«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵԶ ՀԻՇԵՑՆԵԼ ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐԸ»…
Հայ ազգի, Հայ երիտասարդության կրթության, լուսավորության ու դաստիարակության գործը կարևորելով՝ զարգացման, առաջընթացի ուղիներն են նշել Հայոց մեծերը՝ ապագա սերունդներին ազգասիրության ոգով համակելով…
«Ազգությունը է մի կենդանի և ամբողջ զորություն, որ ունի յուր մեջ մի կյանքի պես անըմբռնելի բան՝ և՛ հոգին, և՛ ճարտարապետական արարչությունը, և՛ մարդկային բնությունը, և՛ մինչև անգամ տեղի բնությունը մասնակից են այս զորությանը»,- գրել է Հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանը (1829-1866): (Միքայել Նալբանդյան, Ընտիր երկեր, 1953թ., էջ 349):
Անդրադառնալով Հայոց ազգային գրականության դերին և համոզված, որ «Լուսավորության ծիլն» Ազատության մեջ է կանաչում, իր ազգի ազատության ու լուսավորության գործին նվիրված գրողն անցյալի իր գնահատականն է տալիս իր գրվածքներում:
Ահավասիկ մի հատված՝ «Կրիտիկա. Սոս և Վարդիթեր» քննադատական հոդվածից:
«Այսօր, եթե տակավին գիտությունը ոտք չէ կոխել ազգի մեջ, գոնե լսվում է մի խուլ աղաղակ այսքան դարերով անգործ և կաթվածահար թոքերի կիսակենդան ներգործությունից, որոնք զգում են առողջ օդի կարոտություն, որքան կարող էին զգալ։
Խորհրդավոր ժամանակում ենք ապրում մենք․ և մեծ պարտականություն կա մեր վրա՝ գրգոել այդ թոքերի գործունեությունը առողջ օդ ներս շնչելով: Հերի՛ք է, որքան թմրեցուցիչ թույն մտել է նորա մեջ, մեզ մնում է այժմ դեղթափներ գործ դնել։
Մենք միջնադարյա՛ն ազգ չենք․ միջին դարերում մենք ընկանք, միջին դարերում մեր հարստությունը կորուցինք։
Չէ կարող լինել մի այնպիսի բան՝ միջին դարերի պատկանավոր, որ օգտակար և փրկարար խորհուրդ ունենա մեր համար։
Միջին դարերի ժանգը, որ նստել է մեր վրա, մենք պարտական չե՛նք պահել։
Կան ազգեր, որ միջին դարերում ծնեցան, նոքա ամուր կապված են այդ դարերի հետ և սոցա ժանգը, եթե երևում է նոցա վրա, նոքա դեռ կարող են պատմական իրավունքով արդարացնել. ժանգոտ օրորոցի մեջ բացին նոքա իրենց աչքերը։
Մեր հարաբերությունը միջին դարերի հետ այնպես չէ։ Իբրև ազգ՝ անտիկյան ենք. իբրև քրիստոնյա, եթե ոչ նույնպես անտիկյան, ըստ որում՝ առաջին երեք դարերում քրիստոնեությունը քաղաքացու իրավունք չուներ Հայաստանում, գեթ անտիկյան դարերի վերջի և միջին դարերի սկզբին պատկանավոր։
Ի՞նչ կարող են մեզ հիշեցնել միջին դարերը…
Կործանում, գերություն, կոտորած, արյուն, կրակ, սով, խավար և մահ։
Սոքա են մեզ համար միջին դարերի բերածը և նոցա բեռի տակ ճնշված է այսօր Հայ մարդը։
Թափե՛լ այդ կրոնը մեր վրայից,- ահա՛ մեր գործը։
Մեր ազգությունը, մեր կրոնը, ոչ թե վնաս կրելու չէ միջնադարյան ուղղությունքը մերժելուց, այլ՝ դորա հակառակ, այդ մերժողությունը միակ պայման է նոցա առաջադիմության»…
«…Թողունք արևմտյան նոր ազգերին՝ տեսնելով իրենց հին ասպետական ամրոցների մնացորդքը, ատամնավոր պարիսպները և գոթական տաճարները, քաղցրությամբ հիշել միջին դարերը, եթե միայն կարող էին, որովհետև նոքա էլ, թեև Հռովմից ազատված, այնուամենայնիվ, ոչ միշտ վարդեր են քաղել իրենց այգիներից:
Իսկ մենք, որ զոհ գնացինք միջին դարերի խավարին, չենք կարող քաղցր հիշատակ ունենալ նոցա մասին նայելով մեր ամրոցների, քաղաքների և տաճարների ավերակներին։
Գիտենք, զուր չեն անցնում դարերը, այսինքն՝ նոքա իրենց ազդեցությունը անում են ազգերի վրա. ընդունում ենք, բայց ինչ է մեր պաշտոնը։ Ի՞նչ է քաղաքակրթությունը, status quo?:
Ամեն այդ ազդեցությունքը, որոնց հետևանքը և նշմարքը երևում է մինչև այսօր ազգի մեջ, այդ Դանիելի ասած «աւերածի պղծութիւնը» անխտիր սրբացնե՞լ, անխտիր նոցա առջև ծունկ չոքել ու խո՞ւնկ ծխել, որովհետև մինը հազարամյա է, իսկ մյուսը՝ հինգհարյուրամյա, թե՞ ջնջել այդ ազդեցությանը հետևանքն անգամ։
Եվ եթե պիտի կապենք մեզ այդ խավար անցածի հետ, եթե խոստովանելով մեր հիվանդությունը, այնուամենայնիվ պիտի ուզենք միջնադարյան թարախը պատվաստել մեր վրա որպես նախապահպանողական հնար (ինչի՞ց), եթե նույնիսկ մեր ցավի և հիվանդության պատճառը պիտի առնունք որպես ճար ու դեղ, է՛լ ո՞ւր ենք խոսում կրթության և լուսավորության վրա, ո՛ւր ենք «առաջադիմություն և քաղաքակրթություն» բառերը բերան առնում։
Գեղեցիկ է խոսում հոյակապ Լիբիղը իր նամակների մեջ.
«Երևակայությունը՝ հարյուր հազար դիպվածներում, ստեղծում է հարյուր հազար մոլորությունը․ և չկա ոչի՛նչ բան այնպես վնասակար գիտության առաջադիմությանը, ոչի՛նչ բան, այնպես հասկացողությունքը խավարեցնող, քան թե մի հին մոլորություն, որովհետև շատ դժվար է հերքել սուտ վարդապետությունը: Պատճառ՝ նա հիմնված է այն հասկացողության վրա, թե «սուտը ճշմարիտ է»։
Միջնադարյան բոլոր համակարգությունքը հիմնված են այդ նոտր գրերով տպած վարդապետության վրա։
Մենք փորձերով, և շատ տարբեր տեղերում, ստուգած ենք, որ մեր հասարակ ժողովուրդը շատ անգամ ավելի ազատ է միջնադարյան լուծից, քան թե մեր պատվելի գրագետքը»…