«ՄԵՆՔ ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ԿԵՆՍՈՒՐԱԽ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»…

«Մենք զարմանալիորեն կենսուրախ ժողովուրդ ենք, և ես անկասելիորեն հավատում եմ դրան: Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել Հայ ազգի՝ հավերժ Լույսին ձգտող հզոր ոգին» (Հ. Թումանյան):

Հայոց ազգագրական գանձարանի գոհարներից է երգիծական կերպարներով հարուստ ժողովրդական բանահյուսությունը, որի ճյուղերից մեկն էլ զվարճախոսությունն է։

Հայքի յուրաքանչյուր գավառում հազարամյակներ ի վեր ազգային, ավանդական տոնախմբություններն ուղեկցվել են ժողովրդական զվարճաբանություններով, սրախոսություններով, կատակ-երգերով, որոնք հարազատ են Հայի կենսախինդ ոգուն ու աշխարհայացքին։
«Ամենահայտնի զվարճախոսն արցախցի Պըլ (խենթ, ծուռ) մականունով Պուղին է, որի բանահյուսական կրկնակները՝ Պոլոզ-Մուկուչը՝ Շիրակում, Հոբոսը՝ Լոռիում, քեռի Գինոսը՝ Ղափանում, ներկայացնում են տարբեր շրջանների բնակչության հավաքական նկարագիրը:
Ընդհանրապես ժողովուրդը ծուռ, գիժ մականվամբ մկրտում է այն մարդկանց, որոնց արարքները դուրս են գալիս սովորական, հասարակության կողմից սրբագործված չափանիշների, ըմբռնումների շրջանակից»։

Համագյուղացիների կամ հարևան գյուղերի բնակիչների մասին կատակներն ու զավեշտական պատմությունները՝ երբեմն համանման բովանդակությամբ, հանդիպում են գրեթե ամենուր։
«Հոբոսի Ցուցրուկի գադուկի արտը հինգ վեց այծ են մտնում, որոնցից ամենափոքրը սպիտակ է լինում: Հոբոսը սաստիկ բարկացած գնում, բռնում է այս սպիտակ այծին և մի լավ թակում, ասելով. «Տօ, անտէ՛ր, ասենք թէ սրանք ջահել իծան են, խելքներուն հասնում չի, բա դու պռաւած, որ էդ ա մազդ Բերօի բիձա Վարոսի միրքի պէս սիպտակել ա, դու ի՞նչ ես ասում, որ էդ արտը ըրածում ես, քու հէ՞րն ա ըշխատել, թէ՞ դու» :
Նկատենք, որ հանրահայտ այս թափառող սյուժեն հայտնի է նաև Հայաստանի այլ պատմաազգագրական շրջաններում:
Այսպես. Սյունիքում պատմվող առակներից մեկում «Այծերը մտնում են Փարսու բանջարանոցը: Մահակով սկսում է ծեծել սպիտակ այծին:
– Փարսի՛, ինչո՞ւ ես դրան ծեծում:
– Մյուսներն անխելք ջահել են, ներելի է, իսկ սա սպիտակ միրուքավոր, չի հասկանո՞ւմ, որ չի կարելի ուրիշի բոստան մտնել»։ (Մեջբերումները՝ Սուրեն Հոբոսյանի «Լոռեցի առակախոս Հոբոսը» հոդվածից)։

Արցախի՝ Վարանդայի մելիքության իշխան Մելիք-Շահնազարի առակախոս-խորհրդատու Պըլ Պուղու զվարճապատումները պատմվում էին նաև մյուս շրջաններում՝ Սյունիքում, Իջևանում, Արարատյան դաշտում…

«Քաղաքական կարևոր հարցերի քննարկման նպատակով Պարսկաստան ուղարկված ծաղրածու Պըլ Պուղու արտաքին տեսքը, հագուստ-կապուստը վստահություն չի ներշնչում մեր հարևաններին, և երբ նրանք տարակուսած հարցնում են, թե Ղարաբաղում մի կարգին մարդ չկա՞ր, որ Պարսկաստան ուղարկեին, Պըլ Պուղին սառնասրտորեն պատասխանում է, թե՝ «Կա՛, խի չի կա: Բայց Ղարաբաղում կարգին մարդուն կարգին մարդկանց մոտ են ուղարկում (Թ. Հայրապետյան, անձնական գրառում, Արցախ, տետր № 1, 1999 թ., մեջբերումը՝ Թ. Հայրապետյանի՝ «Ղարաբաղի առակախոս Պըլ Պուղու սոցիալ-քաղաքական երգիծանքը» հոդվածից):

«Պըլըպուղի՜, մեր մելիքությունում ինչքան հիմար մարդ կա՝ ցուցակը գրի, բեր,- պատվիրում է մելիք Շահնազարը:
Ասում է՝ «Աչքի՜ս վրա»:
Մի քիչ հետո ցուցակը բերում է՝ առաջինը մելիք Շահնազարի անունը գրած:

  • Պըլըպուղի՛, շաշվե՞լ ես, էս ի՞նչ ես գրել, բա ես հիմա՞ր եմ:
  • Որ հիմար չլինես, Պարսկաստանի շահին մի իշաբեռ ոսկի կտա՞ս:
  • Դե, դա վերադարձնելու ա:
  • Որ վերադարձնի՝ քո անունը ջնջելու եմ, իրանը գրեմ»։

«Այն երանելի օրերին, երբ Պուղին էշ ուներ, մի մարդ է գալիս նրա մոտ:

  • Էշը էսօր տուր ինձ, տանեմ անտառից մի քիչ փայտ բերեմ, Պուղի:
  • Կտայի, բայց էշը տանը չի,- պատասխանում է Պուղին:
    Հենց այդ պահին նրա էշը գոմում զռում է: Հարևանը դառնում է թե՝
  • Բա ասում ես տանը չի՞:
  • Տա՛նը չի,- գոռում է Պուղին,- ի՜նչ աներես մարդ ես դու, էշին հավատում ես, ինձ՝ ոչ»:

․ «…Պըլը-Պուղին մնաց իմ հոգում, իմ էության մեջ, գահ դրեց իմ անձնաշխարհի ամենանվիրական տեղում։ Ես սկսեցի շատ հաճախ վերհիշել Պըլը-Պուղու առակները, զվարճաբանությունները, որ լսել էի գրեթե օրորոցից ու հիմա՝ այս պահին էլ լսում եմ։ Մի քանի անգամ գնացի նրա ծննդավայր Հայոց Ղարաբաղ աշխարհը, համբուրեցի մեր նախնիների այն հողը, որ մեզ, շատ թանկ բաների հետ, պարգևել է նաև հայկական Եզոպոս՝ Պըլը-Պուղի» (Սերո Խանզադյան)։

Հազարամյակների խորքից եկող ժողովրդական երգիծանքը նաև խրատական բնույթ ուներ: Վասպուրական աշխարհի Արճակ գավառից, Շատախից, Կաճեթցիներից և շատ այլ վայրերից բազմաթիվ զվարճալի պատմություններ, երգիծապատումներ են գրառել բանահավաքները:
Զավեշտալի վերջաբաններով այդ ծիծաղելի մանրապատում-զրույցներում արտացոլված է տվյալ շրջանի բնակչության յուրահատուկ մտածելակերպը:

«Պատմում են, որ Կաճեթի բնակիչները ծուռ են, որովհետև նրանց «ախպրի ճուր ծուռ էր, վով խմեր կծռեր: Էտոր խամար էլ Կաճեթա մարթեր հըմեն ծուռ են»։
Մի անգամ մի կաճեթցի խուրջինը լիքը լցնում է, բարձում էշին, տանում քաղաք վաճառքի: Ճապարհի մի հատվածը ցեխ է լինում, և ինչքան տերը էշին քշում է, որ ցեխի միջով անցնի, միևնույնն է, էշը չի մտնում ցեխը, այլ ճանապարհը փոխում է, չոր տեղով է անցնում: Կաճեթցին զարմանքով ասում է.

  • Ոլա՜հ, իմ էշ ձզնե խելոք ի, էլ ես ընչի՞ խետ կէրթամ քաղաք, իմ ոտներ կցավցուցեմ: Թող ինքյ է հա ծախի, ինչ որ պետք ի, առնի կգա տուն:
    Ասելն ու անելը մեկ է լինում:
    Կաճեթցին էշին ճանապարհին թողնում է, ինքը վերադառնում տուն: Երեկոյան տեսնում է էշը չեկավ, սկսում է փնտրել, սրան հարցնել, նրան հարցնել:
    Մի մարդ ծիծաղում է այս խենթ կաճեթցու վրա ու ձեռ է առնում.
  • Վա՜յ, աստված քյո տուն շինի, քյո էշ կնացի Կյավաշ քաղաքյ, իրե փաշա։
    Ծուռ կաճեթցին հավատում է, գնում է Գավաշի փաշայի ապարանքի մոտ և ցանկանում է ներս մտնել, բայց ծառաները չեն թողնում։
  • Ի՞նչ կուզես, քեզ ի՞նչ պետկ ի։
  • Կուզեմ էհամ մոտ փաշին տեսնամ, պան տասեմ։
    Ծառաները թույլ չեն տալիս, աղմուկի վրա փաշան դուրս է գալիս։
    Ծառաներն ասում են.
  • Ահա՜, կո փաշեն էկավ։
    Ծուռ կաճեթցին վազում է, փաշայի ականջից բռնում ու ասում.
  • Տո՜, իմ էշն իր, անտե՜ր, ես քյե օրոխկեցի էհաս քաղաք, առտուր անե՞ս, թե՞ կյաս տառնաս փաշա»…