«ՈԳՈՒ ՈՒԺԻ ԱՂԲՅՈՒՐՆ ՈՒ ՇՏԵՄԱՐԱՆԸ՝ ԱԶԳԸ»…

Հազարամյակներ ի վեր իմաստասերներն իրենց մտորումները, համոզմունքներն ու տեսություններն են շարադրել մարդկությանը հուզող հարցերից կարևորագույնի՝ Մարդու էության բացահայտման շուրջ՝ իրենց ճշմարտությունները հաճախ ձևակերպելով զանազան այլաբանական պատմություններով:
Նման մի պատմությամբ է սկսվում գերմանացի իմաստասեր, մշակութային քննադատ, բանասեր Ֆ. Նիցշեի (1844-1900)՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» հայտնի իմաստասիրական ստեղծագործությունը, որն առաջին անգամ լույս է տեսել 1883 թվականին: Լեռներում 10 տարվա առանձնությունից հետո Զրադաշտը վերադառնում է մարդկանց մոտ՝ իր իմաստնությունը կիսելու, «գերմարդու» գաղափարները տարածելու համար: Եվ նա սկսում է երեք փոխակերպումների մասին այլաբանությամբ:
«Վասն երեք կերպարանափոխությունների» պատմությունն այլաբանորեն նկարագրում է մարդու գիտակցության երեք փուլերը:
Իր և հասարակության բեռի տակ կքած Մարդուն խորհրդանշող Ուղտի պես հնազանդորեն պարտականությունները կատարողից՝ Առյուծի նման՝ ազատատենչ տիրակալի փոխակերպմանը հաջորդում է նոր արժեք ստեղծողը՝ Երեխան:

Ուղտի կերպարը խորհրդանշում է ինքնուրույնությունից զուրկ՝ իր վիճակն ընդունողն ու հլու — հնազանդվողը՝ «Ես պարտավոր եմ» ասելով լուռ համակերպվողը:
Ուսերին դրված բեռից ազատվելու համար Ուղտը պետք է փոխակերպվի Ազատաբաղձ Առյուծի, որն իր կամքով է շարժվում՝ «Ես ուզում եմ» սկզբունքին հետամուտ, մերժելով այլոց կողմից պարտադրվածը:
Նրան հաջորդող՝ Երեխայի կերպարը նոր կյանքի, նոր արժեքների Արարո՛ղն է՝ «Ես կարո՛ղ եմ»…
Նա ուզում է և գիտակցաբար, կամովի փոխում է իր կենսապայմանները…

«Մարդը լար է՝ ձգված կենդանու և գերմարդու միջև, լար՝ անդունդի վրա։
Վտանգավոր է առաջ գնալը, վտանգավոր է ճանապարհին կենալը, վտանգավոր է ետ նայելը, վտանգավոր է սոսկալը և կանգնած մնալը»…

Անհատի ինքնաճանաչումն անքակտելիորեն կապված է իրեն ծնող հավաքականության՝ ցեղի, ազգի ճանաչման հետ, քանզի յուրաքանչյուրն իր Նախնիների կերտած արժեհամակարգի կրողն է, ցեղի՝ ազգի Ոգու, բարոյական որակների թարգմանը:

Ազգի՝ ցեղի ճանաչումով՝ ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի և ձգտումների իմացությամբ սկզբնավորվում է Ցեղակրոնությունը:

Մարդու և, հատկապես՝ Հայ մարդու կատարելագործմամբ մտահոգ՝ Նժդեհն իր մտքերն է շարադրել՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ՝ «Եթե ծաղիկը չի ծաղկում՝ ծաղկի միջավա՛յրն է անհրաժեշտ պարարտացնել»…

«Ցեղային կարողութիւնների եւ առաքինութիւնների զարգացումն ու արտայայտութիւնը պահանջում են որոշ հոգեբանական մթնոլորտ:
Ցեղակրօնութիւնը ձգտում է հէնց ա՛յդ մթնոլորտը ստեղծել:
Նա ճգնում է աշխարհ բերել Ցեղամարդը – ամբողջական Հայ մարդը – որի մէջ եւ միջոցով պիտի արտայայտւեն ցեղի բովանդակ դրական ուժերն ու յատկութիւնները:
Անցեղահաղորդը քարշ է տալիս իր մանր եւ պաղ գոյութիւնը:
Նա չի՛ ճանաչում աւելի բարձր եւ ընդարձակահորիզոն կեանք: Նմանը տկար է եւ դժբախտ, քանզի դեռ չի՛ զգացել իր միութիւնը Ցեղի հետ: Նաեւ երկչոտ է անցեղապաշտը, որովհետեւ չգիտէ՛ օգտուել իր էութեան մէջ մթերուած կենսաբանական եւ հոգեւոր ուժի ակնաղբիւրից, նրա շտեմարանից – իր Ցեղի ուժից:

