ԱՆԻՆ՝ ԻՐ «ՀՈՒԺԿՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՃԱՐՈՎ»…
«Անի կոչվող վիթխարի կախարդանքին» ու նրա «Ստորերկրյա առեղծվածին» է անդրադարձել պատմագիտական, գրական ու հրապարակախոսական մեծ ժառանգություն թողած Հայ պատմաբան, գրող, գրականագետ ու հրապարակախոս Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932):
Շարունակելով նախորդ հրապարակումը՝ 1903 թվականի ամռանը մի խումբ Հայ մտավորականների հետ Անիում կատարած մի քանի օրվա շրջագայությունից հետո գրված նրա տպավորություններից ևս մի հատված ստորև՝ «Անի… Տպավորություններ, հիշատակներ, Անցածն ու մնացածը», (Երևան, 1963 թ.) գրքից:
…«Միմյանց ետևից շարան ընկած բարձրանում ենք Ծաղկոցաձորից դեպի վեր, դարձյալ դեպի մեռած քաղաքը, դեպի այն վիթխարի կախարդանքը, որ կոչվում է՝ Անի։
Բայց նախքան արեգակի տակ գտնվող Անին մտնելը, կանգ առնենք այս լանջի վրա, կանգ առնենք այն առեղծվածի առջև, որ կոչվում է՝ Ստորերկրյա Անի։
Ասում են, թե եղել է այդպիսի Անի՝ հողի տակ ծածկված, օրվա լույսից ու ջերմությունից զրկված մի Անի, որի մուտքերից մեկի մոտ այժմ մենք կանգնած ենք:
Ս. Լուսավորիչ եկեղեցու մոտ, Անիի հարավ արևելյան անկյունում, ես ձեզ ցույց տվի այն ստորերկրյա անցքը, որ կոչվում է «Գեդան գյալմազ»։ Նրա մասին, ինչպես գիտեք, ասում են, թե մի կողմից գնում է դեպի Ախուրյան գետը, իսկ մյուս կողմից անցնում է քաղաքի տակը։
Այստեղ էլ Ծաղկոցաձորի այս լանջի վրա ժայռերի մեջ ցույց են տալիս մի փոքրիկ ծակ և ասում են, որ դա էլ ստորերկրյա մի մուտք է, որ տանում է քաղաքի տակը։ Այնպես որ, դուրս է գալիս, թե Անիի տակը փորված է, և մի քաղաք էլ այնտեղ է եղել, իսկական քաղաք, մարդկանց բնակության հատկացրած։
Իբրև ենթադրություն՝ այսպիսի միտք Անին այցելողներից շատերն են հայտնել։ Բայց այդ այցելուներից մեկը՝ Գեղամյանց, հավատացնում է մեզ, թե դա ենթադրություն չէ, այլ հաստատ իրողություն։ Եվ հավատացնում է, իբրև իր աչքով տեսած մարդ: Նա Ծաղկոցաձորի այս ծակով մտել է Ստորերկրյա Անին և տալիս է նրա նկարագրությունը։ Ես չեմ ճանաչում մի այլ ճանապարհորդ, որ նույնպես մտած ու նկարագրած լինի։ Եվ որովհետև ինքս էլ չեմ տեսել, ուստի այդ շատ հետաքրքրական հանգամանքը կծանոթացնեմ ընթերցողիս՝ Գեղամյանցի պատմվածքով։
Նախ և առաջ՝ Ստորերկրյա Անին տանող մուտքը։
«Այդ մուտքը, — ասում է այցելուն, — գտնվում է Միջնաբերդի հյուսիս արևմտյան կողմը, դեպի Ծաղկոցաձոր տանող արտաքին պարսպի քայքայված դռան ձախ կողմը, ճիշտ վեց քայլ հեռու՝ դեպի հարավ։ Միմյանց վրա բնությունից շարված մեծամեծ ժայռերի մի երկայն կարգ պարսպաձև պատել է այդ տեղը։
Ժայռերի մեջ երևում է մի նեղ ծակ, ուր օձաձև սողալռվ ամենից առաջ մտավ իմ ուղեցույցս և սկսեց իմ գյխիցս քաշ տալ: Քյուրքչյանի վանեցի ծառաներն էլ ոտքերիցս ինձ ներս էին քաշում և իրանք էլ ետևիցս ներս մտնում։ Չորս սաժեն տեղ այդպես գետնաքարշ սողալով առաջ գնալով՝ վերջապես մեր առաջին բացվեցավ Ստորերկրյա Անին»:
Մի այսպիսի դաժան, օձային ճանապարհը չէր կարող մուտք լինել մի ստորերկրյա քաղաքի համար, եթե ենթադրենք այնտեղ մշտապես ապրող մի ժողովուրդ, որ պիտի հաղորդակցություն ունենար դրսի աշխարհի հետ։ Բայց ահա դեռ ուրիշ ի՛նչ սարսափելի պայմաններ ունի այդ ստորերկրյա քաղաքը։
«Ներսից փչող բարակ սառն քամին, անտանելի մթությունը, հեղձուցիչ օդը, իմ տագնապը և մրսելու երկյուղը (սերթուկս հանած էի) ավելի շատացրին, և ես ուրախությամբ ետ կդառնայի, եթե կարողանայի ընկերներիս ներս մտած օձային ճանապարհից դուրս գնալ մենակ՝ առանց օգնության ընկերներիս, որոնք այդ միջոցին ճրագներ վառած սկսել էին արդեն շրջել այս և այն կողմ: Ես ստիպվեցա հետևել նոցա:
Ստորերկրյա Անին այնքան խորը փորված է, որ նրա մեջ ազատ կերպով կարող են շրջել հարյուրավոր մարդիկ։ Մի քանի տեղ միայն մարդ հարկադրվում է գլուխը կռացնել: Պատերը և առաստաղը կազմում է պինդ, կարելի է ասել՝ քարացած կիր, տեղ — տեղ էլ պատերում հանդիպում էի մեծ և փոքր ժայռերի, երբեմն նաև՝ քարածուխի։ Իմ մտած ճանապարհը նախ գնում է դեպի հյուսիս, հետո դեպի արևմուտք, արևելք, հարավ՝ անդադար պտույտներ անելով յուրաքանչյուր 5-6 սաժենի վրա:
Մեջտեղում միշտ փողոցներ, որոնց մեջ երեք հոգի հազիվ կարող են մեկմեկու կողքին գնալ: Փողոցների երկու կողմը կես, մեկ և մինչև մեկուկես արշին բարձրությամբ փոքր քարերից շինված արհեստական պատեր, որոնց այն կողմը և տներ ու դուքաններ՝ քառակուսի և կլորակ ձևերով:
Տների և դուքանների մեջ փոքրիկ բաժանմունքներ, պահարաններ և դռների տեղեր… Լույս ոչ մի տեղից չէ թափանցում. որտեղից էր փչում ցուրտ քամին՝ չեմ կարող ասել: Տեղ տեղ վերևից մի թթվաշ ջուր էր կաթկթում: Կես ժամից ավելի ման գալով և ման գալով երկյուղ կրելով (ջերմաչափը իջավ մինչև 8°, երբ դուրսը 32° էր), ես դուրս ելա:
Ուղեցույցս ինձ պատմեց, որ 1876-ին նա մի քանի տաճիկ զորավարների հետ 4 ժամ ման էր եկել Ստորերկրյա Անիում և նրա ծայրն ու ճոթը չէ գտել: Նրա ասությամբ՝ մեր ման եկած փողոցներով կարելի է գնալ մինչև Միջնաբերդի տակը և հասնել մինչև պարիսպները, ուրեմն՝ ամբողջ քաղաքի տակը դատարկ է և ամեն մի քայլափոխում, ասում էր ուղեցույցս, կհանդիպեք մեծ և փոքր բնակարանների և դուքանների:
Բայց, ավելացնում էր նա, տեղ-տեղ էլ կհանդիպեք պատերի, որոնցից անցնելը անկարելի է, և որոնց մյուս կողմը եղած մասերում ման գալու համար կան դրսից մուտքեր, ուրիշ տեղերից արդեն խանգարված:
«-Պատահե՞լ եք խաչերի կամ մատուռների այդ տեղերում»,- հարցրի ես ուղեկցիս:
«-Ոչ»,- պատասխանեց նա, միանգամայն հավատացնելով, որ Ստորերկրյա Անին միայն կենդանի մարդկանց բնակարան և գլխավորապես վաճառատեղի է եղած:
Այս նկարագրությունից մենք իմանում ենք, որ Անիի տակ կան ստորերկրյա անցքեր:
Բայց դրանք ճի՞շտ որ այն դերն են կատարել, որ այնպիսի վստահությամբ վերագրում է նրանց Գեղամյանցր: Այս հարցը փոքր-ինչ պարզաբանելու համար ես կբերեմ մի ուրիշ նկարագրություն էլ:
Վերևում ես մի երկու անգամ հիշել եմ կազակների օֆիցեր Ռժևուսկուն, որ ռուս — թուրքական վերջին պատերազմի ժամանակ երկար մնացել է Անիի մոտ և նկարագրում է այն պատերազմական գործողությունները, որոնք տեղի ունեցան այդ կողմերում: Նույն այդ օֆիցերը խոսում է և Անիի ստորերկրյա անցքերի մասին:
Փորվածքները այնքան բազմաթիվ են ավերակ մայրաքաղաքի տակ ու շուրջը, որ հաստատապես չէ կարելի ասել, թե ո՛ր կողմի քարայրներն ու անցքերն է նկարագրում ռուս զինվորականը: Կարելի է միայն հաստատ ասել, որ Անիի արևմտյան կողմերի մասին է խոսքը, քանի որ այդ կողմերում կարող էր գտնվել ռուսաց զորաբաժինը, որ իր առջև ուներ Ալաջայի թիկունքների և ստորոտների թուրքաց բանակը:
«Հետևյալ օրերը,֊ ասում է Ռժեվուսկին, — մեզ համար հանգիստ անցան: Մեզ տանջում էին միայն սարսափելի շոգերը, ճանճերը և զանազան սողունները, ինչպես են՝ կարիճներ, ֆալանգաներ և թունավոր սարդեր: Շոգերից մենք փրկություն գտնում էինք այն գետնափորերում, որոնք շինված են համարյա ամբողջ Անիի տակ:
Գնդի հրամանատարը տոթից հանգստանալու տեղ ընտրեց մի ամբողջ ստորերկրյա դահլիճ, որ բոլորովին կանոնավոր քառանկյունի ձև ուներ, և որին կպած էր մի փոքրիկ եկեղեցի: Ի՞նչ պաշտոն էին կատարում այս ստորերկրյա բնակարանները — չգիտեմ: Սենյակների ամբողջ շարքեր փորելը կամ ավելի ճիշտ ասած՝ քարերի մեջ կտրելը, շարքեր, որոնք մի քանի վերստ տարածություն ունեն — մի այնպիսի ժամանակ, երբ վառոդը դեռ հայտնի չէր, պահանջում էր ահագին աշխատանք, իսկ զանազան զարդարանքները՝ մեծ հմտություն:
Չեմ կարող մոռանալ այն ճաշը, որ տվեց մեզ գնդի հրամանատարը այդ գետնափորի մեջ: Երկար ժամանակ իմ հիշողությունից չի անհետանում իր կարգ ու սարքով առանձնատեսակ այդ ընկերական քեֆը: Բարձր դահլիճի կիսամթության մեջ կազակները երգում էին, վայրենի լեզգինկա էին պարում: Կախեթի գինին անպետք էր:
Այս բոլորը դեռ կարող է տեղի ունեցած լինել Ծաղկոցաձորի քարայրներից մեկում, ուր կարելի է դահլի՛ճ էլ գտնել, խնջույքնե՛ր էլ սարքել: Բայց ահա ի՛նչն է զարմանալին:
Հազիվ թե մեկը,- շարունակում է ռուս օֆիցերը,- երբևիցե հետազոտած լինի այն ստորերկրյա քաղաքը, որի մեջ մոլորվել, ճանապարհ կորցնել շատ հեշտ է, բայց որի լիակատար հետազոտությունը գուցե հետաքրքրական հնագիտական գյուտեր տա:
Թե որքան մեծ են և իրանց ճյուղավորություններով մոլորեցնող են այս ստորերկրյա անցքերը, երևում է հետևյալ դեպքից:
Խորանժիյ (Առաջին օֆիցերական աստիճանը կազակների մեջ) Բորիսովը, որ Անիի կողմերը հետախուզությունների էր ուղարկված դեռ այն ժամանակ, երբ մեր զորաբաժինը կանգնած էր Արփաչայի մեր ափին, նկատում է մի ձիավոր չերքեզի և իր կազակներով հետամուտ է լինում նրան:
Արդեն համարյա հասել էին կազակները, երբ հանկարծ չերքեզը ձին քշեց մի փոքրիկ ձոր և անհայտացավ:
Ձորը այնքան փոքր էր, որ եթե չերքեզը դուրս գար այնտեղից, նրան անպատճառ կտեսնեին և սակայն, ո՛չ նա, ո՛չ նրա սպիտակ ձին, չէին երևում: Բորիսովի աչքին ընկավ առջևում բացված սև ծակը և, որքան էլ վտանգավոր էր անծանոթ ստորերկրյա աշխարհ մտնելը, բայց թշնամի ձիավորին գերելը անխուսափելի էր թվում, ուստի և կազակները երկար չմտածեցին ու ձիաները քշեցին մութ գետնափորի մեջ:
Սակավ առ սակավ՝ աչքը սկսեց սովորել շրջապատող մթության: Առջևից պարգ լսվում էր հեռացռղ ձիու դոփյունը: Որքան էլ վտանգ շատ լիներ այդտեղ, կազակները շարունակում էին իրանց հալածանքը, և յուրաքանչյուր րոպե նրանց ձիաները զարնվում էին սմբակների տակ ընկնող քարերին: Առջևից գնացող ձիու սմբակների ձայնը ավելի և ավելի մոտ էր լսվում: Հանկարծ այնպես թվաց, թե վազող ձին կանգ առավ:
«Պետք է որ փախչելու ճանապարհ չլինի», — այսպես մտածեցին կազակները՝ հանելով իրանց թրերը, որպեսզի նրանց գործի դնեն, եթե այդքան անհանգստություն պատճառած չերքեզը կամենար պաշտպանվել:
Մի ինչ-որ բան սպիտակին տվեց, ավելի և ավելի պարզ նկատվեց այդքան եռանդով հալածված ձիու կերպարանքը: Նա այժմ կանգնած էր, բայց, ավաղ, առանց ձիավորի։ Երկար ժամանակ կազակները՝ դեսուդեն պրպտելով, որոնում էին ձիու տիրոջը, լուցկիներ էին վառում, խուզարկում էին բոլոր անկյունները։ Բայց տեսնելով, որ գետնափորները անվերջ են և համոզվելով, որ զուր են ման գալիս, ետ դարձան՝ աշխատելով գտնել ելքի ճանապարհը:
Սոսկալի րոպեներ անցկացրին նրանք, երբ համոզվեցին, որ կորցրել են ճանապարհը: Նրանց մտքով անցնում էր, թե կարելի է ողջ — ողջ թաղվել այս անելանելի նրբանցքների և դահլիճների մեջ, և այս միտքը սառցնում էր նրանց սրտերը, սարասափ էր լցնում նրանց մեջ:
Երկար թափառում էին նրանք, ամեն րոպե հետ ու հետ էին գնում, փոխում էին ուղղությունը… Եվ բոլորովին հոգնած, ուժասպառ դարձած՝ նկատեցին վերջապես, լույսի այն ճառագայթը, որ թափանցում էր նրանց շրջապատող մութ տարածության մեջ:
Բանից դուրս եկավ, որ ելքի տեղը գտնվում է ա՛յն տեղի հակառակ կողմում, որով ներս էին մտել: Եվ ելքը ավելի նեղ էր: Բացի դրանից, ճանապարհը փակել էին թափված քարերը: Հարկավոր եղավ ձեռքերով մաքրել ելքի տեղը, որպեսզի ձիաները կարոդանային դուրս գալ: Եվ կազակների ձեռքը այդքան աշխատանքի և անախորժ զգացմունքի գնով ընկած պատերազմական ավարն էր մի անպիտան, մոխրագույն, ծեր, չափազանց նիհար ձի և մի զզվելի թամբ:
Անկասկած այս պատերազմական արկածը տեղի ունենալ կարող էր միայն Անիի տակ եղած գետնափորների մեջ:
Չորս կողմում մի ուրիշ տեղ չկա, ուր ստորերկրյա այդքան երկար ու ընդարձակ անցքեր որոնենք. անցքեր, որոնք թույլ տային խմբական ձիարշավներ սարքել: Մայոր Ռժևոսկին չէ տեսել այդ ստորերկրյա փողոցները, նրբանցքները, դահլիճները: Նա միայն լսել է Բորիսովի պատմվածքները, և մենք տեսնում ենք, որ դրանք համաձայնվում են Գեղամյանցի նկարագրության հետ ընդհանուր կետերում:
Թույլ տանք, որ թե՛ Բորիսովը և թե՛ Գեղամյանցր շատ բան տեսած ու հասկացած են համարել իրենց երևակայության միջոցով, որ, ինչպես հայտնի է, այդպիսի մութ ու ահավոր տեղերում գործում է անհամեմատ մեծ եռանդով, ստեղծում է իրականության անհամապատասխան պատկերներ և անուններ։
Թող այդպես լինի։ Բայց և այդպես մնում է այն փաստը, որ Անիի տակ ինչ-որ երկար ճյուղավորվող անցքեր կան, ինչ-որ խորհրդավոր բավիղներ։
Ամբողջ հարցն այն է, թե ի՛նչ են եղել դրանք։
Ասում են՝ մարդկային բնակության տեղեր: Հավատա՞նք։
Մարդը թե՛ հնում, — չմոռանանք այս, — թե՛ այժմ, մի արարած է, որ չէ կարող ապրել առանց օդի, լույսի և արևի։
Ստորերկրյա Անին չէր կարող տալ իր բնակիչներին այդ ամենագլխավոր տարրերը՝ առանց որոնց կյանք չկա։ Նույնիսկ եթե ենթադրելու էլ լինենք, թե վերևից, քաղաքի միջից մեծ-մեծ ծակեր էին բացված լույս ռւ ջերմություն հաղորդելու համար, ստորերկրյա աշխարհին դարձյալ ոչինչ հավանականություն ստեղծած չէինք լինի՝ այն բանի համար, թե մարդիկ էին ապրում հողի տակ։ Այդ ապրուստը անհնարին կլիներ այնքան լայն ռւ մեծ ստորերկրյա տարածության վրա։
Վերջապես մի աոանձին ստիպողական հարկ էլ չկար, որ Անին իր ազգաբնակության ավելորդ մասը թաղեր գետնի տակ։
Նա իր շրջականերում ունի ընդարձակ և լայն տեղեր, ուր կարող էին հարյուր հազարավոր մարդիկ բնակվել։
Եվ մենք, դատելով լրջությամբ, վերջիվերջո կգանք այն եզրակացության, որ ստորերկրյա անցքերը, փորվածքները ուրի՛շ նշանակություն են ունեցել, ուրի՛շ դեր են կատարել: Գուցե նրանք պատերազմական գիտության մշակած գաղտնարաններ, մթերանոցներ, նույնիսկ՝ ժամանակավոր ապաստանատեղեր են եղել։
Եվ եթե մենք աչքի առաջ բռնենք, թե այս կողմերի քարի կակուղ հատկությունը որքա՛ն զարմանալի դյուրություն և հաջողականություն է հաղորդել Անեցիների ճարտարապետական տաղանդին, որքա՛ն խիզախ ձեռնարկողներ է դարձրել նրանց շինելու և փորելու գործի մեջ, հասկանալի կլինի, որ մայրաքաղաքի պաշտպանողական նպատակների համար այդպիսի վիթխարի ձեռնարկությունն էլ, ինչպես ստորերկրյա անցքերի ցանցն է, միանգամայն կարելի և հնարավոր էր:
Կարծում եմ, որ ռուս օֆիցերի պատմած դեպքը երբ մի չերքեզ՝ նեղն ընկած ժամանակ, ազատվում է մի խումբ կազակների ձեռքից՝ ապավինելով գետնափորներին, պիտի մի աղոտ առաջնորդ դառնա մեզ համար՝ «Ստորերկրյա Անիի» նշանակությունը հասկանալու համար:
Այստեղ էլ ես կրկնում եմ, ինչպես դեռ էլ առիթ պիտի ունենամ կրկնելու այն, ինչ ասել եմ Անիի պատերազմական նշանակության մասին։
Երբ այցելուն ամփոփվում է այդ նշանակությունը ըմբռնելու մտքի մեջ, նա չի կարող չհիանալ՝ տեսնելով, թե որքա՜ն խնամք ու ուշադրություն, որքա՜ն ճարտարություն, կանխատեսություն է թափված՝ այս բերդին ամեն կողմից պաշտպանողական հզոր միջոցներ հայթայթելու համար:
Ավերակների երկար տարածության վրա, կրկնում եմ, միայն քրիստոնյայի աստծո խորտակված պաշտամու՛նքը չի ողբում, նրանից ավելի խոսում է այս լուռ վայրերում ջարդված, կոտրատված հուժկու ռազմական պաշտպանողական հանճա՛րը:
Դուք տեսնում եք, որ մի սուր աչք տեսել է ամեն ինչ, որոշել է այն տեղերը, ուր մայրաքաղաքը կարող էր հարվածներ ընդունել, և դրել է այդ տեղերում հակահարվածների ամուր պատվանդաններ։
Ստորերկրյա մութ, խորհրդավոր սարսափ ազդող փորվածքներն էլ հարկավոր են եղել Անին այնքան սիրուն կերպով պաշտպանության դիրքի մեջ դնող հանճարին:
Գոնե ինձ համար ամենահավանական ենթադրությունն ա՛յս է:
Իհարկե, ո՛չ ես, ո՛չ էլ մի ուրիշը, չենք կարող ամենաճիշտ հավանականությանը մոտեցած լինել, քանի որ ձեռքի տակ ունենք երկու ականատեսների նկարագրությունները:
Դրանք շատ անբավարար են:
Մի ստորերկրյա աշխարհ ճանաչելու համար բավական չեն երկու պատահական այցելուները, որոնք, ահ ու երկյուղով բռնված, մի կարճ ժամանակ եղել են փորվածքների մեջ: Պետք է հանգիստ մանրամասն ուսումնասիրություն, պետք է ո՛չ թե լուցկիների լույս, այլ՝ գիտության և լուսաբանության պայծառ ջահե՛ր մտցնել այս տեղերը:
Դա դեռ ապագայի գործ է:
Անին կարգին չէ ուսումնասիրված, լուսաբանված չէ իր ավերակային կյանքի բոլոր, բոլոր դիրքերից:
Պետք է հուսալ, որ կգա՛ այդ օրն էլ:
Եվ այն ժամանակ, այն բոլոր մութ հարցերի հետ, որ պահում է իր կրծքի տակ Անին, կպարզվի և ստորերկրյա քաղաքի էությունը:
Նոր ենք դուրս եկել Ծաղկոցի ձորից, նոր ենք ոտք դրել Անիի մակերևույթի վրա: Բայց հեռանալ ձորի պռունգից դեռ չենք կարողանում: Բարձր ժայռերի գլխից մենք դեռ մի քանի րոպե էլ դիտում ենք արևմտյան շրջակաների տեսարանը: Մեր ձախ կողմին բարձրացած միջնաբերդը նույնպես նայում է ձորին, որի մեջ էինք մենք մի կես ժամ առաջ: Դա մի դարավոր անշարժ հայացք է և կարծում ես, թե նա միշտ դյութված է այն ամեհի վայրենի գեղեցկությունից, որ ներկայացնում է Ծաղկոցաձորը, այստեղ՝ նրա ոտների առաջ:
Բայց մեր ուշադրությունը գրավողը այնքան այդ մեծ, ամայի մոխրագույն ձորը չէ, որքան այն շինությունը, որ ուղիղ մեզ է նայում ձորի հանդիպակաց կողի ժայռոտ զառիվայրերից:
Շինությու՞ն: Բայց ո՞վ է նրան շինել:
Երկու վարպետներ են երևում՝ Բնությունը և Մարդը:
Ո՞վ է դրանցից շատ աշխատել այդ շինության վրա՝ մարդը: Բնությունը միայն նյութ է տվել, բնությունը այդ թեք լանջի վրա գցել է մի մեծ ժայռ, իսկ մարդը բարձրացել է այնտեղ, իր մուրճով ծակծկել է ժայռը, սենյակներ է փորել, մինչև իսկ պատուհաններ է բացել, և ահա այդ քարայրային ապարանքը լուռ մեզ է նայում իր բաց դռներով:
Մեր տեսած այն քարայրների մեջ, որոնք մի ժամանակ մարդկանց էին ծառայում, այս մեկը առաջինն է թե՛ իր չափերով, թե՛ իր զարդարանքներով:
Մենք իսկույն հատկացնում ենք նրան «ապարանք» անունը:
Եվ իրավ, որքան կարելի է դատել հեռվից, նա սովորական տուն է:
Մոտիկից տեսնել նրան, մանավանդ նրա ներսը մտնել, հեշտ չէ, եթե չասենք, թե անհնարին է: Նրա ժայռը ցցված է ձորի պատռվածքի ծայրին: Ներքևից՝ ձորի հատակից, ոչ մի ճանապարհ, որ տաներ դեպի վեր, դեպի մեր մկրտած «ապարանքը»: Գուցե կարելի լինի մագլցելով վեր բարձրանալ: Իսկ վերևից՝ ձորի պռունգից միայն թոկերի վրա կարելի է կախվել, ցած գնալ, սենյակների մուտքին հասնելու համար:
Մենք ո՛չ մեկն ենք անում ո՛չ մյուսը, այլ մեր կանգնած տեղից ուղղում ենք մեր դիտակները և տեսնում ենք այն, ինչ կարելի է տեսնել դրսից: Քարայրի ապարանքը կամ այրերի այդ խումբը ինչպես կամենում եք՝ անվանեցեք,- երկհարկանի է:
Երևում են մի քանի կամարաձև գեղեցիկ դռներ, մի երկու սենյակների առջևի պատը քանդված է, և դուք տեսնում եք, որ նրանք ներսից ավազան են եղել:
Ոչ միայն ավազան:
Երկար մեր ուշադրությունը գրավում է իր բոլոր երեք պատերով, մեզ նայող սենյակը: Նրա մեջ մենք նկատում ենք բազմաթիվ դարակներ, նկատում ենք և ինչ-որ գունավոր նկարներ:
«Ապարանքի» հարավային մասն է այդպես կիսաքանդ և ցույց է տալիս իր ներքինը: Մնացած մասը դեռ ծածկված շինության արտաքին ամբողջությունն է պահպանում, և այդտեղ երևացողը պատուհաններն են միայն:
Բնականաբար, մեզ իսկույն պիտի բորբոքեր այն հարցը, թե ի՞նչ է եղել այդ շինությունը: Կենդանի մարդուն մի անհայտ ու անխոս ավերակի առաջ ամենից շատ այդ է տանջում:
Եվ մեզանից ամեն մեկը իր ենթադրությունն էր հայտնում:
Մեկն ասում էր, թե երևի այդտեղ ապրելիս է եղել մի իշխան կամ մի շատ հարուստ մարդ:
Իհարկե, ամենից առաջ մի այդպիսի միտք պիտի գա, քանի որ մենք գտնվում ենք մի մայրաքաղաքի, այն էլ՝ իր փարթամությա՛մբ հռչակված մայրաքաղաքի հողի վրա:
Բայց մի ուրիշը իրավացի կերպով նկատում է, որ մասնավոր շինությունները այնքան մեծ ու փառահեղ չեն եղել, գոնե Անիի մեջ՝ այդպիսի տան, ապարանքի կանգուն ավերակներ չենք տեսնում: Կան, այո՛, շինություններ, որոնք եկեղեցիներ չեն, բայց մենք նրանց մասնավոր մարդկանց սեփականություն չենք ճանաչում և ասում ենք, թե դրանք պետական հիմնարկություններ, պաշտոնարաններ են եղել: Այպես էլ այդ ժայռի մեջ փորված ապարանքը՝ երևի որևէ պաշտոնական հիմնարկություն է եղել, կամ՝ զինվորական պահականոց, որ հսկվում էր հարավային կողմից եկող մեծ կարևոր ճանապարհի վրա կամ գուցե՝ մաքսի և այլ հարկերի տուն:
Սրանք մեր խոսակցություններն են, ընթերցո՛ղ:
Եվ ես չեմ ասում, թե ուրիշ այցելուներ բոլորովին ուրիշ տեսակ խոսակցություն, ուրիշ տեսակ ենթադրություններ չեն ունենա այս միևնույն առարկայի վերաբերմամբ:
Ամենքն իրավունք ունեն: Ո՛չ մի գրով, ո՛չ մի հիշատակությամբ չխանգարվող քարային լռության առջև ենք կանգնած:
Քարերից էլ, ասենք, գաղտնիքներ խլում են, բայց ի՞նչ տեսակ քարերից:
Ո՞ւր էր, եթե մենք էլ, հասարակ այցելուներս, մաս ունենայինք այն հանճարից ու հնարավորությունից, որ, օրինակ, Վանի ժայռերի վրա նշանակված բազմադարյան ալևոր գաղտնիքը բացեց:
Բայց կասեմ, որ շատ ճիշտ է մեր խոսակցության մեջ շեշտված այն հանգամանքը, որ մասնավոր աչքի ընկնող մեծ շինություններ ոչ ոք չէր ուզում ընդունել Անիի կանգուն ավերակների մեջ:
Կարծես, թե անեցին դրամ խնայելիս չի եղել միայն եկեղեցիներ և պաշտոնարաններ շինելիս:
Ահա մենք գնում ենք դեպի այդպիսի մի շինություն, որը նույնպես ստեղծված է, որի ինչ լինելու առիթով տեսակ-տեսակ դատողություններ կան:
Ծաղկոցաձորի եզերքով մի ծուռումուռ ճանապարհ տանում է մեզ քիչ դեպի հյուսիս: Մեր առջև պատերի մի տրորված խումբ է երևում: Նա բարձր է նայում է մեզ՝ երեք հատ սևին տվող կամարակապ բացվածքներով, որոնք ներքին հարկումն են գտնվում:
Դրանք սենյակներ են, և՝ բավական լա՛վ պահված սենյակներ»…
…«Քարակաշկառների վրայով մտնում ենք ներքին հարկի կամարակապ սենյակները՝ համարյա համոզված, որ մտնում ենք արքայական պալատը»…
…«Վեհ ու տխրալի ավերակները ինչ որ թագավորական վսեմաշուք ազդեցություն են թողնում և դուք համարյա մոռանում եք, որ Բագրատունյաց մայրաքաղաքը ամբողջ դարեր ապրել է առանց թագավորների և ապրել է տեսնելով գեղեցիկ օրեր էլ»…
Լուսանկարներում՝ տեսարաններ Անիից, նաև՝ նրա քարայրային ու ստորգետնյա հատվածներից…