«ՔԱՋԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ ԶԵՆՔԸ ՉԷ ՄԻԱՅՆ, ԱՅԼ ԵՎ ԱՅՆ ՈԳԵԿԱ՛Ն ՄՂՈՒՄԸ, ՈՐ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԶԵՆՔ»…
«Ազգի պատմությունը կերտող ատաղձի՝ «նյութական գործոնների» հետ կարևորվում է նրա ոգեղեն մշակույթը, որը Ն. Ադոնցի բնորոշմամբ՝ «իսկական ճարտարապետն է, որ անշունչ նյութեղենից կերտում կանգնում է պատմական մշտաբարբառ հրաշազան շենքը:
Միտքը պատմության գործոն ուժերից մեծագույնն է:
Յուրացրած մտքերի և հասկացողությունների ամբողջությունը, այն, որ կոչվում է աշխարհայացք, այն է, որ ձևակերպում է և մարդկայնացնում անիմաստ մթերքը:
Ինչ և լինեն աշխարհայացքի ծագման և կամ զարգացման պատճառները, որքան և կապակից լինեն արտաքին պայմանների, բայց մի անգամ որ մշակված, կազմված է, մի անգամ որ հայտնի ձևավորում է ստացած, աշխարհայացքը երևան է գալիս այնուհետև իբրև ուրույն և ինքնազոր ուժ և գործում է մյուս ազդակների առընթեր, անկախ կամ փոխադարձ ազդեցությամբ:
Պատմությունը, որպես և հասկանալու լինենք, ամենեն առաջ գործողությունների շարան է:
Հոգեբանական տեսակետից գործն այլ բան չէ, եթե ոչ հասկացողության մարմնացում:
Անհատը, մենակ թե հավաքաբար, գործում է այն չափով, որչափ ըմբռնում է:
Կարելի է համարձակ ասել, որ ազգերի հասունության աստիճանը, նրանց տեսության հորիզոնները շատ անգամ նախորոշում և նախագծում են նրանց պատմության շրջանակը:
Քաջերի սահմանը զենքը չէ միայն, ինչպես ասված է, այլ և այն ոգեկա՛ն մղումը, որ տանում է դեպի զենք»…(Ն. Ադոնց):
Հայկազունների տիրապետության օրոք Հայքում նախարարները, իշխանները՝ սեպուհներն էին ազգի առաջնորդները, որոնք կազմակերպում և ուղղորդում էին ժողովրդին՝ հանուն ազգի բարօրության, օրինակ ծառայելով իրենց ֆիզիկական և բարոյական հատկություններով, քաջությամբ ու առաքինությամբ, արժանապատվությամբ, արդարադատությամբ, բարեմտությամբ ու բարի համբավով, համերաշխությամբ և փոխօգնության պատրաստակամությամբ՝ հետևելով դարերի խորքից եկող իմաստությանը՝ անբասիր վարքով հայրենանպաստ գործունեությանը, որն այսօր մեզ հիշեցնում են Հայկեան Միաբանութեան Քրմերը, և որի մասին 13-րդ դարում խոսում էր և Հ. Երզնկացին.
«Սակաւ աւշինդր՝ զբազում մեղր դառնացուցանէ, եւ մեղր յոլով զսակաւ աւշինդր ո՛չ քաղցրացուցանէ. այսպէս փոքր ինչ տեսակ մեղաց յիշխանացն զամենայն ժողովուրդսն խմորեալ պղծէ: Իսկ ի բազում առաքինութենէն սակաւ ինչ ընդունին: (Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ.Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 164):
Հայոց արքունիքում իշխանների, նախարարների ունեցած տեղերի, գահերի, պատվաստիճանների վավերական մի փաստաթուղթ է մեզ հասել դարերի խորքից:
424 թվականին պարսից արքունի դիվանում հայտնաբերված «Գահնամակը» Հայոց նախարարների հրովարտակ — ցուցակն է, վաղ միջնադարում Հայոց արքունիքում նախարարական տոհմերի զբաղեցրած յոթ տասնյակ պատվաստիճան-գահերի անուններով:
Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի՝ «զօրականների»՝ բոլոր «մարտիկ արանց»՝ ռազմիկների և նրանց դասակարգման բացառիկ մի վավերագիր է «Զօրանամակը»՝ կազմված քառաբաժին բոլորակ աղյուսակի տեսքով, ուր ներկայացված են երկրի՝ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունները՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռները, յուրաքանչյուրում իր նախարարությունների զորաքանակով:
«Զօրանամակի» միակ ձեռագիր օրինակը կցված է եղել Անանիա Շիրակացու ժամանակագրությանը:
Ըստ մեզ հասած «Զօրանամակի», Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124.000 ռազմիկ, որից 84.000-ը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40.000-ը՝ Արքունի (Ոստանիկ) և Մարդպետական գնդերը։
Արտաքին վտանգի ժամանակ նախարարներն իրենց զինվորական ուժերը գումարել են «Զօրանամակով» սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։
Հայոց պատմության համար եզակի գրչագրական վերոհիշյալ փաստաթղթերին տարբեր ժամանակներում անդրադարձել են Հայ մշակույթի ու պատմության պահպանմամբ մտահոգ մշակները, որոնց կանդրադառնանք մի այլ առիթով…