Month: Հունվարի 2024

  • «ԵՎ ԱՐՔԱՅՕՐԷՆ ՄԵԾԱՐԷԻՆ ԶՆԱ»…

    «ԵՎ ԱՐՔԱՅՕՐԷՆ ՄԵԾԱՐԷԻՆ ԶՆԱ»…

    «ԵՎ ԱՐՔԱՅՕՐԷՆ ՄԵԾԱՐԷԻՆ ԶՆԱ»…

    Ներկայիս քրիստոնեական ծիսական արարողությունների գերակշիռ մասը հնագույն ծեսերից են ծագում, ձևավորվել են դարերի ընթացքում նրանց իմաստափոխման արդյունքում (ինչպես, օրինակ, ամենօրյա առավոտյան ժամերգությունը, արևածագին՝ «Արեւագալի ժամին» Արևագալի ժամերգությունը, Անդաստանի կարգը՝ աշխարհի չորս ծագերի օրհնությամբ, հնավանդ սովորությունները պահպանած՝ Ծաղկազարդի, Վարդավառի և մյուս տոները, «սրբերի, նահատակների՝ մարտիրոսների»՝ «հավատքի հերոսների»՝ մարդկանց համար նախատիպ լինելու «արժանի դեմքերի», Հին կտակարանում հիշվող նահապետների սրբացումն ու փառաբանումը, «Նվիրյալ անձանց» («Անձինք նուիրեալք») հիշատակը հավերժացնող զանազան շարական-օրհներգությունները, ընծայաբերումը, տարբեր տոների առիթներով հոգևորականների դասի զգեստավորված հանդիսավոր երթը՝ թափորով, վարդաջրի ցողումը՝ ներկաների վրա)…

    Վաղնջական ժամանակներից հայտնի՝ Նախնիների պաշտամունքի հետ առնչվող՝ Արքայական երթից առաջ գնացող ազդարարների՝ «նախընթացների» (կարապետի) հնագույն ավանդույթի հարատևման ակնհայտ արձագանքն ենք տեսնում մերօրյա ծիսական որոշ արարողություների ընթացքում: Հիշյալ դրվագին անդրադարձել է Հայ վաստակաշատ ազգագրագետ, հնագետ, բանահավաք Երվանդ Լալայանցը (1864-1931)՝ «Ծիսական կարգերի» ծագմանը նվիրված ուսումնասիրության մեջ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև:

    Ե. Լալայանի դիմանկարը (Փ. Թերլեմեզյան, 1930 թ.)

    «Հայ նահապետներն ու թագաւորներն էլ պաշտուել են Հայ ժողովրդից թէ՛ կենդանութեան ժամանակ և թէ՛ մահից յետոյ:
    Կադմոս՝ դիմելով Հայկին, «Մեծդ դիւցազանց» է կոչում նրան, որ մահից յետոյ Օրիօն աստեղութիւնն է կազմում:
    Վահագնը Հայ երգիչների խանդավառ սիրոյն է արժանանում:
    Արշակունիներին աստուածային ծագումն է վերագրւում, և սրանց արձանները, «որ Վաղարշակ Արմաւրում շինեց իւր նախնիների պատկերով… որոնք բերուած էին Բագարան և յետոյ Արտաշատ, փշրում է Սասանեան Արտաշիրը (Մովսէս Խորենացի, Բ, գլ. ՀԷ)»…

    …«Նաև՝ ո՛չ միայն քրմապետները, այլ և կաթողիկոսները զբաղուել են թագաւորի պաշտաման ծէսերը կազմակերպելով, ինչպէս երևում է Փ. Բիւզանդացու հետևեալ խօսքերից.
    «Եւ (Ներսես Մեծ) զվարս թագաւորութեան իսկ յօրինէր ամենաբարի կրօնիւք, որպէս և տեսեալ էր իւր առ հնօքն թագաւորօքն (Փաւստոս Բիւզանդացի, Ե դպր., Ա գլ.):

    Այն հասարակական կազմակերպութիւնները, որոնք դեռ քիչ են զանազանակերպուել (differencie’s), պարզ ցոյց են տալիս կենդանի և մեռած պետերի պաշտաման նոյնութիւնը.- վայրենի ժողովրդների մէջ սկզբում ինքը՝ պետը, յայտարարում է իւր քաջութիւնների, իւր Նախնիքների մասին, եգիպտական և ասորական արձանագրութիւնները ցոյց են տալիս, որ այս սովորութիւնը երկար ժամանակ տևել է: Յետոյ, երբ պետը լաւ ճարտասան չէ լինում, յանձնարարում է ուրիշներին պատմելու:
    Եւ այսպէս հետզհետէ սովորութիւն է դարձել, որ պետերի, իշխանների առջևից գնում էին մարդիկ, որոնք ներբողում էին նրան և երգելով գովաբանում. միևնոյնը, ինչ որ կատարւում է մեռած, աստուածացած պետի վերաբերմամբ:

    Թէ Հայերիս մէջն էլ այս միևնոյնը տեղի է ունեցել՝ երևում է հետևեալ մնացորդներից:
    Ագաթանգեղոսը (Յձդ), յիշելով այն իշխանների անունները, որոնց Տրդատը ուղարկեց Լուսաւորչի որդներին բերելու՝ ասում է, թէ երրորդ իշխանը՝ «Դատ անուն՝ կարապետ արքայի», ուրեմն պարզ է, որ Հայ թագավորներն էլ ունեցել են իրենց առջևից գնացող կարապետ կամ կարապետներ, որոնք ազդարարել են ժողովրդին թագաւորի մասին:

    Դեռ մինչև այժմ էլ կաթողիկոսի գնացքին կարապետում է մի հոգևորական՝ խաչը ձեռին, և երբ մօտենում է նա եկեղեցուն, նրա առջևից գնում են հոգևորականներ և երգեցիկ խմբեր՝ շարականներով ներբողելով նրան:
    Միևնոյնը, ինչ որ կատարւում է մի կրօնական թափորի ժամանակ, երբ մինը խաչվառը ձեռին կարապետում է, և հոգևորականների խումբը շարականներ երգելով առաջնորդում է աստուածութեան պատկերը կամ մի մասունք:

    Միևնոյնը նկատում ենք նաև հարսանեկան ծէսերի մէջ:
    Երբ թագավորը (փեսան, Կ. Ա.) եկեղեցուց իւր տունն է վերադառնում, մինը, որ «աղուես» է կոչւում, վազում է նրա առջևից՝ ազդարարելով նրա գալուստը և գովաբանելով նրան ու թագուհուն (հարսին, Կ. Ա.), (մեջբերումը՝ Ե. Լալայան «Ազգագրութիւն», Ծիսական կարգերը, էջ 177):

    Ահա թե ինչու հարսանեկան ծեսի ընթացքում «թագավորը»՝ փեսան, մեծարվում էր «արքայավայել արքայապատիվ, արքայաշուք արարողություններով»…

    Արքայից արքա Տիգրան Մեծը՝ շրջապատված չորս վասալ արքաներով (նկարիչ՝ Ջ. Ֆուզարո)

    Արքայից արքա Տիգրան Մեծի մասին՝ Պլուտարքոսի վկայությամբ.
    «Նրա մոտ գտնվում էին շատ թագավորներ, որոնց ծառաների դիրքին էր դասել, իսկ նրանցից չորսին նա մշտապես իր մոտ էր պահում՝ որպես ուղեկիցներ կամ թիկնապահներ»…

  • «ԵՎ ՊԱՏԳԱՄԱԲԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ»…

    «ԵՎ ՊԱՏԳԱՄԱԲԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ»…

    «ԵՎ ՊԱՏԳԱՄԱԲԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ»…

    Հաղորդակցությունը մարդկանց կյանքի կարևորագույն ոլորտներից է:
    Հին աշխարհում բարձրագույն իմացությունը, իմաստությունը մարդկանց հաղորդող պատգամաբեր-դիցերից (Տիրը, Հերմեսը) մինչև արքայական հրովարտակները երկրե-երկիր հասցնող սուրհանդակները, կամ քաղաքից-քաղաք շրջող մունետիկները՝ հաղորդակցության զանազան միջոցներ են կիրառվել:

    Պետական կամ ռազմական կարևոր հանձնարարությամբ որևէ տեղ ուղարկվող անձը՝ սուրհանդակը՝ շտապ տեղեկություն փոխանցելու, հրատապ լուր կամ վճիռ հաղորդելու նպատակով՝ պատգամաբերը («քաջընթացիկը»՝ բանբերը՝ լրաբերը) տասնյակ, հարյուրավոր կիլոմետրեր կտրելով, վտանգները հաղթահարելով իր հանձնարարությունն էր կատարում (Մարաթոնի դաշտից վազքով աթենացիներին հաղթանակի լուրը տարած հույն զինվորն, ըստ ավանդության, իր շունչը փչեց՝ հաղթության մասին տեղեկացնելուց հետո):

    Հաղորդակցության մի ուրույն ձև էր նաև տոների առիթով ծեսերի ժամանակ «ավետիսներով» ուրախ լուրը միմյանց կամ երեխաների խմբերի միջոցով հարևաններին, ազգակիցներին փոխանցելը, որի համար «ավետիս» բերողները՝ ավետաբերները, նվեր՝ «աւետչեայ»՝ «աւետչէք»՝ յուրահատուկ պարգև-վարձատրություն էին ստանում:

    Դարավոր պատերազմական պայմաններում գտնվող երկրներում կենսական նշանակություն ունեցող ռազմական, ռազմավարական կարևորության տեղեկությունները փոխանցող պատգամաբերը առաձնահատուկ դեր ուներ՝ թագավորի, իշխանի հրամանի հրատապ իրականացման գործում:
    Սակայն դա նաև վտանգավոր, ծանր պարտականություն էր՝ բախտորոշ հետևանքներով:
    Վատ լուրի դեպքում գուժաբերը՝ գուժարկուն՝ գուժկանը կարող էր և նզովքի արժանանալ, պատժվել, նույնիսկ իր կյանքով հատուցել բոթը՝ աղետալի լուրը՝ գույժը գուժելու համար:

    «Եվ մինչ Խոսրովն զբաղված էր անտառները տնկելով, հանկարծ լրաբեր (գուժկան, Կ.Ա.) եկավ նրա մոտ Հեր և Զարավանդ գավառներից, թե Պարսից զորքերը պատրաստվում են պատերազմով քեզ վրա գալու»,- հաղորդում է Փ. Բուզանդը, «Պատմութիւն», գլուխ Ը. («Եւ մինչդեռ նա յայնմ գործ զմայրեօքն անկելովք էր, յանկարծակի գուշակ հասանէր առ Խոսրով ՛ի Հէր և ի՛ Ջարաւանդ գաւառ, թէ պատրաստեալ են զօրքն Պարսից գալ հասանել ՛ի գործ պատերազմի ՛ի վերայ քո»)։

    Ստեփան Զորյանի պատմավեպերից՝ վարպետորեն կերտված որոշ կերպարներով հատվածներ՝ անվեհեր ու վեհանձն Հայորդիների մղած պայքարների օրերից՝ ստորև:

    …«Հրամայի՛ր, իշխա՛ն, կանչեն նորան:
    Կցանկանայի լսել անձամբ:
    Մի քանի վայրկյան հետո սուրհանդակը, որ իրոք արքայի թիկնապահ սեպուհներից էր, թագուհու առջև կանգնած պատմում էր թագավորի և սպարապետի բանտարկությունը: Պատմեց նախ, թե ինչպե՛ս էին տեղ հասել և թե ինչպիսի՛ պատվով էին ընդունել թագավորին ու Վասակ սպարապետին»…

    …«Ներս բերեց նրան Զենոն Գնունին:
    Զինվորը խնամքով մաքրել էր վրան — գլուխը, բայց արևախանձ ու քամահար դեմքը մատնում էր, որ նա երկար ճանապարհ է կտրել և չնայած իրեն պահում է առույգ, սակայն հոգնած էր իսպառ: Փառանձեմը սկսեց մանր հարցուփորձել. ինչպե՞ս գնացին առաջին օրը, որտե՞ղ գիշերեցին, ինչպե՞ս էր զգում արքան ճանապարհին, չունեցա՞վ հոգնածություն, գլխացավ…
    Սուրհանդակը նկարագրեց ճանապարհը, իրենց գիշերելու տեղերը և թագավորի ինքնազգացումը…
    — Այժմ պատմի՛ր, տղա՛ս, ինչպե՞ս մտաք Տիզբոն և ինչպե՞ս ընդունեցին թագավորին և ձեզ ամենքիդ: Սիրո՞վ…

    Սուրհանդակը ուշիմ երիտասարդ էր. կենդանի նկարագրեց, թե ինչպես պարսից մեծամեծները ձիերով եկել էին ընդառաջ` քաղաքից դուրս, իսկ արքային հատկացրին մի ամբողջ պալատ, ծառաներ, ամեն ինչ»… («Հայոց բերդը», 1959 թ.):

    …«- Սպարապետից, արքա՛:
    Պապը, նամակը վերցնելով, ուշադիր նայեց Հրահատին:

    • Ինքդ ո՞վ ես:
    • Մուշեղ սպարապետի սուրհանդակը, արքա՛,- պատասխանեց Հրահատը շիկնելով: Պալատականները, որոնց մեջ էին այդ ժամանակ հազարապետը, Զենոն Գնունին, Բաթը և ուրիշներ, հետաքրքրված նայեցին իրար և ապա` Հրահատին, նրա բերած նամակին: Նրանք գիտեին, որ սպարապետի նամակը միշտ լինում է կարևոր դեպքերի մասին, ուստի և, մինչ Պապը կարդում էր նամակը, լարված սպասում էին իմանալու, թե ի՛նչ է գրում արդյոք Մուշեղը նոր մի վտանգի՞, թե իր կատարած խիստ պատիժների մասին: Այնինչ Պապը, նամակը կարդալով, լրջանում էր հետզհետէ»… («Պապ թագավոր»):

    «- Ի՞նչ նոր, բերդապե՛տ: Սուրհանդակները բերե՞լ են կարևոր ինչ:

    • Ուշագրավ ոչինչ, թագուհի՛: Վերջին սուրհանդակը հաստատում է այն, որ պարսից գնդերը մոտեցել են մեր սահմանին և սպարապետին փոխարինող Զարեհ Ամատունին մարտեր է սկսել նրանց դեմ: — Մեր զոհերը որքա՞ն են,- հետաքրքրվեց Փառանձեմը:
    • Աննշա՛ն, թագուհի՛»… («Հայոց բերդը», 1959 թ.):

    …«Ավագները ծանր շարժումներով գրավեցին իրենց տեղերը նույն այն մեծ սրահում, ուր հավաքված էին մի քանի օր առաջ: Իսկ պալատի կառավարիչը կարգադրեց արարողապետ Ասպուրակին՝ ներս բերել կայսերական սուրհանդակին իր թարգմանի հետ:
    Հույն սուրհանդակը հոգնած դեմքով երիտասարդ էր, թևին կապույտ ժապավեն կապած (կայսերական սուրհանդակի նշանը), հագուստով և ամեն ինչով նման մի քանի օր առաջ եկած սուրհանդակին՝ այն տարբերությամբ, որ նա կարճ էր ու ճաղատ, սա երկար էր ու գանգրամազ:
    Իսկ սրա Հայ թարգմանը մի սեպուհ էր` գլխի մազերը բյուգանդական ձևով բոլորշի կտրած և ծոծրակը ածիլած:
    Սա ևս կարճահասակ էր, բայց վիզը պինդ՝ ցուլի վզի նման:
    Ներս գալով՝ երկուսը միասին գլուխները խոնարհեցին ու կանգնեցին իրար կողքի»…(«Վարազդատ», 1967 թ.):

    …«Փոքր անց ներս մտավ կարճ մորուքով, գլխաբաց մի երիտասարդ՝ ոտքերին երկար մույկեր: Ներս մտնելով՝ նա գոտեպնդած բաճկոնի գրպանից հանեց գլանած մի նամակ և խոնարհումով մեկնեց իշխանին:
    Կամսարականը, նամակը բացելով, կարդաց մտասույզ: Ընթերցելով մինչև վերջը՝ նա գոհունակ ոլորեց այն և, սենեկապետին պատվիրելով կերակրել սուրհանդակին, ինքը պայծառացած գնաց մասնակցելու հացկերույթին, որ տակավին շարունակվում էր գինիներով ու զվարթ զրույցով»…

    …«- Տե՛ր արքա, Բագրևանդից սուրհանդա՛կ»:
    Սովորաբար սուրհանդակին ընդունում էր դիվանապետը կամ հազարապետը, բայց այս անգամ եկողը ցանկություն էր հայտնել տեսնել սպարապետին՝ «հույժ կարևոր» մի նամակ հանձնելու և կարևոր լուրեր հայտնելու. որովհետև սպարապետը Դվինում չէր` կամեցել էր տեսնել թագավորին: Հազիվ սենեկապետը դուրս էր գնացել՝ ներս մտավ արևից ու քամուց այրված, կոշտացած մի երիտասարդ: Որքան էլ նա վրայից մաքրել էր ճանապարհի փոշին, բայց դա երևում էր տակավին նրա կարճ վերնազգեստի և մույկերի ծալքերում:

    Ներս մտնելով՝ նա ձեռքը կրծքին դրած, գլուխը խոնարհեց նախ թագավորին, ապա այնտեղ նստած թագուհուն, հետո երկու քայլ անելով, ոլորած ու կնքած մի նամակ տվեց թագավորին:

    • Դարոնք ամրոցի տեր բերդակալից, արքա՛»… («Պապ թագավոր», Ս. Զորյան):

    …«Երկու ժամ առաջ Սյունեցիները, Անդոք իշխանի առաջնորդությամբ, Նախջվանի արևելքից, ապահով համարված կողմից գրոհել էին քաղաքի վրա և նույնիսկ պահակ չունեցող դռնից մտել քաղաք ու սկսել, ինչպես հետո պարզվեց, մի սարսափելի կոտորած:
    Իսկ նախքան այդ՝ եղել էր հետևյալը:
    Մի քանի օր առաջ Սյունեցիները՝ Անդոք իշխանի ուղարկած սուրհանդակից իմանալով, որ իրենց ծեր իշխանը պահանջել է պատրաստ լինել և գալ Եղնաքար, անմիջապես, երեք օրվա պաշարով, հասել էին որոշված վայրը և անտառներում թաքնված սպասել իշխանին, ավելի շուտ՝ նրա նշանին, որ իջնեն ցած:
    Իսկ երբ մի օր հետո հասել էր նրանց իշխանի երկրորդ սուրհանդակը, թե իշխանն սպասում է Գայլաձորում՝ Նախջվանի վրա հարձակվելու, և թե Դվինից նույնպես մեծ զորք է գալիս, — Սյունեցիներն է՛լ ժամանակ չկորցրին, ասպազեն ու զինավառ իջան ցած՝ դեպի հանդիպման վայրը…

    Եվ մի քանի ժամ հետո Գայլաձորը լցվեց ողջույնի աղաղակներով:
    Իշխանին շրջապատելով՝ Սյունեցիները հետաքրքիր նայում էին նրան, նրա կարմիր՝ ճակատը ճերմակ ձիուն և սպասում, թե ի՛նչ կարգադրություն է անելու նա:

    — Դե, զավակնե՛րս, այլևս ժամանակ չպե՛տք է կորցնել,-ասաց իշխանը ձեռքը բարձրացնելով:
    Իմ սուրհանդակը լուր բերեց, որ Կամսարական իշխանն իր բանակով հասել է Նախջվան և կռվում է արդեն… Շտապե՛նք օգնության…

    Անդոք իշխանի սուրհանդակն, իրոք, գիշերանց դուրս գալով, եկել էր սպարապետին հայտնելու, թե Սյունեցիները պատրաստ են և սպասում են նրա կարգադրությանը՝ «ի՞նչ անել», բայց հեռվից տեսնելով մարտն սկսված, առանց ժամանակ կորցնելու, սրարշավ ետ էր դարձել և իշխան Անդոքին հայտնել, թե ճակատամարտն սկսված է:
    Եվ ծեր Անդոքն իր ձիավոր Սյունեցիներով սուրացել էին դեպի Նախջվան»… («Պապ թագավոր», 1944 թ.):

    «Պատմությունը պետք է սովորեցնի մեզ «դեն ձգել մեզանից հուսահատությունը և շարունակ մեր անշարժությունը դատապարտող հոռետեսությունը և խրախուսվել լավագույն մարդկանց փառավոր օրինակներով»։
    «Պատմությունը պետք է մեզ ցույց տա «ներկայի համար նրանից օգտվելու ճանապարհը»։
    Մուրացանի նման՝ այս ըմբռնումով էին իրենց պատմական երկերն ստեղծում Հայ գրողները…

  • «ԳԱՀՆԱՄԱԿ» ԵՎ «ԶՕՐԱՆԱՄԱԿ»՝  ԶՕՐԱԹԻՒ ՀԱՅԱԽՈՒՄԲ ԲԱՆԱԿԻ…

    «ԳԱՀՆԱՄԱԿ» ԵՎ «ԶՕՐԱՆԱՄԱԿ»՝ ԶՕՐԱԹԻՒ ՀԱՅԱԽՈՒՄԲ ԲԱՆԱԿԻ…

    «ԳԱՀՆԱՄԱԿ» ԵՎ «ԶՕՐԱՆԱՄԱԿ»՝ ԶՕՐԱԹԻՒ ՀԱՅԱԽՈՒՄԲ ԲԱՆԱԿԻ…

    Բազմահազարամյա գոյության ընթացքում Հայ ազգը մշտապես դիմագրավել է քաղաքական պարտադրված փոթորիկները՝ ոգեշնչված իր փառապանծ Նախնիների կերտած դժվարին հաղթանակներով:

    Մեծ Հայքի համար հռոմեացիների և պարսիկների մղած պայքարում մաս առ մաս բզկտվում էր Հայոց երկիրը, և այդ երկու ախոյանների դեմ դարավոր պատերազմների արդյունքում Հայքի տրոհումը հիշյալ մրցակիցների միջև՝ Դ (4-րդ) դարի վերջում, ճակատագրական եղավ Հայերի համար:

    Ռազմական բախումներով լի այդ դարաշրջանի հավաստի բնութագրմամբ՝ պատմական միջավայրի ճշմարիտ նկարագրությամբ՝ Ստեփան Զորյանի գրչով վերարտադրված որոշ պատկերներ՝ ի փառաբանումն անցյալի ու ներկայի Հայոց քաջարի զորականների՝ «Պապ թագավոր. վեպ չորրորդ դարից» ստեղծագործությունից ընտրված քաղվածքներով, 4-րդ դարի 70-ական թվականների Հայաստանի իրադարձություններով…

    «…Եվ մի քանի օր հետո Հայ զորքը Վաղարշապատով անցնում գնում էր Բագրևանդ, և քաղաքի բնակիչները՝ փողոցները լցված, դիտում էին զորքի երթը:
    Առջևից գնում էին իշխան Կամսարականի հեծյալները (Նախիջևանի սահմանների պաշտպանությունը սպարապետը հանձնել էր սյունեցիներին և Անդոքի որդի Բաբիկին) իրենց անձնյա հրամանատարի և նրա երկու որդու առաջնորդությամբ:
    Ապա գնում էր հետևակը՝ նիզակներով, աշտեներով և նետ-աղեղներով զինված, դարձյալ հեծյալ ու հետևակ, կրկին հեծյալ ու հետևակ՝ նույն ձևով զինված, որ առաջ էին գնում գետինը դոփելով, զենքերի զրնգոցով, երկարաձիգ կուռ շարքերով, որ վերջ չունեին ասես:

    Թվում էր՝ զորք չի անցնում, այլ բարձրացել է ամբողջ մի ժողովուրդ, որ գնում է երկիրը պաշտպանելու: Տեգերի, նիզակների մի խիտ, անվերջ անտառ էր անցնում՝ արևի տակ շողացնելով իր սուր ծայրերը:
    Անցան այդպես արքունական գնդերը, ապա իրենց տոհմանիշը կրող դրոշներով ու գնդերով եկան անցան շատ նախարարներ, ինչպես Կենան Ամատունին, Դարա-Սյունին, Ադամ և Արգան Գնթունիները, Վարաժնունյաց տերը, Վանանդա իշխան Սեթը և շատ ուրիշներ:
    Զորքից հետո եկավ և թագավորը՝ Մուշեղ սպարապետի և մի քանի պալատականների հետ»…

    …«Ամենից վերջը զորքին հետևեցին պաշարակիր ջորիներ, ուղտեր՝ բեռնված ամեն տեսակի ուտելիքներով, վրաններով և այլ պարագաներով, որոնց հետ գնում էին և կանայք ու ծերունիներ, որ հմուտ էին վերք կապելու և ապաքինելու գործին»…

    «…Արածանիի աջ ափը, որ առաջ, մինչև երեկ, միշտ դատարկ էր ու ամայի, հիմա ծածկված էր վրաններով, անթիվ ճերմակ ու գորշ վրաններով, որոնք բռնել էին ահագին մի տարածություն ու հասել մինչև Նպատ լեռան ստորոտները:
    Բայց այստեղ էլ համատարած անշարժություն ու լռություն էր, որ սակայն նման չէր գյուղերի անկենդան լռության:
    Այդ քունն էր իր թևերը տարածել վրանների վրա, բայց ոչ ամենի…
    Մի քանի վրանի մոտ, առանձնապես ծայրավրանների առաջ, երևում էին նիզակներով ու շողուն զրահներով պահակներ, որոնք թվում էին լուսնով հմայված կամ պոչի վրա կանգնած հսկայական ձկներ, որ իրենց թեփուկները փայլեցնում էին լուսնի տակ:

    Երևում էին նաև վրանների շրջագիծը հսկող պահակներ՝ նմանապես զրահավոր ու սպառազեն, բայց գրեթե նույնպես լուռ ու անշարժ:
    Վրանների մոտ և փոքր-ինչ նրանցից հեռու երևում էին և ձիեր, անհամար ձիեր, որ նույնպես հանգիստ էին առնում և երբեմն փնչացնում, ասես քնի մեջ:

    Դա Հայոց բանակն էր, որ երեք օր անընդհատ, թեթև դադարներով ճանապարհ կտրելուց հետո, հանգստանում էր հիմա խոր քնի մեջ:
    Այդտեղ էին արքունական հետևազորն ու այրուձին և նախարարական գնդերը, որ բանակել էին մեկը մյուսից փոքր-ինչ հեռու: Սրանցից յուրաքանչյուրի մոտ աչքի էր ընկնում նախարարական վրանն իր ընդարձակությամբ ու պահակներով…
    …Թե՛ արքունական բանակում և թե՛ նախարարական գնդերում յուրաքանչյուր զինվոր քնել էր իր զենքերը կողքին դրած, որ գալարափողերը հնչեցնելուն պես ոտքի ելնեն պատրաստ:

    Նրանց տեսքն ու գայթակղիչ քնաձայնը պահակների մեջ առաջ էին բերում մի այնպիսի նախա՞նձ ասես, թե վարակ, որ քիչ էր մնում իրենք ևս զենքերը ցած նետեն ու փռվեն գետնին: Բայց պարտքի գիտակցությունը զսպում էր նրանց, և նրանք կանգնած տեղներում ննջում էին միայն՝ չկարողանալով հաղթահարել ու վանել իրենց քունը կամ, երբեմն կարճ տարածության վրա քայլեր անելով, նայում էին հաճախ այն կողմը, որտեղից սպասվում էր թշնամին:
    Ոչինչ չտեսնելով սակայն լուսնի լույսով լցված գիշերի մեջ, բայց շատ բան պատկերացնելով այնտեղ, շարունակում էին նայել դեպի դաշտի հեռուն՝ տեսնելու կամ լսելու, թե թշնամին չի՞ երևում արդյոք:

    …Բայց առաջին հայացքից համատարած թվացող այդ քունն ու լռությունը երևութական էր:
    Եթե մեկն անցներ վրանների մոտով և ականջ դներ՝ նա շատ տեղ կլսեր զուսպ ու զգույշ ձայներ, որ խոսակցում էին ամենատարբեր նյութերի վրա, բայց ավելի՝ վաղվան ճակատամարտի մասին:
    Որքան էլ հոգնած, բայց մտքերը՝ մասնավորապես վաղվան կռվին վերաբերող մտքերը, ոմանց չէին թողնում քնել:
    Կային մարդիկ էլ, որ բաց աչքերով մութի մեջ մտորում էին միայն»…

    Ճակատամարտից մի դրվագ…

    …«Գետի այս ափում, ընդարձակ մի տարածության վրա, նետաձգություն էր, նիզակների ու տեգերի փայլատակումներ, վահանների շխկոց, Հայ և պարսիկ զինվորների սպառնական կանչեր…
    Մի տեղ կռվում էին Հայ հետևակներն ու պարսից ձիավորներն իրար եկած, և պարսից կավագույն կլոր գլխարկները և Հայերի կարճ գդակները խառնվել էին իրար:

    Մի այլ տեղ իրար էին եկել հակառակորդ հեծյալները, և այնքա՜ն մոտ էին, որ աղեղները թողած՝ նիզակներ ու տեգեր էին բանեցնում միմյանց դեմ, երրորդ մի տեղում՝ Հայ հետևակները եղեգնուտից նետեր էին արձակում պարսից ձիավորների վրա, որ անընդհատ շարունակում էին անցնել գետը:
    Չորրորդ մի տեղում… բայց ո՞ր մի տեղն ասել – այնքա՜ն շատ էին դրանք… ծառս եղած ձիերի հետ միասին բարձրանում էին սրեր ու շողում մարդկանց դիմաց… և մարդիկ ընկնում էին ծանր տնքոցներով, հառաչանքով ու հայհոյանքով:

    Ընկնում էին երբեմն և ձիեր՝ տակովն անելով իրենց հեծվորին, եթե նա ճարպիկ մի ոստյունով չէր ցատկում մի կողմ ու պաշտպանվում նիզակով:
    Երբեմն երևում էր և հեծվորը մեջքին ընկած մի ձի, որ վազում էր կռվողների միջով՝ մի տեսակ կողքը պահած ու գլուխը ծռած, կարծես հեծվորի անբնական դիրքը տեսնելու համար. գուցեև զգում էր մեռնողին ու փախչում էր՝ նրանից ազատվելու:
    Եվ ռազմի դաշտը դղրդում էր հիմա ահեղ ձայներով. հնչում էին պղնձի փողեր, եղջերափողեր, թնդում էին բրոնզե ու երկաթե ծնծղաներ, փողփողում նշանադրոշներ ու սրեր, սրե՜ր…

    Եվ ընդհանուր, համատարած այդ աղմուկի, զինաշողումի ու նետասլացումների մեջ մերթ ընդ մերթ լսելի էին լինում Հայ և պարսիկ զորավարների հրամանները.

    • Զա՛րկ… դեպի ա՛ջ… հառա՜ջ, օ՜ն, հառա՜ջ»…

    Մի այլ պատկեր ևս…
    …«Ամբողջ գիշեր, առանց կանգ առնելու, Հայ հեծելազորը՝ իր թագավորին ու նրա շքախումբը մեջ առած, գնում էր մի անգամ ընտրած ճանապարհով, առջևից ուղարկելով հետախույզներ ու դետեր, հետևից ունենալով սրատես նետաձիգներ, որ վտանգի դեպքում իմացում տան»…

    1851 թվականին թիֆլիսցի մի գրավաճառի մոտից գնված բացառիկ վավերագիրը, որը հանձնեց ուսումնասիրողներին գնորդը՝ հայտնի բանասեր, բժիշկ և պետական գործիչ Գևորգ Ախվերդյանը, «Գահնամակն» էր՝ 4-5-րդ դարերի Հայոց հայտնի նախարարական — իշխանական տների ցանկը, որը հրապարակեց Ղ. Ալիշանը 1890 թվականին իր «Այրարատ» աշխատության մեջ:

    Գահնամակի մի էջ

    3-4-րդ դարերի մի արժեքավոր փաստաթուղթ ևս՝ «Զօրանամակը»՝ Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիրը, հայտնաբերված Հովհաննես Շահխաթունյանցի կողմից, հրատարակվել է 1842 թվականին: Զորանամակի միակ ձեռագիր օրինակը կցված է եղել Անանիա Շիրակացու «Ժամանակագրությանը»:

    Զօրանամակ

    Ըստ հիշյալ «Զօրանամակի»՝ Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են Նախարարական կամ Սեպուհական, 40 հազարը՝ Արքունի (Ոստանիկ) և Մարդպետական գնդերը:

    Արտաքին վտանգի ժամանակ նախարարներն իրենց զինվորական ուժերը գումարել են Զօրանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել այս կամ այն զորաթևին:

    Հայ նախարարությունների մասին հարուստ տեղեկություններ են հաղորդում պատմիչները:
    Նրանցից ոմանց հիշատակն էլ փոխանցվել է սերնդեսերունդ և տոհմերի ժառանգների հուշերում գամված՝ հասել մեր օրերը…

  • «ՔԱՋԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ ԶԵՆՔԸ ՉԷ ՄԻԱՅՆ, ԱՅԼ ԵՎ ԱՅՆ ՈԳԵԿԱ՛Ն ՄՂՈՒՄԸ, ՈՐ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԶԵՆՔ»…

    «ՔԱՋԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ ԶԵՆՔԸ ՉԷ ՄԻԱՅՆ, ԱՅԼ ԵՎ ԱՅՆ ՈԳԵԿԱ՛Ն ՄՂՈՒՄԸ, ՈՐ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԶԵՆՔ»…

    «ՔԱՋԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ ԶԵՆՔԸ ՉԷ ՄԻԱՅՆ, ԱՅԼ ԵՎ ԱՅՆ ՈԳԵԿԱ՛Ն ՄՂՈՒՄԸ, ՈՐ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԶԵՆՔ»…

    «Ազգի պատմությունը կերտող ատաղձի՝ «նյութական գործոնների» հետ կարևորվում է նրա ոգեղեն մշակույթը, որը Ն. Ադոնցի բնորոշմամբ՝ «իսկական ճարտարապետն է, որ անշունչ նյութեղենից կերտում կանգնում է պատմական մշտաբարբառ հրաշազան շենքը:

    Միտքը պատմության գործոն ուժերից մեծագույնն է:

    Յուրացրած մտքերի և հասկացողությունների ամբողջությունը, այն, որ կոչվում է աշխարհայացք, այն է, որ ձևակերպում է և մարդկայնացնում անիմաստ մթերքը:
    Ինչ և լինեն աշխարհայացքի ծագման և կամ զարգացման պատճառները, որքան և կապակից լինեն արտաքին պայմանների, բայց մի անգամ որ մշակված, կազմված է, մի անգամ որ հայտնի ձևավորում է ստացած, աշխարհայացքը երևան է գալիս այնուհետև իբրև ուրույն և ինքնազոր ուժ և գործում է մյուս ազդակների առընթեր, անկախ կամ փոխադարձ ազդեցությամբ:

    Պատմությունը, որպես և հասկանալու լինենք, ամենեն առաջ գործողությունների շարան է:
    Հոգեբանական տեսակետից գործն այլ բան չէ, եթե ոչ հասկացողության մարմնացում:

    Անհատը, մենակ թե հավաքաբար, գործում է այն չափով, որչափ ըմբռնում է:

    Կարելի է համարձակ ասել, որ ազգերի հասունության աստիճանը, նրանց տեսության հորիզոնները շատ անգամ նախորոշում և նախագծում են նրանց պատմության շրջանակը:

    Քաջերի սահմանը զենքը չէ միայն, ինչպես ասված է, այլ և այն ոգեկա՛ն մղումը, որ տանում է դեպի զենք»…(Ն. Ադոնց):

    Հայկազունների տիրապետության օրոք Հայքում նախարարները, իշխանները՝ սեպուհներն էին ազգի առաջնորդները, որոնք կազմակերպում և ուղղորդում էին ժողովրդին՝ հանուն ազգի բարօրության, օրինակ ծառայելով իրենց ֆիզիկական և բարոյական հատկություններով, քաջությամբ ու առաքինությամբ, արժանապատվությամբ, արդարադատությամբ, բարեմտությամբ ու բարի համբավով, համերաշխությամբ և փոխօգնության պատրաստակամությամբ՝ հետևելով դարերի խորքից եկող իմաստությանը՝ անբասիր վարքով հայրենանպաստ գործունեությանը, որն այսօր մեզ հիշեցնում են Հայկեան Միաբանութեան Քրմերը, և որի մասին 13-րդ դարում խոսում էր և Հ. Երզնկացին.

    «Սակաւ աւշինդր՝ զբազում մեղր դառնացուցանէ, եւ մեղր յոլով զսակաւ աւշինդր ո՛չ քաղցրացուցանէ. այսպէս փոքր ինչ տեսակ մեղաց յիշխանացն զամենայն ժողովուրդսն խմորեալ պղծէ: Իսկ ի բազում առաքինութենէն սակաւ ինչ ընդունին: (Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ.Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 164):

    «Գահնամակ»-ի մի էջ (լուսանկարը՝ Ղ.Ալիշանի «Այրարատ» -ից)

    Հայոց արքունիքում իշխանների, նախարարների ունեցած տեղերի, գահերի, պատվաստիճանների վավերական մի փաստաթուղթ է մեզ հասել դարերի խորքից:
    424 թվականին պարսից արքունի դիվանում հայտնաբերված «Գահնամակը» Հայոց նախարարների հրովարտակ — ցուցակն է, վաղ միջնադարում Հայոց արքունիքում նախարարական տոհմերի զբաղեցրած յոթ տասնյակ պատվաստիճան-գահերի անուններով:

    «Գահնամակ»-ի մի էջ (լուսանկարը՝ Ղ.Ալիշանի «Այրարատ» -ից)

    Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի՝ «զօրականների»՝ բոլոր «մարտիկ արանց»՝ ռազմիկների և նրանց դասակարգման բացառիկ մի վավերագիր է «Զօրանամակը»՝ կազմված քառաբաժին բոլորակ աղյուսակի տեսքով, ուր ներկայացված են երկրի՝ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունները՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռները, յուրաքանչյուրում իր նախարարությունների զորաքանակով:
    «Զօրանամակի» միակ ձեռագիր օրինակը կցված է եղել Անանիա Շիրակացու ժամանակագրությանը:

    «Զօրանամակ» (լուսանկարը՝ Ղ. Ալիշանի «Այրարատ»-ից)

    Ըստ մեզ հասած «Զօրանամակի», Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124.000 ռազմիկ, որից 84.000-ը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40.000-ը՝ Արքունի (Ոստանիկ) և Մարդպետական գնդերը։

    Արտաքին վտանգի ժամանակ նախարարներն իրենց զինվորական ուժերը գումարել են «Զօրանամակով» սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

    Հայոց պատմության համար եզակի գրչագրական վերոհիշյալ փաստաթղթերին տարբեր ժամանակներում անդրադարձել են Հայ մշակույթի ու պատմության պահպանմամբ մտահոգ մշակները, որոնց կանդրադառնանք մի այլ առիթով…

  • «ՀԻՆ ԵՐԳԵՐՆ ՈՒ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ՄՈՌԱՑՎՈՒՄ»…

    «ՀԻՆ ԵՐԳԵՐՆ ՈՒ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ՄՈՌԱՑՎՈՒՄ»…

    «ՀԻՆ ԵՐԳԵՐՆ ՈՒ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ՄՈՌԱՑՎՈՒՄ»…

    Յուրաքանչյուր ազգ իր ուրույն աշխարհայացքն ունի՝ ձևավորված դարերի ընթացքում, որը նպաստում է ազգային ինքնագիտակցության զարգացմանն ու ազգապահպանմանը:
    Այն արտացոլվում է մշակույթում, գրավոր և բանավոր բազմազան ստեղծագործություններում:

    Նախնիներից ավանդված «Հայ ոգու անաղարտ հավիտենականության» պահպանման ջատագովները մշտապես շեշտում են ոգեղեն մշակույթի անհրաժեշտությունը՝ «Հայի ոգու տևականության» համար:

    Հայ գրավոր դպրությանը նախորդել է վիպական բանահյուսությունը՝ բանավոր ավանդված առասպելների, վիպերգերի, զրույցների տեսքով, որոնք համեմված են խոսքի հմայական ներքործության զորության հանդեպ հավատով ստեղծված ծիսահմայական բաղադրիչներով՝ օրհնանք-մաղթանքներով, ծիսատոնական տարբեր բնույթի երգ ու խաղով…

    Պատմական իրական դեպքերի ու անձանց շուրջ հորինված հնագույն վիպերգերում սերնդեսերունդ փոխանցվում էին Նախնիների պատմությունները՝ նրանց սխրագործությունները, հիշարժան իրադարձությունները, որոնք «ժողովրդի բերանում»՝ դարերի ազդեցությամբ, փոփոխությունների էին նաև ենթարկվում:
    Վաղնջական ժամանակներից եկող ազգային հիշողությունն ամփոփող պատումների, «բերանացի զրույցների» կցկտուր պատառիկներ վիպասաններից անցել են Մ. Խորենացուն, որն էլ հիշատակել է իր «Պատմության» էջերում՝ որպես «Վիպասանք», «Երգ վիպասանաց», «Առասպել», «Երգք առասպելաց»:
    «Վաղնջուց» անգիր փոխանցված պատմություններ՝ «անցյալում կատարված եղելություններ»՝ «որդի ի հօրէ առնելով յիշատակ»…

    «Հին երգերն ու զրույցները հեշտությամբ չեն մոռացվում»,- իրավացիորեն հիշեցնում էր Մ. Աբեղյանը:

    Եվ նախնական պատմություններից առասպելական շնչով բյուրեղանում է հսկաների մեջ քաջ և երևելի Հայկի կերպարը՝ որպես Հայ ազգի Նախնի՝ գեղեցիկ դյուցազնը՝ «գեղապատշաճ և անձնեայ, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ»՝ «ի մէջ սկայիցն քաջ և երևելի»՝ Վանա լճի շուրջը սփռված տեղանքում (Հարք, Հայկաշեն, Հայոց Ձոր…) կատարած իր քաջագործություններով:

    Հայկի առասպելը, ըստ Մ. Խորենացու, ծագում է «գուսանականից»: Այն «Նախնիների պաշտամունքի» հետքն է կրում, որքան էլ մշակված ներկայացնի 5-րդ դարի պատմիչը՝ Խորենացին:

    Իսկ «Նախնիների պաշտամունքը՝ նախնական հավատալիքով, սերտ հարաբերության մեջ էր դրվում որևէ աստղի հետ: Այդ պատճառով է և Հայկ անունը կապված է մի համաստեղքի հետ»,- գրում է Մ. Աբեղյանը (Երկեր, հ. Գ, «Հայ հին գրականության պատմություն» Գիրք առաջին, էջ 34, Երևան, 1968):

    Հայոց արքաների, զորավարների օրինակելի կերպարների, նրանց առնական ուժի, գեղեցկության, իմաստնության փառաբանումն էր Վիպասանքում, գուսանաց երգերում, քանզի նրանք էին ազգի առաջնորդները, երկրի հզորության պաշտպանները, քաջության, արիության, առաքինության կատարյալ տիպարները և գովերգվում էին սերնդեսերունդ:

    Քաջարի Նախնիների փառքի, հիշատակի հավերժացման կարևորության վկայություններից են թշնամու կողմից Հայոց արքաների դամբարաններից նրանց ոսկրերի հափշտակման պատմությունը, որ հիշատակել են Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին:

    Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղեաց գավառի Անի բերդից «իջեցված անթիվ գանձերի» հետ Պարսից աշխարհ «գերության էին տանում» նաև Հայոց խիզախ այրերի՝ արքաների դամբարաններից կողոպտված ոսկորները՝ այդպիսով նրանց փառքը, հաջողությունն ու քաջությունն իրենց երկրում տարածելու նպատակով:

    «Զի ասէին ըստ իւրեանց հեթանոսութեանն ըստ օրինացն, թէ վասն այսորիկ բարձեալ տանիմք զոսկերս թագաւորացն Հայոց աշխարհն մեր, զի փառք թագաւորացն և բախտքն և քաջութիւն աշխարհիս աստի գնացեալ ընդ ոսկերս թագաւորացն յաշխարհն մեր եկեսցեն» (Փ. Բուզանդ):

    Համաձայն Խորենացու՝ պարսիկներն առևանգել էին «հեթանոս և քրիստոնյա թագավորների ոսկորները», նախարարները փորձել են ջոկել «քրիստոնյա թագավորների» ոսկրերը՝ Վաղարշապատում «հեթանոսներից» զատ թաղելու համար, սակայն անհնար է եղել և Աղցքում են թաղել, քանզի «խաչով էր ակոսվել Հայոց պատմությունը» (Արտաշես Մարտիրոսյանի խոսքերով):

    «Սկսվեց դարձը, և դարձի ճանապարհին ոտքի տակ տրվեց մի ամբողջ քաղաքակրթություն:
    Գրիգոր Պարթևը դրդում է թագավորին քանդել, կործանել, ոչնչացնել ինչ հեթանոսական է, վերացնել մեջտեղից գայթակղությունը, որ այլևս ոտքի տակ խեթ ու խութ չմնա.
    «Առնոյր այնուհետև խորհուրդ հաւանութեան ընդ թագաւորին և ընդ իշխանսն, նախարարօքն և զօրօքն հանդերձ՝ վասն խաղաղութեան հասարակաց, քակել, կործանել, բառնալ զգայթակղութիւնսն ի միջոյ, ի բաց կորուսանել, զի մի ումեք լիցի խէթ և խութ այնուհետև ընդ ոտս անկանել և խափան առնել՝ ելանել յաղատութիւնն վերին» (Զ. 403):

    Վասն խաղաղութեան հասարակաց: Այդ հոգածությամբ են ծնվել բոլոր ջարդերն ու բարթուղիմեոսյան գիշերները:
    Եվ թագավորը համաձայնում է կեսարացի առաքյալին:
    Նա հրամայում է, որ իր Նախնիների և իր պաշտած հին ու հարազատ աստվածներին չաստվածներ համարեն և անհիշատակ առնեն (Ա. Մարտիրոսյան, «Մաշտոց», էջ 14):

    Քրիստոնեությունն իր օտար «սրբերի» պաշտամունքը բերեց:

    Իսկ «Վիպասանքի» փոխարեն այլ ազգի «Ծննդոցն» էր, որը գալիս էր մոռացության մատնելու սեփական Նախնիներին և նրանց ժառանգած մշակույթն ու փառքը…

    «Զգանձս աշխարհիս, զփառս երկրաւորս զամէնն ուրացի՛ր…»,- աշխարհիս գանձն ու երկրավոր փառքն ուրանալն էր հորդորում Հովհաննես Երզնկացին (Պլուզը)՝ 13-րդ դարում: Մերժելով «գուսանաց երգերը», նա քրիստոնյայի համար անվայել էր համարում կնունքի կամ հարսանիքի ժամանակ «պար գալը կամ խաղալը՝ ինչպես մեհյաններում էր»:

    «Տղային միտքն որպէս կակուղ մոմ է… Մի՛ թողուր, որ դառն և աղտաղտուկ ջուրն ի ներս խառնի. երգք գուսանաց, կամ խաւսք աղտեղի»:
    «Ի կնունքն և ի պսակն ոչ է արժան արբենալ, կամ գուսան կոչել կամ բոզ. զի դիւաց կոչաւղք են գուսանք:
    … Ոչ է պարտ քրիստոնէի՝ ի կնունք կամ ի հարսանիք, պար գալ կամ խաղալ իբրև զմեհեանս դիւաց»…

    «Անհատը, մենակ թե հավաքաբար, գործում է այն չափով, որչափ ըմբռնում է:
    Կարելի է համարձակ ասել, որ ազգերի հասունության աստիճանը, նրանց տեսության հորիզոնները շատ անգամ նախորոշում և նախագծում են նրանց պատմության շրջանակը:

    Քաջերի սահմանը զենքը չէ միայն, ինչպես ասված է, այլ և այն ոգեկա՛ն մղումը, որ տանում է դեպի զենք»…(Ն. Ադոնց):

    «Ժայռի կողքին պղնձակուռ`
    Բերդի պատեր,
    Տաճարի դուռ,
    Ու սուրբ գրեր հնամենի…

    Բերդը չկա,
    Տաճար չկա,
    Բայց ե՛րգը կա այս ամենի»:

    Մարո Մարգարյանի բանաստեղծություններից մեկն է, որ ազգի անցյալի, սեփական Նախնիների ավանդած երգի մեղեդին է հիշեցնում…

  • ԻՆՉՊԵՍ ՄԻ ՀԻՆ ՃԱԿԳԱՐԱՆԻ ՂՈՂԱՆՋ…

    ԻՆՉՊԵՍ ՄԻ ՀԻՆ ՃԱԿԳԱՐԱՆԻ ՂՈՂԱՆՋ…

    ԻՆՉՊԵՍ ՄԻ ՀԻՆ ՃԱԿԳԱՐԱՆԻ ՂՈՂԱՆՋ…

    «Առասպելների ծանրությունից տնքացող» Հայոց լեռներում սուրող քամիներն անցած ալեհեր հազարամյակների արձագանքն են հնչեցնում՝ ինչպես մի հին ճակգարանի՝ բոժոժի ղողանջ:

    Եվ վերադարձնում են մեզ դեպի մեր նախնական ակունքները:

    «Անցած-գնացածները դարձել են առասպելներ:
    Նրանց հիշատակներն օր ու գիշեր կանչում են ինձ:
    Ես շտապում եմ վերջացնել իմ այս գործը, որ ինձնից հետո եկած իմ տոհմակիցները ճանաչեն իրենց դյուցազն Նախնիների ոգին:
    Մարդ չպիտի՛ կորցնի իր արմատը:
    Լույսը չգոյից չի ծագում»…(Սերո Խանզադյան):

    Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ նյութերը վկայում են, որ Հին աշխարհում կյանքն իր վայելչագեղությամբ չէր զիջում հետագայում ստեղծվածին:

    Հայքում, ինչպես և նրան հարևան, հեռու ու մոտ որոշ երկրներում, բարձրաշխարհիկ դասը, ու հատկապես կանայք՝ իրենց հագուստով, ասեղնագործ նրբահյուս կերպասներով ու շղարշներով, արդուզարդով, անուշահոտ, բուրումնավետ յուղերով, ժամանակակից կյանքին համահունչ վայելքներն ունեին:
    Հայոց արքաներն ու նրանց արքունիքը պատմական աղբյուրներում հիշվում են իրենց «պատվական գույնզգույն զգեստներով, արծաթի, ոսկի զարդարանքներով ու պատվական ակներով, որոնք նույնիսկ տգեղին սքանչելի տեսք էին տալիս, գեղեցիկին դարձնում դյուցազուն («որովք տգեղագոյնքն իբրև զգեղաւորս երևէին սքանչելիք, և գեղաւորքն․․․ առհասարակ դիւցազնացեալք)»:

    5-րդ դարից Մ. Խորենացու գրչով մեզ հասած հնագույն Վիպասանքի, Գողթան երգերի պատառիկներում Հայոց արքաներին նվիրված վիպական երգերը որոշ պատկերներ են փոխանցում անցյալից.
    «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
    Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն»…

    Այսօր էլ հարսանեկան ծեսում պահպանվել են խորհրդանշական նման դրվագներ, երբ մասնակիցները հարսի ու փեսայի գլխին «ոսկի, մարգարիտ» են շաղ տալիս…

    Հայոց արքաների հարուստ գանձատների, բազմագանձ տաճարների ավերման, մեհենական հարստության կողոպտման և «եկեղեցու պետքերին ծառայեցնելու» մասին վկայությունները բազմաթիվ են Հայաստանում քրիստոնեության տարածումը նկարագրող պատմիչների էջերում:

    2-3 -րդ դարերում ապրած` ծագումով հույն, հռոմեական պատմիչ և քաղաքական գործիչ Դիոն Կասիուսի պատմության մեջ հիշատակվում են նաև Տիգրան Մեծի օրոք Ծոփքում գտնվող գանձատները:

    Նուրբ ու գունագեղ զգեստներով կանայք նաև շնորհալի ու հմայիչ էին՝ սնգույրի կարմրի նուրբ երանգներով շպարված, վարդաջրով ցողված, տիրապետում էին Աստղիկ Դիցուհու, Անահիտ Դիցամոր պարգևած շնորհներին, կյանքը զարդարելու հրապույրներին…

    Տարբեր թանգարաններում պահվող՝ անուշաբույր օծանելիքների սրվակներն ու բազմատեսակ անոթները, սանրերն ու հայելիները, գոհարեղեններով ընդելուզված մանյակներն ու ապարանջաններն ասվածի վկայություններից են:

    Ուշագրավ են 2011 թվականի հուլիսից Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում պատահաբար բացված դամբարանադաշտի պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական նյութերը:

    Հակոբ Սիմոնյանի ղեկարած արշավախմբի նորահայտ գտածոների թվում են ոսկե, արծաթե զարդեր (թևնոց, օձագլուխ ապարանջան, մանյակներ, ականջօղեր, մատանի…), արդուզարդի պարագաներ (բրոնզե կլոր հայելի և թիակ՝ անոթներից անուշաբույր յուղեր հանելու համար), նաև՝ բրոնզե զանգակ, օղակներ, մետաղադրամ…

    Անզուգական արվեստով ու մեծ վարպետությամբ, զանազան նպատակներով գործածվում էին բևեկնի և այլ ծառերի խեժը, բնության մյուս պարգևները՝ ծաղիկներն ու բույսերը բուրավետ յուղերի, նաև խնկաբույր ծխարձակման համար՝ ի բարօրություն ամենքի….