«ԱՐԻՈՒԹՅՈՒ՛Ն — ՀԵՏ ԱՅՍՈՒ ՍԱ՛ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԿՈՉՈՒՄԸ»…
Վերջին երեք տասնամյակներին Հայաստանում իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության աղետալի հետևանքներն ու դրանց հանդուրժումը հիշեցնում են Հայ ազգի լավագույն զավակների՝ պարբերաբար հնչեցրած ահազանգները, իմաստուն, խոհեմ ու քաջ լինելու նրանց կոչերը…
«Ներքին թշնամին…
…Այս է, այսպիսին է մեր ներքին թշնամին, որը այնքան սև դարեր և օրեր է ապրեցրել Հայութեան, որը քանիցս ու քանիցս ներսէ՛ն է պայթեցրել մեր բերդերը և հեշտացրել օտարների մուտքն ու իշխանութիւնը Հայաստանում:
Արիութիւն — յետ այսու սա՛ պիտի լինի Հայ մարդու կոչումը:
Վահագնի՛ հետ պիտի խօսի Հայ մարդը հիմա — Աստուածը հին Հայոց, Աստուածը Արիութեա՛ն և Յաղթանակի՛» (Գ. Նժդեհ):
Ազգային մշակույթին, Նախնիների ստեղծած աշխարհայացքին հավատարիմ մնալն ու ազգային արմատներով զորանալու կարևորությունն էր շեշտում տասնամյակներ առաջ Գ. Նժդեհը՝ հիշեցնելով Հողից վերստին հզորացող առասպելական Անթեյին:
«ժողովուրդ — դա Անտէյն է առասպելական:
Պարտւում է նա, հէնց որ կտրուեց հողից:
Իսկ այդ վերջինը՝ Հայրենի հողը, խորհրդանշում է կուլտուր-ազգային այն բոլոր արժէքներն ու սրբութիւնները, որ ստեղծել է ի՛նքը՝ ժողովու՛րդը»:
«Փորձեցէ՛ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ պատմութիւնը կուտակել է նրանում, և դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի»:
Եվ քանզի, Նժդեհի խոսքերով, «Ներազգային կեանքում սպանում է ոչ միայն սուրը, թոյնը, այլև՝ անտարբերութիւնը», հարկ է, որ սրտացավ վերաբերմունքով վերստին դեպի Ազգային արժեհամակարգն ուղեկցենք մեր բոլոր այն ազգակիցներին, որոնք, ճակատագրի բերմամբ, անհաղորդ են մնացել մեր Նախահայրերի կերտած ժառանգությանը:
«…Ցեղային անլիարժէքութեամբ տառապողները — յիմարանում են ազգովին, խորթանում, ստրկանում, իրենց իսկ հայրենիքում ձեռքից հանելով սեփական ճակատագրի ղեկը:
Հոգեւոր միութիւնը խախտուած նման հասարակութեան մէջ անհատը՝ անհաղորդ ցեղին, իր ազգային ընդհանրութեան, ճանաչում է մի հատիկ իրականութիւն միայն — նիւթականը, ժխտում ամէն կարգի գերագոյն արժէք եւ բարոյական պատասխանատուութիւն:
Նման հասարակութեան մէջ բարոյապէս հրէշանում է անհատը եւ դառնում գործակալը իր ազգին սպառնացող վատասերումի եւ մահուան:
Ուշի ուշով դիտէ՛ք նման ազգերի կեանքը եւ պիտի տեսնէք, որ այդ դժբախտներին ամէն բանից առաջ պակասում է մի մեծ առաջնորդող գաղափար, մի մահացու պակաս, որի դէպքում բազում երկրորդական պարազիտային գաղափարներ շարունակում են ծծել այդ ազգերի հոգեւոր կորովը, նրանց ոյժերը:
Այդ երկրներում իշխում են միջակութիւնը, տգիտանքն ու նախանձը — բռնակալութիւններից ամենակործանարարն ու ամօթալին:
Նման ժողովուրդների ճշմարիտ փրկութիւնը սկսւում է այն վայրկեանից, երբ մի մեծ եւ դինամիկական գաղափար, մի արեւ — գաղափար գալիս է իրեն ենթարկելու գոյութիւն ունեցող բոլոր երկրորդական ու երրորդական գաղափարները:
Կա՞յ մեծ գաղափարը — դա ասել է՝ այլեւս վե՛րջ խոտոր ճամբաներին, անպտուղ ճիգերին, խարխափումներին, ներքին թշնամանքին, իրերակերութեան:
Նման գաղափարը՝ միշտ էլ վերանորոգչական՝ իր հետ բերում է խոր հաւատ, լաւատեսութիւն, անսպառ կորով, ոգու լիութիւն, միութեան ծարաւ, որով եւ՝ վերակառուցում է քանդիչ ոյժերի կողմից պառակտուած ազգը:
Այդ մեծ, փրկարար գաղափարը Հայ կեանքում հանդիսանում է Ցեղակրօնութիւնը, որի միջոցաւ միայն կարելի պիտի լինի պառակտուած ժողովուրդը վերածել Ազգի, փրկելով վերջինը իր բացասական տարրերի չարաշահութիւնից»…
«…Հայուն յատուկ է սրբութեան զօրաւոր զգացումը՝ աղբի՛ւրը հոգեւոր անսպառ ուժի, նուիրումի, պաշտամունքի:
Նրա համար բարձր ստորոգութեան առարկաները — Հայրենի հող, Նախահայրեր, Մայրութիւն — վերացարկուելով մարդկայինից՝ դառնում են սրբազան:
Վերաբերմունք դէպի այդ կարգի առարկաները — ահա՛ մի այլ փորձաքար, որի վրայ ճշտել կարելի է ժողովուրդների նկարագրի մետաղը»:
«…Կայ ե՛ւ բարոյական հերոսութիւն՝ ժպտա՛լ, ժպտա՛լ գիտենալ անգամ ամենաանմարդկային տառապանքների մէջ՝ այն կրելով իբրեւ բարձրագոյն պատուանշան, իբրեւ առիւծի մորթի, որ հնում հերոսների՛ն էր տրւում»…
«Հայն իր Վահագնը ունէր — աստուա՛ծը քաջութեան:
Քաջ եւ քաջապաշտ է նա:
Հոգեկան այդ պաթոսին՝ քաջութեան կը պարտի Հայը իր բազմավտանգ գոյութիւնը:
Քաջ են, ընդհանրապէս, ոգու ժողովուրդները: Սրանցից է Հայը՝ գերազանցօրէն:
Հեթանոս Հայու քաջութիւնը չտկարացաւ նաեւ քրիստոնէական Հայաստանում»…
«…Հայն իր ամենասիրելի ու սրբացրած հերոսին անուանել է «քաջ», եւ այսպիսով տուել իր գերագոյն գնահատականը ոչ միայն քաջին, այլեւ՝ քաջութեան, ընդհանրապէս»:
«Ցեղօրէն անկախ ապրելու եւ ստեղծագործելու՝ եւ ոչ ժամանակաւոր կեանք մուրալու համար Հայ ժողովրդի հաւաքական ոգու մէջ հրամայողաբար յարութիւն պիտի առնի պաշտամունքը մեր հին եւ
հզօր Դիցի:
Վահագնի համար տաճարնե՛ր պիտի բարձրանան Արարատյան դաշտում, Սյունիքում, Արցախում, մեր գաղութններում, ամէն տեղ, ուր կ՛ապրի Հայը՝ ամեն մի հոգու մեջ, քանզի Արիությու՛նն է եղել հավիտենական պարտականությունը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել»։
- «Արիացի՛ր, արիացո՛ւր»՝ սա՛ պիտի լինի մեր օրուայ նշանաբանը:
Վահագն — Աստուած, արիապաշտութիւնը — նոր կրօն, Հայ մարդն — Արի՛, եթէ չենք ուզում մեր տեղն արեւի տակ մի օր զիջիլ մեզնից արիներին»… (Մեջբերումները՝ Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006 թ.):