«ԵՎ ԱՐՔԱՅՕՐԷՆ ՄԵԾԱՐԷԻՆ ԶՆԱ»…

Ներկայիս քրիստոնեական ծիսական արարողությունների գերակշիռ մասը հնագույն ծեսերից են ծագում, ձևավորվել են դարերի ընթացքում նրանց իմաստափոխման արդյունքում (ինչպես, օրինակ, ամենօրյա առավոտյան ժամերգությունը, արևածագին՝ «Արեւագալի ժամին» Արևագալի ժամերգությունը, Անդաստանի կարգը՝ աշխարհի չորս ծագերի օրհնությամբ, հնավանդ սովորությունները պահպանած՝ Ծաղկազարդի, Վարդավառի և մյուս տոները, «սրբերի, նահատակների՝ մարտիրոսների»՝ «հավատքի հերոսների»՝ մարդկանց համար նախատիպ լինելու «արժանի դեմքերի», Հին կտակարանում հիշվող նահապետների սրբացումն ու փառաբանումը, «Նվիրյալ անձանց» («Անձինք նուիրեալք») հիշատակը հավերժացնող զանազան շարական-օրհներգությունները, ընծայաբերումը, տարբեր տոների առիթներով հոգևորականների դասի զգեստավորված հանդիսավոր երթը՝ թափորով, վարդաջրի ցողումը՝ ներկաների վրա)…

Վաղնջական ժամանակներից հայտնի՝ Նախնիների պաշտամունքի հետ առնչվող՝ Արքայական երթից առաջ գնացող ազդարարների՝ «նախընթացների» (կարապետի) հնագույն ավանդույթի հարատևման ակնհայտ արձագանքն ենք տեսնում մերօրյա ծիսական որոշ արարողություների ընթացքում: Հիշյալ դրվագին անդրադարձել է Հայ վաստակաշատ ազգագրագետ, հնագետ, բանահավաք Երվանդ Լալայանցը (1864-1931)՝ «Ծիսական կարգերի» ծագմանը նվիրված ուսումնասիրության մեջ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև:

Ե. Լալայանի դիմանկարը (Փ. Թերլեմեզյան, 1930 թ.)

«Հայ նահապետներն ու թագաւորներն էլ պաշտուել են Հայ ժողովրդից թէ՛ կենդանութեան ժամանակ և թէ՛ մահից յետոյ:
Կադմոս՝ դիմելով Հայկին, «Մեծդ դիւցազանց» է կոչում նրան, որ մահից յետոյ Օրիօն աստեղութիւնն է կազմում:
Վահագնը Հայ երգիչների խանդավառ սիրոյն է արժանանում:
Արշակունիներին աստուածային ծագումն է վերագրւում, և սրանց արձանները, «որ Վաղարշակ Արմաւրում շինեց իւր նախնիների պատկերով… որոնք բերուած էին Բագարան և յետոյ Արտաշատ, փշրում է Սասանեան Արտաշիրը (Մովսէս Խորենացի, Բ, գլ. ՀԷ)»…

…«Նաև՝ ո՛չ միայն քրմապետները, այլ և կաթողիկոսները զբաղուել են թագաւորի պաշտաման ծէսերը կազմակերպելով, ինչպէս երևում է Փ. Բիւզանդացու հետևեալ խօսքերից.
«Եւ (Ներսես Մեծ) զվարս թագաւորութեան իսկ յօրինէր ամենաբարի կրօնիւք, որպէս և տեսեալ էր իւր առ հնօքն թագաւորօքն (Փաւստոս Բիւզանդացի, Ե դպր., Ա գլ.):

Այն հասարակական կազմակերպութիւնները, որոնք դեռ քիչ են զանազանակերպուել (differencie’s), պարզ ցոյց են տալիս կենդանի և մեռած պետերի պաշտաման նոյնութիւնը.- վայրենի ժողովրդների մէջ սկզբում ինքը՝ պետը, յայտարարում է իւր քաջութիւնների, իւր Նախնիքների մասին, եգիպտական և ասորական արձանագրութիւնները ցոյց են տալիս, որ այս սովորութիւնը երկար ժամանակ տևել է: Յետոյ, երբ պետը լաւ ճարտասան չէ լինում, յանձնարարում է ուրիշներին պատմելու:
Եւ այսպէս հետզհետէ սովորութիւն է դարձել, որ պետերի, իշխանների առջևից գնում էին մարդիկ, որոնք ներբողում էին նրան և երգելով գովաբանում. միևնոյնը, ինչ որ կատարւում է մեռած, աստուածացած պետի վերաբերմամբ:

Թէ Հայերիս մէջն էլ այս միևնոյնը տեղի է ունեցել՝ երևում է հետևեալ մնացորդներից:
Ագաթանգեղոսը (Յձդ), յիշելով այն իշխանների անունները, որոնց Տրդատը ուղարկեց Լուսաւորչի որդներին բերելու՝ ասում է, թէ երրորդ իշխանը՝ «Դատ անուն՝ կարապետ արքայի», ուրեմն պարզ է, որ Հայ թագավորներն էլ ունեցել են իրենց առջևից գնացող կարապետ կամ կարապետներ, որոնք ազդարարել են ժողովրդին թագաւորի մասին:

Դեռ մինչև այժմ էլ կաթողիկոսի գնացքին կարապետում է մի հոգևորական՝ խաչը ձեռին, և երբ մօտենում է նա եկեղեցուն, նրա առջևից գնում են հոգևորականներ և երգեցիկ խմբեր՝ շարականներով ներբողելով նրան:
Միևնոյնը, ինչ որ կատարւում է մի կրօնական թափորի ժամանակ, երբ մինը խաչվառը ձեռին կարապետում է, և հոգևորականների խումբը շարականներ երգելով առաջնորդում է աստուածութեան պատկերը կամ մի մասունք:

Միևնոյնը նկատում ենք նաև հարսանեկան ծէսերի մէջ:
Երբ թագավորը (փեսան, Կ. Ա.) եկեղեցուց իւր տունն է վերադառնում, մինը, որ «աղուես» է կոչւում, վազում է նրա առջևից՝ ազդարարելով նրա գալուստը և գովաբանելով նրան ու թագուհուն (հարսին, Կ. Ա.), (մեջբերումը՝ Ե. Լալայան «Ազգագրութիւն», Ծիսական կարգերը, էջ 177):

Ահա թե ինչու հարսանեկան ծեսի ընթացքում «թագավորը»՝ փեսան, մեծարվում էր «արքայավայել արքայապատիվ, արքայաշուք արարողություններով»…

Արքայից արքա Տիգրան Մեծը՝ շրջապատված չորս վասալ արքաներով (նկարիչ՝ Ջ. Ֆուզարո)

Արքայից արքա Տիգրան Մեծի մասին՝ Պլուտարքոսի վկայությամբ.
«Նրա մոտ գտնվում էին շատ թագավորներ, որոնց ծառաների դիրքին էր դասել, իսկ նրանցից չորսին նա մշտապես իր մոտ էր պահում՝ որպես ուղեկիցներ կամ թիկնապահներ»…

Facebook Comments