Երկար այն ճամբան, որ մեր ցեղն է կտրել, անցել, իրաւունք է տալիս ցեղակրօնին հաւատալու, որ դա հիւթասպառ եղած չէ, որ, ընդհակառակը, նրա հողը անախտ է, մաքուր, իսկ հունտը՝ ազնիւ, զօրաւոր: Ցեղակրօնը լաւատե՛ս է խորապէս եւ հաւատու՛մ է իր գործին: Նա սովորելու կամք – աւելի՛ն գիտնալու եւ կարենալու ծարաւ ունի:

Նրա պրոպագանդը առաւելապէս անձնական օրինակի պրոպագանդ է: Նոր ուխտակից գտնել – ահա՛ մի գործ, որի մէջ ցեղակրօնը յոգնել չգիտէ:
Նա համոզուած է իր դաւանանքի փրկարար ճշմարտութեան: Նա տառապում է՝ տեսնելով Ցեղի ստինքից կտրուած Հայ մանուկը, պատանին, երիտասարդը: Ոգեկոչական է ցեղակրօնի խօսքը՝ խռովիչ, հոգեփոխող եւ՝ նոր ապրումի ու հոգեւոր լիութեան սնուցիչ:
Չէ՞ որ Ցե՛ղն է նրա հոգեւոր կեանքի աղբիւրը:
Ցեղաշունչ է իր խօսքը. դա խորհել է ստիպում: Նա չի սիրում պայքարի մտնել հին սերունդի – իր նախորդների թողած զէնքերով միայն, նա գիտակցում է թէ՝ անարդիական զէնք, ասել է՝ անզինութիւն, անզէն բազուկ: Նա աշխատում է գիտութեա՛ն զինարանէն առնել իր կռւի զէնքերը:
Այսպէս վարուելով հանդերձ, նա չի մոռանում, որ «մարդս ի՛նքն է իր առաջին զէնքը»:

Յաղթել՝ ասել է՝ գերազանցել:
Գերազանցելու ճիգ է Ցեղակրօնութիւնը: Պէ՛տք է գերազանցել իր ցեղի արտաքին թշնամիներին, իսկ այդ բանում յաջողելու համար՝ պէտք է գերազանցե՛լ իր նախորդ սերունդին:
Այդպիսո՛վ միայն ճշմարտօրէն յարգած կը լինենք մեր նախորդներին: Բաւական չէ հիացիկ վերաբերմունք, անգա՛մ պաշտամունք ունենալ դէպի անցեալ սերունդը:
Պէտք է գերազանցե՛լ նրան:

Հէնց սա՛ է կեանքի առաջադիմութեան օրէնքը, եւ յարգանքի այն պսակը, որ իւրաքանչիւր յետնորդ պարտաւոր է դնել Նախնեաց յիշատակների կոթողին:
Ցեղակրօնի համար չկայ աւելի մեծ վատութիւն, քան հոգեւոր խզումը սերունդների միջեւ:
Նորահաս սերունդը կտրուե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներէն – նա էապէս կտրւում է մինչ այդ գոյութիւն ունեցող ցեղի արժէքներէն ու սրբութիւններէն, կրօնէն ու բարոյականէն:
Հին սերունդէն կտրուողը դառնում է հոգեպէս անհող եւ անուղի:
Էականը հոգեհաղորդակցութի՛ւնն է սերունդների միջեւ, որի շնորհիւ վերջինները փոխանցում են Ցեղի յաւիտենական բոցը, ինչպէս մոմը բոց է առնում մոմէն:

Անդարմանելի չարիք է հոգեխզումը ժողովուրդների կեանքում՝ հին եւ նոր սերունդի միջեւ, որովհետեւ մի՛ է, միեւնոյն է, օրգանապէս իրար կապուած աւանդութեանց, բարոյական եւ արժէքների խախտման հոգեբանական հիմքը»: