Month: Օգոստոսի 2023

  • «ԱՐԻՈՒԹՅՈՒ՛Ն — ՀԵՏ ԱՅՍՈՒ ՍԱ՛ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԿՈՉՈՒՄԸ»…

    «ԱՐԻՈՒԹՅՈՒ՛Ն — ՀԵՏ ԱՅՍՈՒ ՍԱ՛ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԿՈՉՈՒՄԸ»…

    «ԱՐԻՈՒԹՅՈՒ՛Ն — ՀԵՏ ԱՅՍՈՒ ՍԱ՛ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԿՈՉՈՒՄԸ»…

    Վերջին երեք տասնամյակներին Հայաստանում իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության աղետալի հետևանքներն ու դրանց հանդուրժումը հիշեցնում են Հայ ազգի լավագույն զավակների՝ պարբերաբար հնչեցրած ահազանգները, իմաստուն, խոհեմ ու քաջ լինելու նրանց կոչերը…

    «Ներքին թշնամին…
    …Այս է, այսպիսին է մեր ներքին թշնամին, որը այնքան սև դարեր և օրեր է ապրեցրել Հայութեան, որը քանիցս ու քանիցս ներսէ՛ն է պայթեցրել մեր բերդերը և հեշտացրել օտարների մուտքն ու իշխանութիւնը Հայաստանում:

    Արիութիւն — յետ այսու սա՛ պիտի լինի Հայ մարդու կոչումը:
    Վահագնի՛ հետ պիտի խօսի Հայ մարդը հիմա — Աստուածը հին Հայոց, Աստուածը Արիութեա՛ն և Յաղթանակի՛» (Գ. Նժդեհ):

    Ազգային մշակույթին, Նախնիների ստեղծած աշխարհայացքին հավատարիմ մնալն ու ազգային արմատներով զորանալու կարևորությունն էր շեշտում տասնամյակներ առաջ Գ. Նժդեհը՝ հիշեցնելով Հողից վերստին հզորացող առասպելական Անթեյին:

    «ժողովուրդ — դա Անտէյն է առասպելական:
    Պարտւում է նա, հէնց որ կտրուեց հողից:
    Իսկ այդ վերջինը՝ Հայրենի հողը, խորհրդանշում է կուլտուր-ազգային այն բոլոր արժէքներն ու սրբութիւնները, որ ստեղծել է ի՛նքը՝ ժողովու՛րդը»:

    «Փորձեցէ՛ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ պատմութիւնը կուտակել է նրանում, և դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի»:

    Եվ քանզի, Նժդեհի խոսքերով, «Ներազգային կեանքում սպանում է ոչ միայն սուրը, թոյնը, այլև՝ անտարբերութիւնը», հարկ է, որ սրտացավ վերաբերմունքով վերստին դեպի Ազգային արժեհամակարգն ուղեկցենք մեր բոլոր այն ազգակիցներին, որոնք, ճակատագրի բերմամբ, անհաղորդ են մնացել մեր Նախահայրերի կերտած ժառանգությանը:

    «…Ցեղային անլիարժէքութեամբ տառապողները — յիմարանում են ազգովին, խորթանում, ստրկանում, իրենց իսկ հայրենիքում ձեռքից հանելով սեփական ճակատագրի ղեկը:
    Հոգեւոր միութիւնը խախտուած նման հասարակութեան մէջ անհատը՝ անհաղորդ ցեղին, իր ազգային ընդհանրութեան, ճանաչում է մի հատիկ իրականութիւն միայն — նիւթականը, ժխտում ամէն կարգի գերագոյն արժէք եւ բարոյական պատասխանատուութիւն:
    Նման հասարակութեան մէջ բարոյապէս հրէշանում է անհատը եւ դառնում գործակալը իր ազգին սպառնացող վատասերումի եւ մահուան:

    Ուշի ուշով դիտէ՛ք նման ազգերի կեանքը եւ պիտի տեսնէք, որ այդ դժբախտներին ամէն բանից առաջ պակասում է մի մեծ առաջնորդող գաղափար, մի մահացու պակաս, որի դէպքում բազում երկրորդական պարազիտային գաղափարներ շարունակում են ծծել այդ ազգերի հոգեւոր կորովը, նրանց ոյժերը:
    Այդ երկրներում իշխում են միջակութիւնը, տգիտանքն ու նախանձը — բռնակալութիւններից ամենակործանարարն ու ամօթալին:

    Նման ժողովուրդների ճշմարիտ փրկութիւնը սկսւում է այն վայրկեանից, երբ մի մեծ եւ դինամիկական գաղափար, մի արեւ — գաղափար գալիս է իրեն ենթարկելու գոյութիւն ունեցող բոլոր երկրորդական ու երրորդական գաղափարները:

    Կա՞յ մեծ գաղափարը — դա ասել է՝ այլեւս վե՛րջ խոտոր ճամբաներին, անպտուղ ճիգերին, խարխափումներին, ներքին թշնամանքին, իրերակերութեան:

    Նման գաղափարը՝ միշտ էլ վերանորոգչական՝ իր հետ բերում է խոր հաւատ, լաւատեսութիւն, անսպառ կորով, ոգու լիութիւն, միութեան ծարաւ, որով եւ՝ վերակառուցում է քանդիչ ոյժերի կողմից պառակտուած ազգը:
    Այդ մեծ, փրկարար գաղափարը Հայ կեանքում հանդիսանում է Ցեղակրօնութիւնը, որի միջոցաւ միայն կարելի պիտի լինի պառակտուած ժողովուրդը վերածել Ազգի, փրկելով վերջինը իր բացասական տարրերի չարաշահութիւնից»…

    «…Հայուն յատուկ է սրբութեան զօրաւոր զգացումը՝ աղբի՛ւրը հոգեւոր անսպառ ուժի, նուիրումի, պաշտամունքի:
    Նրա համար բարձր ստորոգութեան առարկաները — Հայրենի հող, Նախահայրեր, Մայրութիւն — վերացարկուելով մարդկայինից՝ դառնում են սրբազան:
    Վերաբերմունք դէպի այդ կարգի առարկաները — ահա՛ մի այլ փորձաքար, որի վրայ ճշտել կարելի է ժողովուրդների նկարագրի մետաղը»:

    «…Կայ ե՛ւ բարոյական հերոսութիւն՝ ժպտա՛լ, ժպտա՛լ գիտենալ անգամ ամենաանմարդկային տառապանքների մէջ՝ այն կրելով իբրեւ բարձրագոյն պատուանշան, իբրեւ առիւծի մորթի, որ հնում հերոսների՛ն էր տրւում»…

    «Հայն իր Վահագնը ունէր — աստուա՛ծը քաջութեան:
    Քաջ եւ քաջապաշտ է նա:
    Հոգեկան այդ պաթոսին՝ քաջութեան կը պարտի Հայը իր բազմավտանգ գոյութիւնը:
    Քաջ են, ընդհանրապէս, ոգու ժողովուրդները: Սրանցից է Հայը՝ գերազանցօրէն:
    Հեթանոս Հայու քաջութիւնը չտկարացաւ նաեւ քրիստոնէական Հայաստանում»…

    «…Հայն իր ամենասիրելի ու սրբացրած հերոսին անուանել է «քաջ», եւ այսպիսով տուել իր գերագոյն գնահատականը ոչ միայն քաջին, այլեւ՝ քաջութեան, ընդհանրապէս»:

    «Ցեղօրէն անկախ ապրելու եւ ստեղծագործելու՝ եւ ոչ ժամանակաւոր կեանք մուրալու համար Հայ ժողովրդի հաւաքական ոգու մէջ հրամայողաբար յարութիւն պիտի առնի պաշտամունքը մեր հին եւ
    հզօր Դիցի:
    Վահագնի համար տաճարնե՛ր պիտի բարձրանան Արարատյան դաշտում, Սյունիքում, Արցախում, մեր գաղութններում, ամէն տեղ, ուր կ՛ապրի Հայը՝ ամեն մի հոգու մեջ, քանզի Արիությու՛նն է եղել հավիտենական պարտականությունը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել»։

    • «Արիացի՛ր, արիացո՛ւր»՝ սա՛ պիտի լինի մեր օրուայ նշանաբանը:
      Վահագն — Աստուած, արիապաշտութիւնը — նոր կրօն, Հայ մարդն — Արի՛, եթէ չենք ուզում մեր տեղն արեւի տակ մի օր զիջիլ մեզնից արիներին»… (Մեջբերումները՝ Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006 թ.):
  • «ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՋՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆ Է»…

    «ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՋՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆ Է»…

    «ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՋՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆ Է»…

    Ազգի ինքնաճանաչումը սեփական Նախնիների կերտած արժեհամակարգի իմացությամբ է ձևավորվում:
    Իր Նախահայրերի՝ հազարամյակների ընթացքում կռած աշխարհայացքով է անհատը զինվում անհրաժեշտ իմաստությամբ, քաջությամբ ու առաքինությամբ՝ կյանքի դժվարություններով լի ուղիները հաղթահարելու համար:

    Տիեզերական արարչական համակարգում մեր տեղն ու դերը գիտակցելու համար մեզ Իմաստություն է հարկավոր:

    Վտանգալից իրավիճակներում կարևորվում է Խիզախությունը, ինքնատիրապետումն ու հավասարակշռված, առաքինի գործունեությունը:

    Արդարադատությունն անհրաժեշտ է արտաքին ու ներքին խաղաղության ձեռքբերմամբ շրջապատող աշխարհում ներդաշնակ կեցությունն ապահովելու համար:

    Հայկյան Սրբազան ուսմունքը մարդու մեջ բացահայտում է սեփական կարողությունները՝ տալով անհրաժեշտ բանալիները՝ իմաստությամբ, առաքինությամբ ու արժանապատվության բարձր զգացումով, վսեմ ոգու և մտքի կատարյալ զարգացմամբ ապահովելով երջանիկ համակեցությունն ու բարգավաճումն աշխարհում:

    «Պատուախնդրութիւնը քաջութեան պտուղն է»…
    Հազարամյակների խորքից մեր Նախնիների ավանդած այս իմաստությունն են նաև մեզ հիշեցնում Հայկազուն Քրմերը՝ Քուրմ Հարութ Առաքելյանն ու Քուրմ Միհր Հայկազունին, կարևորելով պատվախնդիր, պատվասեր լինելը՝ փառք ու պատվին հետամուտ, պատվազգաց, սեփական պատվին նախանձախնդիր, նաև՝ ողջ ազգի՛ պատիվը միշտ եռանդով պաշտպանելու պատրաստ…

    Իմաստուն, բարեպաշտ, ճարտար, խիզախ, ազնիվ, առաքինասեր, վեհ ու պատվախնդիր ոգով սերունդների դաստիարակությունն է Հայկազունների արժեհամակարգի հիմքում:

    Եվ, անհրաժեշտության դեպքում, արժանապատվության բարձր զգացումով, անվերապահ քաջությամբ, վսեմախոհությամբ, իմաստնությամբ ու խորագիտությամբ աչքի ընկնող անհատներն ազգին առաջնորդում են՝ դժվարին իրավիճակները հաղթահարելու համար…

    Ազգային մշակույթին, Նախնիների ստեղծած աշխարհայացքին հավատարիմ մնալն ու ազգային արմատներով զորանալու կարևորությունն են միշտ շեշտել տարբեր ժամանակաշրջաններում բազմաթիվ Հայ գործիչներ, որոնց մտքերից որոշ պատառիկներ կհրապարակենք հետագայում…

  • «ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ ՉՓՈԽԵՑ,  ԱԶԳՆ ԻՐ ՀԱՆԴԵՍՆԵՐԸ ՉՓՈԽԵՑ»…

    «ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ ՉՓՈԽԵՑ, ԱԶԳՆ ԻՐ ՀԱՆԴԵՍՆԵՐԸ ՉՓՈԽԵՑ»…

    «ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ ՉՓՈԽԵՑ, ԱԶԳՆ ԻՐ ՀԱՆԴԵՍՆԵՐԸ ՉՓՈԽԵՑ»…

    Ի հիշեցումն ոմանց, ովքեր, անտեսելով Հայոց հնագույն տոների ու ծեսերի խորհուրդը, քրիստոնեական շղարշով պարուրված ու խեղաթյուրված են ներկայացնում դրանք (տարօրինակ է, որ նույնիսկ մասնագիտական շրջանակներում է առկա այդ աղավաղումը)…

    Հազարամյակներ շարունակ մարդկանց կյանքն ուղեկցվում է զանազան տոներով, որոնք նշանավորում են Բնության շրջափուլերով պայմանավորված կարևոր իրադարձությունները՝ ցրտաշունչ ձմռանը հաջորդող գարնանային Վերազարթոնքով պայմանավորված գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը, ցանքսը, բերքահավաքը, պտղաբերության գովքը, ինչպես նաև՝ Կյանքն ու Արարումը, Նախնիների փառաբանումը, ազգի պատմության հիշարժան դրվագները…

    Ամառվա տաք օրերին, երբ «Բնությունն իր ծաղկափթիթ ծիծաղով կենդանացնում էր մարդկանց» (Ղ. Ալիշան), Հայոց Աշխարհում ողջ ժողովուրդը՝ Արքայի, Քրմերի, նախարարների, իշխանների, մոտ 120.000 աշխարհապահ զինվորների մասնակցությամբ, համազգային տոնախմբություններով ու խրախճալից հանդեսներով իր տոներն էր նշում՝ կտրիճների մրցախաղերով, քաջ Նախնիների հիշատակը ոգեկոչելով…

    «…Ազգային աշխարհապահ զինուորքն՝ 120.000-ի չափ, ժողոված ըստ աշխարհաց եւ նախարարութեանց Հայոց, իրենց իշխանաց եւ Հայոց թագաւորին հետ, կատարելու Նաւասարդի տօները. տօնք աստուծոց պահապանաց, յիշատակք քաջաց Նախնեաց, մրցանք կտրճաց, խաղք եւ վայելք հասարակաց. զոր 3000 տարւոյ չափ կատարեցին՝ մեր ըստ աշխարհի երջանիկ նախնիքն, թնդացին, դոփեցին Բագրեւանդայ տափերու եւ բլուրներու վրայ, մինչեւ ծածկեցան անոնց տակ»,- գրում է Ղ. Ալիշանը և հավելում, որ քրիստոնեության տարածումից հետո էլ, երբ մեհյանների տեղում եկեղեցիներ բարձրացան, նրանց շուրջ նու՛յն Բնությունն էր՝ անփոփոխ, ուստի և՝ «ազգն իր հանդեսները չփոխեց»:

    Եվ քանզի «Խորհրդակատար քրմապետաց տեղ հանդես եկող խաչապսակ քահանայապետներն» ու իրենց պարտադրած կրոնն ի զորու չէին «անհիշատակ թողնել» հնագույն մեծ հանդեսները, հին սովորույթները խափանելու փոխարեն դրանք փոխակերպեցին՝ հարմարեցնելով քրիստոնեության տոներին, նույնիսկ՝ որոշ տոների օրերը նույնը թողնելով, այդպիսով ամրացնելով իրենց դիրքերը:

    «Իսկ երբ Հայկայ եւ Վահագնի օրերուն խորհրդակատար քրմապետաց տեղ՝ փոխանակեցին խաչապսակ քահանայապետք, մեհենաց վրայ եկեղեցիներ կանգնեցին, բայց անոնց չորս դին եւ դուրսը նոյնպէս մնաց. բնութիւնն իր կերպարանքը չփոխեց, ազգն իր հանդէսները չփոխեց. այլ տօները սրբեց, եւ փոխանակ դից` նուիրեց ճշմարտին Աստուծոյ եւ նահատակաց նորա:

    Գրեթէ անկարելի էր, որ Ս. Գրիգոր զՀայս ի հեթանոսութենէն դարձընելով ի քրիստոնէութիւն, այն հին մեծահանդէս աշխարհաժողով զբօսանաց օրերը` անհանդէս անյիշատակ թողու. ուրեմն, թէ՛ ինքն եւ թէ՛ իր հետեւողքն՝ անոնց իւրաքանչիւրին տեղ՝ կերպով մը նման եւ յարմարագոյն սուրբ տօներ եւ եկեղեցւոյ յիշատակներ կանգնեցին: Ինչուան որ քրիստոնէութիւնն աղէկ մը ամրնալով, եւ ժամանակի երկարութեամբ հին սովորութիւնքն խափանելով, կրցան յետագայ առաջնորդ՝ այն եկեղեցական տօնից օրերն այլ պատշաճապէս փոփոխել, շատն այլ դարձեալ նոյն առաջին հեթանոսութեան տօնից օրաթուին թողուլ:

    Նաւասարդի նախընթաց՝ տարւոյն վերջի հինգ օրերուն սկիզբը, (որք «Աւելեաց» կ՚ըսուին), նուիրեալ էր Վարդածղի Վարդամատն ԱՍՏՂԻԿ դիցուհւոյն, որոյ փոխան առաջին հայրապետն Հայոց կարգեց զՎԱՐԴԱՎԱՌ. որ է տօն Պայծառակերպութեան Քրիստոսի, զոր քան զամենայն ազգ՝ պայծառապէս տօնեն Հայք մինչեւ ցայսօր»…

    Անդրադառնալով Հայոց ամենասիրելի ու ամենամեծ խնամակալ Անահիտ Դիցամոր պաշտամունքին ու քրիստոնեության տարածումից հետո նրան նվիրված տոնի փոփոխությանը, Ղ. Ալիշանը մատնանշում է «Անահտական հանդեսները Աստվածամոր վերափոխման տոնով փոխարինելը»…

    «…Տարեգլխէն երկու շաբաթ ետեւ, նաւասարդի 15 -ին, հին Հայագիրն մեծ աշխարհախումբ, տօն մ՚այլ կու նշանակէ, Հայաստանի ամենէ՛ն սիրելի եւ ամենէ՛ն մեծ խնամակալ պահապանին, որ էր դիցուհին ԱՆԱՀԻՏ, մեծապէս պատուեալ եւ պաշտեալ ի Հայոց, քան յայլ ազգաց, մինչեւ ոսկիէ արձաններ կանգներ էին անոր յԵրիզա աւան՝ ընդ մէջ Մեծ եւ Փոքր Հայոց, ուր շրջակայ ժողովուրդք այլ յուխտ գային, ուր եւ մեծազօրն Տրդատ ազատելով զհայրենիսն ի Սասանեանց բռնութենէն՝ համաշխարհական տոն եւ շնորհակալութիւն մատոյց, եւ իր հրովարտակաց եւ խօսից մէջ կ՚ըսէր.

    «Մեծի Անահտայ Տիկնոջ, որ է փառք ազգիս մերոյ եւ կեցուցիչ, զոր եւ թագաւորք ամենայն պատուեն, մանաւանդ թագաւորն Յունաց, որ է Մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան, եւ ծնունդ եւ մեծին արին Արամազդայ… Մեծն Անահիտ որով կեայ եւ կենդանութիւն կրէ երկրիս Հայոց… Խնամակալութիւն յԱնահիտ տիկնոջէ» (հասցէ ձեզ Հայոց):

    Այս տեղս էր մեծ եւ բուն մեհենեացն Հայոց թագաւորացն, ուր կու պատուէր Հայաստանի Տիկինն, նաեւ յօտար ազգաց, կարծուելով ի Լատինաց Տիանա, (որ եւ աջ կողմէն կարդալուվ Անաիտ կարդացուի). ի Յունաց` Արտեմիս, եւ Պարսից եւ մերձաւոր ազգաց մէջ այլ նոյն Անահիտ անուամբ ճանաչուէր: Բայց ամենէն աւելի Յունաց պարծանք Աթենաս դիցուհւոյ նման ճանաչուէր. ինչպէս Տրդատայ գովութիւնն յայտնէ, եւ Պղատոն փիլիսոփայն այլ յայս կարծիս էր. սակայն անոնց Արտեմեայ, Բարբելացւոց Միւլիտտեայ, Փիւնիկեցւոց Աստարտայ, Լուսնի, Աստղկան, Հերայի եւ այլոց դից այլ զուգական կու սեպուէր:

    Միով բանիւ, ամենայն աստուածական հաճոյ յատկութիւն ճանաչէին Հայք յԱնահիտ Տիկինն, եւ անոր համար մեծապաշտօն պատուէին: Յայն պաշտօն կու հրաւիրէր Տրդատ եւ զԳրիգոր, որ քիչ ատենէն զինքը պիտի հրաւիրէր ի մեծագոյն եւ ի սրբազան պաշտօն, ինչպէս որ յետոյ անոր հաւանութեամբն՝ իջուցանելով զԱնահիտ ի տիկնութենէ Հայոց, տեղը բարձրացուց զմիայն արժանին ի պաշտօն յետ Աստուծոյ, զՍ. Կոյսն Աստուածածին, արդարեւ երկնից եւ երկրի տիկին, եւ մեծահանդէս տոն մը կարգեց ի նոյն 15 նաւասարդի (25 օգոստոս), զոր հին տօմարք Աւետման տօն կու գրեն, եւ այլք՝ առանց որոշ յիշատակի, միայն եկեղեցւոյ եւ Աստուածածնի տօն, որ յետ ժամանակաց փոփոխելով կամ խափանելով, մոռացութեամբ քաղաքական եւ Անահտական հանդիսից, նոյն Աստուածամօր վերափոխման տօնին հետ խառնուեցաւ, զոր Հայք տօնեն (ի կիւրակէին ի կէս օգոստոսի, իսկ այլք ի 15 օգոստոսի, որ է 5 նաւասարդի)»… (Մեջբերումները՝ Ղ. Ալիշան, «Յուշիկք Հայրենեաց Հայոց», Վենետիկ, 1869 թ.):

  • «ԱՅՆ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՄԲՈՂՋԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԵՐ ՃԱԿՏԻՆ ԿԸ ԳՐԷ «ՀԱՅ» ԱՆՈՒՆԸ»…

    «ԱՅՆ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՄԲՈՂՋԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԵՐ ՃԱԿՏԻՆ ԿԸ ԳՐԷ «ՀԱՅ» ԱՆՈՒՆԸ»…

    «ԱՅՆ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՄԲՈՂՋԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԵՐ ՃԱԿՏԻՆ ԿԸ ԳՐԷ «ՀԱՅ» ԱՆՈՒՆԸ»…

    Հայկյան Սրբազան տոմարի Հոռի ամսվա Վահագն օրը (օգոստոսի 14-ին) Հայոց Վարդավառի տոնն է (Հայկազուն Քրմերի հիշեցմամբ):

    «…Քրիստոնէութիւնն եկաւ:
    Սակայն, հնար չեղաւ հեթանոսական դարերի հնութիւնն իր մէջքի վրայ բեռցած ազգային այդ սովորութիւններն արմատախիլ անել:
    Այդ սովորութիւնները մոռանալ՝ անցեա՛լը մոռանալ կը նշանակէր, այսինքն՝ «ազգային եսը»…
    Այդ եսը շա՛տ ուժով էր քրիստոնէութիւնից:
    Եւ քրիստոնէութիւնն ի՛նքն ապրելու համար մտաւ այդ տօների մէջ, նոր անուններ տուեց…
    Սակայն հինը շա՜տ կենսունակ էր, նա մնաց՝ իր անունն էլ՝ հետը»…

    Հայ եկեղեցու հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Հ. Արսէն Ծ. Վրդ. Ղլըտճեանը (հետագայում՝ արքեպիսկոպոս), 1928 թվականի «Հայրենիք» ամսագրում (թ. 1) տպագրված՝ «Հայ անցեալի մնացորդներէն (Ուղղումներ եւ դիտողութիւններ)» հոդվածում անդրադարձել է Հայ ազգին յուրահատուկ «պահպանողականությանը», որը դրսևորվում է հին ավանդույթների հանդեպ նրա բացառիկ սիրով, ազգային հնագույն տոներն ու ծեսերը շարունակելու կամքով, «ազգային ես»-ի հարատման ձգտմամբ…

