ԲԱ՛Ց ԹԵՎԵՐԴ, ՃԱԽՐԻ՛Ր, ՀԱ՛Յ ԱԶԳ…
Պատմում են, որ միջնադարյան դղյակի մի թևում բանտարկված ու առավոտյան իր մահապատժին սպասող բանտարկյալին գիշերն այցելում է թագավորն ու հայտնում, որ նրան փրկության մի հնարավորություն է ընձեռում՝ եթե նա հաջողի գտնել միակ ելքն ու փախչել:
Հակառակ դեպքում՝ լուսաբացին կիրականացնեն վճիռը:
Եվ նրա շղթաներն արձակելուց հետո հեռանում է թագավորը:
Բանտախցում իրականացված փնտրտուքների արդյունքում՝ գետնին փռված հնամաշ գորգի տակ թաքցված մի ծածկ-կափարիչ է հայտնաբերում բանտարկյալն ու, փրկության հույսով, այն բացում: Դեպի ստորգետնյա նկուղ տանող աստիճաններն էին այնտեղ, ու նա անվարան իջավ:
Ներքևում մի այլ աստիճաններ էին՝ դեպի վերև մագլցող…
Կրկին վեր բարձրանալով՝ նա զգաց դրսի քամու շունչն ու բաղձալի ազատության հույսով պարուրվեց, մինչև հասավ դղյակի աշտարակի վերնամասը՝ հայտնվելով այնքան բարձր, որ գետինը հազիվ էր նշմարվում:
Ոտքով հարվածեց պատին ու զգաց, որ ոտքի տակի քարը շարժվում է:
Մի քանի փորձից հետո նկատեց, որ կարող է այն տեղաշարժել ու, քարը մի կողմ հրելով, մագլցելու հնարավորություն ընձեռող՝ բացված նեղ նկուղով սողալով առաջացավ:
Շուտով ջրի ձայն լսվեց ու մի հույս ծնվեց, որ դեպի գետը տանող ելքն է գտել:
Սակայն միայն երկաթե ճաղերով փակված պատուհան նա գտավ, որից այն կողմ գետն էր երևում…
Այստեղ ու այնտեղ, տարբեր անկյուններում ողջ գիշեր ազատման ելքն ապարդյուն փնտրելուց հետո, ի վերջո, արևը ծագեց ու պատուհանից ներս թափանցած ճառագայթը լուսավորեց իրեն կրկին այցելած թագավորի դեմքը:
— Ես քեզ դեռ այստե՛ղ եմ տեսնում,- դռան մոտից ասաց թագավորը:
-Ինչու՞ ինձ խաբեցիր, ո՜վ թագավոր,- հարցրեց բանտարկյալը:
-Ես քեզ հետ ազնիվ եմ եղել,- պատասխանեց թագավորը:
-Ես բանտախցի բոլոր անկյուններում փնտրեցի ու ո՛չ մի ճանապարհ առանց փորձարկման չթողեցի: Որտե՞ղ է քո նշած ելքը…
-Բանտախցի դուռը բա՛ց էր, փակ չէ՛ր,- պատասխանեց թագավորը…
Երբ որոշ խնդիրներ ստիպում են նվաստանալով ընկրկել կամ ապստամբելով հաղթանակել՝ ելքի, հանգուցալուծման ընտրությունը չի ուշանում…
Դժվարությունների պահին, անելանելի թվացող իրավիճակներում ընկճվելն ու հուսահատվելը երբեք պայմանների բարելավման գրավական չեն:
Հաջողության են հասնում միայն աննկուն պայքարով, սթափ ու ըմբոստ ոգով մերժելով պարտադրվածը…
Հատկապես, երբ հաճախ «դուռը բաց է»…