«ՀՈւՆՑՔ ԿԸ ԺՈՂՎԵՄ»
ԿԱՄ՝ «ՀԱՑՕՐՀՆԵՔ»
Ազգի՝ Ցեղի Ոգին ու Սիրտը՝ նրա գոյության ու զորության Աղբյուրը, Կեցուցիչ Հուրն իր Նախնիներից ժառանգված Իմաստությունն է՝ խտացված ազգային մտածողության, հոգեկերտվածքի մեջ, արտացոլված ազգային տոներում ու ծեսերում:
«Ինքնաճանաչությամբ կարելի է դառնալ մագնիսական մի ամպ, որ չի խորտակվում և ո՛չ մի ուժից»:
«Սահման չի տրված ինքնաճանաչ անհատի հոգեկան ուժերին: Գիտենալ և կամենալ՝ նշանակում է կարողանալ:
Ինքնաճանաչ լինել, ասել է՝ կարող լինել ցանկացած վայրկյանի գործի դնել այն բոլո՛ր ուժերը, որոնց տերն ես՝ Իմաստություն, Սեր, Աշխատունակություն և այլն»,- Գ. Նժդեհի հիշեցմամբ:
Արարչությունը, Բնությունն ու Կյանքը փառաբանող Հայոց ծեսերն ու տոները՝ տարվա եղանակների փոփոխման հետ համահունչ, լավագույնս են արտահայտում անհիշելի ժամանակներից եկող, դարեդար հարատևող ազգային մտածողությունն ու հավատալիքները, մեր ազգային հոգեբանությունն՝ ընդհանրապես:
Մեծարելով Նախաստեղծ տարրերը՝ Կենսատու Ջուրը, Հուրը, Հողը, նրանց պարգևած Բարիքների համար գոհաբանում՝ իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն էին հայտնում Արարիչ-Կեցուցիչ Ուժերին՝ նրանց խորհրդանիշ Դիցերին՝ իրենց հովանավորությամբ ու խնամակալությամբ առատ պտղաբերության, լիության ու պարարտության ակնկալիքով:
Ու Սնող-կերակրող՝ պտղաբեր, արգասավոր Մայր Հողի բաշխած բերքից՝ Հասկերից ու Հատիկներից նվիրաբերվում էին «Սնուցիչ» Դիցերին՝ օրհներգերով փառաբանելով «Ոսկեհատ Ոսկեմորը»՝ Անահիտ Դիցամորը, որի արձանը ոսկուց էր շինված («Ոսկեհատ»-ը «ոսկուց հատված, ոսկուց կռված՝ ոսկեկուռ, ոսկեձույլ» իմաստից բացի «Ոսկի Հատ» իմաստն ունի, ինչպես «Ոսկեսաղարթ»՝ որի տերևները ոսկուց են կամ՝ ոսկեգույն են):
Ցորենից ստացվող Հացը հանապազօրյա (նաև՝ ծիսական մեծ խորհրդով)՝ իր պատրաստման տարբեր փուլերով, «նվիրական ծեսի» արդյունքում էր արարվում:
Ցարդ Հայաստանի որոշ շրջաններում պահպանվել է հնագույն ժամանակներից եկող՝ Հասկի առաջին փնջի ընծայման ավանդույթը. երկրագործն իր արտի հունձքն սկսելիս, հասկերի առաջին փունջը հյուսում է ու ընծայում՝ նվիրաբերում՝ ի նշան Բնության՝ Հողի պարգևած Բարիքի համար երախտագիտության ու շնորհակալության:
Քուրմ Հարութ Առաքելյանի հաղորդմամբ՝ Հայոց Արքաներն Առաջին ցորենի հասկերն ու հատիկները նվիրաբերում էին Նախնյաց Խորանին՝ ի հիշատակ Նախնիների, նաև՝ ազգի շարունակականության իմաստով:
«Աշնան գալուստով՝ բոլորի աչքերը հառնում են դեպի Դիցը. ե՞րբ է անձրև բերելու ու, այդպիսով, Հողի սերմնացանքն ազդարարելու»,- հաղորդում է հույն գրող, պատմիչ ու զորավար Քսենոփոնը (ն.թ.ա 430-355 թթ.):
Գյուղատնտեսական աշխատանքներն ուղեկցող երգերը՝ գութաներգերը՝ հորովելները, որոնք երգվում էին ցանքսի, կալի ու այլ աշխատանքների պահին, իրենց մեջ բյուրեղացրել ու մեզ են հասցրել վաղնջական ավանդույթները՝ Բնության պարգևած Բարիքի համար մաղթանքներն ու փառաբանումը:
Հունտը հողին հանձնելիս սերմնացանի խնդրանք-մաղթանքը՝ Երկնային Զորությունների՝ Դիցերի պաշտպանությամբ ու հովանավորությամբ առատ պտղաբերության ակնկալիքով, հաջորդվում էր հունցքի հրճվանքն արտացոլող՝ գովաբանման երգերով՝ կալերգերով, սայլերգերով՝ հացահատիկի հունձը կամով կալսելիս հնչող Կալի երգերով, որոնք աշխատողներին ու բանող անասուններին խրախուսում, աշխատանքը թեթևացնում էին ու օրվան տոնական տրամադրություն հաղորդում:
«Աստղածոր մյուռոնով» շաղված, «խաղերով կապված խուրձերի» գովքն է երգել և Դ. Վարուժանը
(«Հունձք կը ժողվեմ»).
…«Հասկերուն մեջ, վերևեն,
―Ասուպը անցավ —
Աստղեր մյուռոն կը ծորեն,
―Դեմքը լուսացավ:
Քանի՜ խուրձեր շաղերով,
―Վարդենին թաց է —
Ես կապեցի խաղերով,
―Ծոցիկը բաց է»:
Մարդու ողջ օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող Ցորենի վայրի շատ տեսակների հայրենիքը «հացաւէտ» շրջաններով հարուստ Հայկական Լեռնաշխարհն է, ուր մինչ օրս Ցորենից՝ ալյուրից պատրաստվում են հնագույն կերակուրները՝ փոխինձը, բոված ու խոշոր աղացած ցորենահատիկներով աղանձը, թոնրաբույր տարբեր հացերն՝ իրենց ծիսական բազմազանությամբ…
Հացն ապրուստի միջոցն էր՝ «Հաց վաստակել», «Մի կտոր հացի տեր լինել» (նվազագույն ապրուստի միջոցներով ապրել), «Հացի կռիվ» (մաքառմամբ գոյապայքար մղել), «Չոր հացի կարոտ»…
Բազմաթիվ արտահայտություններ կան նաև Ցորենի հետ կապված:
«Ցորե՞ն է, թե՞ գարի» (նորածնի համար՝ «Տղա՞ է, թե՞ աղջիկ»):
«Ցորէն չեմ կերել, արտի քովէն անցել եմ» (Ուսում չեմ առել, բայց քիչ թե շատ հասկացողութիւն ունիմ):
«Ցորեն հաց որ չունիս, ցորեն լեզու՞ էլ չունիս» (Եթե չքավոր ես (չես կարող հյուրասիրել), գոնէ քաղցր լեզու ունեցիր):
Ամեն տարի, ցորենի բերքահավաքից հետո, հանդիսավորությամբ ու խրախճանքով Հայոց Նախահայրերը Հացօրհնեքի տոնն էին նշում, որի ընթացքում Քրմերն օրհնում էին Հայոց Աշխարհի բարեբեր արտերն ու դաշտերը՝ Անդաստանի ծեսով:
Շնորհավորելով բոլոր Հայկազուններին՝ Սահմի ամսվա Անահիտ օրը (սեպտեմբերի 5-ին) նշվող Հացօրհնեքի տոնի կապակցությամբ, կրկնենք Համո Սահյանի տողերը.
Էլի Ցորե՛նն է աշխարհի հիմքը,
Փա՛ռք տանք Ցորենին և օրհնաբանե՛նք։
Ցորենի մահով՝ մահը խափանե՛նք,
Էլի Ցորե՛նն է աշխարհի հիմքը։
Մայրը՝ Հողն է սուրբ, հայրը՝ Երկինքը,
Հո՛ղ դարձնենք քարը և Ցորեն ցանենք։
Էլի Ցորե՛նն է աշխարհի հիմքը,
Փա՛ռք տանք Ցորենին և օրհնաբանե՛նք։
Հ.գ. Ի լրումն վերոնշյալ թեմայի՝ փոքր-ինչ ավելին՝ ստորև գրառման մեջ.
«ԱՆԴԱՍՏԱՆ», «ԵՐԱԽԱՅՐԻՔ»…