիս կ’անցնէր. ամէն վայրկեան կը սպասէինք, որ գետը նետեն մեզի:
Երկու կառք փոքրիկ տղայքներ ամբողջ տարին՝ գետը նետեցին:

Ո՛հ, ի՜նչ սոսկալի էր այդ տեսարանը, դեռ աչքիս առաջն է այդ տեսարանը եւ բնաւ միտքէս չ’ելլաւ. կարծեմ, որ յաւիտենակա՛ն չպիտի ելլայ:
Երբ այդ տղոցը մարմինները ջուրին մէջ տեսայ, եւ դեռ անդամները կը շարժէին, եւ այդկէ սոսկալի աւելի ազդուեցայ, երբ տեսայ այդ հրէշները կը դիտէին հեգնական ժպիտո՛վ մը:
Ով Աստուա՛ծ իմ, միայն կ’աղաչեմ, որ այս խեղճերուն վրէժը լուծելը տեսնամ:

Երզնկայ երկու օր բանտ մնացի:
3 օր վերջը հասանք Քեմահ:
Ո՜հ, ի՜նչ տեսարաններու հանդիսատես եղանք…
3 օր գետին եզերքը պառկեցանք, ուր դիակները կարծես կը շարժէին ջուրին մէջ, որ սիրտին գութը շարժեն, բայց՝ անգութ…
Անկէ յետոյ 2 օր ետքը գիւղ մը հասանք. հոնկէ ես, քեռկինս եւ Սուրէնը փախանք այդ գիւղը…
…Սկիզբը սոսկալի հալածեցին մեզ, բայց յետոյ վարժուեցան: Քերն տակիններ կը կարէինք, էրիկ մարդու հագուստ՝ միայն եւ միայն մեր օրական հացը հանելու համար»…

…«Հոնտեղ ամիս մը կեցանք, հոնկէ ալ հալածեցին…
Անկէ յետոյ Էկին (Ակն, Կ.Ա.) հասանք»…
«…Կարողութիւն չ’ունէի շարունակելու, բայց, դժբախտաբար, հիւանդ ըլլալուս՝ ոչ մէկը քովս կը մօտենար: Հետս ընկեր մը ունէի՝ Կերասոնցի աղջիկ մըն է, ճամփան միշտ միասին կը քալէինք եւ զիրար կ’օգնէինք:
Որոշեցի հոնկէ ալ փախչիլ:
Երեկոյեան ատեն ժանտարմաները զբաղած էին կաթոլիկները զատելու, որովհետեւ անոնց հրաման կար հասած տեղերնին մնալու, բայց լուսաւորչականներուն՝ ոչ:
Հոդկէ փախուստ տուինք, գահակը լրիւ էր այդպէսով. ճամփան շարունակեցինք:
Քանդուած տուն մը կար. հոն հասանք:
Տեսայ, որ բաւական հեռացեր ենք և երբ տեսայ, որ ալ չեն կրնար ետեւնէս հասնիլ, հոդ նստանք: Որոշեր եմ գիշերները հոդ անցնելու, որովհետեւ իրիկուն իջաւ. առաջանալ չեմ յամարձակիր կոր:

Ահագին պարտէզ եւ պտղատու ծառեր կային. ընկերուհիս գնաց՝ քանի մը հատ թուզ քաղեց, կերանք:
Նստած, տեսայ կաթի աման մը դրուած էր քարի մը տակը եւ կնոջ ծածկոց: Վերջապէս հանգստացայ, քանի որ կին մըն էր, որ պիտի գար, անոր ճամփան կրնանք յարմարցունել. պատրաստուիմ առաջուց պատասխաններս: Ընկերոջս պատուիրեցի, որ չ’ըլլայ սխալ բան մը ըսէ: Վերջապէս, կէս ժամ վերջը հեռուէն ձայնը լսեցինք, լացի պէս ձայներ: Քիչ վերջ՝ ծեր կնիկ մը տեսանք՝ մազերը քաշքշած կուգայ կոր:
Այնքա՜ն յուզուած էր, որ զարմանք չի պատճառեց, երբ մեզի տեսաւ: Մօտեցաւ մեզի:
«Ի՞նչ կայ»,- ըսինք: «Ոչխարս,- ըսաւ, — հոստեղ կ’արածէր կոր, հիմայ ասկէ գնաց, ետեւէն գացի եւ չի տեսայ: Մեզի կ’աղաչէ կոր, որ՝ գացէ՛ք, գտէ՛ք եւ ես, չ’ուզելով, որ օտարի ձեւ առնենք, քանի որ բան չի հասկցաւ, իբր թէ շատոնց Էկինի մէջ գտնուած եմ, սկսանք ընկերուհիս եւ ես պարտէզին շուրջը քալել, իբր թէ ոչխար կը փնտռենք»…

…«Կէս ժամ յետոյ վերջապէս ողորմելի ոչխարը գտաւ եւ բերաւ: Աղաչեցինք, որ գոնէ ճամփան ցուցունէ մեզի: Բացատրեց, ելլանք ճամփայ:
Ամայի ճամփաներ… Վախնամ կոր, որ այր մարդու կը հանդիպինք, որովհետեւ վստահ եմ՝ փորձանք մը պիտի գայ մեզի: 70 տարեկան ծերը երիտասարդէն աւելի սրիկայ. անոնց սիրտին մէջը մինչեւ իսկ գութը չի շարժիր կոր:
Ժամ մը քալելէն վերջ՝ հեռուէն ծառեր տեսանք, առաջնիս գետ մը կար, որ պիտի անցնէինք:
Այդտեղ փաթթոցաւոր մը հանդիպեցանք. հոդտեղ սիրտս մեյ մը զարկաւ, մարեցաւ: Մեզի հարցուց, թէ ու՛ր կ’երթանք:

«Էկին կ’երթանք կոր»,- ըսինք:
«Բայց իրիկուն է,- ըսաւ,- հազիւ ժամէ մը կրնաք հասնիլ. արդէն կը մութնայ»:
«Արդէօք մօտերը պառկելու տեղ մը չի կա՞յ»,- ըսի:
«Դրամ ունի՞ք»,- հարցուց,- եթէ դրամ ունիք՝ ձեզի կրնամ մեր տունը տանիլ»:
«Մեր քովը ու՞րկէ դրամ պիտի ըլլայ. ամէնն ալ կողոպտեցին»:
«Քանի որ այդպէս է՝ ճամփանի՛դ շարունակեցեք: Միայն թէ, եթէ կ’ուզէք, այգիիս մէջը պզտիկ ախոռ մը ունիմ, հազիւ երկու հոգի կ’առնէ: Եթէ կ’ուզէք՝ հինգ դահեկան տուեք և գացեք հոն պառկեցեք»:

Ընկերուհու մոտ միայն 2 դահեկան կար և, սակարկելով, մի գիշերվա համար թույլատրում է ախոռում գիշերել: Այնտեղ հանդիպում է Երզնկացի մի աղջկա, որի հետ ճանապարհին էր եղել…

…«Արդէն ուժասպառ եղած, կարողութիւն չ’ունիմ քալելու:
Քայլերս դժուարաւ կ’առնեմ կոր, ընկերոջս ուսին կրթնած կը քալեմ կոր: 3 քառորդ քալելէ ետք՝ քաղաքը երեւցաւ: Պատին վրայ քիչ մը նստանք, որ հանգչինք:
Քիչ յետոյ վրան-գլուխը մաքուր հագուած, քիչ մարդու շնորհք ունեցող մէկը անցաւ: Երբ մեզի տեսաւ՝ կանգ առաւ. «Դուք ուրտեղէ՞ն եք»: Ըսինք, որ Տրապիզոնէն էի, երկու ամիս կայ, որ հոս ենք, մեզի տուն մը ցուցուց»…
…«Ցորեկները պարտէզը կը նստէինք եւ գիշերը գաղտնի կու գայինք՝ քնանալու»…

Սրբուհի Հովակյանն իր ավագ քրոջ՝ Վազգանուշի հետ՝ 1915-ից առաջ (լուսանկարը՝ հուշերի գրքից)

…«Տունը պառաւը զիս կը խնամէր կոր: Անկողինէս ելլալ չէի կրնար, թևերէս կը բռնէին: Անկողինս մինակ վերմակէ մը կը բաղկանար. կէսը տակս կ’առնէի, կէսը՝ վրաս, գետինը՝ հող: Աղաչեցի, որ բժիշկ մը բերեն: «Ես կը ղրկեմ,- ըսաւ, բայց իրիկուն եղաւ՝ մէկը չ’եկաւ:
Երեկոյեան դէմ աչքերս սկսան մթնիլ, ձեռքերս՝ պաղիլ. ալ պիտի մեռնիմ, ըսի: Պառաւը գնաց: Ըսի, որ կը մսինք կոր, մէկը քովս չ’եկաւ. այսպէս՝ անդադար:
Մեռած վիճակի մէջ մնացի երկու ժամ. յետոյ արթնցայ եւ շուրջս նայեցայ, որ մարդ չի կար:
Ո՜հ, մենակութիւն…
Մեկը չ’ունիս, գէթ վերջին վայրկեանիդ քանի մը քաջալերական խօսքեր ըսէ»…

Հակոբ Հովակյանի և Անի Խաչատուրյանի դուստրը՝ Սրբուհի Հովակյանը՝ ծնված 1893 թվականին՝ Տրապիզոնում, մինչև հոր մահը՝ 1906 թվականը, ապրել է հիմնականում Պաղեստինում ու Բաղդադում՝ ստանալով փայլուն կրթություն: Երկաթուղային շինարարություն իրականացնող ընկերության մեջ աշխատող հոր շնորհիվ բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքը հոր մահից հետո վերադառնում է Տրապիզոն, ուր Սրբուհին 1909 թվականին ամուսնանում է տրապիզոնցի ծխախոտավաճառ Գառնիկ Գափամաջյանի հետ:

Սրբուհի Հովակյանը որդու՝ Ժիրայրի հետ

1915-ին՝ ցեղասպաններից ու մահվան ճիրաններից իր չորսամյա որդուն՝ Ժիրայրին փրկելու նպատակով մի ընտանիքի հանձնելուց հետո, տարիներ անց երկար փնտրտուքների շնորհիվ նրան գտնում է Բաթումի որբանոցում (իր վեցամսյա աղջկան՝ Աիդային, բազմաթիվ այլ երեխաների նման, թունավորմամբ սպանել էին Տրապիզոնի հիվանդանոցում):

1921 թվականից տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ և իր մահվանից հետո իր թոռնուհին հայտնաբերել է ցեղասպանության դժվարին տարիներին գրված օրագրից պահպանված էջերը, որից որոշ քաղվածքների ծանոթացանք՝ շնորհիվ Ֆրանսիայի Ազգային գրադարանի՝ 2021 թվականին տպագրած՝ «Միայն հողը մեզ փրկության կգա» վերնագրով գրքի:

Հաջորդիվ՝ Տրապիզոնից վերապրած մի այլ ականատեսի հուշերը…

Ֆրանսիայում 2018 թվականի սեպտեմբերին կազմակերպվեց «Սրբուհի Հովակյանի ոդիսականը» խորագրով ցուցադրություն: