«ՏՕՆ ՍԱՆԴԱՐԱՄԵՏԱՆՔ», «ՄՈԳԱՑ ՅԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ», «ԻՄԱՍՏՈՒՆ ՆԱՀԱՊԵՏԱՑ ՏՕՆ»…
Յուրաքանչյուր ազգի անցյալի պատմությունն ու մշակույթը՝ հավաքական հիշողությունը, կարևորագույն գործոն է սերունդների կրթության և դաստիարակության համար:
«Քաջ, իմաստուն և աշխարհակալ Նախնիների» կյանքն ու գործը դարեդար ոգևորել ու նորանոր հաղթանակների են մղել նրանց հետնորդներին…
Նախնիներից սերնդեսերունդ փոխանցված ուսմունքը, ձևավորված ավանդույթները, տոներն ու ծեսերն են ազգային մտածողության հիմքում, նրա՛նք են ձևավորում ազգի աշխարհընկալումն ու արժեհամակարգը…
Պատմությունն ու իմաստությունն ամբարող բանավոր և գրավոր այդ ժառանգությու՛նն է կերտում անհատին ու ողջ ազգին, նրանց զինում կենսախնդությամբ, կյանքի դժվարությունները հաղթահարելու ունակությամբ…
Անհիշելի ժամանակներից եկող ավանդույթները, հնագույն ծեսերը դիմակայել են դարերի պարտադրած մոռացությանը և հարատևել Հայոց բանահյուսության, երաժշտության մեջ, պարերում ու խաղերում՝ ի հեճուկս կրած փոփոխությունների:
Դեռևս մինչև 20-րդ դարի սկիզբը Հայկական Բարձրավանդակի զանազան կողմերից ու հարակից շրջաններից դեպի Տարոն Աշխարհ՝ Հայոց «Յոթ բագինների ավան», նվիրական գետի՝ Արածանիի ափին գտնվող նշանավոր դիցավաններ՝ Բագավան, Աշտիշատ էին մեկնում ուխտավորներն՝ իրենց հետ բերած Նոր Պտղաբերված բերքով՝ բազմօրյա զվարճալի տոնահանդեսների մասնակցելու:
Հեռավոր ժամանակներում, Բերքի, բերքահավաքի խրախճալից տոնախմբություններից հետո, Խաղողօրհնեքից ու Հացօրհնեքից հետո Մայր Հողի փառաբանումն էր՝ Սանդարամետի տոնը:
Բնության արարիչ ուժն ու Կենսատու Լույսը, Մայր Հողի արգասավոր պտղաբերությունն ու իմաստուն Նախնիների փառաբանումն այսօր էլ շարունակում են Հայկազունների ժառանգները՝ Հայկյան Սրբազան ուսմունքին հավատարիմ:
Քուրմ Հարութ Առաքելյանի բացատրությամբ՝ «Սահմի ամսվա Սիմ օրը (սեպտեմբերի 14-ին), Հայկեան Սրբազան Տոմարի համաձայն, «Տօն Սանդարամետանք» է:
Հայկեան Սրբազան Տոմարը, իր ութ գլխավոր տոների կողքին՝ ունի նաև թվով ինը Արարչական տոներ, որոնք «ԲԱԳԱՐ տոներ» են կոչվում:
Բագար տոների շարքից է Սանդարամետի տոնը, որը Երկրի Արարումը խորհրդանշող տոնն է:
Տոնը կատարվում է մեծ հրավառությամբ, կրակի շուրջ շուրջպար են բռնում կանայք և աղջիկները. նրանք խորհրդանշում են Երկրի Արարման հովանավոր Սանդարամետ Դիցուհուն:
«Տօն Սանդարամետանք»-ը նաև կանանց մեծարման տոներից է, որտեղ ամենուր մեծարվում և գովերգվում է Կինը՝ մեր կյանքի աղբյուրն ու արմատը»…
Հիշյալ և մյուս տոների ու ծեսերի խորհուրդի մասին առավել մանրամասն՝ Հայկեան Միաբանութեան Քրմերի՝ Քուրմ Հարութ Առաքելյանի և Քուրմ Միհր Հայկազունու մեկնաբանություններով՝ հետագայում (նաև, ինչպես վերջին տարիներին, առանձին խմբերի համար կազմակերպված հատուկ դասընթացներով)…