ԽԱՂԱՔԱՐՏԵՐ՝ ՈՉ ՄԻԱՅՆ ԽԱՂԻ ՀԱՄԱՐ…

Փարիզում՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանում պահվող խաղաքարտերի հավաքածուն՝ Հայկական մետաղադրամների ճշգրիտ պատկերմամբ…
Լուսանկարը հետևյալ կայքից՝ https://antiquitebnf.hypotheses.org/10692

Զանազան առիթներով հաճախ է հիշատակվում Հայերի ներկայությունն ու գործունեությունն Իտալիայում՝ հեռավոր ժամանակներից ի վեր:

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյանների Միաբանությունից մինչև Հերակլիոս կայսեր Հայ զորավար Իսահակը (639թ.), Հայ փոխարքա Պատրիկ Ներսես Հայկազը կամ Սբ. Մարկոս հրապարակի համանուն տաճարի մուտքի վերնամասը հարդարող քառաձի արձանախումբը՝ Հռոմում իր թագադրության առիթով 66 թվականին Տրդատ թագավորի կողմից Ներոնին ընծայված բարակ, մաքուր ոսկեշերտով պատված պղնձե քանդակները (ըստ 1980 թվականին արված քննության), որոնց հեղինակությունը վերագրվում է ն.թ.ա 4-րդ դարի հույն քանդակագործ Լիսիպոսին (Lysippe de Sicyone). (արտաքին անբարենպաստ ազդեցությունից զերծ պահելու նպատակով ներկայումս բնօրինակը պահպանվում է բազիլիկի ներսում՝ դրսում ցուցադրելով ընդօրինակումը):

Օտար աղբյուրներում Հայերի ու Հայաստանի մասին հիշատակվում է նաև Իտալիայում խաղաքարտերի ծագման պատմության առնչությամբ:

Հարցն ուսումնասիրողները բացառել են Եվրոպական երկրներում միջնադարում արաբների կողմից խաղաքարտերի տարածումը՝ հաշվի առնելով Ղուրանի գլխավոր պատվիրաններից երկուսը, որոնք արգելում են պատահական բախտախաղերով տարվելն ու մարդկանց պատկերելը (ի հակադրություն ճատրակի, ուր հաղթանակը ճշգրիտ հաշվարկված մարտավարությունն է ապահովում, խաղաքարտերում պատահականությունն է որոշիչը)…

Նաև՝ որևէ մուսուլման հեղինակի մոտ խաղաքարտերի մասին հիշատակություն չկա (նույնիսկ՝ «Հազար ու մի գիշերներում» չեն հիշվում):

Ծանոթանանք «Ունիվերսալիս» («Universalis» հանրագիտական բառարանում զետեղված՝ խնդրո առարկային առնչվող հոդվածին՝ վերնագրված՝ « «Վիտերբի Տարեգրությունը», Հայաստանից՝ Իտալիա»:

«Նիկոլա դը Տուչիայի գրության մեջ, 1379 թվականին, պատմաբան G.van Rijnberk-ն արդեն ի հայտ է բերել մի զարմանալի զուգադիպություն «sarrasin» անվան, որը «Նաիբի» խաղն է բերել Վիտերբ, մի ոմն Հայիլ (Hayl) Հայկի հետ, անուն, որը Հայի է մատնանշում»:

Մի փոքր պարզաբանենք՝ Վիտերբն Իտալիայի քաղաքներից է, «sarrasin» (թարգմանաբար նշանակում է «հնդկացորեն») օտարազգիներին էին ասում, «Նաիբ»-ը խաղաքարտերի կերպարներից մեկն է՝ «փոխարքան», որից էլ՝ խաղի անվանումը Եվրոպայում՝ պարսկերեն «գանջիֆա» (թղթախաղ) բառի դժվար արտասանության պատճառով…
Ֆրանսիայում թղթախաղերը հիշատակվում են 1393 թվականից:Շարունակենք վերոնշյալ հոդվածի թարգմանությունը.