    Հիշյալ հոդվածից մի փոքրիկ հատված՝ ստորև…

    …« 3. Շատ ազգերի պատմութեան եւ քաղաքակրթական ամբողջ կեանքն ուսումնասիրած ենք, շատ բան աչօք տեսած, սակայն մի շատ զարմանալի երեւոյթ, որ նկատած ենք Հայ ժողովրդի պատմութեան ու նրա ներկայ կեանքի մէջ, չենք տեսած համարե՛ա այլուր, բացառութեամբ, ասեմ, մի ժողովրդի, որին պիտի դառնամ շատ մօտիկ ապագայում, երբ պիտի խօսեմ մեր ցեղի բնոյթագծի մասին, յատկապէս այն բոլորի մասին, որի ամբողջի գումարը մեր ճակտին կը գրէ «Հայ» անունը («Հայրենիք» Ամսագիր, Մայիս, 1928 թ.):

    Դա Հայ ժողովրդի պահպանողականութիւնն է:

    Աւելի պահպանողական ժողովուրդ, քան Հայն է, ես չեմ ճանաչում, յատկապէս, իր առտնին նիստ ու կացի, իր տուն ու տեղի, իր գործիքների, իր ցեղային սովորութիւնների նկատմամբ:

    Արդարեւ, հարիւր տարի է, որ ռուսական չորս անիւաւոր սայլը (ֆուրգօն) մտած է Երեւանեան դաշտը, սակայն, մեր Շիրակեցին, Աբարանցին, Բայազիտցին, Ախալքալաքցին եւ այլն, դեռ գործ են ածում տեղ — տեղ հայկական ծանրաշարժ, երկանիւ, զանգուածային սայլը, որը մինչեւ անցեալ դարի վերջերը դեռ համատարած էր:
    Հայը կառչած էր պապենական սայլին, թէեւ տեսնում էր, թէ իրենը որքա՜ն անյարմար է՝ համեմատած քառանիւ ռուսական սայլի հետ, սակայն, հինը պահում էր, իբր, ասես, սրբազան աւանդութիւն:
    Մտէ՛ք Շիրակ, Ախալքալաք, Աբարան, եւ դուք դեռ այսօր էլ կը տեսնէք, թէ Հայը որքա՛ն հարազատ է մնացել Քսենոֆոնի նկարագրած հայկական տան ձեւին ու կառուցուածքին:

    Նայեցէ՛ք այդ գաւառներում Հայ գիւղացու գլխարկին (փափախ) , որ համարե՛ա մէկ ոչխարի մորթուց է շինուած ու Մասիս սարի պէս փառաւորապէս բազմում է նրա գլխին:

    Ռուսական ձեւի գլխարկը, թեթեւ ու յարմար, չկրցաւ իր նուաճումներն անել լիովին, որովհետև հարիւրամեայ այդ գլխարկակռիւէն ետքը, դեռ այսօր էլ Հայկական լեռնագագաթներն յեցնող Հայ ազգային փափախը շատ աւանդապահ գիւղերում թառած է մեր գիւղականի գլխին մեծափառօրէն:

    Հապա կրօնական շատ հնաւանդ սովորութիւննե՞րը, ուխտագնացութիւնները Վարդավառին, որ Հայ մեհենական մեծ պաշտամունքի տօնն էր, երբ վարդ ու ծաղիկներով կը զարդարէին Հայ ցեղի հեթանոսական սրբութիւնները՝ Անահիտ, Աստղիկ, Վահագն՝ Կուսութեա՛ն, Գեղեցկութեա՛ն եւ աստուածակերտ Քաջութեա՛ն մարմնացումները: Աստուածածնան՝ մեր Ամանօրի տօնին՝ մեր Բագաւան Շահապիվանում եւ Աշտիշատում, Հայաստանի բերքերի տօնն էր տօնւում համազգայնօրէն, ու որն այնքա՜ն «ազգային եսը» շոյող է եղել, այնքա՜ն փառօք ու գրաւիչ, որ Հայ արքաներից՝ լաւագոյն աւանդութիւնների հետ կապուած Արտաշէսը, մահուան իր անկողնի մէջ, յաւիտենականի եզերքում չի՛ յիշում թագ ու աշխարհային փառքեր, չի՛ յիշում տուն ու ընտանիք, այլ՝ Ազգային մեծ տօնը, որի իր միտն ընկնելը սրտառուչ մի «ո՛հ» է դուրս բերում ոչ միայն նրա շրթունքներից, այլ եւ նրա հոգու եւ համայն զգացմունքների խորքից:

    Հայ թագաւո՛րը չէ, որ խօսում է նրա մէջ, այլ՝ Հայ մա՛րդը՝ հաւատարիմ իր ցեղի մեծ աւանդութիւններին, բոլոր դարերի համար սրբազան խօսքերը, թէ՝
    «Ո՞ տայր ինձ զծուխ ծիրանի եւ զառաւօտն Նաւասարդի,
    Զվազելն եղանց եւ զվագելն եղջերուաց,
    Յայնժամ մեք փողով հարուաք եւ թմբկի հարկանէաք»:

    Խաչի տօնը՝ Սեպտեմբերի առաջին կիսին (Սեպտեմբերի 10 — 16 ընկնող կիւրակի օրը), որ յիշատա՛կն էր Նախնիքների, եւ որ զոհով արժանաւոր հարկն էին տալիս ընտանիքի առ հարս յաւելեալ անդամների հոգւոյ հանգստեան համար, որպէսզի Նախնիքների աչքը քաղցր լինի ողջ մնացած յետնորդների ու հայրենի տուն — տեղին վրայ:

    Քրիստոնէութիւնն եկաւ:
    Սակայն, հնար չեղաւ հեթանոսական դարերի հնութիւնն իր մէջքի վրայ բեռցած ազգային այդ սովորութիւններն արմատախիլ անել:
    Այդ սովորութիւնները մոռանալ՝ անցեա՛լը մոռանալ կը նշանակէր, այսինքն՝ «ազգային եսը»…
    Այդ եսը շա՛տ ուժով էր քրիստոնէութիւնից:
    Եւ քրիստոնէութիւնն ի՛նքն ապրելու համար մտաւ այդ տօների մէջ, նոր անուններ տուեց…
    Սակայն հինը շա՜տ կենսունակ էր, նա մնաց՝ իր անունն էլ՝ հետը:

    Վարդավառն Անահիտ դիցուհու տօնն է, Հայ ազգի եւ մարդկութեան բարերարի տօնը:
    Անահտան մասին Ստրաբօնի (XI գիրք) տւած տեղեկութիւնները, որ իբր Հայաստանում նրա մեհեանում աղջկերանց կուսութեան զոհաբերումն էր կատարւում, չեն վերաբերում Հայերին: Եւ Հայերի ու Հայաստանի մասին ինչ որ նա գրում է, ի լրոյ է գրում. նա Հայաստանում չի՛ եղել, Հայաստան ոտք չի՛ դրել, իր աշխարհագրութեան մէջ Հայաստանին եւ Հայ ժողովրդին նուիրած յատուկ գլուխ չունի՛:

    Այն գլխում, ուր Ստրաբօն խօսում է լիդիացւոց մասին, որն եւ գլխի վերտառութիւնն է, ի միջի այլոց խօսում է եւ Հայերի մասին, այսինքն՝ միջանկեալ: Բնագրի մէջ, ուր Հայոց մասին խօսքը կը վերջացնէ, կայ ընդհատումն, որը ցոյց է տալիս, թէ պակա՛ս կայ:

    Ի՞նչ է այդ պակասը, չգիտէ ոչ ոք:

    Ահա այդ առթիւ ընդհատումից յետոյ, կիսատը իբր թէ շարունակելով, Ստրաբօն խօսում է Անահտայ պաշտամունքի մասին: Դրան անմիջապէս յաջորդում է լիտիացոց մասին իր պատմածը, որ ընդհատել էր Հայոց մասին միջանկեալ մէջբերումի պատճառով:
    Ոչ ոք խօսք անգամ չի անում, թէ Անահտայ մասին յիշատակութիւնն յաջորդող գրուածքը Հայերին է վերաբերում, այլ ընդհակառակը, ասածն ու պատմածը այնքան պարզ են, որ նոքա լիտիացոց վերաբերուած լինելը որեւէ կասկածից դուրս են թողնում:
    Բնագրի քննութեամբ ոչ ոք պարապած չէ»…

  • «ՅՈՐԺԱՄ ՀԱՅՈՑ ԶԱՏԻԿԸՆ ԳԱՅՐ»…  («ՅՈՒՇԻԿՔ ՀԱՅՐԵՆԵԱՑ ՀԱՅՈՑ»)

    «ՅՈՐԺԱՄ ՀԱՅՈՑ ԶԱՏԻԿԸՆ ԳԱՅՐ»… («ՅՈՒՇԻԿՔ ՀԱՅՐԵՆԵԱՑ ՀԱՅՈՑ»)

    «ՅՈՐԺԱՄ ՀԱՅՈՑ ԶԱՏԻԿԸՆ ԳԱՅՐ»…
    («ՅՈՒՇԻԿՔ ՀԱՅՐԵՆԵԱՑ ՀԱՅՈՑ»)

    Ամիսներ առաջ՝ Հայկյան Սրբազան տոմարի Արեգ ամսվա Արեգ օրով՝ գարնան օրահավասարով (մարտի 21-ին) սկսվող «Հայկեան Ամանոր — Զատիկի» շնորհավորանքն էին հղում Հայկազուն Քրմերը՝ Քուրմ Հարութ Առաքելյանն ու Քուրմ Միհր Հայկազունին՝ ազդարարելով Հայոց 13565 թվականը:

    Ղ. Ալիշանն իր «ՅՈՒՇԻԿՔ ՀԱՅՐԵՆԵԱՑ ՀԱՅՈՑ» ուսումնասիրության մեջ անդրադառնում է Հայոց մեջ տարվա սկզբին առնչվող խնդրին, նրա խորհրդին, «հին ու նոր տոմարներից բխած խառնաշփոթին», ափսոսանքով նշելով, որ Հայկազուն խորհրդապահ Քրմերը «ծածկել են իրենցից ծեսերի՝ «հանդեսների կարգը». («…կրօնական տարւոյն եւ Արեգին սկզբան հանդէսներն՝ Հայկազանց խորհրդապահ Քրմարանաց հետ ծածկուած են մեզմէ»)…

    Եվ պարծանքով շեշտում է, որ հնագույն ժամանակներից ի վեր Հայկազուն Քրմե՛րն են անփոփոխ պահպանել ու, հազարամյակներ շարունակ փոխանցելով, մեզ հասցրել ճշգրիտ տոմարը՝ «գեղեցիկ բնական ճշմարտություններով»…

    «Բա՛ց օրացոյցդ եւ նայէ՛, կու տեսնես, որ Արեգ ամիսն Խոյի տանուտէրութեան հետ կու կսկի, որ է կէտն գարնանային գիշերահաւասարի․ եւ ուրախութեամբ պարծէ՛ Նախնեացդ վրայ, որ այս գեղեցիկ բնական ճշմարտութիւնը անփոփոխ պահելով յաւուրց ջրհեղեղին՝ հասուցեր են մինչեւ ի մեզ, եւ մեզմով օտարաց, առեալ իրենց գերադիւցազն Նախահօրմէն, ի Հայկէն, որ ոչ միայն ճարտար շարժիչ էր աղեղան, այլ եւ՝ թուոց եւ չափուց»։

    Մարտ ամսին, երբ ձմռան ցուրտ ու երկար ամիսներից հետո «ցերեկվա թագավորը»՝ Արեգակն իր ճառագայթներով վերստին զարդարում է երկիրն ու ազդարարում ծաղկազարդ ու պտղալից օրերի գալուստը՝ «կարճացնելով կրակարանի ժամերը», Հայոց Զատիկի գալուստն է ավետում Բնությունն իր վերազարթոնքով…

    Նավասարդյան տոները՝ Հայոց Աշխարհի Բերքի՛ տոնը «Նոր տարվա» հետ շփոթողների համար ստորև ներկայացնում ենք մի հատված՝ քաղված Ղ. Ալիշանի վերոհիշյալ գրքից, ուր Գարնանը փթթող Բնության ու հորդացող աղբյուրների բերած ուրախությամբ ողջունվում են գալիք պտղաբեր օրերը…

    «Է․ Սկիզբն տարւոյ եւ մարդկութեան ի Հայս
    Մարտի 9 — 21
    Ա

    Ահաւասիկ Մարտ ամիս, որուն սպասեցինք չորս ցուրտ եւ երկայն ամիսներ․ բոլոր բնութիւն կու հառաչէր, կու կանչէր զմարտ․ ոչ իբրեւ տարւոյ գեղեցկագոյն ամիսը, այլ՝ պատճառ մերձաւոր գեղեցկութեանց․ ոչ իբրեւ զապրիլ դալար, կամ գունաւոր իբրեւ զմայիս, ծաղկազարդ եւ պտղացոյց, այլ այդ ամենայն շնորհաց նշա՛ն տուող․ եւ ծնող մանկագոյն եւ զուարթագոյն եղանակի տարւոյն, — գարնան։
    Գարունն դեռ եկած — տիրած չէ, այլ, ահա՛, կու գայ եւ յառաջէ, եւ ձմեռն երթայ եւ հեռանայ։
    Մեր կրակարանին ժամերն կու կարճընան․ առաւօտն կու կանխէ, իրիկունն կ՚ուշանայ։
    Ցորեկն աճելով՝ իր թագաւորին (արեգական) ճառագայթներովը կու զարդարի․ օդն կու զգայ եւ կու պահէ զտաքութիւնն․ կու զգան ջուր եւ հող․ ցամաքած, սեւացած, պնդացած երկիրն՝ ձմեռուան ձիւնը եւ եղեամը կու հալեցընէ եւ կակղանայ․ եւ ահա հինգ — վեց ամիս իր ծոցը թողեալ թաղեալ սերմանք, թմրեալ թոռմեալ տունկք՝ ծայր արձըկեն, կանչն կ՚ընծայուի, կարմիր կու գայ, ծաղիկ կ՚երեւի։

    Իրաւ, դեռ մեր բարձրադիր աշխարհին ամեն տափերն այլ իրենց կերպարանքը չեն փոխեր, եւ այս շնորհքներն չերեւիր վրանին․ դեռ ձիւն եւ սառն յամառեալ կու բռնեն զսար ու ձոր, բայց ամենեւին անզգայ այլ չեն․ ալեւոր ժայռերն սկսին սեւ խայծ առնուլ․ հողն թէ եւ ոչ դալար՝ գոնէ կու յայտնէ զինքն եւ կու ջանայ թօթուել վրայի ճերմակ թանձրութիւնը։
    Մեր հիւսիսային խորահովիտներն, եւս առաւել արեւելեան եւ հարաւոյ եզերքն՝ կ՚առնուն բարեխառն կլիմայից հաւասար գարնան գոյն եւ շնորհք․ որք արդէն մեր դրացեաց եւ մեր դէպ ի հարաւ գաղթական եղբարց երկիրներուն վրայ համարձակ կու փայլին, եւ զուարթացեալ բնակիչքը ի գործ եւ ի զբօսանս հանեն։

    Ահա Թադոս տիրոջ երգաձայնն այլ Երուսաղեմէն կու գայ․
    Հա՜ մըտաք յամիս մարտին․
    Ծառերն ամենայն ծաղկին…
    Հոտըն գայր գարնանային
    Լոյսն ելնէ Հայոց Զատկին: …

    Մենք՝ թէ՛ ծաղիկը եւ թէ՛ լոյսն ամենուն հաւասար մաղթելով, լսենք ուրիշ ճարտարագոյն երգչի եւ բազմարուեստ անձի մ՚այլ, որ Տիգրանակերտի կողմերէն կ՚երգէ, նոյնպէս մարտի ծաղկանց հետ խառնելով Զատկին յիշատակը։

    Մարտըն կու գայր ծաղկըներով,
    Երկնից հաւերըն կարդալով,
    Հրեշտակապետք փառըս տալով․
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր։

    Բարկ արեգակըն ծագեցաւ․
    Սաստիկ ձըներըն հալեցաւ․
    Գառն ու մաքին ընծայեցաւ․
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր։

    Ամպ ու երկինքըն խիստ գոռաց,
    Ողորմութեան ցօղըն ցօղաց,
    Ծով ու գետերըն խիստ ծըփաց․
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր։

    Աղբերակունքըն յորդորին
    Ծառ ու ճըղերըն զարդարին․
    Խոտ անասունքըն կերակրին․
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր։

    Մարդապէս է դատեր մեղուն,
    Ժողվեր ծաղիկն ի լեռներուն․
    Ոչ վախենայ ի մեռելուն,
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր։

    Պիւլպիւլ ղումրին` առաւօտուն
    Երկիր դարձեր վարդին հոտուն,
    Գանկատ կ՚առնէր նա ի հողմոյն,
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր։

    Կաքաւըն գայր սարէ ի սար
    Կարկաչելով ի ձորն ի վայր,
    Զաստուած օրհնէր ինքն անդադար,
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր։

    Հաւ ու ձագերն հաւսարական
    Սաղմոս ասեն նոքա լըման,
    Աղաղակեն առ տէր միայն
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր։

    Դաշտ ու սարերըն նորոգին
    Եւ զերդ նոր հարսըն զարդարին,
    Ի յԱստուծոյ փառաւորին,
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր։

    Քար արտասուս բղխէ ըզջուր,
    Որպէս ըղծով եղեւ աղբիւր․
    Վարդ ու ծաղիկն է համասփիւռ․
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր…

    …Եւրոպիոյ մէջ այլ կան աշխարհք, ուր գարնան գալը հանդիսիւ կատարեն Զատկի օրերը, բնութեան եւ շնորհաց հաճոյագոյն երկու յիշատակները յիրար զուգելով, զգարուն եւ զԶատիկ․ ինչպէս մեր երգիչն այլ, որ է ըստ ոմանց արքեպիսկոպոսն Ամդայ, Մկրտիչ Նաղաշ, թերեւս մեր ամենէն նշանաւոր եւ ճարտար անձն ԺԵ դարուն մէջ։

    Ինքն Հայկական Միջագետաց ծնունդ եւ հոգեւոր տէր բազմաթիւ վիճակաց այն կողմերուն՝ Հայաստանի շատ գաւառներէն առաջ կու տեսնէր գարնան բերքը․ եւ մեզի հետ կ՚ողջունէր այս օրերս, եւ մեզմէ առաջ այլ՝ բաբելական կամ լալական ուռենեաց երկայն խարտեաշ խոպոպները, լելակին տերեւները, լորւոյն (tilleul) կարմիր բողբոջները․ հոն արդէն պարկեշտ մանուշակն կապոյտ աչուըները բացեր է իր անխնամ մենարանէն, անուշիկ հոտ մը խառնելով անուշիկ հովի մը․ եւ եթէ ասպատակող գնդի մը վերջամնաց զօրաց նման` յանկարծ բարբարոս հոմ մը չփչէ, օրէ օր բուսաբերութիւնն կու յառաջէ, եւ գրեթէ դիտող աչք մը չի կրնար հասնիլ անոր շուտ շուտ զարգանալուն։

    Արդ անտարակոյս բնութիւնն կու նորոգուի, ծերացեալ տարին կու վերջանայ, կամ նորէն մանկանայ․ եղանակաց եւ ժամանակաց սկիզբն դարձեր է։ Արժան էր, որ այս բնութեան նորոգութեան եղանակին սկսէին ժողովուրդք իրենց քաղաքական տարին, եւ գարնան գիշերահաւասարին կարգել իրենց կաղանդը կամ խնդարար նուիրամսակը: Յասմ մասին շատ խելոք եւ իրաւամբք գործէին հին ժողովուրդք, որոց առջեւ մեք ծաղկեալ նոր ժողովուրդքս անտեղութեամբ անյարմար միջոցէ մը կու սկսիմք մեր տարին, (ձմեռնային արեւադարձէն 10 կամ 20 օր վերջը, 1 յունուարի)։

    Այն հին ազգերէն մինակ քիչ շատ անփոփոխ մնացած Հրեայն մինչեւ ցայսօր իր սրբազան տարին կու սկսի գարնան հետ, միայն թէ տարին արեւու հետ համեմատելու ատեն ամիսներն այլ լուսնի հետ կ՚ուզէ յարմարցընել, որով ոչ ճիշդ եւ ոչ միշտ գարնան հետ կու սկսի տարին։
    Բարեբաղդաբար, յայսմ իր հետ եւ իրմէ հին ազգ մ՚այլ կայ՝ որ նոյնպէս իր հին սրբազան տարեմուտը հաւատարմութեամբ կու նշանակէ իր տօմարին մէջ, եւ մինչեւ ցարդ միշտ արժանապէս կու սկսի այդ տարին՝ երբ արեւն անոր եւ իր սիրական Խոյ աստեղատունը մտնէ, որ է ըսել սոյն որս գարնանամտի, (9 մարտի կամ 21 ըստ նոր տոմարի)։

    Այս ազգս` որ յայսմ մասին աւելի քան զՀոռոմս եւ զՀելլէնս՝ իմաստասէր մանաւանդ թէ ճշմարտասէր գտնուեր է, եւ այս գիւտը պահեր է՝ թերեւս յանգէտս օտարաց, Հա՛յ ազգն է․ որոյ համար իրաւամբ պարծելով իր հին հեղինակաց մէկն, անոր աստուածատուր ձրից մէկը սեպելով իր տօմարն այլ, կ՚ըսէ համարձակապէս, թէ Աստուծմէ առին «զտումարն, անդ Մովսէս, աստ ՀԱՅԿՆ յառաջ քան զնա»։

    Հայոց քաղաքական սովորական տարին ալ, ըստ ամենայն հին ազգաց (որոց ռամիկն ոչ երբէք աստեղաբաշխ կ՚ըլլայ) շարժական եւ փոփոխական էր, նահանջ չընելով․ այլ սրբազան տարին` հաստատուն է․ որոյ սկիզբն ոչ ըստ քաղաքական տարւոյ, Նաւասարդ ամիսն է, լատինաց օգոստոսի 11-23 -ին հաստատեալ անշարժապէս, այլ բուն արեւու ամիսն, ԱՐԵԳ։

    Բա՛ց օրացոյցդ եւ նայէ՛, կու տեսնես, որ Արեգ ամիսն Խոյի տանուտէրութեան հետ կու կսկի, որ է կէտն գարնանային գիշերահաւասարի․ եւ ուրախութեամբ պարծէ՛ Նախնեացդ վրայ, որ այս գեղեցիկ բնական ճշմարտութիւնը անփոփոխ պահելով յաւուրց ջրհեղեղին՝ հասուցեր են մինչեւ ի մեզ, եւ մեզմով օտարաց, առեալ իրենց գերադիւցազն Նախահօրմէն, ի Հայկէն, որ ոչ միայն ճարտար շարժիչ էր աղեղան, այլ եւ՝ թուոց եւ չափուց։
    Միանգամայն եւ ցաւէ, որ չեմք կրնար դեռ ի գործ դնել եւ զուգել այս հին տօմարը նորոյն հետ եւ վարել։
    Քաղաքական տարւոյ սկզբան հանդիսից, այսինքն Նաւասարդին, փոքր ի շատէ տեղեկութիւն ունիմք․ այլ կրօնական տարւոյն եւ Արեգին սկզբան հանդէսներն՝ Հայկազանց խորհրդապահ քրմարանաց հետ ծածկուած են մեզմէ:
    Շատ է գիտելն եւ տեսնելն, որ իմաստութեամբ գարնան սկզբան հետ Արեգին սկիզբն այլ զուգած և նշանակած է Հայադիրն»։

    Լուսանկարների համար՝ շնորհակալություն Քուրմ Հարութ Առաքելյանին և Քուրմ Միհր Հայկազունուն