ԱԿԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ՝ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Ձախից՝ աջ՝ 3-րդը՝ Արթին Էֆենդի, 4-րդը՝ Խոսրով Էֆենդի, 6-րդը՝՝ Ստեփան Էֆենդի, 7-րդը՝ Յուսեֆ (Հովսեփ) Էֆենդի

Եգիպտոսի բազմահազարամյա պատմության մեջ արժանահիշատակ տեղ ունեն Հայերը՝ հնագույն ժամանակներից ի վեր (մոտ 4.000-ամյա վաղեմության մի քանի դրվագների անդրադարձել ենք նախորդ որոշ գրառումներում):

Հետագա շրջանից՝ Եգիպտոսում ծովամերձ շրջաններում հաստատված Հայերի մասին է հիշատակում ն.թ.ա 1-ին դարում Եգիպտոսում երկարամյա կառավարիչ՝ հռոմեացի պատմիչ Սալյուստրոսը (Salluste (ն.թ.ա. 87-35 թթ.), «Jugurtha», գլուխ 18):

Համաձայն 6-րդ դարի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացու՝ Հուստինիանոս Ա-ի ժամանակ (527-565 թթ.), Հայկական զորամասեր են տեղակայված եղել Եգիպտոսում: Պահպանվել են նաև տեղեկություններ՝ 6-7–րդ դարերում Եգիպտոսի Հայ կառավարիչներից (Ներսես Բասենցի, Արտավան Արշակունին, Հերակլ…): Ներսես Բասենցին «Աֆրիկայի Դուքս» տիտղոսն է կրել:

Եգիպտոսի պատմության՝ ֆաթիմյան սուլթանության ժամանակաշրջանում (969-1117թթ.), մի շարք Հայ վեզիրների պաշտոնավարումը նկատի ունենալով, պատմաբան Գաստոն Վիթն այդ շրջանն անվանում է «Հայկական շրջան» և Հայազգի Բադր ալ- Ջամալին համարում Եգիպտոսը զորացնող ու բարգավաճ երկիր դարձնող:
Իրավամբ, վերջինիս նախաձեռնությամբ շինարարական մեծ աշխատանքներ են իրականացվել՝ բերդեր, կամուրջներ, քաղաքային պարիսպներ կանգնեցվել, որոնցից հիշատակենք Կահիրեի պարսպի՝ մինչ օրս կանգուն երեք դարպասները, որոնք կառուցել են եդեսացի երեք եղբայրներ (Ա. Օրագյան «Հայ ճարտարապետներ Եգիպտոսի մեջ», «Կյանք և գիր» տարեգիրք, 1948թ., էջ 155):

Եգիպտացի պատմաբան Ահմադ ալ-Մաքրիզին (1364-1442 թթ.) նշում է, որ «Բադր-էլ-Ջամալին բանակներ ու զորամասեր կազմեց Հայերից և այդ ժամանակից ի վեր բանակի մեծ մասը Հայերից էր կազմված»։

10 -12-րդ դարերում Եգիպտոսի խալիֆայության վարչակարգում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հայորդիների գործունեությունը հիշատակել են արաբ պատմագիրները, Եգիպտոսի Հայ համայնքի պատմությանն անդրադարձել են որոշ Հայ ուսումնասիրողներ, որոնցից են՝ Վանում ծնված պատմաբան, թարգմանիչ Հարություն Թուրշյանը (1900-1978թթ.)՝ «11-րդ և 12-րդ դարերի Եգիպտահայ գաղութի պատմությունից», Գ․ Մըսրլեանը՝ «Ականաւոր Հայեր Եգիպտոսի մէջ. (արաբական գրաւումէն մինչեւ չէրքէզ մեմլուքներու իշխանութեան միջին շրջանը, 640-1441)», Կահիրե, 1947թ., Ար. Ալպօյաճեանը՝ «Արաբական Միացեալ Հանրապետութեան Եգիպտոսի նահանգը եւ Հայերը. (Սկիզբէն մինչեւ մեր օրերը)», Գահրիէ. 1960թ., Հ. Թոփուզյանը՝ «Եգիպտոսի Հայկական գաղութի պատմություն (1805-1952)», Երևան, 1975թ. …

Այդ ժամանակաշրջանի Հայազգի գործիչներից՝ Այնթապի մոտակայքում ծնված Վահրամ Պահլավունու՝ Բահրամ ալ Արմանիի օրոք իր ծննդավայր Թլպաշարից (Թիլ Բաշարից) ու Կիլիկյան Հայաստանի տարբեր վայրերից մոտ 30.000 Հայ են արտագաղթել Եգիպտոս:
Վահրամ Պահլավունու կյանքին ու գործունեությանը նվիրված հոդված է գրել Արսեն Առաքելյանը՝ «Բահրամ ալ- Արմանիի գործունեությունը Եգիպտոսում 1135 — 1140 թթ.», ուր կարդում ենք.
«1135թ. օգտվելով երկրում տիրող խառնաշփոթից և խալիֆ Հաֆեզի իշխանության թուլությունից՝ Վահրամ Պահլավունին Հայերից բաղկացած զորքով պաշարեց Կահիրեն և նշանակվեց վազիր:

Խալիֆ Հաֆեզը Վահրամ Պահլավունուն նշանակեց վազիր և վազիրի զգեստ (խիլա) հագցրեց՝ չնայած նրան, որ վերջինս քրիստոնյա էր և մզկիթ մտնելու իրավունք չուներ»…

Եգիպտոսի Հայ համայնքի անցյալից որոշ ակնարկներով կցկտուր տեղեկություններ ենք գտնում 1911 թվականին Կահիրեում հրատարակված՝ «Նօթեր Եգիպտոսի Հայ գաղութին վրայ» աշխատության մեջ (հեղինակ՝ Նազարէթ Մ. Աղազարմ):

«…Պատմութիւնը կը հաստատէ, թէ Հայերը շատ կանուխէն առեւտրական յարաբերութիւններ ունէին Եգիպտոսի հետ: Գիտուններէն ոմանք կը կարծէն թէ Եգիպտոսի 3 — 4.000 տարուան արձաններուն վրայ դրոշմուած «Արմէնէն» բառը կը ցուցնէ Հայոց ազգն»:

«Հինգերորդ դարէն յետոյ կամաց կամաց շատցաւ Եգիպտոսի Հայերու թիւը: Է դարուն (7-րդ դարում,Կ.Ա.) հոն ունեցած ենք անուանի հայրենակիցներ: Գահիրէ քաղաքը 970-ին հիմնուած ժամանակ Վարդան, ծագումով Հայ, որ նախ յոյն կայսրերու զորապետ եղած էր, Եգիպտոսի հարկապետ էր և ինք շինեց նորակառոյց մայրաքաղաքային շուկան, որ երկար դարեր իր անունը կրեց: Եգիպտոսի մէջ Հայերը տասնեակ հազարներով կը հաշուէին տասն և մէկերորդ դարուն վերջերն, այնպէս որ ժամանակին կաթուղիկոսը, Գրիգոր Վկայսէր, այցելութիւն տուաւ անոնց և յատուկ Եպիսկոպոս ձեռնադրեց անոնց համար»:

«Հազար հարիւր վաթսուն եւ ինը տարին ուրիշ տեսակէտներով ալ դժբախդութեան եւ աղէտներու թուկան մը եղաւ Հայոց համար. տարիներէ ի վեր Հայ վէզիրները անհետացած էին եւ, հետեւաբար, Ֆաթիմեան տունը, զրկուած իր ամենահզօր նեցուկէն, կորսնցուցած էր արդեն ազդեցութիւնը և կորսնցունելու վրայ էր իր գահը, ինչ որ պատահեցաւ երեք տարի յետոյ, 1171-ին, եւ Էյուպեանները գրաւեցին Եգիպտոսի իշխանութիւնը: Հայ մեծամեծներն, առանց բացառութեան, երկրէն դուրս վտարուեացան, մնացած Հայերը խիստ հալածանաց ենթարկուեցան, շատերն օտար երկիրներ գաղթեցին և մեկ մասն ալ տեղական տարրին հետ ձուլուեցաւ, քիչեր՝ միայն զգացմամբ և սրտով Հայ մնացին, այն ալ կարծենք ոչ բարոյապէս. իրենց եկեղեցիներն ու վանքերն օտար ազգերէ գրաուեցան և կամ՝ խուժանին կատաղութեան զոհ»…

«ԺԹ դարուն սկիզբը մեծանուն Մուհամմէտ Ալի, բնիկ Գավալացի, Օսմանեան վեհապետութեան ներքեւ Եգիպտոսի մէջ կը հիմնէր իր իշխանական տունը, մեծ և նոր թուական մը բանալով ինչպես այդ երկրին ամբողջ բնակչութեան համար ընդհանրապէս, նոյնպէս Հայոց համար մասնաւորապէս:
Հայերը Ֆաթիմեաններու ժամանակի վերադարձը տեսան իրենց համար: Անոնք, նորահաստատ ու լուսամիտ կառավարութեան հովանիին տակ աճեցան, նիւթապէս ու բարոյապէս զարգացան ու ելան իրենց մէջէն տիեզերահռչակ քաղաքագէտներ, դիւանագէտներ, վերանորոգիչներ և կազմակերպիչներ, որոնք Մուհամմէտ Ալիի և անոր յաջորդներուն աջ բազուկը եղան:
Անոնցմէ նախարար և նախարարապետ եղողներուն գործերն յամառոտիւ կ’ամփոփենք այս անձուկ էջերուն մէջ»:

Եգիպտոսի պատմության նոր շրջանի հիմնադրման գործում մեծ ներդրում ունեն Հայերը, որոնք պետական բարձր պաշտոններում էին ու իրենց գործունեությամբ նպաստեցին այդ երկրի առաջընթացին:

Ժամանակակից Եգիպտոսի հիմնադիրը համարվող Մուհամեդ (Մեհմետ) Ալի Փաշայի կողմից 1826 թվականին Փարիզ ուսանելու ուղարկված երիտասարդների մի խմբում էր և ծնունդով Սեբաստացի՝ Արթին Բեյ Չրաքյանը (1800-1859), որը հետագայում՝ 1844-1850 թվականներին Եգիպտոսի Արտաքին Գործոց և Առևտրի նախարարն էր, աշխատել է նաև Պատերազմի նախարարությունում (նրա հայրը՝ Սուքիաս Չրաքյանը, լինելով Թուրքիայում Եգիպտոսի իշխան Թուսունի ունեցվածքի կառավարիչը, վերջինիս մահից հետո՝ 1812-ին Կահիրե էր տեղափոխվել, որի պատճառով 2 տարի անց՝ 1814 -ին իր ընտանիքն էր այնտեղ փոխադրվել):

Արթին Բեյ Չրաքյանը 1835-ից Պատերազմի նախարարն էր, բազմաթիվ աշխատություններ է թարգմանել ու ընթերցել Մեհմետ Փաշայի համար՝ վերջինիս ծանոթացնելով ադմինիստրատիվ կառավարման իրավունքի սկզբունքներին, քանզի Մեծ Փաշան (Մակեդոնիայի Կավալա քաղաքից) անգրագետ էր ու տառաճանաչ է դարձել իր կյանքի ուշ շրջանում («Իմ կարդացած միակ գրքերը մարդկանց դեմքերն են, և ես հազվադեպ եմ սխալվել նրանց ընթերցման մեջ»,- ասել է Մեհմետ Փաշան):

Պատմության նոր շրջանում՝ 19-րդ դարում, Եգիպտոսում հայտնի երկու Հայ ընտանիքների՝ Նուբարյանների ու Չրաքյանների մի քանի սերունդներ իրենց քաղաքական, դիվանագիտական գործունեությամբ նպաստեցին եգիպական պետականության կայացմանը:

Կապանի Շիկահող գյուղից ծնունդ առնող մի գերդաստանի շառավիղներից են Եգիպտոսում քաջ հայտնի Նուբարյանները, որոնցից է Նուբար Փաշան՝ Եգիպտոսի առաջին վարչապետը (նախագահել է երեք անգամ ու մեծ ավանդ ունի Կարմիր Ծովը Միջերկրականի հետ կապող՝ 164 կիլոմետր երկարությամբ Սուեզի ջրանցքի կառուցման գործում) և իր որդին՝ նույն անվամբ հայտնի, որը դիվանագիտական գործունեություն ծավալեց Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում՝ Փարիզի Խաղաղության Վեհաժողովում ներկայացնելով Հայ Ազգային Պատվիրակությունը:

Նուբար Փաշայի արձանը՝ Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում՝

18-րդ դարում՝ Դավիթ Բեկի ապստամբությանը մասնակից Հայ զորավարներից մեկը՝ Նուբար Մելիքյանը տեղափոխվել է Զմյուռնիա (Իզմիր), ուր 1825 թվականին ծնվել է որդին՝ Մկրտիչը: Վերջինս հաստատվում է Կոստանդնուպոլսում, ամուսնանում Եգիպտոսի արտաքին գործերի և առևտրի նախարար Պողոս Յուսուֆյանի քրոջ հետ: Նրանց զավակներն՝ իրենց պապի անվամբ՝ Նուբարյան ազգանունով, կարևոր դեր ունեցան հետագայում:
Նուբար Փաշա Նուբարյանը 1857 թ. նշանակվել է Երկաթուղու և տրանսպորտի վարչության պետ, հետո չորս անգամ եղել է Արտաքին գործոց նախարար (1866-1874, 1875-1876, 1878-1879, 1884-1888 թթ.), ապա երեք անգամ՝ վարչապետ (Եգիպտոսի առաջին վարչապետն է՝ 1878-1879, 1884-1889, 1894-1895 թթ.)։ Հետագայում դարձել էր նաև Մուհամեդ Ալիի որդու՝ Իբրահիմի թարգմանիչն ու խորհրդատուն:

Չրաքյանների նախնիք Սեբաստիայից տեղափոխվել էին Կոստանդնուպոլիս և մինչ Եգիպտոս գնալն արդեն օսմանյան կայսրության բարձրաստիճան ֆինանսական գործիչներից էին (նրանց ընտանիքից՝ Յաքուբ Արթին Փաշա Չրաքյանը կրթության նախարար էր Եգիպտոսում. 1835-ին Արթին Բեյ Չրաքյանը վերակազմավորվել է «Ինժեներական դպրոցը»՝ «Պոլիտեխնիկ դպրոցը», որի տնօրինությունը հանձնվել է Յուսուֆ Բեյ Հեքեքյանին):

Եգիպտոսի տնտեսական կյանքում մեծ դեր ունեցան եգիպտական դիվանի Հայազգի վեզիրները՝ Պողոս Յուսուֆյանը (1808-1844 թթ.), Յակուբ Արթին բեյ Չրաքյանը (1844-1850 թթ.) և Առաքել բեյ Նուբարյանը (1850-1853 թթ.), Ստեփան բեյ Դեմիրճյանը (1855-1857 թթ. ղեկավարել է երկրի Արտաքին նախարարությունը): Պետական ղեկավար պաշտոններում գործել են նաև Խոսրով Չրաքյանը (1800-1873 թթ.), Արիստակես Ալթուն Տյուրին (1804-1858 թթ.) և այլք:

Բարձր գնահատելով նրանց դերն ու համբավը՝ Եգիպտոսի Արտաքին Գործոց և Առևտրի նախարարությունը հաճախ օտարազգիների կողմից անվանվել է «Հայկական Պալատ»՝ «Պալե Արմենիեն» («Palais Arménien»):
«Հայերը մուտք են գործել ամեն տեղ: …Հայկական համայնքն ամենազորն է փոխարքայի արքունիքում» (Ք. Ավագյան, Եգիպտոս, «Հայոց պատմություն», հ. 3, Գիրք երկրորդ, Երևան, 2015, էջ 334):

Հայերի համար դժվարին ժամանակաշրջանում, երբ օսմանյան կայսրության ղեկավարության կողմից հալածանքներ ու ջարդեր էին իրականացվում, Եգիպտոսում բնակվող Հայերը բուռն գործունեությամբ նպաստեցին իրենց ազգակիցների կյանքի բարելավմանը՝ 1906 թվականին Կահիրեում ստեղծելով «Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը» (հիմնադիր անդամներից էին Պողոս Նուբարն ու Յակուբ Արթինը. առաջինը՝ նախագահ, երկրորդը՝ փոխնախագահ):

1894-1896 թվականների ջարդերից տուժած Հայերին օգնություն ցուցաբերող այս գրասենյակը Կահիրեում մնաց մինչև 1921 թվականը, այնուհետև տեղափոխվեց Փարիզ, ուր 1913-1914 թվականներին վերջնականապես հաստատվել էր Պողոս Նուբարը:

Մինչև Առաջին Համաշխարհային պատերազմի սկիզբը, 1909-1910 թվականներից Բարեգործական գրասենյակի՝ մոտ 60 մասնաճյուղեր էին բացվել Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում և այլուր՝ օգնություն ցուցաբերելով և Խարբերդի, Տիգրանակերտի, Վանի, Մուշի Հայերին:
Հետագայում նաև աշխարհի տարբեր երկրներում հիմնված Հայ Բարեգործական միությունները գործում են մինչ օրս:
Հայրենիքի ուրախությամբ ու տխրությամբ համակված Հայորդին՝ Պողոս Նուբարը, իր ազգի համար բախտորոշ ժամանակներում նաև դիվանագիտական կարևոր գործունեություն ծավալեց՝ ղեկավարելով Հայ Ազգային Պատվիրակությունը՝ Փարիզի Խաղաղության Վեհաժողովին՝ 1919-1920 թվականներին:

Հարկ է նշել, որ Ֆրանսիայում ու Շվեյցարիայում երկրագործական կրթություն ստացած Պողոս Նուբար Փաշան կարծր հողերի մշակման համար առաջին ինքնաշարժ արորի (տրակտորի) գյուտարարն է, որի համար 1900 թվականի Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է Ոսկե մեդալի, ինչպես նաև՝ Ֆրանսիական Պատվո Լեգեոնի ասպետական խաչի և Ֆրանսիայի Երկրագործության ընկերակցության ոսկե շքանշանի: Փարիզից ոչ հեռու՝ Բանյո քաղաքի դաշտում Ցուցահանդեսի ժյուրիի առջև ցուցադրած իր արորով նախկինում 16-17 օրվա աշխատանքն արվում էր ընդամենը 3-4 ժամում:

Պողոս Նուբար Փաշայի գյուտը


Ի վերջո, հավելենք, որ Եգիպտոսի Հայերի առանձնահատուկ մենաշնորհն էր փորագրությունը՝ ցինկոգրաֆիան, նաև՝ ոսկերչությունը: Նշենք նաև, որ մանդարինն առաջին անգամ Ֆրանսիայից Եգիպտոս է ներմուծել ու մշակել Հայազգի Յուսուֆ (Հովսեփ) էֆենդին, այդ իսկ պատճառով արաբերեն այդ միրգը կոչվել է «Յուսուֆէֆենդի» («ՊարոնՀովսեփ»)…

Հիշելով, որ 1915-ի այս օրերին՝ սեպտեմբերի 15 -17-ին, Ֆրանսիացիների օգնությամբ Եգիպտոսում՝ Պորտ Սաիդում հանգրվանեցին Մուսա Լեռան հերոսամարտի մասնակիցները, փառաբանե՛նք մեր աննկուն ազգակիցներին ու, ոգեշնչված, ներկայիս դժվար իրավիճակը հաղթահարե՛նք Հայկազուններին վայել Իմաստնությամբ…

Նուբար Փաշայի արձանը՝ Եգիպտոսում