«…ԽԱՎԱՐ ՇՐՋԱՊԱՏԻ ՄԵՋ ԲԱՆՏԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՑԱՎԵՑՈՒՑԻՉ Է ԼՈՒՅՍԸ»…

19-րդ դարի կեսերից Հայոց ազգային զարթոնքի սերմերն էին ծլարձակվում՝ ազատագրական պայքարի կոչելով ու մերժելով դարավոր բռնությունների հանդուրժումը:

«Արյուն է կաթում մեր սրտից, երբ նայում ենք ազգի ամայի և ամուլ կյանքի վերա»,- գրում էր Միքայել Նալբանդյանը:

Ազգային մշակույթի ու գիտության զարգացման կարևորության պահանջի թելադրանքով՝ «Գիտնական որդիք ծնելու ծննդատան» անհրաժեշտությունն էր նա մատնանշում.
«Հայաստանը չունի գիտնական որդիք, որ յուր կաթով լիներ մեծացած, թող այդ գաղափարական Հայաստանը հառաջուց մի ծննդատու՛ն պատրաստե գիտնական որդիք ծնուցանելու համար, թող կա՛թ պատրաստե նորանց սնուցանելու համար, թող հա՛ց պատրաստե նոցա ապրուստը ապահովելու համար, ապա թե իրավունք կունենա ասել թե՝ «Գիտնական որդիք ունիմ» (Միքայել Նալբանդյան, Ընտիր երկեր, 1953, էջ 149):

Նույն մտահոգությամբ ու Հայ ազգի կրթության գործին նվիրված՝ հետագայում Հովհաննես Թումանյանն էր գրում…
«Հինը ենթարկվում է վերագնահատության, առաջադրվում են նոր, ավելի լուրջ պահանջներ, և ամենամեծ պահանջը — պարզ հասկանալ…

Պարզ հասկանալ մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր գրականությունը, մեր պատմությունը ու մեր պատմական հիշատակարանները:
Մինչև այժմ նրանք խոսել են մեր սրտի հետ, և մենք սիրել ենք զգացմունքով, անխտիր, հախուռն, առանց հասկանալու, թե ի՛նչ ենք սիրում և ինչու՛. այժմ գալիս է ժամանակը՝ նրանց էությանը ներհմուտ լինելու, նրանց լեզուն ու միտքը հասկանալու, և էդ նպատակի համար են և՛ «Գրական Ընկերություն», և՛ «Ազգագրական Ընկերություն», և՛ «Պատմական Ընկերություն», և՛ «Երաժշտական Ընկերություն», և՛ ուրիշ նման ընկերություններն ու մասնավոր ձեռնհաս անհատների ջանքերը:

Էս ճանապարհին ինչպես կլինեն շատ հայտնություններ ու հիացումներ, էնպես էլ անխուսափելի են շատ հիասթափություններ, բայց է՛ս է հաստատ ու ճշմարիտ ճանապարհը:

Պետք է լռե՛ն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության — միմիա՛յն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրա՛նք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ՝ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ» (Հ. Թումանյանի՝ 1914 թվականի «Հոդվածներ»-ից. «Լսենք ու պաշտպանենք», ԵԼԺ, հ. 7, էջ 138, Երևան, 1995):

Ազատագրված ու Լուսավոր Ոգով համակված ազգի կերտման ճանապարհը, սակայն «փշոտ» էր ու դժվար հաղթահարելի…

«Մեք, վաղ ուրեմն, գուցե շատ հառաջ, քան թե գրիչ առինք ու հրապարակ իջանք, գիտեինք, որ խավար շրջապատի մեջ բանտարկվածների համար շատ ցավեցուցիչ է ազատ լույսը՝ թերևս աչքերի նկատմամբ, գիտեինք, որ հին խելքերը երբեք համաձայնելու չէին խաղաղությամբ տեղի տալ նոր գաղափարներին, գիտեինք, որ նորը պատերազմով պիտի կանգնեցներ իր դրոշակը հնության ավերակների վերա։
Այս գիտությունից հետևեցավ այն, որ այդ հարձակմունքը, թերևս շատ անգամ մեր անձին վերա, փոխանակ մեր գաղափարների, ո՛չ երբեք կարողացան, և ո՛չ նաև մի մազի չափ, խոտորեցնել մեզ մեր ուխտյալ ճանապարհից։
Այսօր, վերստին հանդեպ է ելանում մեզ խավար տգիտությունը, յուր սոփեստական մեծ վայելչությամբ։ Նա զարդարված է այսօր փիլիսոփայի և աստվածաբանի անուններով. այս անգամ երևում է նա պարոն Չամուռճյանի կերպարանքով»,- գրել է Միքայել Նալբանդյանը:

Ընդամենը 37 տարի նա ապրեց, սակայն զարմանալիորեն բեղուն ու արգասավոր իր կյանքի ընթացքում առաջադիմական հայացքներով ու քննադատական խոսքով լի բազում էջեր թողեց՝ որպես տաղանդավոր հրապարակախոս, բանաստեղծ ու արձակագիր, լեզվաբան ու քննադատ, տնտեսագետ ու փիլիսոփա…

«Վանքը ունի շատ պատվական աղբյուր և մի քանի ծառատունկ, որոնց ստվերների տակ օդ վայելելու համար նստում են Նախիջևանից եկավորքը։

Վանքի ամենաբազմամարդ օրն է Վարդավառի կյուրակեն և երկուշաբթին: Հարյուրավոր գերդաստան գնում են քաղաքից և գեղերից, ոմանք վանքի պարսպի մեջ, ոմանք պարտեզումը նստում են յուրյանց շինած կտավեղեն տաղավարների տակ։

Վանքը, ինչպես ասացինք, գտանվում է սարի վերա, իսկ պարտեզը այդ սարի ոտքում մի տափարակ տեղի վերա, որ բաժանվում է սարից վանքի աղբյուրի առատ վտակով։
Վանքից մինչև ջրի ափը շինած է մի քարյա սանդուղք, որի վերա Վարդավառի տոնին երևում են այր և կին մարդերի, զանազան հասակի բազմություն՝ յուրյանց խայտաբղետ զգեստներով, ասիական գնացքով և օտարախոս ձայներով:
Բացի Վարդավառից, ամառները, ամենայն կյուրակե, պատահում են այդտեղ տասն, քսան գերդաստան, որ գնում են, ծառերի տակին կանաչ արոտի վերա թեյ խմելու կամ խորոված ուտելու համար։
Վանքի սարից որ ցած ես գնում դեպի աջ, վանքից կես վերստ հեռավորությամբ, կամ ավելի ևս պակաս հանդիպում ես մի փոքրիկ աղբյուրի, որ ժողովրդից անվանվում է Սաղլըգ սու (Առողջարար ջուր): Այդ ջրով լվացվում են ամենայն ջերմախտ ունեցող մարդ և յուրյանց հանդերձների կոտորից մի բան կապելով մոտակա ծառերի ճյուղերին հավատում են, թե բժշկվում էին։
Աղբյուրը ստացել է «Առողջարար» անունը այն պատճառով, որ տեսած էին նորա վերա լույս իջանելը, շատ կարելի բան։
Աղբյուրը գտանվում է վտակի մոտ, ամենևին ճախինի մեջ, ուր բուսանում է եղեգն և ապրում են զանազան զեռունք և սողունք: Այս շնչավորների մեռած մարմինների քիմիական վերլուծությունը, այլև ճախինը ինքն ըստ ինքյան կարող է պատճառել այն լույսը, որ հայտնի է անունովս «ճախնային գազ», կամ «գերեզմանական մոլահուր», որ շատ անգամ երևում է և նոր թաղած մեռելների գերեզմանների վերա, եթե խաղաղ էր եղանակը, եթե քամին չէր ցրվում այն գազը, որ բաժանվելով մեռած մարմնից նստում էր գերեզմանի հողաբլուրի վերա:

Այն մարդուն կամ այն ժողովրդին, որին անհասկանալի են բնության օրենքները, սոցա բնական և աստվածագիր պաշտոնակատարությունքը անտարակույս պիտո է հրաշք թվին»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Ճահիճներում՝ «Ճախնային (ճահճային) գազից» առաջացած լույսեր…
Facebook Comments