«ԵՎ ԿՆՔԵԱԼ ԹԱԳԱՒՈՐՆ ԱՐՔՈՒՆԻ ՄԱՏԱՆԵԱՒ»…

Հայկական Լեռնաշխարհում ու նրա շուրջ սփռված տարածքներում հնագիտական պեղումներից հայտնաբերվել են բազմաթիվ գլանաձև կնիքներ:

Աշխարհի տարբեր թանգարաններում պահվող՝ հազարամյակների «կնիքը» կրող այդ զանազան գտածոները, խոնավ կավի վրա դրոշմելով, իրենց թողած հետքով «կնքում»՝ հավաստում էին պատասխանատու անձի ինքնությունը կամ մի որևէ գործարք՝ սեփականության իրավունքի հաստատում, առևտրական հաշվարկի, մի գործողության համաձայնություն (ներկայումս նույն դերն ունեն ստորագրությունն ու կնիքը)…

Ն.թ.ա 4-րդ հազարամյակի վերջից արդեն, միջագետքյան «քաղաք-պետությունների» ի հայտ գալուն զուգընթաց, գրի ստեղծման անհրաժեշտության հետ մեկտեղ, լայնորեն գործածվում են հիշյալ կնիքները՝ փակված կարասների, դռների, սեպագիր սալիկների «կնքման» նպատակով նաև …

Հայաստանի տարբեր շրջաններից (Կարմիր Բլուրի հնավայրից, Դվինից…) հայտնաբերված՝ անձի ինքնությունը հաստատող կավե «վկայական-գրավականները» պատրաստվում էին հատուկ կավատեսակներից՝ հաճախ այլ նյութերի խառնուրդով:

«Միտանիի» ժամանակաշրջանի գլանաձև կնիքներ են հայտնաբերվել Լոռի Բերդի՝ շուրջ 44 տարիների (1969-2013թթ.) պեղումների արդյունքում (ցեղապետների, Քրմական դասի ներկայացուցիչների, ռազմական առաջնորդների, իշխանների մոտ 11 դամբարաններ են պեղվել), Մեծամորում՝ կարմիր ագաթե կնիք, Թագավորանիստի պեղումներից՝ ամբողջական պահպանված անոթի, իլիկի, ուլունգների կողքին՝ մոտ 3 սանտիմետրանոց քարե եղևնազարդ գլանաձև կնիք (բիայնական՝ ուրարտական շրջանից):

Հայկական Լեռնաշխարհում նմանատիպ կնիք-ուլունգներ կիրառվել են ն.թ.ա 3-րդ հազարամյակի առաջին կեսից մինչև ն.թ.ա. 2-րդ հազարամյակ (նմուշներ կան Արթիկից, Հառիճրից, Նորատուսից, Ներքին Գետաշենի դամբարաններից…):

Կնիքների մի մասը ներսում ուներ դատարկ՝ խողովակաձև խոռոչ, որի միջով անցկացված թելով կապվում էին վզին՝ միշտ կրելով իրենց հետ (նաև՝ որպես զարդարանք ու հմայիլ էին):

Ռազմի տեսարաններով, տարբեր կենդանիների պատկերներով, այլազան զարդամոտիվներով ձևավորված կնքաքարերից բացի, «կնիքի» դեր ուներ և մատանին, որը կրելու իրավունքը վերապահվում էր թագավորին, հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներին, բարձր ու միջին իշխանական դասին, խոշոր առևտրականներին:

Փաստաթուղթը վավերական էր միայն գրավոր տեքստի ու «Կավի»՝ Կնիքի առկայության դեպքում…

Ցարդ որոշ կարևոր փաստաթղթերի վրա ևս իսկությունը հաստատող զմռսված կնիքներ են գործածվում (հավաստագրման կնիքը), նամակները կնքելու համար վերևից մոմապատվում էին և մատանիով կնքվում (սոսենու խեժից էին պատրաստում նաև):

Անձի հետ նույնականացվող կնիքի դերի վերաբերյալ հետաքրքիր դրվագ է շարադրել 10-րդ դարի պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսին՝ Շապուհ Բ-ի’ հռոմեական գերությունից փախուստի պատմության առիթով:

«Արքայից-արքան (Շապուհ Բ-ն) այգեպանից խնդրում է փափուկ մի կավագունդ, կնքում անձնական’ արքայական մատանիով և խնդրում այգեպանին այն ուղարկել Պարսից Մոգպետաց Մոգպետին:
Վերջինս, տեսնելով կնքադրոշմը, ուրախանում է և ժողովրդին հայտնում, թե արքայից-արքան ողջ է»:

Օմար Խայամի խոսքերով՝
«Արքայազնի մատն առանց մատանու նույնն է, ինչ բանակն առանց դրոշի, նույնն է, ինչ մեջքն՝ առանց գոտու» ( գոտին մեծ խորհուրդ ունի՝ որպես բարձր իշխանության ցուցիչ, միաժամանակ՝ պահպանիչ, չարխափան հուռութք՝ հմայիլ):

«Արքայազնի նամակն առանց կնիքի’ նշան է մտքի թուլության և ոչ լավ մտադրությունների, իսկ գանձարանն առանց կնիքի’ նշան է անզգուշության և վատ պահպանվածության:
Բոլոր զարդերը, որ ունեն մարդիկ, կարող են կրել կամ չկրել. միայն մատանին է, որ միշտ պետք է կրել»: (Մեջբերումները՝ Նյուռա Հակոբյանի և Աղավնի Ժամկոչյանի հեղինակությամբ՝ «Հայ-սասանյան մշակութային հարաբերությունների պատմությունից (խաչադրոշմ կնիքներ և կնքադրոշմներ)» ուսումնասիրությունից):

Առանց պաշտոնական կնիքի ուղարկված գրությունը՝ նամակ կամ փաստաթուղթ, դիտվում էր որպես «անվավեր»:

Ահավասիկ մի վկայություն՝ պատմիչներից, ընտրված վերոհիշյալ ուսումնասիրությունից:

«Մի անգամ մարգարեն արքայից-արքային (Խոսրով Բ. Փարվեզին) հղած նամակը չէր կնքել անձնական պաշտոնական կնիք-մատանիով, և արքայից-արքան առանց այն բանալու պատռել էր’ ասելով, թե նամակն առանց կնիքի նույնն է, ինչ գլուխն՝ առանց խույրի, և նրա տերն իրավունք չունի մասնակցելու արքայական խորհրդաժողովներին»:

Համարվելով հոգևոր և բարձրագույն իշխանության, գերակա իրավունքի խորհրդանիշ՝ կնիքները պատրաստվում էին գույնզգույն, տարբեր երանգների թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերից (նռնաքար, սարդիոն (եղնգնաքար), լաջվարդ, հակինթ, հասպիս…):

Արքայական «լուսաշող հակինթե և լազուր փիրուզե մատանին» նրա հաղթանակի գրավականն էր ու չարից պահպանող հմայիլը նաև:

Միջագետքում կիսաթանկարժեք քարերի բացակայության պատճառով՝ հեռավոր երկրներից էին ներկրվում կնիքների պատրաստման համար փորագրվող քարերը (ստորև՝ մի քարտեզ՝ նրանց երկար ձգվող ճանապարհներով)…

« ժ . դարի արաբ պատմիչ Տահշիյարին հաղորդում է, որ Սասանյան հարստության հիմնադիր Արդաշիրն ունեցել է չորս կնիք, որոնց վրա փորագրված է եղել.
զինվորականների համար’ «Տոկունություն»,
հարկերի, ֆինանսների և շինարարության գծով’ «Հաստատում եմ»,
փոստի’ «Աճապարանք»,
իսկ դատական գործերի համար’ «Արդարություն» » (մեջբերումը՝ Ն. Հակոբյանի և Ա. Ժամկոչյանի՝ նշված ուսումնասիրությունից):

Արքայական հրովարտակները, վճիռներն ու բոլոր պաշտոնական փաստաթղթերը կնքվում էին իրենց նմանը չունեցող մատանի-կնիքներով:

«Եւ կնքեալ թագաւորն արքունի մատանեաւ»,- գրում է 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին:
Վերջինս հիշատակում է և «վարազգիր մատանիներով կնքված թղթերը»:

Հայաստանի Պատմության Պետական Թանգարանի հավաքածուի նմուշների թվում Դվինի պեղումներից գտնված «վարազգիր» կնիք-մատանի կա:

«Եւ հանեալ զնոսա անտի’ տայ զմատանի ի ձեռս Աշոտոյ եւ տիրեցուցանէ սեփական ժառանգութեանն», («Թովմայի վրդ. Արծրունւոյ Պատմութիւն տանն Արծրունեաց», Թիֆլիս, 1887, էջ 445):

Անձնական լինելով հանդերձ, կնիքը կարող էր փոխվել տիրոջ կյանքի ընթացքում (հատկապես՝ մասնագիտական փոփոխության դեպքում):

Երբեմն կիրառվել են նաև նախնիների կնիքը՝ որպես ընտանիքի, գերդաստանի խորհրդանիշ…

Կնիքը նաև մեծ խորհուրդ ուներ՝ այլաբանական իմաստով …

ԿՆՔԵԼ, ԴՐՈՇՄԵԼ, ՏՊԵԼ …

Առօրյայում կիրառվող բազմաթիվ բառեր՝ արտաքուստ պարզ ու հասարակ, իրականում՝ զարմանալիորեն խորիմաստ, հնագույն իմաստության մի ուրույն շտեմարան են, ուր մի ողջ աշխարհայացք է ամբարված…

