«ԱՌԱԿՍ ԶԻ՞ՆՉ ՑՈՒՑԱՆԷ»…

Անհիշելի ժամանակներից ի վեր, ամենուր այլաբանությունն օգտագործվել է որպես իրականության զանազան դրսևորումներն արտահայտելու, պատկերելու, մեկնաբանելու միջոց:

Սերնդեսերունդ բանավոր փոխանցված իմաստնության՝ ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակներից է առակը, ուր հաճախ անձնավորվում են կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչները:

Մարդկությանը ցարդ հայտնի առաջին իսկ գրավոր աղբյուրներում արդեն առկա են պատումի՝ բովանդակության և բարոյախոսության շերտերը:

Նույնը կենցաղում էր՝ կրոնական հավատալիքներում, ծիսակատարություններում, տոներում, գործածվող իրերին, քանդակներին վերագրվող իմաստում…

Փոքրածավալ, սակայն խրատական բովանդակությամբ առակների ունեցած չափազանց կարևոր դերի ապացույցներից են ն.թ.ա 7-րդ դարի՝ Ախիկարի՝ Խիկար Իմաստունի՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» խրատները (որոնց ուսումնասիրության, հիանալի ներկայացման ու հրապարակման համար՝ մեր խորը երախտիքը վաստակաշատ գիտնական Արտաշես Մարտիրոսյանին), ն.թ.ա. 6-րդ դարում ապրած՝ Եզովպոսի առակները, Խոջա Նասրեդինի պատմությունները, 12-13-րդ դարերում՝ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի գրվածքները…

Իր «Թղթերում» զանազան առակներ գործածած Գրիգոր Մագիստրոսի նամակներից հայտնի է, որ նա պատվիրում էր դպրոցներում աշակերտներին քերականության և ճարտասանության հետ մեկտեղ ուսուցանել նաև առասպելավարժություն՝ գրել, անգիր անել ու մեկնել առակները (հնում «առակը», «առասպելը» նաև խրատ, իմաստություն նշանակությունն ունեին):

Ուսուցման հնագույն այս ձևն անտեսվել էր թերևս քրիստոնեության տարածումից հետո, քանզի զանազան գուշակների՝ («հաւահմայք», «հացահմայք», «հատահարցք», «աստղաբաշխ», «լերդահմա»…) նման, արժեզրկվել ու մերժվել էին նաև «զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք»:

«Առասպելախոսքը» առակասացն էր և, քանզի «առասպելը»՝ «զրոյց վճռական և խորհրդաւոր» նաև «առակ նշաւակի՝ զրոյց ի բերանս բազմաց», անընդունելի էր տարածված կրոնի կողմից, ինչպես հին դիցաբանությունը, վիպասանությունը՝ «նուագեալք առ հինս» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»)…

Հին իմաստունների գանձարանից պոկված հետաքրքիր մի դրվագ՝ «Երեք թիթեռների» մասին…

«Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմի, սկսեցին քննարկել կրակի բնույթը:

Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասաց.

— Կրակը լույս է տալիս:

Մյուսն ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով` նա ասաց.

— Կրակն այրում է:

Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ…

Նա իմացավ այն, ինչ ցանկանում էր իմանալ, բայց արդեն չկարողացավ հայտնել դրա մասին մնացածին:

Նա, ով գիտելիք է ստանում, կորցնում է դրա մասին խոսելու հնարավորությունը. դրա համար էլ իմացողը լռում է, իսկ խոսողը չգիտի…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով