«ԵՎ ՊԱՏԳԱՄԱԲԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ»…
Հաղորդակցությունը մարդկանց կյանքի կարևորագույն ոլորտներից է:
Հին աշխարհում բարձրագույն իմացությունը, իմաստությունը մարդկանց հաղորդող պատգամաբեր-դիցերից (Տիրը, Հերմեսը) մինչև արքայական հրովարտակները երկրե-երկիր հասցնող սուրհանդակները, կամ քաղաքից-քաղաք շրջող մունետիկները՝ հաղորդակցության զանազան միջոցներ են կիրառվել:
Պետական կամ ռազմական կարևոր հանձնարարությամբ որևէ տեղ ուղարկվող անձը՝ սուրհանդակը՝ շտապ տեղեկություն փոխանցելու, հրատապ լուր կամ վճիռ հաղորդելու նպատակով՝ պատգամաբերը («քաջընթացիկը»՝ բանբերը՝ լրաբերը) տասնյակ, հարյուրավոր կիլոմետրեր կտրելով, վտանգները հաղթահարելով իր հանձնարարությունն էր կատարում (Մարաթոնի դաշտից վազքով աթենացիներին հաղթանակի լուրը տարած հույն զինվորն, ըստ ավանդության, իր շունչը փչեց՝ հաղթության մասին տեղեկացնելուց հետո):
Հաղորդակցության մի ուրույն ձև էր նաև տոների առիթով ծեսերի ժամանակ «ավետիսներով» ուրախ լուրը միմյանց կամ երեխաների խմբերի միջոցով հարևաններին, ազգակիցներին փոխանցելը, որի համար «ավետիս» բերողները՝ ավետաբերները, նվեր՝ «աւետչեայ»՝ «աւետչէք»՝ յուրահատուկ պարգև-վարձատրություն էին ստանում:
Դարավոր պատերազմական պայմաններում գտնվող երկրներում կենսական նշանակություն ունեցող ռազմական, ռազմավարական կարևորության տեղեկությունները փոխանցող պատգամաբերը առաձնահատուկ դեր ուներ՝ թագավորի, իշխանի հրամանի հրատապ իրականացման գործում:
Սակայն դա նաև վտանգավոր, ծանր պարտականություն էր՝ բախտորոշ հետևանքներով:
Վատ լուրի դեպքում գուժաբերը՝ գուժարկուն՝ գուժկանը կարող էր և նզովքի արժանանալ, պատժվել, նույնիսկ իր կյանքով հատուցել բոթը՝ աղետալի լուրը՝ գույժը գուժելու համար:
«Եվ մինչ Խոսրովն զբաղված էր անտառները տնկելով, հանկարծ լրաբեր (գուժկան, Կ.Ա.) եկավ նրա մոտ Հեր և Զարավանդ գավառներից, թե Պարսից զորքերը պատրաստվում են պատերազմով քեզ վրա գալու»,- հաղորդում է Փ. Բուզանդը, «Պատմութիւն», գլուխ Ը. («Եւ մինչդեռ նա յայնմ գործ զմայրեօքն անկելովք էր, յանկարծակի գուշակ հասանէր առ Խոսրով ՛ի Հէր և ի՛ Ջարաւանդ գաւառ, թէ պատրաստեալ են զօրքն Պարսից գալ հասանել ՛ի գործ պատերազմի ՛ի վերայ քո»)։
Ստեփան Զորյանի պատմավեպերից՝ վարպետորեն կերտված որոշ կերպարներով հատվածներ՝ անվեհեր ու վեհանձն Հայորդիների մղած պայքարների օրերից՝ ստորև:
…«Հրամայի՛ր, իշխա՛ն, կանչեն նորան:
Կցանկանայի լսել անձամբ:
Մի քանի վայրկյան հետո սուրհանդակը, որ իրոք արքայի թիկնապահ սեպուհներից էր, թագուհու առջև կանգնած պատմում էր թագավորի և սպարապետի բանտարկությունը: Պատմեց նախ, թե ինչպե՛ս էին տեղ հասել և թե ինչպիսի՛ պատվով էին ընդունել թագավորին ու Վասակ սպարապետին»…
…«Ներս բերեց նրան Զենոն Գնունին:
Զինվորը խնամքով մաքրել էր վրան — գլուխը, բայց արևախանձ ու քամահար դեմքը մատնում էր, որ նա երկար ճանապարհ է կտրել և չնայած իրեն պահում է առույգ, սակայն հոգնած էր իսպառ: Փառանձեմը սկսեց մանր հարցուփորձել. ինչպե՞ս գնացին առաջին օրը, որտե՞ղ գիշերեցին, ինչպե՞ս էր զգում արքան ճանապարհին, չունեցա՞վ հոգնածություն, գլխացավ…
Սուրհանդակը նկարագրեց ճանապարհը, իրենց գիշերելու տեղերը և թագավորի ինքնազգացումը…
— Այժմ պատմի՛ր, տղա՛ս, ինչպե՞ս մտաք Տիզբոն և ինչպե՞ս ընդունեցին թագավորին և ձեզ ամենքիդ: Սիրո՞վ…
Սուրհանդակը ուշիմ երիտասարդ էր. կենդանի նկարագրեց, թե ինչպես պարսից մեծամեծները ձիերով եկել էին ընդառաջ` քաղաքից դուրս, իսկ արքային հատկացրին մի ամբողջ պալատ, ծառաներ, ամեն ինչ»… («Հայոց բերդը», 1959 թ.):
…«- Սպարապետից, արքա՛:
Պապը, նամակը վերցնելով, ուշադիր նայեց Հրահատին:
- Ինքդ ո՞վ ես:
- Մուշեղ սպարապետի սուրհանդակը, արքա՛,- պատասխանեց Հրահատը շիկնելով: Պալատականները, որոնց մեջ էին այդ ժամանակ հազարապետը, Զենոն Գնունին, Բաթը և ուրիշներ, հետաքրքրված նայեցին իրար և ապա` Հրահատին, նրա բերած նամակին: Նրանք գիտեին, որ սպարապետի նամակը միշտ լինում է կարևոր դեպքերի մասին, ուստի և, մինչ Պապը կարդում էր նամակը, լարված սպասում էին իմանալու, թե ի՛նչ է գրում արդյոք Մուշեղը նոր մի վտանգի՞, թե իր կատարած խիստ պատիժների մասին: Այնինչ Պապը, նամակը կարդալով, լրջանում էր հետզհետէ»… («Պապ թագավոր»):
«- Ի՞նչ նոր, բերդապե՛տ: Սուրհանդակները բերե՞լ են կարևոր ինչ:
- Ուշագրավ ոչինչ, թագուհի՛: Վերջին սուրհանդակը հաստատում է այն, որ պարսից գնդերը մոտեցել են մեր սահմանին և սպարապետին փոխարինող Զարեհ Ամատունին մարտեր է սկսել նրանց դեմ: — Մեր զոհերը որքա՞ն են,- հետաքրքրվեց Փառանձեմը:
- Աննշա՛ն, թագուհի՛»… («Հայոց բերդը», 1959 թ.):
…«Ավագները ծանր շարժումներով գրավեցին իրենց տեղերը նույն այն մեծ սրահում, ուր հավաքված էին մի քանի օր առաջ: Իսկ պալատի կառավարիչը կարգադրեց արարողապետ Ասպուրակին՝ ներս բերել կայսերական սուրհանդակին իր թարգմանի հետ:
Հույն սուրհանդակը հոգնած դեմքով երիտասարդ էր, թևին կապույտ ժապավեն կապած (կայսերական սուրհանդակի նշանը), հագուստով և ամեն ինչով նման մի քանի օր առաջ եկած սուրհանդակին՝ այն տարբերությամբ, որ նա կարճ էր ու ճաղատ, սա երկար էր ու գանգրամազ:
Իսկ սրա Հայ թարգմանը մի սեպուհ էր` գլխի մազերը բյուգանդական ձևով բոլորշի կտրած և ծոծրակը ածիլած:
Սա ևս կարճահասակ էր, բայց վիզը պինդ՝ ցուլի վզի նման:
Ներս գալով՝ երկուսը միասին գլուխները խոնարհեցին ու կանգնեցին իրար կողքի»…(«Վարազդատ», 1967 թ.):
…«Փոքր անց ներս մտավ կարճ մորուքով, գլխաբաց մի երիտասարդ՝ ոտքերին երկար մույկեր: Ներս մտնելով՝ նա գոտեպնդած բաճկոնի գրպանից հանեց գլանած մի նամակ և խոնարհումով մեկնեց իշխանին:
Կամսարականը, նամակը բացելով, կարդաց մտասույզ: Ընթերցելով մինչև վերջը՝ նա գոհունակ ոլորեց այն և, սենեկապետին պատվիրելով կերակրել սուրհանդակին, ինքը պայծառացած գնաց մասնակցելու հացկերույթին, որ տակավին շարունակվում էր գինիներով ու զվարթ զրույցով»…
…«- Տե՛ր արքա, Բագրևանդից սուրհանդա՛կ»:
Սովորաբար սուրհանդակին ընդունում էր դիվանապետը կամ հազարապետը, բայց այս անգամ եկողը ցանկություն էր հայտնել տեսնել սպարապետին՝ «հույժ կարևոր» մի նամակ հանձնելու և կարևոր լուրեր հայտնելու. որովհետև սպարապետը Դվինում չէր` կամեցել էր տեսնել թագավորին: Հազիվ սենեկապետը դուրս էր գնացել՝ ներս մտավ արևից ու քամուց այրված, կոշտացած մի երիտասարդ: Որքան էլ նա վրայից մաքրել էր ճանապարհի փոշին, բայց դա երևում էր տակավին նրա կարճ վերնազգեստի և մույկերի ծալքերում:
Ներս մտնելով՝ նա ձեռքը կրծքին դրած, գլուխը խոնարհեց նախ թագավորին, ապա այնտեղ նստած թագուհուն, հետո երկու քայլ անելով, ոլորած ու կնքած մի նամակ տվեց թագավորին:
- Դարոնք ամրոցի տեր բերդակալից, արքա՛»… («Պապ թագավոր», Ս. Զորյան):
…«Երկու ժամ առաջ Սյունեցիները, Անդոք իշխանի առաջնորդությամբ, Նախջվանի արևելքից, ապահով համարված կողմից գրոհել էին քաղաքի վրա և նույնիսկ պահակ չունեցող դռնից մտել քաղաք ու սկսել, ինչպես հետո պարզվեց, մի սարսափելի կոտորած:
Իսկ նախքան այդ՝ եղել էր հետևյալը:
Մի քանի օր առաջ Սյունեցիները՝ Անդոք իշխանի ուղարկած սուրհանդակից իմանալով, որ իրենց ծեր իշխանը պահանջել է պատրաստ լինել և գալ Եղնաքար, անմիջապես, երեք օրվա պաշարով, հասել էին որոշված վայրը և անտառներում թաքնված սպասել իշխանին, ավելի շուտ՝ նրա նշանին, որ իջնեն ցած:
Իսկ երբ մի օր հետո հասել էր նրանց իշխանի երկրորդ սուրհանդակը, թե իշխանն սպասում է Գայլաձորում՝ Նախջվանի վրա հարձակվելու, և թե Դվինից նույնպես մեծ զորք է գալիս, — Սյունեցիներն է՛լ ժամանակ չկորցրին, ասպազեն ու զինավառ իջան ցած՝ դեպի հանդիպման վայրը…
Եվ մի քանի ժամ հետո Գայլաձորը լցվեց ողջույնի աղաղակներով:
Իշխանին շրջապատելով՝ Սյունեցիները հետաքրքիր նայում էին նրան, նրա կարմիր՝ ճակատը ճերմակ ձիուն և սպասում, թե ի՛նչ կարգադրություն է անելու նա:
— Դե, զավակնե՛րս, այլևս ժամանակ չպե՛տք է կորցնել,-ասաց իշխանը ձեռքը բարձրացնելով:
Իմ սուրհանդակը լուր բերեց, որ Կամսարական իշխանն իր բանակով հասել է Նախջվան և կռվում է արդեն… Շտապե՛նք օգնության…
Անդոք իշխանի սուրհանդակն, իրոք, գիշերանց դուրս գալով, եկել էր սպարապետին հայտնելու, թե Սյունեցիները պատրաստ են և սպասում են նրա կարգադրությանը՝ «ի՞նչ անել», բայց հեռվից տեսնելով մարտն սկսված, առանց ժամանակ կորցնելու, սրարշավ ետ էր դարձել և իշխան Անդոքին հայտնել, թե ճակատամարտն սկսված է:
Եվ ծեր Անդոքն իր ձիավոր Սյունեցիներով սուրացել էին դեպի Նախջվան»… («Պապ թագավոր», 1944 թ.):
«Պատմությունը պետք է սովորեցնի մեզ «դեն ձգել մեզանից հուսահատությունը և շարունակ մեր անշարժությունը դատապարտող հոռետեսությունը և խրախուսվել լավագույն մարդկանց փառավոր օրինակներով»։
«Պատմությունը պետք է մեզ ցույց տա «ներկայի համար նրանից օգտվելու ճանապարհը»։
Մուրացանի նման՝ այս ըմբռնումով էին իրենց պատմական երկերն ստեղծում Հայ գրողները…