«ԱՅՆ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՄԲՈՂՋԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԵՐ ՃԱԿՏԻՆ ԿԸ ԳՐԷ «ՀԱՅ» ԱՆՈՒՆԸ»…
Հայկյան Սրբազան տոմարի Հոռի ամսվա Վահագն օրը (օգոստոսի 14-ին) Հայոց Վարդավառի տոնն է (Հայկազուն Քրմերի հիշեցմամբ):
«…Քրիստոնէութիւնն եկաւ:
Սակայն, հնար չեղաւ հեթանոսական դարերի հնութիւնն իր մէջքի վրայ բեռցած ազգային այդ սովորութիւններն արմատախիլ անել:
Այդ սովորութիւնները մոռանալ՝ անցեա՛լը մոռանալ կը նշանակէր, այսինքն՝ «ազգային եսը»…
Այդ եսը շա՛տ ուժով էր քրիստոնէութիւնից:
Եւ քրիստոնէութիւնն ի՛նքն ապրելու համար մտաւ այդ տօների մէջ, նոր անուններ տուեց…
Սակայն հինը շա՜տ կենսունակ էր, նա մնաց՝ իր անունն էլ՝ հետը»…
Հայ եկեղեցու հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Հ. Արսէն Ծ. Վրդ. Ղլըտճեանը (հետագայում՝ արքեպիսկոպոս), 1928 թվականի «Հայրենիք» ամսագրում (թ. 1) տպագրված՝ «Հայ անցեալի մնացորդներէն (Ուղղումներ եւ դիտողութիւններ)» հոդվածում անդրադարձել է Հայ ազգին յուրահատուկ «պահպանողականությանը», որը դրսևորվում է հին ավանդույթների հանդեպ նրա բացառիկ սիրով, ազգային հնագույն տոներն ու ծեսերը շարունակելու կամքով, «ազգային ես»-ի հարատման ձգտմամբ…
Հիշյալ հոդվածից մի փոքրիկ հատված՝ ստորև…
…« 3. Շատ ազգերի պատմութեան եւ քաղաքակրթական ամբողջ կեանքն ուսումնասիրած ենք, շատ բան աչօք տեսած, սակայն մի շատ զարմանալի երեւոյթ, որ նկատած ենք Հայ ժողովրդի պատմութեան ու նրա ներկայ կեանքի մէջ, չենք տեսած համարե՛ա այլուր, բացառութեամբ, ասեմ, մի ժողովրդի, որին պիտի դառնամ շատ մօտիկ ապագայում, երբ պիտի խօսեմ մեր ցեղի բնոյթագծի մասին, յատկապէս այն բոլորի մասին, որի ամբողջի գումարը մեր ճակտին կը գրէ «Հայ» անունը («Հայրենիք» Ամսագիր, Մայիս, 1928 թ.):
Դա Հայ ժողովրդի պահպանողականութիւնն է:
Աւելի պահպանողական ժողովուրդ, քան Հայն է, ես չեմ ճանաչում, յատկապէս, իր առտնին նիստ ու կացի, իր տուն ու տեղի, իր գործիքների, իր ցեղային սովորութիւնների նկատմամբ:
Արդարեւ, հարիւր տարի է, որ ռուսական չորս անիւաւոր սայլը (ֆուրգօն) մտած է Երեւանեան դաշտը, սակայն, մեր Շիրակեցին, Աբարանցին, Բայազիտցին, Ախալքալաքցին եւ այլն, դեռ գործ են ածում տեղ — տեղ հայկական ծանրաշարժ, երկանիւ, զանգուածային սայլը, որը մինչեւ անցեալ դարի վերջերը դեռ համատարած էր:
Հայը կառչած էր պապենական սայլին, թէեւ տեսնում էր, թէ իրենը որքա՜ն անյարմար է՝ համեմատած քառանիւ ռուսական սայլի հետ, սակայն, հինը պահում էր, իբր, ասես, սրբազան աւանդութիւն:
Մտէ՛ք Շիրակ, Ախալքալաք, Աբարան, եւ դուք դեռ այսօր էլ կը տեսնէք, թէ Հայը որքա՛ն հարազատ է մնացել Քսենոֆոնի նկարագրած հայկական տան ձեւին ու կառուցուածքին:
Նայեցէ՛ք այդ գաւառներում Հայ գիւղացու գլխարկին (փափախ) , որ համարե՛ա մէկ ոչխարի մորթուց է շինուած ու Մասիս սարի պէս փառաւորապէս բազմում է նրա գլխին:
Ռուսական ձեւի գլխարկը, թեթեւ ու յարմար, չկրցաւ իր նուաճումներն անել լիովին, որովհետև հարիւրամեայ այդ գլխարկակռիւէն ետքը, դեռ այսօր էլ Հայկական լեռնագագաթներն յեցնող Հայ ազգային փափախը շատ աւանդապահ գիւղերում թառած է մեր գիւղականի գլխին մեծափառօրէն:
Հապա կրօնական շատ հնաւանդ սովորութիւննե՞րը, ուխտագնացութիւնները Վարդավառին, որ Հայ մեհենական մեծ պաշտամունքի տօնն էր, երբ վարդ ու ծաղիկներով կը զարդարէին Հայ ցեղի հեթանոսական սրբութիւնները՝ Անահիտ, Աստղիկ, Վահագն՝ Կուսութեա՛ն, Գեղեցկութեա՛ն եւ աստուածակերտ Քաջութեա՛ն մարմնացումները: Աստուածածնան՝ մեր Ամանօրի տօնին՝ մեր Բագաւան Շահապիվանում եւ Աշտիշատում, Հայաստանի բերքերի տօնն էր տօնւում համազգայնօրէն, ու որն այնքա՜ն «ազգային եսը» շոյող է եղել, այնքա՜ն փառօք ու գրաւիչ, որ Հայ արքաներից՝ լաւագոյն աւանդութիւնների հետ կապուած Արտաշէսը, մահուան իր անկողնի մէջ, յաւիտենականի եզերքում չի՛ յիշում թագ ու աշխարհային փառքեր, չի՛ յիշում տուն ու ընտանիք, այլ՝ Ազգային մեծ տօնը, որի իր միտն ընկնելը սրտառուչ մի «ո՛հ» է դուրս բերում ոչ միայն նրա շրթունքներից, այլ եւ նրա հոգու եւ համայն զգացմունքների խորքից:
Հայ թագաւո՛րը չէ, որ խօսում է նրա մէջ, այլ՝ Հայ մա՛րդը՝ հաւատարիմ իր ցեղի մեծ աւանդութիւններին, բոլոր դարերի համար սրբազան խօսքերը, թէ՝
«Ո՞ տայր ինձ զծուխ ծիրանի եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց եւ զվագելն եղջերուաց,
Յայնժամ մեք փողով հարուաք եւ թմբկի հարկանէաք»:
Խաչի տօնը՝ Սեպտեմբերի առաջին կիսին (Սեպտեմբերի 10 — 16 ընկնող կիւրակի օրը), որ յիշատա՛կն էր Նախնիքների, եւ որ զոհով արժանաւոր հարկն էին տալիս ընտանիքի առ հարս յաւելեալ անդամների հոգւոյ հանգստեան համար, որպէսզի Նախնիքների աչքը քաղցր լինի ողջ մնացած յետնորդների ու հայրենի տուն — տեղին վրայ:
Քրիստոնէութիւնն եկաւ:
Սակայն, հնար չեղաւ հեթանոսական դարերի հնութիւնն իր մէջքի վրայ բեռցած ազգային այդ սովորութիւններն արմատախիլ անել:
Այդ սովորութիւնները մոռանալ՝ անցեա՛լը մոռանալ կը նշանակէր, այսինքն՝ «ազգային եսը»…
Այդ եսը շա՛տ ուժով էր քրիստոնէութիւնից:
Եւ քրիստոնէութիւնն ի՛նքն ապրելու համար մտաւ այդ տօների մէջ, նոր անուններ տուեց…
Սակայն հինը շա՜տ կենսունակ էր, նա մնաց՝ իր անունն էլ՝ հետը:
Վարդավառն Անահիտ դիցուհու տօնն է, Հայ ազգի եւ մարդկութեան բարերարի տօնը:
Անահտան մասին Ստրաբօնի (XI գիրք) տւած տեղեկութիւնները, որ իբր Հայաստանում նրա մեհեանում աղջկերանց կուսութեան զոհաբերումն էր կատարւում, չեն վերաբերում Հայերին: Եւ Հայերի ու Հայաստանի մասին ինչ որ նա գրում է, ի լրոյ է գրում. նա Հայաստանում չի՛ եղել, Հայաստան ոտք չի՛ դրել, իր աշխարհագրութեան մէջ Հայաստանին եւ Հայ ժողովրդին նուիրած յատուկ գլուխ չունի՛:
Այն գլխում, ուր Ստրաբօն խօսում է լիդիացւոց մասին, որն եւ գլխի վերտառութիւնն է, ի միջի այլոց խօսում է եւ Հայերի մասին, այսինքն՝ միջանկեալ: Բնագրի մէջ, ուր Հայոց մասին խօսքը կը վերջացնէ, կայ ընդհատումն, որը ցոյց է տալիս, թէ պակա՛ս կայ:
Ի՞նչ է այդ պակասը, չգիտէ ոչ ոք:
Ահա այդ առթիւ ընդհատումից յետոյ, կիսատը իբր թէ շարունակելով, Ստրաբօն խօսում է Անահտայ պաշտամունքի մասին: Դրան անմիջապէս յաջորդում է լիտիացոց մասին իր պատմածը, որ ընդհատել էր Հայոց մասին միջանկեալ մէջբերումի պատճառով:
Ոչ ոք խօսք անգամ չի անում, թէ Անահտայ մասին յիշատակութիւնն յաջորդող գրուածքը Հայերին է վերաբերում, այլ ընդհակառակը, ասածն ու պատմածը այնքան պարզ են, որ նոքա լիտիացոց վերաբերուած լինելը որեւէ կասկածից դուրս են թողնում:
Բնագրի քննութեամբ ոչ ոք պարապած չէ»…