«ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ»
Համաձայն 1948 թվականին հաստատված՝ ՄԱԿ-ի՝ «Ցեղասպանությունը կանխարգելու և պատժելու մասին համաձայնագրի (կոնվենցիայի), որն ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ից, «Ցեղասպանությունը» մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է՝ նրանց ազգային — հավաքական գոյությանը վերջ դնելու նպատակով (համաձայնագրի 2 հոդվածները՝ ստորև):
Ցեղասպանություն է պատերազմական շրջանում կամ խաղաղ պայմաններում՝ լիովին կամ մասամբ իրականացվող հետևյալ գործողություններից մեկը՝
Ա. Խմբի անդամների սպանելը
Բ. Խմբի անդամներին լուրջ մարմնական կամ հոգեբանական վնաս պատճառելը
Գ. Մտածված կերպով ազդելը խմբի կյանքի պայմանների վրա` նպատակ ունենալով նրա ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը
Դ. Այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը
Ե. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:
Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված՝ Հայերի ցեղասպանությունը նախկինում վարած քաղաքականության շարունակությունն էր, և այդ ծրագիրը քողարկված գործեց հետագայում նույնպես՝ տարբեր չափերով ու ձևերով…
Հիմնվելով 18-րդ դարի վերջին տասնամյակներում կատարված ոչ ստույգ մարդահամարի տվյալների վրա՝ հարցն ուսումնասիրող պատմաբանները եզրակացնում են, որ կայսրության տարածքում ապրում էին 2 միլիոնից ավելի Հայեր, որոնցից շուրջ մեկուկես միլիոնը սպանվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացածը՝ կա՛մ բռնի մահմեդականացվեցին, կա՛մ էլ՝ սփռվեցին այլուր՝ ապաստանելով տարբեր երկրներում:
Ողբերգությանը հաջորդող շրջանում, երկարատև լռությունից հետո, վերջին տասնամյակներում տարբեր երկրներում ապրող Հայ և օտարազգի պատմաբաններն, անդրադառնալով իրենց պատմական հայրենիքում հնագույն բարձր քաղաքակրթություն ստեղծած մի ողջ ազգի ցեղասպանությանը, անվարան խոսում են թուրքերի կողմից ներկայացված «ժողովրդագրական տվյալների կասկածելիության մասին»՝ պատճառաբանելով «ժողովրդագրության հանդեպ թուրքերի անտարբերությունը կամ մարդահամարի կասկածելի եղանակներն ու նրա իրականացման «ծայրահեղ դժվարություններն» այն ժամանակվա կայսրության տարածքում» (Ռ. Գևորգյանի՝ «Հայերի ցեղասպանությունը» գրքից, էջ 333, Raymond Kevorkian «Le génocide des Arméniens», Paris, 2006):
Մանրամասն համեմատելով քննարկվող ժամանակաշրջանի տարբեր աղբյուրներում հրապարակված՝ զանազան մարդահամարների տվյալները՝ նահանգ առ նահանգ՝ ողջ կայսրության տարբեր վիլայեթներում և մնացած տարածքներում, հեղինակը (Ռ.Գևորգյանը) մատնանշում է Հայ ազգաբնակչությանը վերաբերող թվերի բացահայտորեն խեղված — նվազեցված ներկայացումը:
«Բեռլինի Համաժողովին Հայոց Պատրիարքարանի առաջ քաշած՝ 1878 թվականի՝ օսմանյան հաշվառման (Սալմանի) տվյալներով, 1.330.000 (մեկ միլիոն երեք հարյուր երեսուն հազար) Հայ էր բնակվում միա՛յն Դիարբեքիրի նահանգում (վիլայեթում):
Նույն ձևով՝ 1882 թվականի՝ Պատրիարքարանի կողմից արված բնակչության հաշվառումը հիշյալ շրջանում 1.350.000 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունհինգ հազար) Հայ է ներկայացնում» (վերոնշյալ գրքից՝ էջ 335):
Կոտորածներից և հազվագյուտ վերապրածների բռնագաղթից հետո, Հայոց հողերի և ունեցվածքի՝ կազմակերպված բռնագրավումը թուրքական պետության ու տարբեր անհատների կողմից, նույնպես բազմաթիվ ուսումնասիրությունների նյութ է դարձել:
Դեռևս 1919 թվականի՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովին ներկայացված, Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբար Փաշայի կազմած ցուցակը՝ միայն Առաջին աշխարհամարտի տարիներին Հայ ժողովրդի կրած նյութական և մշակութային ժառանգության նախնական, մոտավոր հաշվարկով, որը մի առանձին գրառմամբ էինք արծարծել, հետագայում համալրվել է՝հատուցման սպասումով…
Ի հիշատակ մեր անմեղ զոհերի, դեռևս 1895 — 1896 թվականների համիդյան ջարդերին ի պատասխան ապստամբած արիասիրտ Զեյթունցիների, որոնք հետագայում՝ 1915-16 թվականներին ևս հերոսաբար մարտնչեցին, Վանի, Մուսալեռի ինքնապաշտպանության քաջազուն մարտիկների և բոլոր ժամանակների բոցաշունչ Հայորդիների՝ Արդարադատության և Հատուցման պահանջով…
Հ.գ. Ահավասիկ՝ «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» համաձայնագրի հոդվածները.
«ՀՈԴՎԱԾ 1
Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝
կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային
իրավունքի, հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և
պատժել այն կատարելու համար:
ՀՈԴՎԱԾ 2
Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից
ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի,
որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.
Ա. Այդ խմբի անդամների սպանությունը,
Բ. Այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս
պատճառելը,
Գ. Որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք
ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
Դ. Այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների
իրականացումը,
Ե. Երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին»:
Ակամայից՝ վերջին տասնամյակներում Հայաստանյան և հարակից շրջանների իրադարձությունների, նաև՝ Նախիջևանյան մտորումներով…
Աշոտ Սաղաթելյան (Գյումրի) ստորագրությամբ մի նամակ խմբագրությանը, ուր նշվում է, որ 5 միլիոն Հայ էր ապրում միա՛յն Տարոնի, Մուշի գավառներում:
1922 թվականին կայացած՝ Լոզանի համաժողովում Հայկական պատվիրակությունը հայտարարել է, որ, Պատրիարքարանի ոչ լրիվ տվյալների համաձայն, 1915 թվականին Հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության զոհ է գնացել 6-7 միլիոն խաղաղ բնակչություն:
Թուրքական պատվիրակության ներկայացրած՝ 1,5 (մեկ ու կես) միլիոնը միայն Սիրիայի՛ անապատներում՝ Դեր — Զորում, զոհվածների թիվն է…
Գերմանական երկաթուղային ընկերությանը պատկանող՝ գառների համար նախատեսված վագոններով Հայերի «տեղափոխումը» դեպի Սիրիա…
Ցեղասպանության օրերի լուսանկարներից
Եվ՝ դեպի մահվան անապատներն անվերջ քայլող Քարավաններ…
Եղեռնական օրերից…
Ավելի բաց գույնով՝ Հայերի հարաբերական մեծամասնությամբ բնակեցված տարածքներն են:
Ամենաբաց երանգներով՝ քիչ տոկոսով Հայերով բնակեցված շրջանները…