«ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ ՉՓՈԽԵՑ, ԱԶԳՆ ԻՐ ՀԱՆԴԵՍՆԵՐԸ ՉՓՈԽԵՑ»…
Ի հիշեցումն ոմանց, ովքեր, անտեսելով Հայոց հնագույն տոների ու ծեսերի խորհուրդը, քրիստոնեական շղարշով պարուրված ու խեղաթյուրված են ներկայացնում դրանք (տարօրինակ է, որ նույնիսկ մասնագիտական շրջանակներում է առկա այդ աղավաղումը)…
Հազարամյակներ շարունակ մարդկանց կյանքն ուղեկցվում է զանազան տոներով, որոնք նշանավորում են Բնության շրջափուլերով պայմանավորված կարևոր իրադարձությունները՝ ցրտաշունչ ձմռանը հաջորդող գարնանային Վերազարթոնքով պայմանավորված գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը, ցանքսը, բերքահավաքը, պտղաբերության գովքը, ինչպես նաև՝ Կյանքն ու Արարումը, Նախնիների փառաբանումը, ազգի պատմության հիշարժան դրվագները…
Ամառվա տաք օրերին, երբ «Բնությունն իր ծաղկափթիթ ծիծաղով կենդանացնում էր մարդկանց» (Ղ. Ալիշան), Հայոց Աշխարհում ողջ ժողովուրդը՝ Արքայի, Քրմերի, նախարարների, իշխանների, մոտ 120.000 աշխարհապահ զինվորների մասնակցությամբ, համազգային տոնախմբություններով ու խրախճալից հանդեսներով իր տոներն էր նշում՝ կտրիճների մրցախաղերով, քաջ Նախնիների հիշատակը ոգեկոչելով…
«…Ազգային աշխարհապահ զինուորքն՝ 120.000-ի չափ, ժողոված ըստ աշխարհաց եւ նախարարութեանց Հայոց, իրենց իշխանաց եւ Հայոց թագաւորին հետ, կատարելու Նաւասարդի տօները. տօնք աստուծոց պահապանաց, յիշատակք քաջաց Նախնեաց, մրցանք կտրճաց, խաղք եւ վայելք հասարակաց. զոր 3000 տարւոյ չափ կատարեցին՝ մեր ըստ աշխարհի երջանիկ նախնիքն, թնդացին, դոփեցին Բագրեւանդայ տափերու եւ բլուրներու վրայ, մինչեւ ծածկեցան անոնց տակ»,- գրում է Ղ. Ալիշանը և հավելում, որ քրիստոնեության տարածումից հետո էլ, երբ մեհյանների տեղում եկեղեցիներ բարձրացան, նրանց շուրջ նու՛յն Բնությունն էր՝ անփոփոխ, ուստի և՝ «ազգն իր հանդեսները չփոխեց»:
Եվ քանզի «Խորհրդակատար քրմապետաց տեղ հանդես եկող խաչապսակ քահանայապետներն» ու իրենց պարտադրած կրոնն ի զորու չէին «անհիշատակ թողնել» հնագույն մեծ հանդեսները, հին սովորույթները խափանելու փոխարեն դրանք փոխակերպեցին՝ հարմարեցնելով քրիստոնեության տոներին, նույնիսկ՝ որոշ տոների օրերը նույնը թողնելով, այդպիսով ամրացնելով իրենց դիրքերը:
«Իսկ երբ Հայկայ եւ Վահագնի օրերուն խորհրդակատար քրմապետաց տեղ՝ փոխանակեցին խաչապսակ քահանայապետք, մեհենաց վրայ եկեղեցիներ կանգնեցին, բայց անոնց չորս դին եւ դուրսը նոյնպէս մնաց. բնութիւնն իր կերպարանքը չփոխեց, ազգն իր հանդէսները չփոխեց. այլ տօները սրբեց, եւ փոխանակ դից` նուիրեց ճշմարտին Աստուծոյ եւ նահատակաց նորա:
Գրեթէ անկարելի էր, որ Ս. Գրիգոր զՀայս ի հեթանոսութենէն դարձընելով ի քրիստոնէութիւն, այն հին մեծահանդէս աշխարհաժողով զբօսանաց օրերը` անհանդէս անյիշատակ թողու. ուրեմն, թէ՛ ինքն եւ թէ՛ իր հետեւողքն՝ անոնց իւրաքանչիւրին տեղ՝ կերպով մը նման եւ յարմարագոյն սուրբ տօներ եւ եկեղեցւոյ յիշատակներ կանգնեցին: Ինչուան որ քրիստոնէութիւնն աղէկ մը ամրնալով, եւ ժամանակի երկարութեամբ հին սովորութիւնքն խափանելով, կրցան յետագայ առաջնորդ՝ այն եկեղեցական տօնից օրերն այլ պատշաճապէս փոփոխել, շատն այլ դարձեալ նոյն առաջին հեթանոսութեան տօնից օրաթուին թողուլ:
Նաւասարդի նախընթաց՝ տարւոյն վերջի հինգ օրերուն սկիզբը, (որք «Աւելեաց» կ՚ըսուին), նուիրեալ էր Վարդածղի Վարդամատն ԱՍՏՂԻԿ դիցուհւոյն, որոյ փոխան առաջին հայրապետն Հայոց կարգեց զՎԱՐԴԱՎԱՌ. որ է տօն Պայծառակերպութեան Քրիստոսի, զոր քան զամենայն ազգ՝ պայծառապէս տօնեն Հայք մինչեւ ցայսօր»…
Անդրադառնալով Հայոց ամենասիրելի ու ամենամեծ խնամակալ Անահիտ Դիցամոր պաշտամունքին ու քրիստոնեության տարածումից հետո նրան նվիրված տոնի փոփոխությանը, Ղ. Ալիշանը մատնանշում է «Անահտական հանդեսները Աստվածամոր վերափոխման տոնով փոխարինելը»…
«…Տարեգլխէն երկու շաբաթ ետեւ, նաւասարդի 15 -ին, հին Հայագիրն մեծ աշխարհախումբ, տօն մ՚այլ կու նշանակէ, Հայաստանի ամենէ՛ն սիրելի եւ ամենէ՛ն մեծ խնամակալ պահապանին, որ էր դիցուհին ԱՆԱՀԻՏ, մեծապէս պատուեալ եւ պաշտեալ ի Հայոց, քան յայլ ազգաց, մինչեւ ոսկիէ արձաններ կանգներ էին անոր յԵրիզա աւան՝ ընդ մէջ Մեծ եւ Փոքր Հայոց, ուր շրջակայ ժողովուրդք այլ յուխտ գային, ուր եւ մեծազօրն Տրդատ ազատելով զհայրենիսն ի Սասանեանց բռնութենէն՝ համաշխարհական տոն եւ շնորհակալութիւն մատոյց, եւ իր հրովարտակաց եւ խօսից մէջ կ՚ըսէր.
«Մեծի Անահտայ Տիկնոջ, որ է փառք ազգիս մերոյ եւ կեցուցիչ, զոր եւ թագաւորք ամենայն պատուեն, մանաւանդ թագաւորն Յունաց, որ է Մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան, եւ ծնունդ եւ մեծին արին Արամազդայ… Մեծն Անահիտ որով կեայ եւ կենդանութիւն կրէ երկրիս Հայոց… Խնամակալութիւն յԱնահիտ տիկնոջէ» (հասցէ ձեզ Հայոց):
Այս տեղս էր մեծ եւ բուն մեհենեացն Հայոց թագաւորացն, ուր կու պատուէր Հայաստանի Տիկինն, նաեւ յօտար ազգաց, կարծուելով ի Լատինաց Տիանա, (որ եւ աջ կողմէն կարդալուվ Անաիտ կարդացուի). ի Յունաց` Արտեմիս, եւ Պարսից եւ մերձաւոր ազգաց մէջ այլ նոյն Անահիտ անուամբ ճանաչուէր: Բայց ամենէն աւելի Յունաց պարծանք Աթենաս դիցուհւոյ նման ճանաչուէր. ինչպէս Տրդատայ գովութիւնն յայտնէ, եւ Պղատոն փիլիսոփայն այլ յայս կարծիս էր. սակայն անոնց Արտեմեայ, Բարբելացւոց Միւլիտտեայ, Փիւնիկեցւոց Աստարտայ, Լուսնի, Աստղկան, Հերայի եւ այլոց դից այլ զուգական կու սեպուէր:
Միով բանիւ, ամենայն աստուածական հաճոյ յատկութիւն ճանաչէին Հայք յԱնահիտ Տիկինն, եւ անոր համար մեծապաշտօն պատուէին: Յայն պաշտօն կու հրաւիրէր Տրդատ եւ զԳրիգոր, որ քիչ ատենէն զինքը պիտի հրաւիրէր ի մեծագոյն եւ ի սրբազան պաշտօն, ինչպէս որ յետոյ անոր հաւանութեամբն՝ իջուցանելով զԱնահիտ ի տիկնութենէ Հայոց, տեղը բարձրացուց զմիայն արժանին ի պաշտօն յետ Աստուծոյ, զՍ. Կոյսն Աստուածածին, արդարեւ երկնից եւ երկրի տիկին, եւ մեծահանդէս տոն մը կարգեց ի նոյն 15 նաւասարդի (25 օգոստոս), զոր հին տօմարք Աւետման տօն կու գրեն, եւ այլք՝ առանց որոշ յիշատակի, միայն եկեղեցւոյ եւ Աստուածածնի տօն, որ յետ ժամանակաց փոփոխելով կամ խափանելով, մոռացութեամբ քաղաքական եւ Անահտական հանդիսից, նոյն Աստուածամօր վերափոխման տօնին հետ խառնուեցաւ, զոր Հայք տօնեն (ի կիւրակէին ի կէս օգոստոսի, իսկ այլք ի 15 օգոստոսի, որ է 5 նաւասարդի)»… (Մեջբերումները՝ Ղ. Ալիշան, «Յուշիկք Հայրենեաց Հայոց», Վենետիկ, 1869 թ.):