«Բայց սա («Հայկ» անունը, Կ.Ա.) զուտ երկրորդական (անկարևոր) ցուցում չէ, եթե ուսումնասիրենք Հայաստանի պատմությունը 14-րդ դարի վերջին շրջանում, երբ վճռորոշ մի փուլ էր (Հայաստանի համար, Կ.Ա.) և որ Հայոց պատմությունն սկսվում է Ազգի Հայր համարվող Հայկ Նահապետի հետ կապվող ավանդապատումով, որը, համաձայն Մովսես Խորենացու՝ Բաբելոնի դեմ ապստամբողներից առաջինն էր:

14-րդ դարում Ռուբենյանների արքայական տոհմը, այլևս արու ժառանգ չունենալով, հրավիրել էին ֆրանսիական Լուսինյան ընտանիքի իշխաններից՝ իրենց հաջորդելու համար:
Մերժվելով Լուսինյաններից, Հայկական փոքրիկ թագավորությունը, քրիստոնյա Եվրոպայի կողմից լքվելով, փլուզվում էր մամլուքների կրկնվող հարձակումներից, որոնց հերոսաբար պայքարով դիմակայում էր 200 տարվա ընթացքում:
Այսպիսով, դարի վերջում Հայ ազնվականությունը գերադասեց (նախընտրեց) արտագաղթել:

Նրանց նշանավոր ռազմիկները զինվորագրվեցին, օրինակ, Լեհերի կողքին, Լադիսլաս Յագելոնի հետ, նպաստելով Գրյունվալդի հաղթանակին:

Այլ Հայեր, մասնավորապես առևտրականները, հաստատվում են Իտալիայում, ինչպես օրինակ, Վենետիկում, ուր 1253 թվականից ի վեր, կոմս Մարկո Ջիանին հիմնել էր «Հայաստանի Տունը»:

Նրանցից ոմանք, և, հիմնականում, դրամատների տերերը (բանկիրները), համագործակցեցին Լոմբարդների հետ, որոնց բերեցին Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի ու Չինաստանի հետ երկար գործունեության իրենց փորձն ու գործիմացությունը:

Առանց որևէ արգելքի,, մոտ 1379 -ին Վիտերբում է հաստատվում մի Հայ ընտանիք, որին, իր իսկական անվան չիմացության պատճառով, իր ազգությամբ էին կոչում:
Հավանաբար Հայ երեխաներն են առաջինը սովորեցրել իտալացի երեխաներին «նաիբի» խաղը:

Հնարավոր է, որ արևելյան տարօրինակ այդ պատկերները նաև չափահասների ուշադրությունն են գրավել, և նրանք քաղաքից-քաղաք վաճառել-տարածել են Հայ առևտրականները»:

Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում գտնվող Հայաստանից մինչև Եվրոպա, Հնդկաստան ու Հեռավոր Արևելք՝ Չինաստան ձգվող «Մետաքսի» երկար ճանապարհների հետքերով՝ խաղաթղթերը տարածվում են դարեդար:

10 -15-րդ դարերում Եվրոպայում խաղաքարտերի և նրանցով գուշակությունների պատմությանը նվիրված մի հոդվածում կարդում ենք.

«Ըստ որոշ վավերագրերի, «Նաիբի» (Naïbi) կոչվող այդ խաղաքարտերն, ի սկզբանէ, խաղի հետ միաժամանակ, նույնքան ուսուցողական բնույթ ունեին, քանզի խաղը Հայ երեխաներին սովորեցնում էր հաշվել, ինչպես նաև՝ պահպանել արտագաղթած իրենց ազգի պատմության հիշողությունը:

Այդ ժամանակահատվածում, իրենց տարածաշրջանում տարածքային հարձակումներ և արյունահեղ կատաղի պատերազմներ էին և, թեև հազարավորներն արդեն գաղթել էին դեպի Պարսկաստան (ներկայիս՝ Իրան) 224-642 թվականների ընթացքում, մենք տեսնում ենք նաև Հնդկաստանի Հյուսիս-արևմուտքից 850-1000 թվականների ընթացքում դեպի Բյուզանդական կայսրություն (ներկայիս՝ Հունաստան, Թուրքիա, Բալկաններ) և դեպի Արևմտյան աշխարհ բնակչության զանգվածային գաղթեր. «Ցիգան» անվանվող այս մարդկանց ներկայությունը տարբեր վավերագրերում է փաստվում» («Histoire de la Cartomancie et des Cartes à Jouer en Occident, du Xe au XVe siècle», «Unicorne. com» կայքից):

Նշենք, որ Հնդկաստանից եկածներն իրենց գուշակությունների համար ձեռքի ափն էին կիրառում, ոչ թե՝ խաղաքարտերը (ուստի՝ նրանք ևս բացառվում են որպես խաղի տարածողներ)…

Վենետիկի Սուրբ Ղազարի տպարանում լույս տեսած «Բազմավէպ» հանդեսի 5-րդ համարում (1847թ.) հնուց հայտնի գուշակությունների թվում հիշատակվում է և «թղթահմահությունը»՝ թուղթ քաշելով գուշակություններ անելը…

Քուրմ Յարութ Առաքելեանի բացատրությամբ՝ «Նախկինում եղած հատիկներով (գարի, սիսեռ, լոբի…) և զանազան այլ միջոցներով գուշակություններին խորհրդանիշ-նկարներով թղթահմայությունը փոխարինեց հետագայում:

Խաղաթղթերի նմանությամբ հատուկ «քարտերը» նաև ուսուցողական նպատակով են կիրառվել Հայոց մեջ, և այդ ավանդույթը շարունակվում է մեր օրերում նույնպես՝ հատկապես օտար լեզուների ուսուցման ժամանակ՝ ի թիվս Քրմական այլ հնարքների»…

«Նամակ, հրովարտակ» իմաստից բացի, հնում «Քարտ, քարտէն, քարտէս (քարտեզ)» բառն ուներ «թուղթ կամ մագաղաթ, որի վրա գրում են» նշանակությունը (Հայերենի տարբեր՝ «Բացատրական», «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարաններում հիշատակվում են):

Փարիզում գտնվող՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանն ունի 14-րդ դարից մինչև մեր օրերում ստեղծված՝ խաղաքարտերի մոտ 120 խաղի հիանալի հավաքածու:
Նրանցից մեկն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ՝ Հայերիս համար, քանզի «Դրամի» խորհրդանիշ քարտերի վրա Հայաստանի պատմության տարբեր ժամանակաշրջանների դրամներն են պատկերված:

«Ֆրանսիայի Ազգային գրադարանում պահպանվում է Վենետիկյան խաղաքարտերի մի զարմանալի հավաքածու՝ նկարված Վենետիկում՝ գուաշով, ոմն Մարկոլոնգոյի կողմից:

Այս՝ «Լատինատիպ տարոյի խաղը» պարունակում է մետաղադրամների պատկերներով 13 խաղաքարտի մի տրցակ, որոնց վրա վերարտադրված են ն.թ.ա 3-րդ դարից սկսած մինչև 18-րդ դարը՝ մեկ ու կես հազարամյակ ընդգրկող ժամանակաշրջանի հին մետաղադրամները:

Եթե ավելի ուշ դարաշրջանի մետաղադրամները բոլորը վենետիկյան են, առավել բազմաթիվ նմուշները կապված են Հայաստանի՝ Անտիկ շրջանից մինչև Միջնադար ընկած ժամանակաշրջանի պատմության հետ:

Նաև, ճանաչելի են բազմաթիվ Տիրակալների մետաղադրամները, որոնցից են Տիգրան Մեծը, Էրատո թագուհին, ինչպես և Լևոն Ա-ն. այսինքն Հայկական մեծ տոհմերի հիմնական ներկայացուցիչները՝ Արտաշեսյան, Պարթև, Ռուբենյան և այլն…

Հայկականությունը մեկ անգամ ևս հաստատվում է Գավաթի 4-ի խաղաքարտի վրա գրված 1253՝ հայկական օրացույցի ամսաթվով, որը համապատասխանում է գրիգորյան օրացույցի 1803 թվականի վերջին և 1804 թվականին:

Այս խաղի ներկայացրած բազմաթիվ հետաքրքրություններից մեկն էլ այն է, որ ճշգրիտ վերարտադրված են մետաղադրամները, որոնք կարող են այսօր էլ նույնականացվել:

9 դրամի խաղաքարտի վրա ճանաչելի են Սամոսի որդի Արշամեսի բրոնզե մետաղադրամի նմուշը, որը Մարկոլոնգոն, անկասկած, ընդօրինակել է 1762, հետո 1770 -ին (լուսանկարը՝ ստորև), Ժոզեֆ Պելրինի (Joseph Pellerin) հրապարակումից:

Նույնը վերաբերում է և Տիգրան Դ-ի ու Էրատոյի բրոնզե դիմապատկերներին:

Ուստի ակներև է, որ յուրօրինակ խաղաքարտերի ստեղծողը ոչ թե պատահականորեն է ընտրել ներկայացվող մետաղադրամները, այլ՝ ճշգրիտ ընտրված՝ համախմբված, գրականագիտական սկզբնաղբյուրների մանրակրկիտ ուսումնասիրությամբ:

Հիշյալ երկու մետաղադրամներն այսօր Ֆրանսիայի Ազգային Գրադարանի հավաքածուի մասն են կազմում» (մեջբերումը՝ հետևյալ էջից. https://antiquitebnf.hypotheses.org/10692, հիշեցնենք, որ Տիգրան Դ-ն և Էրատոն, եղբայր ու քույր՝ միաժամանակ են իշխել Մեծ Հայքում, Կ.Ա.):

«Հայկ» անունով Հայի կողմից իտալական Վիտերբ քաղաքում ներմուծված, պատմության մեջ «Նաիբի» անվամբ մնացած խաղի և ուսուցողական տարբեր քարտերի հիման վրա ողջ աշխարհում հետագայում զանազան թղթախաղեր ստեղծվեցին…

Հիմնական 4 տեսակի քարտերով (Գավաթ, Գավազան, Վարձք (Դրամ), Սուր) «Նաիբի» խաղի կանոնները չեն պահպանվել, սակայն նմանատիպ՝ թղթերի վրա նկարված՝ 4 կերպարների խորհրդանիշով, մեր մանկության մի խաղից հնչում է հեռավոր մի հրաման՝ «ԻՄԱՍՏՈՒ՛Ն, ԳՏԻ՛Ր ԳՈՂԻՆ» (Արքայի հրամանով իմաստունը պարտավոր էր կռահել, թե խաղացողներից որի՛ մոտ էր «գողին» խորհրդանշող քարտը՝ «դահիճի» կողմից իրականացվող պատիժը կրելու համար. սխալ գուշակման դեպքում ինքը՝ «իմաստունն» էր կրում կամայականորեն որոշված «պատիժը»)…😊

Ստորև լուսանկարներում՝ որոշ նմուշներ նաև հետագայում Եվրոպայում ուսուցողական նպատակով կիրառվող քարտերից, որոնց վրա նշված են երկրներ, դիցաբանական, պատմական կերպարներ՝ հակիրճ բացատրությամբ…

Ուսուցողական քարտերի նմուշներ՝ պատմական կերպարների համառոտ ներկայացմամբ

«Հայաստանի» անունով ուսուցողական մի խաղաքարտ՝ աշխարհագրական հակիրճ ներկայացմամբ (լուսանկարը՝ Սուքիաս Թորոսյանի էջից՝ շնորհակալությամբ)…

Ուսուցողական քարտերից
Ուսուցողական քարտերից
Ուսուցողական քարտերից
Ուսուցողական քարտերից
Պատմական անձերով՝ ուսուցողական քարտերի նմուշներ

Հայկական պատմական դրամների պատկերով խաղաքարտ՝ Փարիզում՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանում պահվող խաղաքարտերի տրցակից…
Լուսանկարը նշված կայքից՝ 
https://antiquitebnf.hypotheses.org/10692

Տիգրան Դ-ի և Էրատոյի դիմապատկերներով բրոնզե մետաղադրամները՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանի հավաքածուից
Տիգրան Դ-ի և Էրատոյի դիմապատկերներով բրոնզե մետաղադրամները՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանի հավաքածուից
Վենետիկի Սուրբ Մարկոս եկեղեցու մուտքի քանդակազարդ վերնամասը…

Վենետիկի Սուրբ Մարկոս հրապարակի համանուն տաճարի քանդակախումբը, որը հիշվում է որպես Տրդատի ընծա Ներոնին (Տրդատի թագադրության առիթով)…

«Նաիբի» խաղի չորս քարտերի խորհրդանիշները՝ «Սուր», «Գավաթ», «Վարձք» (Դրամներ), «Գավազան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով