ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ… ԱՂԱՎՆԱՏՈՒՆ… ԵՎ՝ ԵՐԿՆՔՈՒՄ ՃԱԽՐՈՂ՝ «ԱՍՏՂԻԿԻ ՏԱՏՐԱԿՆԵՐ»…
Զանազան բարբառներով ու բազմաթիվ տարբերակներով հնուց մեզ հասած մի պատմություն՝ «Աղավնու վանքի» մասին մի լեգենդ, սերնդեսերունդ փոխանցվելով, գրառվել է տարբեր ուսումնասիրողների կողմից (1735 թվականին՝ կաթողիկոս Ղազար Ջահուկեցի, Միքայել Չամչյան, Գ. Հովսեփյան):
Թումանյանի հանճարեղ գրչով վերստին շարադրված այս պատումը Լենկթեմուրի արշավանքների ժամանակ հրաշագործ ծերունուն խոստացված՝ «մի վանքաչափ» ազգակիցների փրկության պատմությունն է, երբ վանք մտնելով՝ հրաշքով աղավնու վերածվելով,, պատուհանից դուրս գալով, կրկին դեպի իրենց լեռներն էին թռչում ու փրկվում հայրենակիցները…
Երկնային ոլորտի հետ առնչվող թռչունները, վաղնջական ժամանակներից ի վեր, աստվածայինի (հոգևորի) հետ էին համադրվում:
Պլատոնը Հոգին Աղավնատան հետ էր համեմատում (Théetete,197cd.s), գիտելիքները թռչունների նման են, քանզի «նրանց հետևում ենք (հետապնդում ենք), բռնում և երբեմն՝ բաց թողնում»…
Հնուց ի վեր Մայր Բնության դիցուհուն (Դեմետրին, ինչպես և՝ Իշտարին, Աստարտեին, Ինանային, Վեներային, Իզիդային), նաև՝ Փրփրածին Ափրոդիտեին վերագրվող աղավնին՝ ավելի ճշգրիտ՝ աղավնու ավելի փոքր ու նրբիրան տեսակը՝ տատրակը, Հայոց մեջ Անահիտի, Աստղիկի խորհրդանիշն էր (Աստղիկը նույնացվում է նաև Արշալույսի Լուսաբեր Աստղին՝ Արուսյակին):
«Քաղցրախօս ու սրբասէր հաւն այս» «անապատասէր, ամուսնասէր» է որակվում Հայոց կողմից, քանզի «ի բազմաց միաբանուէ և ի խառնից խոյս տայ»:
Ուստի՝ Հայ միջնադարյան գրականության մեջ, հոգևոր գարնան ավետաբեր լինելուց բացի, մեկնաբանվում է որպես անմնացորդ նվիրումի ու հավատարմության խորհրդանիշ:
Նարեկացու խոսքերով՝
«…Սրբասուրբ է հաւն այն (տատրակը, Կ.Ա.). և եթէ դէպ լինի վարուժանին իւր մեռանիլ, ոչ երբեք միաւորի ընդ այլ ումեք ի յիւրոցն մինչև ի վախճանն իւր»…(Սրբասուրբ է այն թռչունը (տատրակը). և եթե իր արուն դիպվածով մահանա՝ մինչև իր վախճանն այլևս ոչ մեկի հետ չի միանում (զույգավորվում) ):
Անհիշելի ժամանակներից ի վեր, սերնդեսերունդ փոխանցվելով, մեզ են հասել անթիվ պատմություններ, առակներ, ավանդապատումներ՝ կենդանիների այլաբանական դերով ու իմաստով (Եզովպոսից՝ մինչև Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ ու Լաֆոնտեն…):
2-րդ կամ 4-րդ դարում հունարենով գրված մի աշխատություն է մնացել, որն հետագայում բազմաթիվ լեզուներով է թարգմանվել-ընդօրինակվել (հայերենով հրատարակվել է 1855 թվականին՝ ըստ 14-րդ դարի փարիզյան մի ձեռագրի, նաև 2 այլ ձեռագրեր՝ Վենետիկի Մխիթարյանների կողմից…), վերնագրված՝ «Physiologus», ուր նկարագրվում են իրական ու երևակայական կենդանիներն ու թռչունները՝ իրենց վերագրվող խորհուրդով, այլաբանական իմաստի մեկնությամբ (նման բացատրական տեքստեր են հայտնի դեռևս ն.թ.ա 18-13-րդ դարերի խեթական սեպագիր սալիկներից):
«Ֆիզիոլոգուսում» գրված է. «եթե տատրակը կորցնում է զույգին, մեռնում է կամ այլևս նոր զույգ չի կազմում» («անապատասէր»՝ առանձնացած, միայնակ կյանք սիրող է, ինչպես վերը նշեցինք):
Հին ավանդապատումներում, զրույցներում աղավնու, տատրակի կաթով սնված հայտնի կերպարների մասին է հիշվում (Հոմերոսի հաղորդմամբ՝ Զևսին աղավնինիերն են սնել, նույնը՝ Շամիրամի համար է պատմվում …), նաև՝ աղավնու, ծիծեռնակի (թռչնի) փոխակերպված կանանց (հունական պատումներից մինչև հայկական՝ «Ռանչպարի տղան» հեքիաթում…):
Սովորաբար կաթնասուններին բնորոշ՝ ձագերին կաթով կերակրելու հատկությունը, զարմանալիորեն, հատուկ է նաև տատրակին և աղավնազգիներին պատկանող այլ տեսակներին:
Եվ նրանց կաթն այնքան սննդարար է, որ առաջին երկու օրում ձագերի քաշը կրկնապատկվում է:
Հայերենում գործածվում է «Ծիծեռնակի կաթ» արտահայտությունը որպես «խիստ հազվագյուտ, անգյուտ բան»:
Աղավնու նման, գարնան ավետաբեր ծիծեռնակը ևս, իր ամենամյա չուից վերադարձին՝ վերագտնում է իր նախորդ տարվա բույնը:
Կյանքի հավերժական Վերազարթոնքը՝ Գարունն ավետող ծիծեռնակը հնագույն բազմաթիվ ծեսերում բեղմնավորման ու բեղունության խորհրդանիշն է:
Ուշագրավ է, որ հին ֆրանսերենով «ծիծեռնակ»՝ «hirondelle» «aronde» ձևով է գործածվել:
Հայերենում «Աղավնի» բառը համարվում է բացառություն, սովորաբար «աւ»-ն փոխակերպվում է «օ»-ի (թեև ունենք՝ Աղուն, Աղունիկ ձևը):
Ֆրանսերենում կարծես թե պահպանվել է «աղավնի-ծիծեռնակ» նույնացման հետքը (ըստ իս):
«Ծիծեռնակ»-ը «Ծիծառն» էր, որի ստուգաբանությունը Երեմյանը բխեցնում է «Ծիծ առնել» ձևից (ըստ Աճառյանի «Հայերէն արմատական բառարանի»): Ինչպես եղջերավորներին էին հնում անվանում «Եղջեր, եղջյուր» ընդհանուր անվամբ, այնպես էլ աղավնազգիներին, թերևս՝ «Ծիծեռ»՝ «ծիտ ու ծիծեռ»…
Անմնացորդ նվիրումի ու հավատարմության խորհրդանիշ տատրակի մասին երգվել է և միջնադարում (ինչպես որ սոխակը՝ հավատարիմ վարդին):
Նաև՝ շատ ավելի վաղ՝ Հունաստանում:
Հերոդոտոսի վկայմամբ՝ Եգիպտոսից՝ Թեբեից թռած երկու սև աղավնիների հետ է կապված Հին Հունաստանի հայտնի սրբավայրերից մեկի՝ Դոդոնի տաճարի հիմնումը:
Խորենացու հիշատակած՝ Անուշավան Սոսանվերի մեհյանի նման, Դոդոնում նույնպես սրբազան ծառերի սաղարթների սոսափյունով (կամ զեփյուռի հետևանքով ճյուղերի առաջացրած ձայնով) ապագային վերաբերող գուշակություններ էին արվում:
Ըստ ավանդության, Թեբեից հասած աղավնիներից մեկը, նստելով կաղնու վրա, մարդկային ձայնով արտաբերել է այդ վայրում (Դոդոնում) Զևսի պատգամախոս-գուշակի տաճարի հիմնադրման անհրաժեշտությունը:
Նույն ձևով, մյուս աղավնին Լիբիայում՝ Ամոնում, Յուպիտերի տաճարի հիմնումն է հորդորել…
Փիլոստրատի հաղորդմամբ՝ Դոդոնում կաղնու վրա նստած Ոսկեթև (կամ՝ Ոսկյա) Աղավնու քանդակ կար՝ Մայր Դիցուհուն խորհրդանշող…
Դոդոնի սրբազան կաղնին նաև բազմաթիվ աղավնիների «նստավայրն» էր, պատգամախոս-քրմուհիները հենց «Աղավնիներ» էին անվանվում:
Հայոց մեջ՝ «Աստղիկի տատրակների» մասին է հիշատակում Աստղիկ գետի կարկաչով լի Սեբաստիայում ծնված, «հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ թաթախված վրձնով երկնած՝ Դանիել Վարուժանն իր մի բանաստեղծության մեջ.