«Տպագիր» այս տողերի «տպավորիչ» ու «գեղեցկատիպ» շարադրանքն ըմբռնելու նպատակով ծանոթանանք հայերենի տարբեր բառարաններում հանդիպող՝ «Տիպ» բառի բացատրություններին…

«Տիպ»-ը, ինչպես մեկնաբանվում է «Բացատրական բառարանում»՝ կարծր նյութի վրա փորագրված պատկերը կամ նշանն է, որը, խփելով մի կակուղ նյութի վրա, ստացվում է փորագրված պատկերի դրոշմը:

«Արմատական բառարանում» գտնում ենք հետևյալ մեկնաբանությունները.

«Տիպ»՝ «Կնքի նշան, օրինակ, դրոշմուածք, նմանութիւն, կերպարանք, ձև», նաև՝ «Նշան, դրամի կնիք, հետք, շավիղ, պատկեր, գաղափար, օրինակ, նախատիպ, տիպար, խորհրդավոր նշան, այլաբանություն»…

Արարչության, ընդհանրապես, Կյանքի գոյության իմաստի շուրջ մարդը մտորել է վաղնջական ժամանակներից ի վեր:

Տիեզերքում Մարդու դերը, գիտակցական աշխարհի սահմանները և նմանատիպ այլ հարցերն իմաստասերների քննարկումների հիմնախնդիրներից են երկար ժամանակ:
Հավերժական ու բացարձակ ճշմարտությունների որոնման և հայտնագործման ուղիները շարունակվում են այսօր նույնպես…

Ինքն իրեն ճանաչելով ողջ Տիեզերքի խորհուրդը հայտնաբերելու հորդորն էր հնագույն շրջանից մեր նախնիներին քաջ հայտնի՝ «Ծանի՛ր զքեզ» պատվիրանը:

Հին Աշխարհից եկող՝ հոգևոր մշակույթի, մարդկանց աշխարհայացքի ձևավորմանը նպաստող իմաստասիրական երկերը ցարդ արդիական են և ուսանելի:

5-6-րդ դարերում ապրած Հայ նշանավոր մտածող Դավիթ Անհաղթը համարում էր, որ «Իմաստասիրությունը (փիլիսոփայությունը) Մարդու բոլոր գործերից ամենագեղեցիկն ու պատվաբերն է», քանզի նրա կոչումը Մարդու՝ կատարելության հասնելու ձևերին ու մեթոդներին նպաստելն է…

Թեև քրիստոնեության տարածումից հետո իմաստասիրական հարցերի քննարկումները քրիստոնեության բարոյականության համածիրում էին դիտարկվում՝ մեկնաբանությունները շղարշելով համապատասխան մտածողությամբ, այնուամենայնիվ, հնագույն շրջանից ժառանգված հիմքը զգալիորեն պահպանվել է Հայ իմաստասերների երկերում:

Դ. Անհաղթի խոսքերով՝ «Մտաց և հանճարոյ ընդունակ»՝ «Մտածելու և գիտության ընդունակ մահկանացուներին» կրթող մեր մտածողները մարդու հոգու և մարմնի խնամքի, կրթության, առաքինությունների ձեռքբերման հարցերի շուրջ բարոյախրատական զրույցներ էին ծավալում, որոնք արդիական են հնչում և այսօր:

Ի տարբերություն մյուս արարածների՝ «բարին ու չարը» զանազանող և նրանց միջև ընտրություն կատարող բանական մարդու կամքի դրսևորումները՝ արարքներն ուղղորդելու նպատակով մանկու՛ց սկսված դաստիարակությունն էր կարևորվում (ինչպես գործում էին Իմաստուն Քրմերը՝ գիտելիքների փոխանցման համար վաղ հասակից կրթելով)…

Անդրադառնալով գիտելիքը պատանի հոգու՝ մոմի պես փխրուն զգայարանների մեջ ավելի հեշտությամբ, խորը դաջվելուն, Գրիգոր Տաթևացին գրում է. «Վասն է՞ր տղայն առաւել ուսանի, քան զմեծն…
Նախ, զի զգայարանքն նոցա՝ որպէս զկակուղ մոմ, առաւել ընդունի զտիպն» ( Գրիգոր Տաթևացի, «Գիրք Հարցմանց», էջ 251):

Ի տարբերություն ամուր, արդեն ձևավորված զգայարաններ ունեցող մեծահասակների, դեռևս անփորձ, «տպավորվող» հոգիներն առավել դյուրին են ենթակա ուսուցման, բացի այդ՝ այստեղ, ինչպես դատարկ գրատախտակի վրա, գիտելիքների «գծագրությունները» դրոշմվում են ճշգրիտ՝ չաղճատվելով արդեն եղածներից…

Հնագույն ժամանակներից եկող՝ Հոգու անաղարտության գաղափարն արծարծել է Պլատոնը՝ «մաշված-հնացած, խորդուբորդ ու աղտոտված մոմի վրա» պատկերներն այլակերպված կլինեն:

Նախկին իրադարձություններից մնացած հետքերը վերացնելու կարևոր միջոցներից էր երաժշտությունը՝ լսողությանը հաճելի երգերով միտքն ու հոգին մաքրելու նպատակով («…Երգեալ՝ մաքրեն ի մտաց նոցա զմարմնական տիպս»):

Մոմի հետ համեմատվող հոգիներում «Դրոշմելու»՝ հետք թողնելու, «Կնիք» դնելու գաղափարը, «Կնիքի» խորհրդանշական իմաստը բազմաթիվ դրսևորումներով է պահպանվել:

Մոգական Խորանի վրա՝ Դիցի Խորհրդանիշ-Կնիքն է դրվում, Մոգական Կնիքում Մոգի կամքն է խտացված՝ «գծված-նկարված»՝ Քուրմ Յարութ Առաքելեանի մեկնաբանությամբ, ի նշանավորումն հոգևոր բարձր աստիճանի՝ Քրմի գլուխը Յուղով է օծվում՝ (դրոշմվում), ի վերջո, մինչ օրս՝ «կնունքի արարողությունն» է շարունակվում…

Եվս մի քանի րոպե՝ Դրոշմի «առեղծվածային» ընթացքով հիանալու հնարավորությամբ՝ սեղմելով ստորև ներկայացված հասցեին.

Նաև՝ Հին Աշխարհից եկած՝ գլանաձև «Կնիքների Պարը»՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանի հավաքածուից (L.Delaporte-ի՝ 1910 թվականին հրապարակած կատալոգից, եթե դեռ ազատ ժամանակ ունեք)…

http://sespoa.huma-num.fr/bnf-delaporte2

Հ.գ. Նախապես շնորհակալություն՝ գրառումներս ձեր հավանումների պայմանական նշաններով ու մեկնաբանություններով յուրատեսակ ձևով «կնքելու» համար…

Գլանաձև կնիքի մի նմուշ՝ Փարիզի՝ Լուվրի թանգարանի հավաքածուից

Միտանիից՝ Մայր Տունի թագավորությունից՝ Նաիրիից մնացած, ն.թ.ա 15-13-րդ դարերով թվագրվող հազվագյուտ մի գլանաձև կնիք՝ պատրաստված «Եգիպտական կապույտով»…

Բրիտանական թանգարանում պահպանվող՝ «Կնքված սեպագիր սալիկ»՝ Միտանիի՝ Նաիրիի արքա Շոշտատարին (կամ՝ Սոստատար, Shaushtatar) ներկայացված իրավական մի հարցին վերաբերող տեքստով…
Հայտնաբերվել է Ալալախում (ներկայիս՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանագծին)

Կնիքների համար գործածված տարատեսակ քարերից…
Կնքաքարերի և դաջվածքների չափերի համեմատությունը (ժամանակակից դրոշմվածքով)
Մեծամորից հայտնաբերված կնիքի դաջվածքը
Սեպագիր սալիկներ՝ որպես ստորագրություն թողնված կնիքով…

Պատկերագրերով՝ արծաթե կնիք-մատանի՝ խեթական շրջանից (ն.թ.ա 14-13-րդ դդ.),
32 միլիմետր տրամագծով

Ֆրանսիայի Ազգային Գրադարանի հավաքածուից

Փարավոն Հորեմհեբի՝ Մանեթոնի նշումով՝ Արմայիսի (կամ Հորուսի) ոսկյա մատանի-կնիքը՝ պատկերագրերով (ն.թ.ա 12-րդ դար)
Պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում
Միտանիի՝ Նաիրիի արքա Սոստատարի կնիքը (ն.թ.ա 15-րդ դար)
Միտանիի՝ Նաիրիի արքա Սոստատարի կնիքը (ն.թ.ա 15-րդ դար)
Միտանիի՝ Նաիրիի արքա Սոստատարի կնիքի պատկերը (ն.թ.ա 15-րդ դար)
Միտանիի՝ Նաիրիի արքա Սոստատարի կնիքի պատկերը (ն.թ.ա 15-րդ դար)
Ն.թ.ա 3-րդ հազարամյակում Միջագետք բերվող կիսաթանկարժեք քարերի ճամփաներով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով