ՓՅՈՒՆԻԿ

Կամ՝

«…Ափ մը մոխի՜ր աճիւնիս հետ, Հայրենի՜ տուն,
Ափ մը մոխի՜ր քու մոխիրէդ, ո՞վ պիտի բերէ,
Քու յիշատակէ՜դ, քու ցաւէ՛դ, քու անցեալէ՜դ,
Ափ մը մոխիր… իմ սրտիս վրան ցանելու…»։

(Հատված՝ Սիամանթոյի՝ «Ափ մը մոխիր, Հայրենի՜ տուն» բանաստեղծությունից)

Վաղնջական ժամանակներից ի վեր, Հայկական Լեռնաշխարհում ծնունդ առած ու հետագայում ավելի հեռուն ձգվող տարածքներում ևս տարածված՝ Հուրի, Կրակի (Արևի, Լույսի…) պաշտամունքը հարատևելով հասել է մեզ՝ իմաստի ուղղակի նշանակությամբ, հաճախ՝ այլ կրոններով իմաստափոխված…

Կրակի հետ կապված, մոխիրը նույնպես իր այլաբանական իմաստն ունի՝ որպես իր խորքում կրակի Կայծը պահող, այդպիսով նաև՝ նոր Կյանքի Սկիզբն ազդարարող:

Վերածնունդի առհավատչյան՝ առասպելական Փյունիկ թռչունն իր մոխիրներից է հառնում վերստին…

Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում 1878 թվականին ծնված Ատոմ Յարճանյանը, որն առավել հայտնի է Գարեգին Սրվանձտյանի կողմից իրեն տրված՝ Սիամանթո անվամբ, օսմանյան կայսրության տարածքում 1894-1896 թվականներին իրականացված Հայկական ջարդերի պատճառով, դեգերումների ճամփեքով (Կահիրե, Ժնև…), հասել էր Փարիզ՝ Սորբոնի համալսարան…

Տարիներ հետո, վերադառնալով իր այնքա՜ն պաշտելի Հայրենիք, 1915 թվականին Հայ մտավորականների մի խմբի հետ, Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում, ցեղասպանների վայրագության բազմամիլիոն զոհերից մեկը դարձավ…

…«Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո,
Քո ավերակներուդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր,
Իր դժբախտի երգն և արցունքը լալու…

Բայց ո՞վ պիտի բերե, ո՞վ պիտի բերե, ըսե՛,
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ,
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու…»:

«…Ես հավատում եմ, Հա՛յ ժողովուրդ, քո Դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի:

Հավատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին՝ Մասիսի խորհրդավոր հայացքի տակ, մեր Հայրենիքը կա, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքուշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ` նայո՜ւմ, նայո՜ւմ է ճամփաներին:

Եվ հեռու չէ այն օրը, երբ, իր բազուկները տարածած, նա կընդունի հեռավոր հորիզոնների տակ հածող ու հեծող իր զավակների կարոտակեզ բազմությունները. և բյուրավոր ձայներ կթնդան Մայր Արաքսի ափերին.

Արմենիա՜, Արմենիա՜, ո՜վ իմ հոգու Հավիտենակա՛ն ապաստան, ո՜վ իմ պաշտելի՛ Հայրենիք»…

Պայծառ գալիքի հույսով ու հավատով գրել է իր ազգի վշտով մորմոքված, Հայրենիքի նվիրյալ մի այլ Հայորդի՝ Ավետիս Ահարոնյանը…

Փյունիկի պես՝ իր մոխիրներից հառնող մեր Պատմական Հայրենիքի Վերածննդի տեսիլքով և երազների իրականացման հավատով…😊💥

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով