«ՃԵՏՕ — ՊԵՏՕՆ», «ԿԱՃԵԹԱՅ ԿՆԿՏԻՔ», «ԿԱՃԵԹԱՅ ՊԱՏԻԺ»…

Մշակույթը, մասնավորապես բանահյուսությունը, յուրաքանչյուր ազգի աշխարհայացքի, արժեհամակարգի լավագույն թարգմանն է։ Հովհաննես Թումանյանի ձևակերպմամբ՝ նրանով սնվում են գրեթե բոլոր արվեստները, հատկապես գեղարվեստական գրականությունը։
Հայ ժողովրդական հարուստ, բազմաժանր և բազմաբովանդակ բանահյուսության հիանալի նմուշներ են պահպանվել բանահավաքների տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Վիպական, քնարական բանահյուսության էջերը համալրվում են հաճախ հումորով և զվարճախոսությամբ համեմված պատառիկներով, որոնք Հայոց մշակույթի գանձարան են բերում հեռավոր ժամանակների շունչն ու զվարթ կենսախնդությունը։

Վանի նահանգի Շատախի գավառի Հայերը 1915-ի ինքնապաշտպանական մարտերի քաջարի մասնակիցներից էին, որոնք, առանց ընկճվելու, անձնուրաց մարտնչեցին 42 օր՝ կանանց և երեխաների մասնակցությամբ:

«Երկրի մարդիկ» «ծենով ու խաղով» հին ժամանակների պատմություններ էին պատմում: Նրանցից որոշ հեքիաթներ ու երգեր էլ սովորել էր «Կաճետայ ծռներից» մեկը՝ Ռաշոն, որը երբեմն՝ դանդաղ, երբեմն՝ ոգևորությամբ և բարձրաձայն, «շեշտերն ուժեղացնելով և զարմանալի արագությամբ մի երկու տասնյակ տողեր էր արտասանում» իր դուրեկան, հանդիսավոր ձայնով (ինչպես գրում է Կ. Մելիք-Օհանջանյանը):

Ազնիվ ու առատ ջրերով հարուստ Շատախի գավառակի Կաճետ գյուղի աղբյուրի ջուրն, ըստ ավանդության, «խենթացնելու» հատկություն ուներ։ Եվ նրա բնակիչների մասին բազմաթիվ երգիծական, զվարճալի մանրապատումներ էին հյուսվել:
Նրանցից մի քանիսը՝ Անուշավան Դևկանցի հրապարակումներից՝ ստորև…

ՃԵՏՕ — ՊԵՏՕՆ

Ռէս Ակօն պատրաստւում էր իր աւագ որդուն պսակելու: Հարսանիքի համար ամէն ինչ տեղը-տեղին էր, մնում էր ազգական-բարեկամ մարդկանց պատւով-յարգանքով կանչել-հրաւիրել, ինչպէս կարգ էր ամենայն տեղ Հայոց աշխարհում և նույնիսկ ծռերի գեղ՝ Կաճեթում:
Ռէսը փեսացու որդուն կանչեց ասաց.

  • Կ’երթաս գեղամէջ, կը տեսնես մեր բարեկամ-ազգականներից ով կայ ով չկայ, կը կանչես, թող գան:
    Կ’ ասես՝ պիտի ուտենք-խմենք, աղէկ մի քէֆ պիտի անենք, Կաճեթը թնդայ:
    Ռէսի տղան սկսեց չարուխները պնդել, որ գնայ, հայրը նորէն որդուն դարձաւ, ասաց՝
  • Հա՜, տես, թէ խնամի Ճետօ-Պետօն էլ գեղամէջ եղաւ, մի կէս-բերան էլ նրան ասա։ Թէ եկաւ՝աղէկ, թէ չեկաւ’ դհա աղէկ:
    Ռէսի տղան գնաց եւ տեսաւ, որ Ճետօ-Պետօն ահա բազմել է գեղամէջի ամենաբարձր քարին, Կաճեթի թէ՛ ալևոր, թէ՛ թուխմօրուս ազգական-բարեկամ ջոջերի հետ բնուշ-բարուշ զրոյց է անում: Կարգ ու պատշաճով բոլոր ներկաներին մէկիկ-մէկիկ, անունները տալով, հօր անունից հարսանիքի կանչեց-հրաւիրեց: Վերջապէս դարձաւ Ճետօ-Պետօին.
  • Քեռի Պետօ,- ասաց,- հրամմէ մեր տուն… իմ հէրը քեզ էլ է կանչում:
    Քեռի Պետօն աչքով արեց հաւաքւածներին, դարձաւ Ռէսի որդուն, ասաց.
  • Քու հէրը կանչում է, հասկացանք… բերնիդ կէսն ինչի՞ էս ձեռքովդ ծածկել, չհասկացանք:
    Եւ Ռէսի տղայ-փեսացուն ասաց.
  • Իմ հէրն ասաց Ճետօ-Պետօին կէս բերան կը կանչես, ես էլ կէս բերանով ասեցի…

ԿԱՃԵԹԱՅ ԿՆԿՏԻՔ

Մի անգամ սանամէր Շուշօն ժամերգութիւնից ուշացաւ: Մանր-մանր ոտքը փոխելով, քիթ-բերանը գլխաշորի ճոթով ծածկած, եկեղեցի մտաւ, գնաց կամաց կանգնեց Քաւորքուր Խանդութի մօտ:
Քաւորքուր խանդութը շշունջով հարցրեց.

  • Քա՜, սանամէր Շուշօ, էս ընչի՞ ուշացար:
  • Քաւորքուր Խանգութ,- պատասխանեց սանամէր Շուշօն,- գոմի մսուրն էր փլել, ըշտը, մեր մարդուն կ՝օգնէի, մսուրը կը շինէր:
    Քաւորքուր Խանդութը դարձաւ Քաւորկին Իսկուհուն, շշնջաց.
  • Մսուրն է փլել, դրա համար է ուշացել:
    Քաւորկին Իսկուհին դարձաւ քաւորմամ Դեղձունին, շշնջաց.
  • Կ՝ասեն՝ Մսըրն է փլեր:
    Երբ ժամերգութիւնն աւարտւեց, եւ Կաճեթայ կնկտիք քիթ-քթի տւած, եկեղեցուց ելան, մանր-մանր քայլով իրենց տները ցրւեցին, մի երկու ժամ անց գիւղով մէկ տարածւեց, թէ, «Բա չէք ասի, Մսրայ քաղաքը երկրաշարժից քարուքանդ է եղել»:
    ԿաՃեթայ կնկտիք և նրանց հետ սանամէր Շուշօն ու քաւորքուր Խանդութը, ծունկ ծեծեցին, վաշ-վիշ արեցին.
  • Քա՜յ քոռանա՜մ, ափսո՜ս, ափսո՜ս, Մսրայ շէն քաղաքն ինչի՞ է փլել…

ԿԱՃԵԹԱՅ ՊԱՏԻԺ

Կաճեթում, հարկահաւաքներից բացի, ագռաւներ էլ կային: Կաճեթցիք սարսափելի չէին սիրում ագռաւներին: Գալիս էին, պտտւում գիւղի գլխին, կռռում-կըռկըռում եւ միշտ մի դժրախտութիւն, մի աղէտ բերում գիւղի բնակիչներին: Մէկի ցուլն էր ընկնում շաղգամի հորը, միւսի ձեռքն էր մնում կճուճի մէջ, մի երրորդը ուժեղ հազալուց ճողւում էր, մի մի քանիսն էլ կարմիր սօլեր էին առնում քաղաքում, ճանապարհին ոտքերն իրար խառնում, մի երկուսն էլ չգիտութեամբ պղպեղն ուտում էին խնձորի տեղ…
Մի խօսքով՝ օրհասն եւ աղէտը անպակաս էին Կաճեթի գլխից, ինչպէս էն սեւ ղառղառ ագռաւները: Եւ դեռ ոմանք էլ պնդում էին, թէ ամեն ինչ հէնց նրա՜նց պատճառով է լինում:
Ահա թէ ինչու մի գեղեցիկ օր Կաճեթցիների համբերութեան բաժակը լցւեց. հաւաքւեցին ու գեղովի որոշեցին էն բիւրաւոր ագռաւներից գոնէ մէկին բռնեն՝ հէրն անիծեն:
Որոշեցին ու գործի անցան:
Որը կացին առաւ ձեռքը, որը բահ, որը մուրճ, որը փոցխ կամ եղան, որը գերանդի կամ մանգաղ, աղմուկ-աղաղակով, հարայ-հրոցով ընկան ագռաւների մի մեծ երամի ետեւից, որպէսզի… յոգնեցնեն ու գոնէ մէկին բռնեն:
Մի սպլպոչ լաճ կար Կաճեթում, սա էլ իր պարսատիկն էր առել: Սպլպոչը պարսատիկի մէջ մի կլոր քար դրեց ու, տրա՜ք, կրակեց ագռաւների երամի վրայ:
Ագռաւներից մէկը տեղնուտեղը ուշագնաց թրմփաց ցած:
Ուրախութեան ճիչ — գոռոցով վրայ հասան, բռնեցին:
Ի՞նչ անեն, ի՞նչ չանեն…
Տարան եկեղեցի: Տէրտէրը պատարագ արեց, ծէս ու կարգով նզովքի աղօթք կարդաց գերւած ագռաւի ու նաև նրա ողջ ցեղի գլխին:
Ուրիշ ի՞նչ անեն, ի՞նչ չանեն…
Մէկն ասաց.

