«ԱՆԻ ԿՈՉՎՈՂ ՎԻԹԽԱՐԻ ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՆՐԱ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՌԵՂԾՎԱԾԸ»…

Հայ մշակույթի ու պատմության ուսումնասիրման գործի նվիրյալների շարքում ուրույն տեղ ունեն հայր և որդի՝ Արամ ու Արտաշես Վրույրները, որոնք, որպես ազգի արժանավոր զավակներ, բացահայտում, վերակենդանացնում էին անցյալի էջերից պոկված պատառիկները՝ նրանց պահպանման ու սերունդներին փոխանցելու մտահոգությամբ…

Անիի ճարտարապետական ավերակված կոթողների ու բազմաթիվ այլ հնավայրերի հուշարձանների, ժայռափոր կառույցների լուսանկարների հարուստ հավաքածուն տասնամյակների նրանց անխոնջ աշխատանքի արդյունքն է:

Արտաշես Վրույրի՝ «Անիում» վերնագրված հուշագրությունը, որը լույս է տեսել 1964 թվականին և որոշ հավելումներով վերահրատարակվել 1979-ին, բացառիկ արժեքավոր մի աղբյուր է՝ երախտավոր Հայորդիների մասին ուշագրավ դրվագներով:

Հիշյալ գրքից մի հատված՝ Ստորգետնյա Անիի պատկերներով՝ ահավասիկ…

«Անցյալում Անին ծառայել է շրջակա գյուղերի և ավանների համար որպես քարհանք, նույնիսկ Կարսից եկել և տարել են շինարարության համար քարեր:
Եթե Անիից քար կրող համբակները միայն տանեին թափված քարերը, դա կլինի նվազագույն չարիքը: Սակայն տանողները անխնա և վայրագ կերպով ծվատել են ծանրանիստ կոթողների իրանները: Այդ են ապացուցում հուշարձանների վիճակը: Ամենուր դուք կարող եք տեսնել պարիսպների և մյուս հոյակապ շենքերի ներքին շարքերի սրբատաշ քարերի բացակայությունը, ուր մնացել է միայն շաղախը՝ իր վրա վսեմ համառությամբ պահելով հուշարձանների ծանր ու հսկա պատերը:

Միայն Մառի «տիրապետության» ժամանակ խստիվ արգելված էր Անիից մի հասարակ քար անգամ տանել: Խնամքն ու ուշադրությունը այնտեղ էր հասել, որ Անիում նույնիսկ արգելված էր հրազեն արձակել, որպեսզի օդի ուժեղ տատանումները չվնասեն հուշարձաններին:

Միքայելի ուշադրությունը խլել էր եկեղեցու պարզ ու գեղեցիկ մուտքը, նա սկսեց մատիտով գծագրել այն:

Չգիտեմ ինչու, մի ներքին ուժեղ պահանջ ստիպում էր ընկերոջս անպայման գնալ և տեսնել Անիի երկրորդ ստորերկրյա անցքը: Մենք հետևյալ օրը գնացինք:

Տիգրան Հոնենցի եկեղեցուց մի փոքր դեպի արևելք, Ախուրյան ձորի աջ փեշի վերին լանջին, բաց-մոխրագույն պեմզայի զանգվածների մեջ, բացվում է երախը երկրորդ ստորերկրյա Անիի:

Անիի երկու ստորերկրյա անցքերն էլ ժողովուրդը անվանում է «գեդան-գյալմազ»՝ «գնացողը չի վերադառնա»… Այդ զարհուրանք ազդող անունը միայն բավական է, որ մարդու ներաշխարհը բռնկի սարսափի զգացումով, մանավանդ այն պահին, երբ մոմն ու լուցկին ձեռքիդ պատրաստվում ես խորախորհուրդ կախարդական մուտքից ներս մտնել, ուր ուղիները սոսկում ազդող խավարի մեջ ձգվում են անորոշ ու անհայտ ընթացքներով:

Այո, «գնացողը չի վերադառնա»՝ «գեդան-գյալմազ»… ահա բնորոշ դրոշմ, որ ժողովրդի երևակայությունը կնքել է այդ մռայլ անցքերին:

Մեկական մոմ ու լուցկու տուփը ձեռներիս մտնում ենք ներս: Մի փոքր քայլելուց հետո այստեղ ևս ճանապարհը ճյուղավորվում է: Մենք թողնում ենք աջ կողմի անցքը և քայլում ուղիղ, դեպի հյուսիս, մեր դեմը ձգվող ուղիով: Ստորերկրյա ճանապարհը բարձր և լայն է, այնպես որ կարողանում ենք կանգնած քայլել: Տեղ-տեղ հանդիպում ենք փոքրիկ փոսերի, որոնք արհեստական են և բռնում են ճանապարհի եզրերը միայն: Որոշ տեղեր անցքի պատերի մեջ վերից վար պահարաններ են փորված, թե ի՞նչ նպատակով՝ անհայտ է մեզ: Թերևս թաքստո՞ց է կամ պաշտպանության կետ, ո՞վ գիտե:


Ճանապարհը որոշ տարածություններից հետո ճյուղավորվում է: Չմոլորվելու համար նշաններ ենք թողնում պատերին կամ հատակին ու շարունակում մեզ անհայտ ուղիով: Գնալով օդը ծանրանում է, մոմերը դժվարությամբ են վառվում: Բավական քայլելուց հետո հանդիպում ենք փակուղու: Այդտեղ ոչ թե փլուզում է տեղի ունեցել, այլ պարզապես փակուղի է: Հավանական է, որ պատահական կամ նենգ դիտավորությամբ ներս թափանցած մարդկանց մոլորեցնելու համար շինված, որպեսզի անվերջ դեգերեն այդ գաղտնի անցքերում: Մենք որոշեցինք վերադառնալ: Քայլում ենք… ճյուղավորման հանգույցներում ուշադիր խուզարկում ենք պատերն ու հատակը, մեր թողած նշանները գտնելու և վստահ շարունակելու մեր ճանապարհը: Դիմացը նկատում ենք աղոտ լույս: Քանի առաջ ենք շարժվում, լույսը ուժեղանում է՝ նշանակում է մոտենում ենք ելքին:

Ելքի մոտակայքում՝ առաջին ճյուղավորման հանգույցում, մենք մտնում ենք դեպի արևելք ձգվող անցքը և այդ հանելուկային ուղին մի փոքր կիսապտույտ գործելով մեզ կանգնեցնում է կախարդական մի վիհի առջև:

Մոմի տատանվող աղոտ լույսով մենք տեսանք այդ խորխորատի հատակը, որը այնքան էլ խորը չէր: Ես ցույց տվի Միքայելին վիհի պատերին աջից և ձախից խոռոչներ՝ դրանք այդ դաժան ճանապարհի աստիճաններն են, որոնց օգնությամբ միայն կարելի է վայր իջնել:

Վիհը որքան էլ դաժան է ու խիստ, սական մագնիսի զորությամբ ձգում է մեզ դեպի իրեն: Հետաքրքրությունը կրծում է մարդու հոգին և մոռացության գիրկն ընկած ուզում է մխրճվել այդ սոսկում ազդող, պաղ լռության ու խավարի մեջ կորած, մինչև օրս առեղծվածների մեջ թաղված այդ նենգ ուղիներում:

Այստեղ արդեն կատակի տեղ չէ, պետք է ծայր աստիճան զգուշություն: Միքայելը մոմով լուսավորեց հորը: Ես մարեցի իմ մոմը, որովհետև իջնելու համար պետք է երկու ձեռները պատին հենելով և փոսիկ-աստիճանների օգնությամբ զգուշորեն վայր իջնել: Երկու ձեռքս ու ոտներս աշխատանքի դրի: Հորի աջ և ձախ պատերին ձեռներս հենելով և փոսիկ աստիճանների օգնությամբ հասա վիհի հատակը: Այժմ ես վառեցի մոմը և ընկերս սկսեց իջնել. բարեհաջող հասավ հատակին: Այդտեղ մի փոքր շունչ առնելուց հետո՝ շարունակեցինք մեր խելագար արշավը: Հորի ստորին մասից մի փոքր թեք շարունակվում է ճանապարհը, որը մի քիչ հետո կանգնեցնում է մեզ մի նոր վիհի առջև: Այստեղ արդեն օդը խոնավ է ու գարշահոտ: Այս անգամ ես լուսավորեցի հորի բերանը: Միքայելը մարեց իր մոմը և դարձյալ փոսիկ-աստիճաններով զգուշությամբ սկսեց վայր իջնել: Տակավին չէր հասել հորի հատակին, երբ ես, չգիտեմ ինչու, մտաբերեցի շարականներից մի դարձվածք ու ասացի բարձրաձայն.

– «Սանդարամետ անդնդոց» որ ասում են՝ սա՛ է եղել:

Ընկերս չկարողացավ իր ծիծաղը զսպել, թևերը թուլացան ու վայր ընկավ: Չնայած ես էլ էի ծիծաղում, բայց ընկերոջս վայր ընկնելը դանակի նման կտրեց իմ ծիծաղը:

– Հը, ի՞նչ պատահեց,- մտահոգված ձայն տվի ես:

– Կենդանի՜ եմ,- լսվեց հորի հատակից: Այստեղ արդեն անկարող էի ծիծաղս զսպել: Հիշեցի Մսրա Մելիքի հորի միջից բացականչելը. «Կենդանի՜ եմ, մե՛կ էլ արի…»:

Միքայելը լուսավորեց հորը: Ես մարեցի մոմս և վայր իջա «Սանդարամետ անդնդոցով»:

Այդ «խորը վիրապի» վարի մասից դարձյալ մի փոքր թեք շարունակվում է ուղին, որն անշուշտ մի նոր վիհի առջև պիտի կանգնեցնի մեզ:

Նստած հորի հատակին նայում ենք շարունակվող անցքի ուղղությամբ: Հետաքրքրությունը ձգում է մեզ դեպի անհայտ խորքերը:

Իսկապես որ «Սանդարամետ անդնդոց»… Ասես մթության մեջ երրորդ հորի շրթունքին, մի քարի կտորի վրա, նստած է եղջյուրավոր ժպիտը դեմքին, քծնող շարժուձևով, ասես հրավիրում է մեզ դեպի «Սանդարամետ անդնդոցը». «Եկե՛ք, եկե՛ք, հարգելի՛ բարեկամներ…»

Սակայն այդ երկու վիհերը այցելելուց հետո, հոգնած՝ հրաժարվում ենք այդ նենգավորի սիրալիր հրավերից և որոշում «Սանդարամետից» ետ վերադառնալ դեպի «Ավետյաց երկիր»:

– Հայ մարդու անհողդողդ կամքի ու՛ժն է կերտել այս ստորերկրյա գաղտնի ճանապարհը,- ասաց ընկերս, և մենք հրաժեշտ տալով «Սանդարամետի» խավարի մեջ թաղված «որջերին» վերադարձանք:

Դուրսը արևը ժպտում էր մեզ:

Այդ ստորերկրյա դժնդակ ուղիների մասին շրջակա գյուղերի շինականները շատ բաներ են պատմում և նկարագրում կախարդական անուրջների և վառ երևակայությունների ներքո զանազան տարբերակերով: Չնայած այդ պատմիչներից ոչ մեկը հանդգնություն չի ունեցել մտնել այդ կախարդական ուղիների խորքերը կամ մինչև վերջավորությունը, բայց, այնուամենայնիվ, որոշ չափով ճշմարտություն կա նրանց պատմածների մեջ:

Մեկը պատմում է, որ Տիգրան Հոնենցի մոտակայքում գտնվող ստորերկրյա ուղին կամ, ինչպես իրենք են անվանում, «գեդան-գյալմազ», մխրճվելով երկրի խոր ընդերքը, Ախուրյան գետի տակով անցնում է գետի մյուս ափը և աստիճանաբար ձգվելով դեպի վեր, դուրս է գալիս Անիի դիմացը գտնվող փոքրիկ լեռան գագաթը, որը շրջակա բոլոր բլուրներից վեր, տիրապետող դիրք է գրավում:

Այդ սարսափելի ստորերկրյա ուղին մերթ ընդ մերթ ճյուղավորվում է: Այնտեղ, երկրի ներքին շերտերի մեջ, փորված են խորհրդավոր սրահներ տարբեր չափերի: Ախուրյան գետի հունի տակով անցնելիս գետնափոր ճանապարհի առաստաղից կաթկթում են ջրերը:

Մի ուրիշը՝ երևակայական վառ գույներով նկարագրում է ցանցապատված անցքերով այդ ստորերկրյա մթի ճանապարհը և տանում, դուրս է բերում ելքի ծայրը մինչև Կարս:

Սակայն կասկած չկա, որ այդ ստորերկրյա գաղտնի ուղիները ռազմական նշանակութիւն ունեցող կառույցներ են եղել Անիի համար»…

Facebook Comments