«ԲԱԽՏԴ ԿՌՎՈ՛Վ ԿՌԻՐ ԻՆՔԴ»…

Ազգի պատմության որոշ շրջաններում քաղաքական իրավիճակի թելադրանքով պատմական հիշողությու՛նն է խթանում Ազգային Վերածնունդը:

Հայ գրողներն ազգային ինքնագիտակցության ու ինքնադրսևորման «դարբինների» դերն էին ստանձնում՝ իրենց երկերով, նրանց հերոսներով հայրենասիրության պոռթկում առաջացնելով՝ մղում ազատագրական պայքարի՝ դարեդար կորստյան ճամփեքին հայտնված Հայորդիներին նաև օտարացումից փրկելու հույսով (ինչպես Ծերենցն ու Րաֆֆին՝ իրենց պատմավիպասանությամբ)…

1862 թվականին Զեյթունի ապստամբությունն Ազգային ինքնագիտակցության հզոր վերելքին նպաստեց՝ ոգեշնչելով նաև գրչի մարտիկներին (հիշենք Մկրտիչ Պեշիկթաշլյանի Զեյթունյան երգաշարը):
«Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու» պատմավեպերում՝ անցյալի վճռորոշ իրադարձություններին անդրադառնալով, Հայ գրող, հրապարակախոս, բժիշկ ու պատմավիպագիր Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյանը (1822-1888), ներկան իմաստավորելու և ճիշտ մարտավարություն ընտրելու կոչ էր անում:
«Երկունք Թ դարու» վեպում շեշտելով, որ հայրենիքի անկախության գլխավոր հենարանը «ժողովրդո՛ց բանակն» է՝ Հովնանի կերպարում ընդգծում էր հայրենավեր վեհանձնությունը՝ վեպն ավարտելով լավատեսությամբ՝ ժողովրդի միջոցով երկրի անկախության վերականգնման հաղթանակով…

«Հայոց նորագույն գրականության պատմությունն ասում է՝ Ծերենցը եղավ մեր նոր պատմական վիպագրության հիմնադիրը։
Եվ, երբ ետ եք դառնում դեպի 60-ական թվականները՝ ճանաչելու՝ թե ո՞վ էր էդ հիմնադիր վարպետը — ձեր սիրտը լցվում է անկեղծ հրճվանքով։
Չգիտեք՝ նրա ազատասեր ոգու՛ վրա հիանաք, նրա վառ հայրենասիրությա՛ն ու ժողովրդասիրությա՛ն վրա զարմանաք, նրա հոգու ազնվության մաքրությա՛ն վրա ուրախանաք, թե՞ նրա սրտի քնքշությա՛ն ու ճաշակի նրբությա՛ն վրա։
Եվ ի՜նչ իմաստուն ու գեղեցիկ է դնում նա իր գործի հիմքը՝ իրեն հերոս առնելով Թորոս Լևոնին, բյուզանդական բանտում փակված Հայ իշխանազնը, որ, բանտից դուրս փախչելով, հասնում է իր հայրենիքը, ազատասիրության շու՛նչ է փչում, սի՛րտ տալիս, ոտքի՛ է հանում իր ժողովրդին ու կանգնեցնում է ամուր՝ իր ազատ կյանքով ապրելու։
Էսպեսով նա հանդիսանում է մի խորհրդանշան՝ Հայ ժողովրդի Ազատասիրությա՛ն Ոգին, մի Ոգի, որ թագավորում է Հայոց թե՛ պատմական, թե՛ ժամանակակից կյանքի վրա հիմնած գրականության մեջ և զորանում ու ամրանում է ժողովրդակա՛ն ուժով՝ հերոսական խորհուրդներից հերոսներ ծնելով»,- գրել է Հ. Թումանյանը:

Անդրադառնալով դարերի ընթացքում, նաև իր ապրած ժամանակաշրջանում Հայերի հանդեպ կատարված ոճրագործությանը, Թումանյանը ցավով նշում է, որ «կործանել են մեր ցեղը ո՛չ միայն ֆիզիկապես, այլև՝ բարոյապես»։

Հ. Թումանյանի դիմանկարը (1931թ.) Նկարիչ՝ Եղիշե Թադևոսյան

«Անտեսաբար հովանավորող Աստծու» վրա հույս դրած իր ազգակիցներին սթափության կոչելով, «Բորչալվում» հոդվածում նա գրում է.

«Կալվածատերերի ընդարձակ հողերին հարևան արքունի գյուղեր կան, որոնց, վարելահողերն այնքան սակավ են, որ երկրագործը չի կարողանում տարեմեջ հանգստություն տալ իրան հոգնած հողերին, և ամեն տարի միևնույն հողը ցանելով, ուժասպառ է անում։
Այսպիսի ուժասպառ հողերն արհեստական կերպով ուժեղացնելու (փեյնելու՝ անասունի աղբ ածելու) սովորությունն էլ նոր է մտել այստեղ։ Բայց դուք տեսեք, թե որքա՛ն է հաստ այդ գյուղացու գլուխը։ Յուր աչքով տեսնում է, որ փեյնած հողը առատ բերք է տալիս, յուր դռանն էլ դիզած է այդ փեյնից, ասում ես. «Ախպե՛ր, խո քու աչքով տեսնում ես ինչ լավ բան է փեյնելը, իսկ դռանդ կիտած թողնելով այդ միևնույն փեյինը քեզ կհիվանդացնի, տա՛ր, ածա՛ արտդ»։

Տե՛ս, ինչ պատասխան ես ստանում. «Որ աստոծ տալու ըլի, փեյինի՞ն մտիկ կտա»…
Ահա՛ թե որքան ծանր է ընդունում Հայ գյուղացին նույնիսկ տնտեսական որևէ բարեփոխություն»։

«Չարի, բարու պատգամները» մարդկանց նետող Իսահակյանն իր փոթորկահույզ տարիներին գրում էր. «Կյա՛նքն է պայքա՛ր, գոռ ու դաժա՛ն» ու հորդորում՝ «Բախտդ կռվո՛վ կռիր ինքդ» ճշմարտությունը:
Այլապես՝ «Քուրդն ու ճնճղուկը» պատմությունը վերհիշելու առիթ կլինի…

     Քուրդն ու ճնճղուկը (Ավետիք Իսահակյան)

«Քուրդ գյուղացու մեկը վաղ առավոտից աշխատանքի մեջ էր. մաքրում էր ցորենի արտը, հավաքում էր խիճերը, քարի կտորները, լցնում էր քթոցի մեջ և տանում թափում արտի եզերքը: Հոգնեցող աշխատանք էր: Գրեթե ամեն մի քարի կտորի համար պիտի կռանար: Եվ ե՞րբ պիտի վերջանար այս տանջանքը:
Այսպես սրտնեղած տրտնջում էր ինքն իրեն, երբ ականջին դիպավ ճնճղուկի ծլվլոցը՝ անհոգ, զվարթ «ճի՜վի-ճի՜վին»:
Ծլվլոցը գյուղացու սրտի մեջ հնչեց ու սիրտը լցրեց հուզմունքով:
Ինչքա՜ն անուշ էր այդ ձայնը՝ երջանկությամբ, ուրախությամբ թաթախուն: Գյուղացին գլուխը բարձրացրեց, տեսավ՝ դալար թփի վրա նստել է մի գորշ ճնճղուկ, նայում է կանաչ արտերին՝ ցողունների երգով ծփում, նայում է կապույտ երկնքին՝ կարմիր արևով ժպտուն, և ծլվլում է, երգում է գեղեցիկ և բարի գարունը:
– Դու մի բա՛ն գիտես,- ասում է գյուղացին,- դու մի բա՛ն գիտես, ա՛յ իմաստուն ճնճղուկ, որ հարուստ տղայի պես՝ առանց աշխատելու ապրում ես ու հանգիստ սրտով ճի՜վի-ճի՜վի ես անում: Ես քեզանից օրինակ պիտի առնեմ: Էլ ո՛չ պիտի վարեմ, ո՛չ ցանեմ, ո՛չ հնձեմ: Տաղո՛վ, խաղո՛վ պիտի ապրեմ:
Եվ քթոցը մի կողմ նետեց, թողեց արտը, դարձավ տուն և սկսեց երգել իր իմացած տաղերը:
Եկավ ամառը: Հարևանները հնձեցին արտերը, կալսեցին, երնեցին, ցորենը տարան ամբարը, հարդը՝ մարագը:
Եկավ աշունը: Հարևանները ջաղացը աղուն տարան, ալյուր շինեցին, ալյուրով դարձան տուն:
Մեր քուրդը ո՛չ աղուն ուներ, ո՛չ ալյուր:
Թաց ու թխպոտ աշնան ցուրտ քամիները եկան, որ փչում էին ձմռան դռներից:
Մեր գյուղացին հաց չուներ դաշտում, կրակ չուներ օջախում: Անոթի էր և մրսում էր:
– Գնամ տեսնեմ՝ ինչպե՞ս է իմ ճնճղուկը գլուխ հանում այս ցրտից ու քաղցից: Անպատճառ մի բան գիտեր, որ հանգիստ սրտով ճիվի-ճիվի էր անում: Գնամ՝ օրինակ առնեմ նրանից:
Դուրս եկավ, տեսավ, ի՜նչ տեսնի – ճնճղուկը մի պատի տակ ընկած է՝ սառած, մեռած…
– Վա՜յ քո գլխին, տո՛ տնավեր,- ասաց քուրդը,- թե որ չգիտեիր բռնածդ գործի վերջը, էլ ինչո՞ւ էիր հանգիստ սրտով «ճի՜վի-ճի՜վի» անում, որ թե՛ քո տունը քանդեցիր, թե՛ իմ տունը»…

«Եղի՛ր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետև, թեկուզ ամբողջ աշխարհքը վեր կենա քո դեմ… վերջը դու՛ ես հաղթելու» (Հ. Թումանյան):