  • Իդոր վիզ պոկէք, թալէք դէն…
    Միւսը գոռաց.
  • Իդոր ոտնե՜ր կոտրէք, ոտնե՜ր…
    Մինչ այս, մինչ այն՝ ագռաւի ուշքը ետ եկաւ, «կը՜ռռ» կռաւեց, «ղա՜ռռ» թևին տւեց, ուզում էր թռչի գնա, ազատւի գերութիւնից… Բայց Կաճեթցիք ծուռ հօ չե՞ն, հազիւ են բռնել, իսկի բաց կը թողնե՞ն:
    Այստեղ մէկը բացականչեց.
  • Փիտրէ՜ք իդոր, փիտրէ՜ք…
    Միւսը ճչաց.
  • Ռէսի մարագում բանտէ՜ք…
    Իսկ մի ուրիշը աղաղակեց.
  • Ճի՜շտ է, ճի՜շտ է… Մարագն էլ կրա՜կ տւէք…
    Վերջապէս այստեղ խօսք առաւ ինքը՝ ռէս Ակօն, բոլորը լռեցին, Ակօն ասաց.
  • Հնոց աւանդոյթով, եւ ըստ կարգի օրինած՝ ագռաւին ժեռ քարից ցած պիտի գլորել:
    -Ճիշտ է, ճի՜շտ է,— աղմկեցին մեծ ու փոքր Կաճեթցիք:
    Բերին մի ահագին խնոցու մէջ կոխեցին ագռաւին, մի ահագին շաղգամի գլուխ էլ բերին, խնոցու բերանը խցանեցին: Մեծ հանդիսաւորութեամբ, խաչ ու բուրվառով, զուռնա-պարկա-պզուկով հասցրին ժեռ քարի գլուխը, քարափի գլխից խնոցին գլորեցին ցած:
  • Դը՛մբ-դը՜մբ… դը՜մբ-գը՜մբ…
    Գլորւեց խնոցին՝ քար ու ժայռի զարնւելով, եւ Կաճեթայ լեռները թնդացին ցնծագին ճիչ-գոռոցից:
  • Կըը՜ռ… ղաա՜ռռ…
    Լսւեցաւ յանկարծ ագռաւի կռաւոցը, և մեծ ու փոքր Կաճեթցիք լռեցին զարմացած:
    Էն ահագին խնոցին բերանը շաղգամի ահագին գլխով խցանւած, փշուր-փշուր էր եղել… Իսկ ագռաւը, էն սև չար կռաւանը, թևին տալով, թռչում էր իր համար.
    -Կըը՜ռռ… ղաա՜ռռ…
    Բայց Կաճեթայ ծռերը հեշտութեամբ յուսահատւողներից չէին.
  • Չո՜ռ ու ցաա՜ւ,- անիծեց պատարագիչ քահանան,- չմեռար՝ չմեռար, հo՜ վախեցար…

ԿԱՃԵԹ