«Վայրի կատուի մ’ աչքին հանգունակԹովեց Աստղիկին բոլոր տատրակներն»… («Ադոնիսի մը» բանաստեղծությունից) :
Թռչունների թռիչքի հետագծի հիման վրա ևս գուշակություններ էին կատարվում:
«Հաւադէտը (Augur), դիտող զհաւս, զթռիչս և զկեր նոցա՝ առ ի հմայել՝ Հաւադիւթականն (հաւահմայութիւնն)» (Նոր բառգիրք Հայկազեան լեզուի), (Թռչուններին, նրանց թռիչքն ու կերն ուսումնասիրելով կատարվող գուշակություն)…
«Տատրակը»՝ փաղաքշական իմաստով, որպես «Փոքրիկ, քնքուշ երեխա», ցարդ գործածվում է՝
«Իմ տատրակիս քունն է եկել. Անուշ ձայնով ըսեմ օրոր»…
Վարդամատն Աստղիկի տոնին՝ Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորույթը հարատևել է մինչ օրս…
Աստղիկի հետ նույնացվող՝ հունական դիցաբանության մեջ հայտնի սիրո դիցուհու՝ Փրփրածին Ափրոդիտեի պաշտամունքի ծագման հարցի շուրջ բազմաթիվ իրարամերժ կարծիքներ են հնչել 19-րդ դարից ի վեր:
Գերակշռող տեսակետի համաձայն՝ այն հնագույն Մեծ Մոր պաշտամունքի՝ ժամանակի ընթացքում կերպարանափոխված ձևն է:
«Ափրոդիտե», ըստ Հեսիոդոսի, հունարենով ստուգաբանվում է «Փրփրուրներից ծնված»՝ Փրփրածին), հետագայում, հռոմեացիների կողմից նա նույնացվեց Վեներայի հետ:
Նրանց համարժեքը Հայոց մոտ՝ Աստղիկն էր, նաև՝ Անահիտը:
Ինչպես Ս. Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանն» է հիշեցնում՝ «Փրփրածին՝ (Ծովի) փրփուրից ծնած, մակդիր Աֆրոդիտէ և Վեներայ աստվածուհու, որին համարում էին ծովի փրփուրից ծնած: (Նույնպիսի աւանդութիւն կար և Հայոց Աստղիկի մասին)»:
«Ի փրփրոց ծնեալ… Ուստի և անուանեցաւ Ափրոդիտե, որ է Փրփրածին» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):
Ափրոդիտեի պաշտամունքի ակունքները հետաքրքրել էին դեռևս հույն պատմիչ և աշխարհագրագետ Հերոդոտոսին (ն.թ.ա 5-րդ դար):
Իր բազմահատոր ուսումնասիրության մեջ («Պատմություն», 1, 105), որպես Ափրոդիտեի՝ իրեն հայտնի ամենահին տաճար, նշում է Սիրիայի Ասկալոն քաղաքինը, որից սերում էին Կիպրոսում գտնվողը (ըստ կիպրացիների պատմածի) և Կիթերիայինը (Կիթերիան Պելոպոնեսի և Կրետեի միջև տեղակայված կղզի է):
Համարվում էր, որ սիրիական Աթարգատիս կամ Դերկետո դիցուհիներն են Կրետե և Կիթերիա կղզիներում նույնացվում Ափրոդիտե Ուրանիայի՝ Երկնային Ափրոդիտեի հետ, ուր նրա հայտնի տաճարներն էին (A.Barguet, «Hérodote…», Փարիզ, 1964-1971):
Հիշենք, որ ներկայիս Սիրիայի հյուսիսային շրջաններում էին Հուրիական կոչվող մշակույթի (հայկական) կարևորագույն կենտրոնները…
Ուրեմն, անհիմն է Հայոց դիցերին օտար ծագում վերագրելը, երբ այլոք են իրենց դիցերի ակունքները մեզ մոտ գտնում…
Ինչպես մեհյաններին պատկանող արոտավայրերում էին պահվում Անահիտ դիցուհու «պիսակավոր երինջները»՝ ճակատներին մեհենական դրոշմով, այնպես էլ՝ Աղավնատներում՝ աղավնիները, տատրակներն էին…
Եգիպտոսից պահպանված պապիրուսները, ինչպես նաև հին հունական սկզբնաղբյուրները, բազմաթիվ տեղեկություններ են հաղորդում հնագույն Աղավնատների կառուցվածքի մասին (ստորև՝ որոշ լուսանկարներ):
Արտաքին պատին՝ բարձրության վրա տեղադրված փականքն ապահովում էր սրբազան Աղավնիների անվտանգությունը:
Դուռը փակելու համար գործածվող հատուկ աստիճանը հեռացվում էր այն կողպելուց հետո՝ անհնարին դարձնելով որևէ անցանկալի ներկայություն (ոչ ոք չէր կարող ներթափանցել Աղավնատուն): Նման շինություններ են պահպանվել ներկայիս Իրանի տարածքում…
Ծիսական բնույթից բացի՝ աղավնին օգտակար էր հողագործության մեջ՝ ծերտը հողի պարարտացման լավագույն միջոցներից էր, նաև՝ նրա միսն էր անչափ համեղ ու սիրված…
Քուրմ Յարութ Առաքելեանի վկայությամբ՝ Պարսկաստանի Եազդ քաղաքի մոտակայքում գտնվող Աղավնատների կենտրոնում հավաքված թռչնաղբը՝ ջրին խառնելով (ջրի հետ բացելով) արտերը պարարտացնելու ավանդույթն այսօր էլ շարունակվում է:
Սնունդից բացի, աղավնու (տատրակի) միսը որպես ապաքինող միջոց է հիշատակում 5-րդ դարում ապրած՝ հռոմեացի բժիշկ Caelius Aurelianus-ը:
Աղավնատների խոռոչների նմանությամբ՝ պատերազմական իրավիճակներում (հարձակում, պաշարում…), նաև՝ համաճարակի դեպքում բնակության համար նախատեսված ժայռափոր, ստորգետնյա կացարաններում ևս կանոնավոր խոռոչներով կառուցված «սենյակներ» կան՝ կիրառական այլ նշանակությամբ (ինչպես Անիում, ներկայիս՝ Կայսերիում (խեթական շրջանին վերագրվող՝ հետագայում քրիստոնեության վաղ շրջանում ձևափոխված):
Պարսկահայաստանում՝ Սալմաստի շրջանում, տեղագրական քարտեզների վրա պահպանված Աղավնու Բերդը, Երևանից ոչ շատ հեռու՝ Աղավնատուն գյուղը կամ մայրաքաղաքի հրաշալի բարձունքում խոյացող Ծիծեռնակաբերդն այլ պատմություններ ունեն պատմելու…
1925 թվականին Երևանգէսի շինարարական աշխատանքների ընթացքում բրոնզեդարյան հնագույն բնակավայրի հետքերն ի հայտ եկան Երևանում, Հրազդան գետի աջ ափին, Ծիծեռնակաբերդի հնավայրում, ուր պարսպապատ ամրոց — բնակատեղին էր, բարձրադիր բլրի գագաթին պահպանված՝ քառակուսի աշտարակներով փոքրիկ բերդը:
Ավանդույթի համաձայն, այս հնավայրում էր Հայոց Աստղիկ դիցուհու մեհյանն իր Աղավնատնով (տատրակներով, ծիծեռնակներով), որտեղից էլ՝ Ծիծեռնակաբերդ անվանումը…
Աստղիկի հնագույն տաճարի տեղում է կառուցված նաև Երևանի՝ Օպերայի ու բալետի հայտնի շենքը…
Տատրակի ու ծիծեռի, նաև՝ բարդու շրշյունին ու Նախնյաց կանչին ունկնդիր, Համո Սահյանի խոսքերով՝
Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում…
…
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
Հ.գ. «Զմոգականն ասէ Գամիրք գտին», — կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:
Գամիրքը՝ Կապադովկիան, որը նաև Սպիտակ Ասորիք էր կոչվում, իր մեջ ընդգրկում էր մոտավորապես հետագայի Կեսարիայի և Սեբաստիայի (Սվասի) նահանգները (Փոքր Հայքի (Առաջին և Երկրորդ Հայքի) մեջ) և հնում խեթերի թագավորության մի մասն էր:
Ստորև ներկայացված լուսանկարների թվում, երբեմնի խեթական թագավորության մաս կազմած՝ ժայռափոր ու ստորգետնյա կառույցներով հարուստ այս տարածքում (Գամիրքում) պահպանված՝ հնագույն Աղավնատան փլատակներից մի հատված՝ ներկայիս Կապադովկիայի Կեսարիայում, երբեմնի՝ Մաժակ (Մշակի հիմնադրած քաղաքին մոտ), այսօր՝ Կայսերի…
Ստորգետնյա թունելներով, լուսավորության աղբյուրներով, մարդկանց ու կենդանիների բնակության համար նախատեսված, 10 կիլոմետր երկարությամբ ժայռափոր այս հնագույն բնակավայրում (այսօրվա անվամբ՝ Erdemli Yeşilhisar-ի մոտ) վաղ քրիստոնեական շրջանում եկեղեցու վերածված հատվածներ կան…Պահպանված ստորգետնյա քաղաքի մի չնչին մասն է ուսումնասիրված առայժմ…
Լուսանկարների թվում՝ տեսարան Şahmelik (Develi) կոչվող վայրից նույնպես՝
Խեթական շրջանից պահպանված՝ 6-7 կիլոմետրի վրա տարածվող ստորգետնյա, 7 հարկանի «քաղաքի» մնացորդներից մի դրվագ՝ ենթադրաբար՝ հնագույն Աղավնատան փլատակներից մի հատված՝ ներկայիս Կապադովկիայի Կեսարիայում, այսօր՝ Կայսերիի շրջանում (Şahmelik (Develi) )
Այցելուների համար մատչելի է ընդամենը մոտ 600-700 մետր տարածքով մի հատվածն ընդամենը: Քարերի անկման պատճառով մնացածն անհասանելի է…
Հավելենք նաև, որ հնում ծիսական սպասքը դիցի խորհրդանիշով էր:
Ուստի՝ արարողության ժամանակ գործածվող՝ Աղավնակերպ մյուռոնաթափն իր հնագույն իմաստն ու արմատներն է վերագտնում…
Չմոռանալով Աղավնու՝ այսօրվա ընկալումը՝ «Խաղաղություն ամենեցուն»…
Բոլոր ժամանակների «Աղվնիկ խաղցնողներին» և նրանց թռիչքով հիացողներին՝ առանձնահատուկ ողջույններով …
Ափրոդիտեին խորհրդանշող Աղավնու քանդակ՝ հայտնաբերված Դափնիում գտնվող սրբավայրից (ն.թ.ա 4-րդ դար), վրան մակագրված՝ «Ֆալակրիոնի ընծան՝ Ափրոդիտեին» (Ֆալակրիոնը սա նվիրել է Ափրոդիտեին)…
Լճաշեն, ն.թ.ա 15-րդ դար…
Դիցուհի՝ մի ձեռքում՝ թաս, մյուսում՝ աղավնի
Հնագիտության Ազգային թանգարան, ՖրանսիաՄարաշից հայտնաբերված քարակոթող (ն.թ.ա 8-րդ դար, նոր խեթական շրջան)
Ն.թ.ա 1-ին դարի հռոմեական խճանկար, ուր երևում են Եգիպտոսից ներմուծված՝ աղավնաբուծության մեթոդները…
Ստորգետնյա թունելներով, լուսավորության աղբյուրներով, մարդկանց ու կենդանիների բնակության համար նախատեսված, 10 կիլոմետր երկարությամբ ժայռափոր հնագույն բնակատեղի Կայսերիում (Erdemli Yeşilhisar)՝
վաղ քրիստոնեական շրջանում եկեղեցու վերածված…
Աղավնատան վերակազմություն (բարձրադիր աստիճանի հեռացմամբ՝ մուտքն անմատչելի է «անցանկալի անձանց» համար )
Զևսի սրբավայրը Դոդոնում… Տատրակ