«…ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ԲԱՆ ԿԸՆԹԱՆԱ՝ ԻՆՉՊԵՍ ՅՈՒՂԱԾ ՃԱԽԱՐԱԿ»…
«Երևեցավ նա որպես զինված մարգարե՝ մի ձեռքում ջահ, մյուսում՝ սուր»:
Ավետիք Իսահակյանն այսպես՝ Լույսի ու Արդարության Բարեփառ Միհր դիցի պատկերին նմանեցնելով է բնութագրում Միքայել Նալբանդյանին՝ գիտելիքն ու լուսավորությունը, և, հատկապես, ուժն ու նրա ծնած Ազատությունը կարևորող նրա հայացքների ու գործունեության համար:
Ազգի, ժողովրդի բարեկեցության գրավականը համարելով երկրագործությունը, ազատությունն ու կրթությունը (լուսավորությունը), 1861 թվականին Մ. Նալբանդյանը շարադրում է իր մտքերը՝ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ, որը հրատարակվում է Փարիզում՝ 1862-ին:
Որոշ հատվածներ՝ ստորև (մեր օրերում մտորելու, գործելու համար)…
«Այն ազգը, որ չունի հող և երկիր, երբեք չհուսա, որ պիտի հարստանա. այդ անբնական մի բան է և դորան հուսալը՝ խելագարություն»։
«Բռնակալությունը, եթե նորա երևեցուցիչը մի անհատ է, թո՜ղ լինի այն անհատը Ներոն, Կալիգուլա կամ նոցա աշակերտ մի պոլիտիկական ավազակ, բնավ սարսափելի չէ. քանզի այն անհատի հետ գերեզման կիջնե։
Բռնությունը, եթե նորա երևեցուցիչը մի ժողով է, մի ծերակույտ, մի հրեական սինետրիոն, նույնպես, զարհուրելի չէ, ցրվեցիր ժողովը, կործանեցիր նորա տաճարը, և ահա ամենայն բան կընթանա, ինչպես յուղած ճախարակ:
Բռնությունը աննկարագրելի և անթարգմանելի կերպով կատաղի է, կամակոր և երկարատև, եթե աղբերանում է հասարակ ժողովրդի ընդունած սկզբունքից։
Մի հարատև բռնակալ կառավարություն, մի ազգի մեջ, ուրիշ բան չէ, եթե ոչ այդ ազգի հոգու երևեցուցիչը։
Շատ անգամ ինքը՝ ազգը զգում է բռնության ծանրությունը և առանց արմատը քննելու, այսինքն, առանց յուր անձը քննելու, ասպարեզ է դուրս գալիս այն չարչարող բռնության ընդդեմ, գլխատում է, աքսորում է, ի վերջո, չքացնում է բռնության երևեցուցիչը։
Ուրախացավ, կարծեց, թե ազատվեցավ բռնութենից, չգիտե, թե ինքն է, յուր մեջ է այն բռնության և անօրենության տարրը։ Կարծեց, որ եթե մի մարդու տեղ քսան հոգի նստի, բոլոր բանը կփոխվի, մոռացավ, որ քանի յուր հասկացողությունը նույնն է, ինչպես էր հառաջ այն մինի ժամանակ, այն քսանը պիտի գնա նույն ճանապարհը, որով գնում էր պատժված մինը»:
«Վա՛յ այն ծառին, վա՛յ այն բուսականին, որի արմատը անընդունակ է յուր հատակից ընդունելու և պատրաստելու յուր հյութը, յուրյան թարմությունը պահող կենսական ուժը և զորությունը։
Վա՛յ այն ծառին և բուսականին, որի հույսը դրված է միմիայն, գիշերային և առավոտյան, բարձրից գալու ցողի վերա։
Ցողը դեռ հազիվ հազ նստում է նորա տերևների վերա, հազիվ հազ սկսանում է զովացնել նորա ծարավը, դալարացնել նորա խորշակահար տեսիլը և ահա… արևը ծագեցավ։
Ցողի կաթիլները, հետզհետե գոլորշանալով ցնդեցան, գնացին, իսկ տերևքը մնացին այրող ճառագայթների ազդեցության ենթակա։
Մարդուն համար վերևից եկած ազատությունը այն ցողից ավելի չէ, եթե մարդը նախ ի՛նքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ, եթե ինքը այնուհետև պիտի բռնանա յուր ընկերի վերա»։
Շարունակությունը՝ հաջորդիվ…